Ներքին ապակայունության փորձն իսկ հղի է արտաքին վտանգներով

Մարտի 3-4-ը, Արցախի Մարտակերտի հյուսիս-արեւելյան հատվածում, ադրբեջանցիները փորձելով օգտվել մարտի 1-2-ին Երեւանում կատարված ներքաղաքական զանգվածային միջադեպերից ու բախումներից, խախտել են զինադադարը եւ անցել ԼՂՀ եւ Ադրբեջանի միջեւ հաստատված սահմանագիծը:

Ըստ ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի կենտրոնի հաղորդագրության, «մարտի 4-ին, ժամը 05:00-ի սահմաններում ԼՂՀ եւ Ադրբեջանի Հանրապետության շփման գծում՝ Մարտակերտից հյուսիս-արեւելք, Լեւոնարխ գյուղից 3,5 կմ հեռավորությամբ ադրբեջանական զինված ուժերը, խախտելով զինադադարի ռեժիմը, կրակ են բացել ԼՂՀ դիրքերի վրա, որի հետեւանքով վիրավորվել է պաշտպանության բանակի երկու զինվորական»: Այսքանով չբավարարվելով՝ ադրբեջանցիներն առաջանալով գրավել են առաջնային պաշտպանական հենակետերից մեկը: Արցախի զինված ուժերը պատասխան կրակ են բացել, դիմել են համարժեք գործողությունների եւ թշնամուն ստիպել են վերադառնալ նախկին դիրքերը: Այս մարտի ընթացքում ադրբեջանական կողմը կրել է կորուստներ՝ կան վիրավորներ եւ զոհեր: Մեր դիրքերում թողել են նաեւ մեծ քանակությամբ զենք եւ զինամթերք:


Նահանջելուց հետո, ժամը 08:00-ի սահմաններում, փոխհրաձգությունն ավելի հաճախակի ու սաստիկ բնույթ է ստացել, իսկ ժամը 15:40-ի դրությամբ հայկական զորամիավորումներին հաջողվել է ամբողջապես վերականգնել նախնական դիրքերը: Զինադադարի ռեժիմի խախտման ու մարտական գործողությունների վերաբերյալ տեղեկատվությունը ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանն անմիջապես հայտնել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:

Ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկատվությամբ, ադրբեջանական կողմից կան բազմաթիվ վիրավորներ, զոհվել են 8 զինվոր: ՀՀ ՊՆ տվյալներով մեր կողմից կա 2 վիրավոր: Առ այսօր փոխհրաձգությունները շարունակվում են:

Այս առիթով հայտարարությամբ է հանդես եկել նաեւ ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը՝ «ինչ-որ պահի մենք դիրք կորցրել էինք, բայց վերցրել ենք հետ եւ վերականգնել մեր նախկին դիրքերը: Մենք դատապարտում ենք այս ոտնձգությունը եւ գտնում ենք, որ սա ադրբեջանական կողմից լուրջ շահարկում է Հայաստանում ստեղծված իրավիճակի: Միգուցե նրանց թվում էր, թե մեր ողջ ուշադրությունը ներքին հարցերի վրա է եւ կարող են հոգեբանական առնվազն դիվիդենտներ ունենալ մի պահ առաջընթաց ապահովելով, բայց դա նրանց չի հաջողվել»:

Ռազմական այս սադրանքի մասին արդեն տեղյակ են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողները, ԵԱՀԿ գործող նախագահը: Մարտի 4-ին ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը այցելել են Բաքու, որտեղից էլ՝ Երեւան: Նրանք բանակցել են զինադադարը վերականգնելու շուրջ: Իրենց մտահոգություններն են արդեն հայտնել ՌԴ-ն, ՆԱՏՕ-ն, ԵԱՀԿ-ն ու ԵԽԽՎ-ն: Իսկ ԼՂՀ իշխանությունները բողոքի նոտա են հղել եվրակառույցներին:

Այս միջադեպը առանձնանում է բոլոր նախորդ հակամարտություններից, որոնք ծավալուն բնույթ չեն կրել: Ինչպես նշել է ՀՀ արտգործնախարարը, «բավականին լուրջ ոտնձգություն է եղել հայկական ուժերի նկատմամբ: Սա տարբերվում է զինադադարի սովորական խախտումներից, որոնց մենք սովոր էինք երկար ժամանակ: Օգտագործված զինամթերքի եւ զինտեխնիկայի առումով սա էապես, որակապես տարբերվում է… Նման հարձակողական դրսեւորումներ մենք տեսնում ենք նաեւ դիվանագիտական ճակատում: Գիտենք, որ Ադրբեջանի կողմից շրջանառության մեջ է դրվել ԼՂՀ շուրջ մի բանաձեւ եւ արդեն ծրագրված է քվեարկության դնել ամսի 14-ին: Մենք դիվանագիտական աշխատանքները դեռեւս շարունակում ենք դա կանխելու համար: Համենայն դեպս, սա նույնպես մենք համարում ենք Հայաստանում ստեղծված իրավիճակի չարաշահում Ադրբեջանի կողմից»:

ԼՂՀ հարցի ուժային լուծման քաղաքական շահարկումները վաղուց են շրջանառում մեր հակառակորդները, նաեւ ամենաբարձր մակարդակով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից: Եվ ահա, մարտի 4-ին էլ, վերոնշյալ ռազմական սադրանքից հետո, Խանլարում հանդես գալով նա հայտարարել է՝ «ինչ գնով էլ լինի, վերականգնելու ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»:

Այս հայտարարությանն արձագանքել է նաեւ թուրքական մամուլը: Թուրքիայի հանրային հեռուստատեսությունը հաղորդել է. «Իլհամ Ալիեւը նշեց, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում: Նա ասաց, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ողջ աշխարհն է ճանաչում, եւ թույլ չեն տալու Ադրբեջանից Լեռնային Ղարաբաղի անջատումը: Ալիեւը հիշեցն
ելով հանդերձ Ադրբեջանի ռազմական ուժի հզորացման առնչությամբ մտահոգություն արտահայտող երկրների առկայության մասին՝ հարկ համարեց ընդգծել, որ առայժմ շարունակվում է բանակցային գործընթացը, սակայն ինչ գնով էլ լինի, վերականգնելու են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»:

Այո՛, մեր թշնամին փորձեց իր քաղաքական հարձակումները զուգակցել ռազմականով, կարծելով, թե մեր ներքաղաքական տարաձայնությունները կնպաստեն իրենց նպատակների իրականացմանը: Սակայն սխալվեց: Հայոց զինուժը միշտ էլ պատրաստ է հակահարվածելու եւ համարժեք պատասխանելու ադրբեջանական սադրանքներին: Եվ դրա ապացույցը Մարտի 3-4-ի ռազմական գործողություններն էին, որով մեր բանակը վերստին ապացուցեց տարածաշրջանում ամենամարտունակ բանակը լինելու վաղուց հաստատված համբավը:

Կարծում ենք այս միջադեպը պետք է սթափեցնի նրանց, ովքեր հետընտրական գործընթացներում ծածանում էին իսրայելական կամ վրացական եւ ուկրաինական դրոշներ: Դրանք այն երկրների դրոշներն են, որոնք Ադրբեջանի ռազմական գործընկերներն են, որոնք ՎՈւԱՄ-ը հակադրում են ԱՊՀ-ին ու Արցախի հարցը տեղափոխել են ՄԱԿ: Եվ այլեւս զարմանալի չէր նախագահի թեկնածու արմատական ընդդիմադիր գործչի մամուլի խոսնակի արձագանքը, թե դրոշներ ծածանողները անհատ մարդիկ են եւ նրա համար զարմանալի չէր լինի, եթե «Ազատության» հրապարակում մի օր էլ ծածանվեին թուրքական ու ադրբեջանական դրոշներ…

Արդյո՞ք սա էր ամբողջ ներքաղաքական կռվի իմաստը՝ օտարի «նվիրած» փողի օրապահիկով ու աշխատավարձով հայ հանրության աչքին հարազատ դարձնել Իսրայելի, Թուրքիայի եւ այլոց դրոշները՝ նույն օտարին «քաղաքակրթորեն» Հայաստան հրավիրելով ու «քսի» տալով հայության ու հատկապես՝ արցախահայության վրա……

Երբ ժողովրդին հոգեբանորեն «վարժեցնում» են այս զանգվածային իրողությանը, թշնամին առանց բարդությունների ներթափանցում է երկիր, առաջադրում է քաղաքական ու գաղափարական հարցեր: Գումարած սրան, երբ վերստին պառակտում են ազգը սին «ռեգիոնալ-նացիոնալիստների», հատկապես ու միտումնավոր՝ «հայաստանցիների ու ղարաբաղցիների», ապա թշնամին փորձում է առանց խոչընդոտների իրականացնել նաեւ իր ռազմական նպատակները:

Հայկ Թորգոմյան

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։