Նոր վարչակարգ. քայլ առ քա՞յլ, թե՞ միանգամից – 2017-ի վարչապետը միայն 2018-ին կղեկավարի երկրի նախագահին… 1 օրում ստեղծվող ու լուծարվող կազմակերպությունները եւ քաղաքական սահմանափակումները…

Նոր վարչակարգ. քայլ առ քա՞յլ, թե՞ միանգամից

Փաստացի՝ Հայաստանը լիարժեք խորհրդարանական կառավարման համակարգի կանցնի 2018թ., երբ կդադարեն գործող նախագահի լիազորությունները: Մինչ այդ, երկրի գործող նախագահը կպաշտոնավարի իր ամբողջ լիազորություններով:

Իհարկե, այժմ Հայաստանում դեռ կիսանախագահական համակարգ է, սակայն նախագահը դեռ լիովին չկայացած քաղաքական դաշտի պայմաններում իրեն զգում է ինչպես լիարժեք նախագահական համակարգում պիտի լիներ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում, մեկնաբանելով Սահմանադրության բարեփոխված տարբերակի անցումային դրույթները, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ընդգծել է, որ 2017թ. խորհրդարանական ընտրություններից հետո (որն անցկացվելու է արդեն նոր՝ բարեփոխված Սահմանադրությամբ), խնդիրներ չեն առաջանալու՝ կապված գործող նախագահի լիազորությունների հետ: «Այդ հարցում մենք խնդիրներ չենք ունենա, որովհետեւ անցումային դրույթներում հստակ ամրագրված է, որ հանրապետության նախագահը կավարտի իր լիազորությունները, որից հետո մենք կանցնենք լիարժեք խորհրդարանական կառավարման»,- հավելել է պատգամավորը:

Սակայն սա չի նշանակում, որ քաղաքական ուժերը՝ կուսակցություններն ու դաշինքները, 2017թ. խորհրդարանական ընտրությունները հերթականն են համարելու: Ոչ, դա չի կարող հերթական կոչվել այն պարզ պատճառով, որ ընտրություններից 1 տարի անց խորհրդարանական մեծամասնական ուժը կառաջադրի վարչապետի իր թեկնածուին, ով էլ կդառնա Հայաստանի փաստացի ղեկավարը:

Դառնալով ՀՀԿ խմբակցության ղեկավարի խոսքին՝ նշենք որ ըստ նրա, մինչեւ 2017թ. խորհրդարանական ընտրությունները հարկավոր է իրականացնել բոլոր անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունները՝ ընտրությունները կազմակերպելու համար: «Մենք այս դեպքում կարեւորում ենք ընտրական օրենսգրքում կատարվելիք փոփոխությունները, որի վրա բոլորը սեւեռվել են: Սակայն կան նաեւ դրան ածանցյալ այլ օրենքներ եւս, կան նաեւ մայր օրենքներ, որոնք պետք է փոխվեն ու համապատասխանեցվեն բարեփոխված Սահմանադրությանը»,- մանրամասնել է Վահրամ Բաղդասարյանը:

Այո, այս դեպքում բազմաթիվ օրենքներ պետք է փոխվեն, որպեսզի Հայաստանի օրենսդրական դաշտը լիովին համապատասխանեցվի փոփոխված նոր Սահմանադրությանը: Առաջ կգա օրենսդրական փոփոխությունների մեծ փաթեթ, որի վրա աշխատելու են շատ մասնագետներ: Ըստ ՀՀԿ պատասխանատուների, մինչեւ 2016թ. հունիսը արդեն պետք է կատարված լինեն ընտրական օրենսգրքում անհրաժեշտ փոփոխությունները, քանի որ դա հստակ ամրագրված է բարեփոխված Սահմանադրության տեքստում: Դրանից հետո արդեն աստիճանաբար կկատարվեն մյուս՝ տրամաբանորեն հետեւող իրավական փոփոխությունները:

Այսօր դժվար է պատասխանել, թե երբ հնարավոր կլինի իրականանցել բոլոր փոփոխությունները՝ օրենսդրական դաշտը բարեփոխված Սահմանադրությանը համապատասխանեցնելու համար, սակայն դա այլեւս անխուսափելի է:

Քանի որ «Լուսանցք»-ի ընթերցողների հարցադրումներից հասկանալի է, որ նրանց առավելապես հուզում են 2017թ. կայանալիք խորհրդարանական ընտրությունները եւ դրանից բխող հետագա քայլերը, ավելի մանրամասնենք: Ընտրությունները կանցկացվեն արդեն համապատասխան բարեփոխված Սահմանադրության: Ավարտից հետո, երբ հնարավոր կլինի ձեւավորել կայուն մեծամասնություն, խորհրդարանը կընտրի վարչապետ եւ կձեւավորի կառավարություն: Ինչպես արդեն նշել ենք, երկրի գործող նախագահ Սերժ Սարգսյանի լիազորություններն ավարտվում են 2018թ., որից հետո արդեն խորհրդարանը կընտրի հանրապետության նոր նախագահին եւ կանցնի լիարժեք խորհրդարանական կառավարման՝ արդեն ԱԺ կայուն մեծամասնության կողմից ընտրված վարչապետի գլխավորությամբ:

Մենք, որպես լրատվամիջոց, միշտ ունեցել ենք մեր տեսակետը կարեւոր հարցերի վերաբերյալ: Այս հարցում էլ արտահայտվել ենք, որ կողմնակից ենք նախագահական կենտրոնաձիգ համակարգի ներդրմանը: Ավելի մանրամասն ձեւակերպումներով հրապարակել ենք Հայ Արիական Միաբանության տեսակետները, որը նույնպես նախագահական համակարգի կողմնակից է:

Նախագահակա՛ն, ո՛չ թե՝ կիսանախագահական, որն այսօր ունենք:

Կենտրոնաձիգ վարչակարգի կարիքը կա, քանի որ դեռ թշնամիներով ենք շրջապատված եւ ամուր պետություն ունենալու խնդիր է դրված: Իսկ բազմակուսակցական համակարգի օտարաստեղծ եւ օտարանպաստ ազատություններից հենց օտարներն էլ օգտվում են՝ իրենց դրամաշնորհային եւ այլատիպ կաշառատվությամբ:

Բայց մի բան հստակ է մեզ համար, այնուամենայնիվ, ամենակարեւորը վարչակարգի փոփոխությամբ չէ, որ պիտի կենտրոնանանք (չնայած նշեցինք կարեւորության մասին), այլ մեզանում ձեւավորված ու կարծրացած մտածելակերի, որի փոփոխությունը խիստ անհրաժեշտ է:

Ինչպես ասում են, գործող օրենքի տառն ու ոգին պիտի հարգել, այլապես ոչ մի վարչակարգ էլ չի դառնա փրկարար օղակ Հայաստանի ու հայության համար:

Իսկ այդ գործը պետք է հենց վերեւներից սկսել, հենց այսօր երկրի նախագահը իրենից պիտի սկսի, իսկ 2018-ին՝ երկրի վարչապետը շարունակի եւ ավարտին հասցնի… 2017-ի խորհրդարանական ընտրությունները, որպես միջանկյալ երեւույթ, կտան այս ամենի գնահատականը:

Այլ ելք չկա:

Նարե Մշեցյան

Քաղաքական սահմանափակումներ

Հայաստանում գրանցված կուսակցությունների թիվն արդեն 80-ին է մոտենում եւ դեռ կավելանա մինչեւ 2017-ի խորհրդարանական ընտրությունները: Սա արդեն խեղկատակության է վերածվել, երբ ընտրությունից ընտրություն կուսակցությունների քանակը մոտենում է 100-ի, ապա՝ ընտրությունների ավարտից հետո իջնում մինչեւ 70 կամ 60: Ակնհայտ է, որ արհեստական ուռճացումներ են լինում՝ այս կամ այն քաղաքական ուժին միանալու կամ շատ պարզ՝ փող աշխատելու (նրանց սատարելու միջոցով) համար:

Իսկ որ ավելի վատ է՝ օտարների պատվերով են ստեղծվում, ընտրությունների վրա ցեխ շպրտում կամ այլ պատվեր կատարում, հետո լուծարվում կամ սսկվում մինչեւ մյուս ընտրությունները:

Արդարադատության նախարարությունից տեղեկացնում են, որ մեր երկրում քիչ թե շատ գործող կուսակցություններն առավելագույնը կարող են մեկուկես տասնյակի հասնել, մնացած 60-ից ավելն իրականում գոյություն չունեցող, այսպես կոչված, «մարդ կուսակցություններն» են կամ ինչպես նշեցինք վերեւում՝ պատվիրված: Այս իրավիճակը փոխելու համար իշխանությունները ծրագրում են փոխել նաեւ «Կուսակցությունների մասին» օրենքը: Թե ինչով կավարտվի այդ նախաձեռնությունը, ցույց կտա ժամանակը:

Համենայնդեպս, անցած տարվա դեկտեմբերից կիրառության մեջ դրված Սահմանադրությունը պահանջում է, որ այս մասին օրենքն ԱԺ-ն ընդունի իր ձայների 2/3-ով՝ մինչեւ եկող տարվա ապրիլը: Իսկ մինչ այդ արդարադատության նախարարությունը ծրագրել է առաջին անգամ տեսչական ստուգումներ անցկացնել Հայաստանի թվով 10 կուսակցություններում: Հնարավոր ստուգվողների ցանկում ընդգրկվածները միայն «մարդ-կուսակցություններն» են, «որոնց անունները հանրությանը ոչինչ չեն հուշի»:

«Լուսանցք»-ն առաջարկում է նաեւ հավելել այսպիսի մի ձեւակերպում, որ Հայաստանի խորհրդարանական ընտրություններին կարող են մասնակցել այն քաղաքական կազմակերպությունները, որոնք առնվազն 10 տարվա գրանցում ունեն արդարադատության նախարարությունում (ինչու երկրի նախագահի ընտրության դեպքում կարելի է, ԱԺ դեպքում՝ ոչ, հատկապես, որ անցնում ենք խորհրդարանական համակարգի):

Մյուս քաղաքական կազմակերպությունները, հատկապես 1 օրում ստեղծվող ու լուծարվող, այդ քաղաքական ուժերին միանալու համար էլ պետք է որոշակի պայմաններ բավարարեն, ինչի մասին գրված կլինի «Կուսակցությունների մասին» օրենքում: Ավելին՝ օտարից սնվող քաղաքական (նաեւ հասարակական) ուժերը պետք է լուծարվեն օրենքով:

Անի Մարության

«Լուսանցք» թիվ 6 (396), 2016թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։