Խաղաղության երաշխի՛ք՝ մեր զինուժը – Պատերազմին պատրաստ լինելու մեր քաղաքականությունը ճիշտ է եւ դա է ցայսօր խաղաղության երաշխիքն ապահովում տարածաշրջանում…

Հայաստանի համար նախորդ տարեվերջն անցավ բավականին բուռն ու նաեւ որոշ դրական լիցքերով. չնայած արդյունքներն այսօր տեսանելի չեն, սակայն, իրականում մեր երկիրը կարողացավ կանոնավորված դիրքերով ամփոփել տարին՝ զուգահեռելով ու համադրելով համաշխարհային բեւեռների ու տարածաշրջանային երկրների հետ ներկա ու հեռահար հարաբերությունները:

Մեր կարծիքով՝ դեռ չէր հասունացել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների նոր հանդիպումը, որի պարբերական փուլն ընդհատվել էր Իլհամ Ալիեւի անպատասխանատու եւ անհավասարակշիռ, նաեւ անպատիժ քաղաքական մոտեցումներից: Բայց ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն ինչպես միշտ գովերգում էին այդ հանդիպումների կարեւորությունն ու նշանակությունը: Իրականում, այդ հանդիպումները նախկինում նշանակություն չեն ունեցել միայն մի բանի համար. ադրբեջանական կողմի բոլոր սադրանքներից հետո համանախագահների հայտարարությունները եղել են միօրինակ՝ երկու կողմերին ուղղված: Դրանք կարծես պատճենահանված կրկնվում են տարիներ շարունակ: Այսինքն՝ երբեք չի առանձնացվել հրադադարը խախտող կողմը՝ Ադրբեջանը, երբեք այս երկրի նկատմամբ որեւէ քաղաքական խիստ կեցվածք չի դրսեւորվել: Տարեվերջին թերեւս մի անգամ եղավ այնպիսի մոտեցում, երբ համանախագահները մի քանի տողով անդրադարձան Բաքվի իրավախախտ կերպարին, բայց՝ միայն այդքանը: Իսկ դա չէր կարող Բաքվին ստիպել, որ դադարեցնի հրադադարի պարբերական խախտումները, որը շարունակվում է նաեւ այսօր, ինչպես արցախյան դիրքերի, այնպես էլ հայաստանյան սահմանային շրջանների ուղղությամբ:

Գերմանիան, որը գործուն եվրոպական երկիր է դարձել, որպես նաեւ ԵԱՀԿ հաջորդ նախագահող երկիր, վստահեցրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, որ ամբողջությամբ աջակցում է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին: ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի շրջանակներում, որը տեղի է ունեցել Բելգրադում նախորդ տարվա դեկտեմբերին, համանախագահները հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանին ու Էլմար Մամեդյարովին, նրանց հետ քննարկել երկու երկրների նախագահների կայանալիք հանդիպման մանրամասները, որից հետո, շվեյցարական Բեռնում կայացավ Սերժ Սարգսյան – Իլհամ Ալիեւ հանդիպումը: Սեղանի շուրջ նստել են նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներն ու Մինսկի խմբի համանախագահները: Այնուհետեւ նախագահները շարունակել են հանդիպումը ԵԱՀԿ նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ:

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հայտարարություն են տարածել հանդիպումից հետո. «Բանակցությունները հնարավորություն են ընձեռել նախագահներին՝ պարզելու իրենց համապատասխան դիրքորոշումները դեմ առ դեմ այդ զրույցի ընթացքում: Նախագահները քննարկել են վերջին բռնությունները եւ իրենց մտահոգությունն են հայտնել զոհերի վերաբերյալ, ներառյալ՝ խաղաղ բնակչության շրջանում եղած զոհերը, որոնք ծանր զինատեսակների օգտագործման հետեւանք են: Նրանք աջակցություն են հայտնել համանախագահների կողմից տարվող ընթացիկ աշխատանքներին այն առաջարկների շուրջ, որոնք վերաբերում են շփման գծում եւ հայ-ադրբեջանական սահմանին բռնությունների վտանգը նվազեցնելու միջոցներին՝ ներառյալ հետաքննության մեխանիզմները»:

Ոչինչ չասող հերթական հայտարարությունն է սա ցավոք, ինչը հանգեցրեց այն բանին, որ 2016թ. նորից զոհեր ու վիրավորներ եղան հայ-ադրբեջանական սահմանային հատվածներում: Եվ այս տողերը, որոնք շարադրված են վերոնշյալ հայտարարությունում, թե «նախագահները հաստատել են իրենց պատրաստակամությունը շարունակելու իրենց պարտականությունները առաջարկների շուրջ, որոնք վերաբերում են ներկայումս բանակցային փուլում գտնվող խնդրի կարգավորմանը», սին են եւ դարձյալ Իլհամ Ալիեւի անպատասխանատու քայլերի պատճառով: Իսկ թե նախագահները «ինչպես են վերահաստատել իրենց հանձնառությունը Մինսկի խմբի ձեւաչափին», արդեն պարզ է:  Մյուս տողը, թե «համանախագահները պատրաստ են շարունակել աշխատել կողմերի հետ՝ ԼՂ-ի հակամարտության խաղաղ կարգավորման համար», հավաստում է, որ 20016-ին լինելու է այնպես, ինչպես 2015-ին, 2014-ին…

Զուր չէ, որ նախագահների հանդիպումից հետո ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը մշտապես ծանոթանում է սահմանային իրադրությանը, ինչչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի ուղղությամբ: Տարեվերջին նա աշխատանքային այցով պաշտպանության բանակ է այցելել Արցախի իր պաշտոնակից Լեւոն Մնացականյանի ուղեկցությամբ, հայկական հանրապետությունների ռազմական համագործակցության եւ գործողությունների համադրման ծրագրի շրջանակներում, տեղերում ծանոթացել է սահմանային իրադրությանը, հակառակորդի ոտնձգություններին այսուհետ առավել նպատակային կերպով հակազդելու ուղղությամբ տարվող աշխատանքներին, հանդիպումներ ունեցել հրամկազմի եւ ժամկետային զինծառայողների հետ:

«Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների մակարդակով անցած տարիների ընթացքում 20-ից ավելի հանդիպում է տեղի ունեցել: Մի քանի դեպքերում կողմերը շատ մոտ են եղել ընդհանուր համաձայնության, սակայն Ադրբեջանը միշտ հետքայլ է արել: 2014-ի հոկտեմբերի հանդիպումից բավական երկար ժամանակ է անցել, եւ շատ կարեւոր էր նոր հանդիպում կազմակերպել»,- Սերժ Սարգսյան – Իլհամ Ալիեւ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ ԱԳՆ Էդվարդ Նալբանդյանը: Ըստ նրա՝ բանակցային գործընթացն առաջ մղելու համար ցանկություն պետք է ունենա նաեւ Ադրբեջանը, որն իրականում ոչ միայն այդպես չէ, այլ հակառակը: Այս գագաթնաժողովի հրավիրումը թելադրված էր իրավիճակի սրմամբ՝ Ադրբեջանի կողմից սադրանքների, հրադադարի կոպտագույն խախտումների արդյունքում: Բայց Ադրբեջանը չի հրաժարվել ուժի կիրառմամբ հաջողության հասնելու պատրանքից: «Բանակցային գործընթացում իրենց թուլությունը ցանկանում են կոմպենսացնել այս կարգի քայլերով: Ադրբեջանի ստրատեգները կարծում են, որ դա իրենց ինչ որ ուժ է տալիս: Ի՞նչ է տվել այս քաղաքականությունը Ադրբեջանին, որեւէ դրական բան, որեւէ առավելություն ոչ տվել է, ոչ տալիս է, ոչ էլ կտա»:

Մի խոսքով՝ առաջին տարին չէ, որ Ադրբեջանի մոտեցումները չեն համապատասխանում Եռանախագահների առաջարկներին:

Հայաստանում եւս շատերն են կարծում, որ համանախագահների հայտարարության մեջ ուշադրության արժանի է ընդամենը մեկ նախադասություն, այն, որ «Նախագահները պաշտպանում են համանախագահներին՝ Հայաստան-Ադրբեջան սահմանին բռնության նվազեցմանն ուղղված շարունակական աշխատանքներում, ինչպես նաեւ հետաքննական մեխանիզմների ներդրման գործում»»: Միայն մնում է կյանքի կոչել այս ասվածը:

Ոմանք էլ կարծում են, թե հանդիպումը հիմք է ծառայելու համանախագահողների հետ միասին հետագա կարգավորման ձեւաչափ գտնելու համար: Կողմերը վերահաստատեցին Մինսկի խմբի ձեւաչափը, ինչի առնչությամբ Ադրբեջանը (նաեւ Թուրքիան) պարբերաբար հանդես էր գալիս բացասական հայատարարություններով: Եվ այս պարագայում էլ կողմեր ասելով պետք է նկատի ունենալ ոչ միայն երկու կողմերին, այլ նաեւ համանախագահներին, որ պաշտպանում են իրենց երկրների՝ Միացյալ Նահանգների, Ռուսաստանի Դաշնության ու Եվրամիության շահերը: Սա է պատճառը, որ նշված կողմերի դիրքորոշումներում տարիներ շարունակ կան հակասություններ:

Այնուամենայնիվ, կարծիք կա ձեւավորված, որ նախագահների հանդիպումից հետո իրավիճակ է փոխվել, երկար սպասված հանդիպումը ոչ թե պատասխան տվեց բոլոր հարցերին, այլ նորանոր հարցեր առաջացրեց, ինչն էլ հենց փոխել է կայուն համարվող իրավիճակի ընթացքը: Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Մեթյու Բրայզան եւս կարծիք է հայտնել, թե «դրական արդյունքն այն է, որ երկու պետությունների ղեկավարները հանդիպեցին, սակայն էական արդյունքների հասնելու համար նրանց անհրաժեշտ է Մինսկի խմբի համանախագահող երկրների օգնությունը: Հստակ չենք կարող ասել, թե ինչ է կատարվում Լեռնային Ղարաբաղի շուրջ, սակայն այն, որ տարբեր հանդիպումների ընթացքում այդ հարցն են քննարկում եւ այն, որ այդ թեմայով բազմաթիվ հեղինակավոր կառույցների կողմից հաղորդագրություններ են լինում, դա փաստ է»:

Նշվել է, որ նախագահների հանդիպումից հետո Մոսկվայում տեղի ունեցավ ՀԱՊԿ գագաթնաժողովը, որը բավական անսպասելի զարգացում է ունեցել: Այն անցել է Հայաստանի նախագահությամբ եւ ընթացքում եղել է Սերժ Սարգսյանի բավական կոշտ ելույթը, որը կարող է ընկալել նաեւ որպես մեղադրանք ՀԱՊԿ-ին: Նախագահների հանդիպումից 2 օր անց նման ելույթի ու մեղադրանքի շատերը չէին սպասում: Իսկ սա փաստացի ահազանգ է ոչ միայն ՀԱՊԿ անդամ երկրներին, այլեւ՝ ՆԱՏՕ-ի, որի հետ Հայաստանը ակտիվ համագործակցության փուլում է…

Իսկ նախագահների հանդիպումից հետո Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությունը, ով ընդգծել էր, որ Հայաստանը ցանկանում է պահել հրադադարն ու ստատուս քվոն, անուղղակի մեղադրանք է դիտվել՝ ուղղված ԱՄՆ-ին, որը հանդիսանում է հետաքննության մեխանիզմի առաջարկի գեներատորը: Սա էլ իր հերթին նշանակում է, որ արդեն հասկացնում են, թե Բեռնում ներկայացվածը չի կարող բխել Ադրբեջանի շահերից… Եվ սրան էլ հետեւում է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի աշխատանքային այցը Ռուսաստան: Այստեղ նա մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նույնպես հանգիստ չի եղել եւ Թուրքիայի խորհրդարանի նախագահ Իսմայիլ Ղահրամանի հետ հանդիպմանը իր կարծիքն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին: Հանդիպումից մանրամասներ հայտնի չեն, սակայն տարբեր աղբյուրներ նշում են, որ քննարկվել է Թուրքիայի կողմից Ադրբեջանին ռազմական օգնության հարցը:

Գուցե այս ամենի վերլուծությունն է եղել պատճառը, որ Երեւանում տերեվերջյան մի ասուլիսի ժամանակ ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարեց, որ հրադադար, ըստ էության գոյություն չունի եւ սահմանին պատերազմ է ընթանում: Սա պետք է ընկալել ոչ միայն ահազանգ եւ կոչ միջազգային հանրությանը, այլեւ Հայաստան-Արցախի բնակչությանը, որ պատերազմին պատրաստ լինելու մեր քաղաքականությունը ճիշտ է եւ դա է ցայսօր խաղաղության երաշխիքն ապահովում տարածաշրջանում:

Հայկ Թորգոմյան

«Լուսանցք» թիվ 1 (391), 2016թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։