Մեր ժամանակների վկայագրում (6).- Տարօրինակ աշխարհ (հանդիպում՝ բանտ տանողի հետ)… Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ…

Սկիզբը՝ թիվ 41-44-ում (2015թ.)

http://www.hayary.org/wph/?p=5208Մեր ժամանակների վկայագրում (1) – Բացահայտում՝ 28 տարի անցԱրմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)… 1988-ի փետրվարին Աբովյանում սկսվեցին Բնապահպանական ցույցերը, որ 2 օրից վերածվեցին Արցախյան շարժման

http://www.hayary.org/wph/?p=5221 -Մեր ժամանակների վկայագրում (2) – Ազգային զարթոնք. բնապահպանական ցույցեր (1-ին մաս) – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…

http://www.hayary.org/wph/?p=5231Մեր ժամանակների վկայագրում (3).- Ազգային զարթոնք. բնապահպանական ցույցեր (2-րդ մաս) – Արմեն Ավետիսյան, (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…

http://www.hayary.org/wph/?p=5278Մեր ժամանակների վկայագրում (4).- Ազգային զարթոնք. բնապահպանական ցույցեր (3-րդ մաս) – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ…

http://www.hayary.org/wph/?p=5272Մեր ժամանակների վկայագրում (5).- Ազգային զարթոնք. բնապահպանական ցույցեր (4-րդ մաս)… Դեռ պիտի անցնեինք արցախյան շարժման եւ արցախյան ազատամարտ ճանապարհներով…

2010թ. պիտի նոր անձնագիր ատանայի, նախորդի ժամկետն արդեն 2 անգամ երկարացրել էի: Օրենքի պահանջ էր: Սյունիքում էի, զանգահարեցի Աբովյանի հայարիական դպրոցն անցած լավագույն տղաներից մեկին՝ Վլադիմիր Խաչատրյանին՝ Վովային, ով նաեւ գործարարությամբ է զբաղվում: Խնդրեցի, որ գնա քաղաքի անձնագրային բաժնի պետի մոտ եւ պայմանավորվի, որ մոտակա մի օր գամ ու փոխեմ անձնագիրս: Այդպես ավելի հեշտ է լինում գործերի մեջ մի դադար գտնելը… Երկար ժամանակ էր, Աբովյանում չէի հասցնում շփվել պետական պաշտոնյաների հետ, որ հաճախ էին փոփոխվում, հիմնականում մայրաքաղաքում, Արցախում ու Ջավախքում եղա մի երկար ժամանակ: Հետո նաեւ տարբեր մարզերում կային աշխատանքներ…  Երեկոյան Վովան զանգեց, թե՝ եղբայր, խնդիր չկա, բայց պաշտոնյան ասաց, որ դու զանգահարես իրեն, քանի որ լավ ճանաչում եք իրար: Անունը՝ Ավանեսյան Արայիկ, այդ պահին ոչինչ չհուշեց ինձ, բայց հեռախոսահամարը կար՝ զանգահարեցի: Ծիծաղելով բարեւեց, հասկացավ, որ չեմ հիշել, ասաց. «Ոչինչ մի նեղվի, կգաս՝ կհիշես միանգամից»…

Հաջորդ օրը ոստիկանության Աբովյանի անձնագրային բաժնի պետի մոտ էի, երբ մտա ներս, նորից ծիծաղեց, թե դու կարող ես ինձ չհիշել, բայց ես լավ եմ հիշում:

– Այ տղա, քեզ բանտ տանողների հանդեպ այդքան անտարբեր էիր, որ չես հիշու՞մ,- հարցրեց Արայիկ Ավանեսյանը:

– Արագ հետ գնացի մտքով ու շատ աղոտ տեղը բերեցի, տեղներիցս վեր կացանք ու ողջագուրվեցինք մտերմիկ, քանի որ դրա համար բոլոր հիմքերը կային…

Միանգամից հիշեցինք, թե ինչպես հակահրեական պիտակն ու հրեաների ու էլի ազգերի դեմ իբր իմ քարոզչությունն ու քայլերը քրեական հոդված դարձան… Հիշեցինք, որ ոչ մեկը չէր հավատում, թե սա համասեռականների վրեժը չէ ուղղակի կամ նաեւ, որոնց դեմ պայքարում էի ու հայտարարել էի նրանց՝ մեր պետության մեջ խցկվելու մասին… Բայց ամենահետաքրքիրը, որ հիշեցինք, դա այն միջադեպն էր, երբ 2005-ի հունվարյան ձնաբքին ինձ Նուբարաշենի բանտ տանող ավտոմեքենան լռվել էր ձյան մեջ… Գուցե ճիշտ չէ, բայց պիտի ասեմ, որ ինձ ուղեկցող ոստիկանները ձեռնաշղթա չէին հագցրել, ասելով, որ ինձ հանցագործ չեն համարում: Եվ երբ տեսա, չեն կարողանում առաջ հրել մեքենան, ես էլ իջա ու սկսեցինք նոր ուժով հրել… Մի պահ հայացքներ զգացի վրաս, նայեցի, տեսնեմ ոստիկաններն ինձ են նայում ու հենց այդ պահին էլ փռթկացին, թե ա՛յ Արմեն ջան, ում ասենք, որ քեզ բերդ տանող մեքենան դու ես հրել ձների միջից, չեն հավատա… Էսքան շտապում ե՞ս ախպեր, մի քիչ էլ վայելի էլի ազատությունդ… Ու մի ծիծաղ է բռնել բոլորիս, բայց մեքենան շարժվել էր ու պիտի հասնեինք Նուբարաշեն…

Երբ հասանք բանտ, ուղեկցող ոստիկանները հասկացրեցին, որ պիտի հագցնեն ձեռնաշղթաները… ժպտացի, ներողություն խնդրեցին… Նրանցից մեկը մոտեցավ բանտի այն աշխատակցին, ով գրանցում էր ինձ, եւ ճշտեց՝ արդյո՞ք գիտի ինձ եւ իմ մեղադրանքի պատճառները: Նա գլխով արեց ու հասկացրեց, որ իրենք էլ են լավ տրամադրված իմ նկատմամբ… Դա նույնպես զգացել եմ բանտարկությանս ժամանակահատվածում: Բայց սա այլ թեմա է:

2015թ. մի առիթով էլ այցելեցի անձնագրային ծառայություն: Այս անգամ Արայիկ Ավանեսյանից խնդրեցի հատկացնել տեղեկանք՝ Հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին, այսինքն՝ սոցքարտի, որի ներդրման դեմ տարիներ շարունակ պայքարել եմ, այն համարելով մարդկության (այդ թվում՝ հայության) համարակալման գաղտնի ծրագրի նախաբանը… Ինչը եւ հաստատվեց հետագայում կենսա(բիո)քարտերի ներդրմամբ ու մարդկանց չիպավորման տանող վտանգով պայմանավորված:

Նորից հիշողություններ եղան ու հանկարծ մի անսպասելի հարց տվեց Արայիկը, թե ինչպես եմ վերաբերվում այլ կրոնների, քանի որ ինքս արիադավան-հեթանոս եմ: Նշեցի, որ իրապես հավատացյալ մարդուն հարգում եմ՝ անկախ նրանից, թե որ հավատի կամ կրոնի հետեւորդ է: Սա նման է այն բանին, որ հաճույքով բանավիճում եմ գաղափարական մարդու հետ, անկախ գաղափարաբանության տեսության էությունից: Կարող եմ ժամերով բանավիճել եւ՛ հավատավոր համայնավարի, եւ՛ հավատավոր ժողովրդավարի կամ այլի հետ: Եթե բանավեճը իսկապես համակարգային եւ խորքային է: Այդպես է նաեւ կրոնի դեպքում, հավատավոր մարդու հետ կարելի է բանավիճել ինչպես տիեզերածնությունից, այնպես էլ աստվածային համակարգերից ու հավատից:

Մի բան հստակ է ինձ համար, որ որեւէ Աստծու չի կարելի հայհոյել ու անվանարկել: Կարելի է չընդունել այդ Աստծուն ծառայելու անհրաժեշտությունը, քանի որ քո Աստվածներին պիտի ծառայես, բայց վարկաբեկելն աններելի է… Բոլոր Աստվածներն էլ Արարչի՝ Ամենայն Ստեղծիի զավակներն են…

Ժամանակը սուղ էր, եւ պիտի հաճելի զրույցը ավարտվեր, պիտի գնայի, բայց Արայիկ Ավանեսյանը համառում էր, լա՛վ, իսկ ինչպես ես վերաբերվում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հայորդաց տների տեսուչ Կոմիտաս վարդապետ Հովնանյանին… Զարմանքս երեւի մեծ էր, քանի որ հարց տվողը ծիծաղեց. «Արմեն ջան, հաստատ արդեն համոզվել ես, որ պարզապես մենթ չեմ: Մի՛ զարմացի»: «Գիտեմ, Արայիկ ջան,- ասեցի,- զարմացա, քանի որ Հայր Կոմիտասը, ինչպես ասում են նրան, այն հոգեւորականներից է, ում ես իսկապես հարգում եմ: Նա շատ հստակ, անքակտելի է համարում հայոց պատմությունը, նաեւ մինչքրիստոնեական»:

Չէի ավարտել խոսքս, Արայիկը զանգեց Հայր Կոմիտասին, թե՝ քո նման մի լավ հայի եմ տալիս հեռախոսս հարգելի Կոմիտաս, ուզում եմ խոսեք իրար հետ: Ներկայացա, անմիջապես ճանաչեց եւ նուրբ հոգեւոր զրույցի բռնվեցինք… Խոստացանք հանդիպել…

Ահա այսպիսի մի հիշողություն՝ կապված մի ոստիկանի հետ, ով երբեք չի խոսում ազգային, մտավորական կամ հոգեւոր լինելու անհրաժեշտության մասին, ուղղակի ապրում է այդպես: Ցուցադրում է՝ ըստ անհրաժեշտության…

Արմեն Ավետիսյան. Հայ Արիական Միաբանության առաջնորդ

«Լուսանցք» թիվ 1 (391), 2016թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։