Արցախի հարցը վերաորակավորվու՞մ է – Մոսկվայի, Փարիզի եւ Վաշինգտոնի միջեւ մեծ տարաձայնություններ չկան, բայց կա լուրջ մրցակցություն… Հայկական գործոնի ամրապնդման փուլը…

«Մեր իրավունքը մենք պաշտպանեցինք մեր արյան գնով»,- ասել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 20-ին՝ շնորհավորական ուղերձ հղելով Արցախի վերածննդի օրվա առթիվ: «28 տարի առաջ Արցախն իսկապես վերածնվեց. վերածնվեցին նրա ազատատենչ ոգին, հայեցի շունչն ու հավատը սեփական ուժերի և լուսավոր ապագայի հանդեպ: Դա իրավական, բարոյական եւ համամարդկային արժեքների վրա հիմնված պայքար էր՝ համազգային շարժում, որն այս անգամ արդեն իր շուրջը համախմբեց ամբողջ հայ ժողովրդին աշխարհի տարբեր ծայրերում, համախմբեց ու միավորեց մեկ գաղափարի շուրջ՝ ապրել ազատ ու անկախ իր պատմական հողի վրա: Դա յուրաքանչյուր ազգի օրինական իրավունքն է…»:

1988-ի նվիրյալների գործը շարունակում է երիտասարդ սերունդը, նրանք, ովքեր ծնվել ու մեծացել են արդեն Արցախի Հանրապետությունում եւ արժանիորեն կրում են երկրի քաղաքացին լինելու բարձր պատիվը: Նրանք լավ են սերտել հայրենի երկրին ու հարազատ ժողովրդին անձնվիրաբար ծառայելու իրենց հերոս պապերի ու հայրերի պատգամը եւ պատրաստ են ամեն ինչ անել Արցախի զարգացման ու զորացման, նրա պաշտպանունակության ամրապնդման եւ անվտանգության ապահովման համար: Այդպես եղել է ու այդպես կլինի այսուհետ:

Հիշեցնենք, որ 1988-ի փետրվարի 12-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ ժողովրդական առաջին զանգվածային ցույցը ԼՂԻՄ-ը Հայաստանի հետ վերամիավորվելու պահանջով։ 1992թ. ԼՂՀ Գերագույն խորհրդի կողմից փետրվարի 12-ը հայտարարվեց «Վերածննդի օր»։

Այսօր արդեն խոսք կա ԼՂՀ-ում սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ: Նշվում է, որ 2006թ. դեկտեմբերի 10-ին ընդունված Սահմանադրությունը ապացուցել է իր կենսունակությունը՝ ապահովելով երկրի բնականոն զարգացումը՝ ապահովագրելով քաղաքական եւ այլ բնույթի ճգնաժամային իրավիճակներից: Եվ այս ամենով հանդերձ, Արցախի ժողովրդավարական կուսակցությունը նպատակահարմար է գտնում, որ երկրի սահմանադրական կարգի կատարելագործման խնդիրները մշտապես պետք է լինեն իշխանությունների ու քաղաքական ուժերի ուշադրության կենտրոնում՝ հաշվի առնելով արագ փոփոխվող ժամանակների պահանջը:

«Հենց այդ ընկալման հաշվառումով ԱԺԿ ծրագրում, պետական շինարարության բաժնում, հատուկ տեղ է հատկացված պետական կառավարման համակարգի զարգացման հեռանկարին, ինչն արտահայտված է մի շարք ծրագրային դրույթներում:  Պետք է նշել, որ Արցախի իշխանությունները եւ ժողովուրդը մեկ անգամ չէ, որ ապացուցել են, որ ժողովրդավարական արդի արժեքները Արցախում ավելի լավ են պաշտպանված, քան Ադրբեջանում եւ Հայաստանում: Եվ սա եւս մի երաշխիք է, ինչը թույլ է տալիս Արեւմուտքին պարբերբար պատվիրակություններ ուղարկել Ստեփանակերտ եւ որոշակի օգնություններ տրամադրել:

Ժողովրդավար Արցախի կարգավիճակը նաեւ ինքնապաշտպանական խթան է, ինչն ազդեցություն է ունենում եվրոպական որոշումների վրա հայ-ադրբջանական հարաբերությունների ժամանակ:

Այսինքն՝ ինչպես շատերն են պնդում, հայկական բանակը մեր անվտանգության երաշխիքի բաղադրիչներից մեկն է, բայց ոչ միակը: Եվ ազգային ու համամարդկային արժեքների համադրությամբ առաջ շարժվող Արցախը իր օրինավորությամբ եւս պաշտպանում է երկրի սահմաններն ու ժողովրդին:

Չնայած, պետք է շեշտել, որ հայկական բանակը մեր անվտանգության երաշխիքի ամենակարեւոր բաղադրիչն է, ինչը եւս հստակ է Ադրբեջանի հետ բաց եւ Թուրքիայի հետ փակ հակամարտությունների ծիրում: Չնայած Ադրբեջանի եւ՛ բանակի, եւ՛ զենք-զինամթերքի քանակն ավելի շատ է, քան Հայաստանինը եւ Լեռնային Ղարաբաղինը միասին վերցրած: Բայց մի կարեւոր հարց կա. Ադրբեջանը վտանգներ ունի ոչ միայն Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի կողմից, այլեւ Իրանի: Հայաստանն էլ վտանգ ունի Թուրքիայի կողմից, բայց այստեղ կա ռուսական ռազմակայանի եւ հայ-ռուսական ռազմական համագործակցության պահը:

Ինչեւէ, Արցախի խնդիրը դեռ ԵԱՀԿ Մինսկի խմբի ենթակայությամբ է, եւ այստեղ եւս Հայաստանը իր քաղաքական մոտեցումներիով ավելի ամուր դիրքեր ունի, քան Ադրբեջանը:

Ինչպես մասնագետներն են նշում, եթե Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք փուլային տարբերակ կար, ապա Ռոբերտ Քոչարյանի օրոք կար ընդհանուր պետության գաղափարը, որին Հայաստանը նույնպես համաձայնություն էր տվել: Ինչ վերաբերում է այսօր Մադրիդյան սկզբունքներին, ապա դա լղոզված մի փաստաթուղթ է, որը որոշակի հարցեր է առաջ քաշում, ինչպես՝ ազատագրված տարածքները տալ Բաքվին՝ փոխարենը ստանալ Արցախը: Իհարկե, սա Հայաստանին ձեռնտու չէ, բայց Ադրբեջանն ավելի ագրեսիվ է առկա տարբերակներին համադրվում:

Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի եւ Միացյալ Նահանգների միջեւ կարծես տարաձայնություններ չկան, բայց կա մրցակցություն, ինչն էլ խաթարում է հարցի առաջխաղացմանը: Մինսկի խումբն առավելապես քաղաքական գործիք է, որը հսկողության տակ է պահում այդ հակամարտությունը, հետագայում առաջարկում լուծումներ: Նրանք հասկանում են, որ Ադրբեջանն ավելի շատ պատրաստ չէ այս խնդրի լուծմանը, ուստի հենց Բաքվին տարածաշրջանում չի կարելի պատերազմի վերսկսում թույլ տալ:

Ռուսական կողմի վերջին բանակցությունների համապատկերին, ինչը կարելի է ասել անարդյունք ավարտվեց հերթական անգամ, կրկին ակտիվացավ ԱՄՆ-ն: Այս երկրի նախագահ Բարաք Օբաման Վաշինգտոնի կոնֆերանսների կենտրոնում կհյուրընկալի եւ կանցկացնի Միջուկային անվտանգությանը նվիրված 4-րդ գագաթաժողովը, որը կմեկնարկի մարտի 31-ին։ Մինչ համաշխարհային առաջնորդների համար կարեւոր է համաձայնության հասնել այն հարցում, թե որն է լավագույն միջոցը միջուկային զենքն ահաբեկչական խմբավորումներից հեռու պահելու համար, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի ներկայությունը հազվադեպ, բայց պատմական հնարավորություն է ընձեռում ԱՄՆ նախագահին առաջնորդությունը վերցնել իր ձեռքը՝ Խորհրդային միության փլուզումից մնացած ամենամտահոգիչ հակամարտություններից մեկը լուծելու համար։

Վաշինգտոնը, ի տարբերություն Մոսկվայի, հիմնականում զբաղված է եղել Մերձավոր Արեւելքում իր գործողություններով՝ Երեւանի ու Բաքվի միջեւ երկարատեւ խաղաղություն հաստատելու հարցում առաջատար դիրք գրավելու փոխարեն, այս հարցը թերեւս զիջելով Եվրոպային, որը պիտի հակազդեր Ռուսաստանին։ Այնուամենայնիվ, ԱՄՆ նախագահը կարող է առաջընթաց գրանցել, եթե կարողանա կողմերի համար արդար լուծման կարեւորությունը գրանցել։

Իմիջիայլոց, հայ-ադրբեջանական հարաբերություններից բացի Վաշինգտոնը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել նաեւ հայ-թուրքականն հարաբերությունները: Ամերիկյան «Washington Post»-ի Letters to the Editor բաժնում հրապարակվել է Առլինգտոն (Վիրջինիա) քաղաքից Փոլ Մանուկյանի անդրադարձը, որում վերջինս հակադարձում է «Center for the National Interest վերլուծական կենտրոնի գիտաշխատող Էնդրյու Բոուենին (Andrew Bowen): «Էնդրյու Բոուենին իր նամակում Հայաստանի եւ Ռուսաստանի համագործակցությունն անվանել է «դաշինք, որ սպառնում է Թուրքիային: Բոուենը (Andrew Bowen), կարիք ունի վերանայելու իր գիտելիքներն այն մասին, թե ինչ էր կատարվում Առաջին Համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ Օսմանյան կայսրության հետնորդներն իրենց ոճրագործությունն էին իրականացնում՝ բնաջնջելով միլիոնավոր հայերի: Այդ ժամանակ Ռուսաստանն էր, որ վերջ դրեց Թուրքիայի կողմից իրականացվող 20-րդ դարի այդ ժամանակաշրջանում դեռեւս աննախադեպ կոտորածներին»: Փոլ Մանուկյանը եզրափակում է, որ Բոուենն իրեն իրավունք է վերապահում Հայաստանին նախատել այդ «դաշինքի» համար, որի արդյունքում Ռուսաստանը հնարավորություն կունենա Թուրքիայի սահմանին ռազմաօդային ուժերի բազա կառուցել:

Իսկ արդյո՞ք ՆԱՏՕ-ական Թուրքիայի սահմանակից Հայաստանը երաշխիքներ ստացել է ԱՄՆ-ից կամ ՆԱՏՕ-ից, որ պատմական նույն վայրագությունները չեն կրկնվի…

Մոսկվան եւ Բաքուն էլ «առանձնակի ուշադրությամբ» քննարկել են ղարաբաղյան հակամարտության հարցը:

Ռուսաստանի ԱԳՆ տեղակալ Գրիգորի Կարասինը եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը Բաքվում քննարկել են Կասպից ծովում միջազգային համագործակցության հարցերին վերաբերող փաստաթղթի մշակման գործընթացը: «Քննարկվել են ռուս-ադրբեջանական երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր, այդ թվում՝ ձեռք բերված համաձայնություններին համապատասխան քաղաքական մակարդակով հանդիպման նախապատրաստական աշխատանքները: Կողմերը փոխանակվել են տարածաշրջանում իրավիճակի զարգացման մասին կարծիքներով, Ռուսաստանի եւ Ադրբեջանի՝ հարեւան երկրների հետ փոխազդեցության հեռանկարներով»,- նշել են ՌԴ ԱԳՆ-ից: «Առանձնակի ուշադրություն է դարձվել ղարաբաղյան հարցի կարգավորման թեմային, ինչպես նաեւ՝ Կասպից ծովում միջազգային համագործակցությանը վերաբերող փաստաթղթի մշակմանը»,- ասված է նույն հաղորդագրությունում:

Արցախի նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին: Հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող վիճակին վերաբերող հարցեր: Հայաստանի նախագահն էլ ընդունել է ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիին: Քննարկվել են ինչպես Հայաստան-Եվրամիություն երկկողմ հարաբերությունների օրակարգին, այդ թվում՝ առանձին ոլորտներում համագործակցությանը, այնպես էլ միջազգային արդի խնդիրներին, տարածաշրջանի զարգացումներին, մարտահրավերներին եւ հեռանկարին վերաբերող հարցեր:

Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է խոսել տիկին Մոգերինիի մասնակցությամբ տարեվերջին Բրյուսելում տրված Հայաստան-Եվրամիություն նոր համապարփակ իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունների մեկնարկի մասին եւ հույս հայտնել, որ դրանք կշարունակվեն բնականոն հունով, ու տեսանելի ապագայում կողմերը հաջողությամբ ավարտին կհասցնեն այս կարեւոր գործընթացը:

Նախագահն անդրադարձել է Հայաստանում լայնածավալ բարեփոխումներին, այդ թվում՝ նախորդ դեկտեմբերին կայացած սահմանադրական բարեփոխումներին: Նաեւ ընդգծել է, որ մեր երկիրը հաստատակամ է շարունակելու տարբեր ոլորտներում սկսված բարեփոխումները եւ բարձր է գնահատում դրանց իրագործման համար ԵՄ կողմից ֆինանսական փորձագիտական աջակցությունը: Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում ԼՂ հիմնախնդրի լուծման բանակցային գործընթացին: Հյուրին ներկայացրել է այդ գործընթացում հայկական կողմի դիրքորոշումները, որոնք բազմիցս հրապարակվել են: Ֆեդերիկա Մոգերինին վերահաստատել է այս խնդրում Եվրամիության դիրքորոշումը՝ ընդգծելով, որ ԵՄ-ն սատարում է ԵԱՀԿ ՄԽ-ին՝ նրա առաքելության իրականացման գործում եւ պաշտպանում է բանակցությունների հիմքում ընկած երեք սկզբունքները՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման ու տարածքային ամբողջականության սկզբունքները:

Օրերս ՀՀ ԱԳ եւ Պաշտպանության նախարարները մեկնել են Բրյուսել՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կազմակերպված Հայաստան + 28 ձեւաչափով Հյուսիսատլանտյան խորհրդի նիստին մասնակցելու նպատակով: Խորհրդի նիստին մեր նախարարները հանդիպել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգի։

Միաժամանակ Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանի նախագահությամբ տեղի է ունեցել ռազմական խորհրդի նիստ՝ նվիրված մարտական հերթապահության կազմակերպման եւ կրման, դիտարկման համակարգի, ինժեներական արգելափակոցների եւ ամրաշինական կառույցների վիճակին ու դրանց կատարելագործման ուղիներին:

Նիստին ներկա են եղել բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների եւ ծառայությունների պետերը, միավորումների, զորամասերի ու գումարտակների հրամանատարությունը, մարտական հերթապահությանն առնչություն ունեցող սպայակազմի եւ զինկոմիսարիատների ներկայացուցիչներ:

Օրակարգային թեմայի շուրջ ելույթներով ու զեկույցներով հանդես են եկել բանակի հրամանատարի տեղակալները, միավորումների եւ զորամասերի հրամանատարները, շտաբի համապատասխան բաժինների ու ծառայությունների պետերը: Խորհրդակցության ավարտին Արցախի հանրապետության ռազմական գերատեսչության ղեկավարը հանձնարարել է առաջարկություններն ու դրանցից բխող հետեւություններն ընդունել ի գիտություն եւ առաջնորդվել մարտական հերթապահության կազմակերպման ու կրման ընթացքում:

Արամ Ավետյան

«Լուսանցք» թիվ 6 (396), 2016թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։