Մոսկվան կրկին «բարեկամորեն» հակադրվեց Երեւանին – ԱՄՆ-ն ու Եվրոպան Ադրբեջանին չեն զինում, իսկ ՀՀ ռազմավարական գործընկեր ՌԴ-ն մեր թշնամի երկրին շարունակում է զենք վաճառել…

Երբ փետրվարի 24-ին Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիեւը հայտարարեց, որ իր կառավարությունը բողոքի նոտա է հղել պաշտոնական Մոսկվային՝ Հայաստանին զենք-զինամթերք վաճառելու վերաբերյալ, կարծեցի թե սխալ եմ հասկացել կարդացածս:

Այսինքն՝ Հայաստանի ռազմավարական գործընկերը զենք է վաճառել (մինչդեռ կարող է անգամ նվիրել որպես միակ տարածաշրջանային գործընկերոջ) եւ սա անընդունելի է Բաքվի համար: Հիշեցի այն աղաղակող փաստը, երբ Ռուսաստանը զանգվածային ոչնչացման զենք էր վաճառել Ադրբեջանին, եւ մեր երկրի պատասխանատուները միառժամանակ լռում էին… թե զենքի վաճառքը առեւտրային գործարք է… Այսինքն՝ զանգվածային ոչնչացման զենքի վաճառքը առեւտրային գործա՞րք է: Իսկ որ մեր ռազմավարական գործընկերոջ վաճառած զենքերից հազարավոր հայեր են սպանվելու, դա՞ ինչ է:

Ի վերջո մերոնք խոսեցին, թե անթույլատրելի էր այդ վաճառքը, բայց հետո փորձեցին մեղմել, թե հին զինատեսակներ են եղել, հետո էլ թե՝ ավելի լավ է ռուսական զենք վաճառվի մեր թշնամուն, քան ամերիկյան, քանի որ ռուսականը մեզ արդեն ծանոթ է եւ գիտենք դրանց հնարավորությունները: Էլի լղոզվեց:

Իսկ Բաքվի նոտան եւ ռուսական կողմի արձագանքը ընդգծեցին ռուս-ադրբեջանական եւ ռուս-հայկական հարաբերությունների տարբերությունները: Այս պատմությունը դեռ ամռանը սկսվեց, երբ Կրեմլը Երեւանի հետ հարաբերությունների բարեկամական բնույթն ընդգծելու նպատակով առաջարկել էր 10 տարով մինչեւ 200 մլն. դոլար վարկ տրամադրել, որպեսզի հայկական կողմը այդ գումարով զինամթերք ձեռք բերի: Խոսքը նաեւ հանրահայտ «Իսկանդեր»-ի մասին էր, որը ստիպեց ընդվզել ինչպես Ադրբեջանին, այնպես էլ Թուրքիային:

Պետք է նշել, որ այս գործարքը նաեւ ի պատասխան այն բողոքի կայացավ, երբ Երեւանում, Գյումրիում եւ այլ բնակավայրերում հայերը հակառուսական ցույցեր կազմակերպեցին ռուս-ադրբեջանական ռազմական համագործակցության դեմ: Չնայած հայկական կողմը ոգեւորությամբ ընդունեց զինատեսակներ գնելու փաստը, սակայն դեռ իրագործման ընթացքը հայտնի չէ:  Իսկ Ադրբեջանը անցած 5 տարիներին Ռուսաստանից գնել է մեծ քանակությամբ զենք եւ հարկ է համարում բողոքի նոտա հղել: Ըստ Միջազգային խաղաղության հարցերի Ստոկհոլմի ինստիտուտի զեկույցի՝ Ադրբեջանը 2014թ. Եվրոպայի երկրների շարքում 2-րդն էր զենք ու զինամթերք ներկրողների ցանկում: Ըստ նույն ինստիտուտի վերջերս հրապարակած զեկույցի՝ Ադրբեջանը 2006-2010թթ. համեմատ 2011-2015թթ. 217%-ով ավելացրել է զենքի ներկրումը: Ադրբեջանին մատակարարված զինամթերքի 85%-ը Բաքուն գնել է Մոսկվայից: Ընդ որում, եթե 2006-2010 թթ. Ռուսաստանից Ադրբեջանի գնած զենքը կազմում էր Ռուսաստանի զինամթերքի ընդհանուր արտահանման 0,7%-ը, ապա վերջին 5 տարում այդ թիվը աճել է առնվազն 7 անգամ՝ հասնելով 5%-ի: Այսինքն՝ Ադրբեջանը դարձել է ռուսական զենքի հիմնական գնորդներից մեկը եւ դեռ բողոքում է, երբ Հայաստանը անհամեմատ ավելի փոքր քանակությամբ զենքի մատակարարման պայմանագիր է կնքում Ռուսաստանի հետ:

Սա ծիծաղելի կլիներ, եթե հայ-ռուսական հարաբերությունները իրականում ամուր եւ հաստատուն լինեին: Սակայն, ինչպես նախկինում, այնպես էլ այսօր, հայ-ռուսական ռազմական փոխգործակցությունը երկու երես ունի եւ նախորդ բոլոր դեպքերի նման՝ այսօր էլ այդ երկփեղկվածության մեղավորը Մոսկվան է: ՀԱՊԿ-ն եւս հավասարազոր է դիտարկում հարաբերությունները ՀԱՊԿ անդամ Հայաստանի եւ ՆԱՏՕ-ական Թուրքիայի դաշնակից Ադրբեջանի հետ: Եվ սա է պատճառը նման ծաղրուծանակի, ինչին ենթակվում են հայ-ռուսական հարաբերությունները մի խամաճիկ երկրի՝ Ադրբեջանի կողմից:

Ինչեւէ, այն, որ Ադրբեջանը բողոքում է, թե իր թշնամուն Մոսկվան զենք է վաճառում, գոնե բնականին մոտ է, իսկ մտահոգիչը ռուսական կողմի արձագանքն է այդ նոտային: Այդ երկրի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան արձագանքել էր ադրբեջանական կողմին. «Մենք դիվանագիտական խողովակներով արդեն Ադրբեջանին համապատասխան տեղեկատվությունը հասցրել ենք: Ռուսաստանը Հայաստանի հետ դաշնակցական հարաբերություններ ունի եւ այդ թվում՝ ռազմատեխնիկական հարաբերություններն է զարգացնում: Կարծում ենք, այդ փասը բոլորին էլ հայտնի է»: Այս տողերից շատերը Հայաստանում ոգեւորվել էին, թե Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է անվանել, բայց չէին նկատել, որ Մարիա Զախարովան իր արձագանքում նշել է նաեւ 2 այլ կարեւոր կետ: Նախ նա հայտարարել էր. «Թե՛ Հայաստանին, թե՛ բարեկամ Ադրբեջանին ցանկացած զենք-զինամթերքի առաքում արվում է տարածաշրջանում ուժերի բալանսի պահպանման անհրաժեշտությունը հաշվի առած»:

Եվ ի՞նչ բալանսի մասին է խոսքը, երբ Ադրբեջանը, համաձայն բոլոր միջազգային զեկույցների, մինչեւ ատամները զինված է՝ շնորհիվ նավթադոլարների եւ ռուսական ռազմաարդյունաբերության, իսկ Հայաստանը անհամեմատ հետ է մնում սպառազինության մրցավազքից: Ընդ որում, Ադրբեջանին Եվրոպան ու ԱՄՆ-ն զենք չեն վաճառում, եւ դիսբալանսը հենց Ռուսաստանն է ստեղծել…

Ըստ հաշվարկների, բալանսի խախտումը արդեն վաղուց գաղտնիք չէ, իսկ դրա վերականգնման համար Ռուսաստանը Հայաստանին պիտի ոչ թե 200 մլն., այլ 4 մլրդ. դոլարի վարկ տրամադրեր, կամ, պարզապես, չափավորեր Ադրբեջանին վաճառվող հարձակողական զենքերը: Մտահոգիչ է նաեւ այն, որ ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակը լրագրողներից մեկի հարցին, թե արդյո՞ք Բաքվի ռազմական նոտան միջամտություն չէ ՌԴ եւ ՀՀ ներքին գործերին, պատասխանել էր, որ նման մտահոգությունը լիովին հասկանալի է, իսկ ռուսական կողմը ադրբեջանական կողմին դիվանագիտական խողովակներով արդեն հասցրել է համապատասխան տեղեկատվությունը:

Եթե համեմատենք, հայկական կողմը երբեւէ նման կտրուկ արձագանքով հանդես չի եկել ռուս-ադրբեջանական զենք-զինամթերքի մատակարարման պայմանագրերի դեմ, չնայած դրա բոլոր հիմքերն ուներ: ՀՀ ԱԳՆ-ն հիմնականում լռում է: Մինչդեռ Ադրբեջանը անիմաստ իրավունքներ է վերապահում իրեն, եւ դա աշխատում է: Պաշտոնական Երեւանը պետք է կարողանա ստիպել, որ Մոսկվային պարզաբանումներ տա ոչ միայն Ադրբեջանին զենք վաճառելու հարցով, այլեւ հայկական շահերը ստորադասելու եւ մեր թշնամի երկրի ռազմական հզորությանը նպաստելու համար:

Եվրոպան ու ԱՄՆ-ն Ադրբեջանին զենք չեն վաճառում, եթե այդպես վարվեր նաեւ մեր այսպես կոչված, դաշնակից Ռուսաստանը, ապա Ադրբեջանը հաստատ ռազմական հզորության մասին խոսելուց առաջ մի քիչ կմտածեր, բայց արի ու տես՝ հենց մեր բարեկամ ու ռազմավարական գործընկերն է լեզու դնում մեր թշնամու բերանում:…

Հուսանք՝ այս բողոքի նոտան հայկական կողմի համար դիվանագիտության մի նոր դաս կլինի, ու վերջապես կսկսենք օգտագործել միջազգային դիվանագիտության մեր քայլերը: Եթե հարկ լինի, նաեւ պիտի հարվածի տակ դնել մեր այսպես կոչված դաշնակցի այն պահվածքը, որից ակնհայտորեն տուժում են Հայաստանն ու հայությունը:

Արտակ Հայոցյան

«Լուսանցք» թիվ 6 (396), 2016թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։