Ազգային եւ ռազմավարական.- Արարատյան դաշտ. մեր մեծագույն հպարտությունն ու մեծ հոգսը (4-րդ մաս) – Նախկին վիճակը կարճ ժամկետում վերականգնելու հնարավորություն կա, դրա համար էլ բազմաթիվ քայլեր կան…

Սկիզբը՝ թիվ 6-8-ում

Արարատյան դաշտում ստորերկրյա ջրերի ռեժիմի ստեղծված իրավիճակը կարգավորելու, հետագա բացասական երեւույթները կանխարգելելու եւ ջրօգտագործումը կայուն հիմքերի վրա դնելու՝ չափավոր ու հաշվենկատ կատարելու համար կառավարության որոշմամբ քայլեր են ձեռնարկվել եւ մի շարք միջոցառումներ են նախատեսվում:

http://www.hayary.org/wph/?p=5462Ազգային եւ ռազմավարական.- Արարատյան դաշտ. մեր մեծագույն հպարտությունն ու մեծ հոգսը (3-րդ մաս) – Ինչ վիճակ է ներկայում եւ որոնք են պատճառները…

http://www.hayary.org/wph/?p=5449Ազգային եւ ռազմավարական.- Արարատյան դաշտ. մեր մեծագույն հպարտությունն ու մեծ հոգսը (2-րդ մաս) – Ինչքան օգտագործելի եւ ռազմավարական պաշար ունենք…

http://www.hayary.org/wph/?p=5433Ազգային եւ ռազմավարական.- Արարատյան դաշտ. մեր մեծագույն հպարտությունն ու մեծ հոգսը (1-ին մաս) – Ինչ ունենք ջրավազանային կառավարման տարածքում

Արվածը

Նախ՝ խոսենք այն մասին, թե ինչ է արվել:

Մասնավորապես, 2014թ. նվազեցվել են Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների ջրօգտագործման թույլտվություններով հատկացված ջրի ծավալները շուրջ 272.1մլն.խմ/տարի-ով կամ կամ 10.6 խմ/վրկ-ով: Եթե այն 2013թ. դրությամբ եղել էր 1507,5 մլն. խմ /տարի կամ 49,8 խմ /վրկ, ապա 2014թ. կազմել է 1235,4 մլն. խմ /տարի կամ 39.2 խմ /վրկ, որը հիմնականում պայմանավորված է ձկնաբուծության նպատակով ջրառի շուրջ 31% պակասեցումով: Բացի այդ՝ բնապահպանության նախարարության կողմից Արմավիրի եւ Արարատի մարզերում լուծարվել, կոնսերվացվել կամ փականային ռեժիմի են բերվել թվով 311 ինքնաշատրվանող հորատանցքեր, որոնք օգտագործվում էին ձկնաբուծության, ոռոգման եւ խմելու-կենցաղային նպատակներով: Ինքնաշատրվանող հորատանցքերի նկատմամբ ձեռք առնված միջոցառումների շնորհիվ խնայվել է 22,24 խմ /վրկ ջրաքանակ, այդ թվում. ձկնաբուծության ոլորտում՝ 17,4 խմ /վրկ, ոռոգման ոլորտում՝ 2,9 խմ /վրկ եւ խմելու-կենցաղային ոլորտում 1,9 խմ /վրկ ջրաքանակ:  Տեղեկացնենք նաեւ, որ կառավարության որոշման համաձայն՝ փոփոխություն է մտցվել ՋԹ-ով սահմանված ջրաքանակների նկատմամբ. եթե հին ՋԹ-ով ջրօգտագործումը Արարատյան դաշտում պետք է լիներ 46,4 խմ/վրկ, այդ թվում՝ Արմավիրի մարզում 13,6 խմ/վրկ, իսկ Արարատի մարզում 32,8 խմ/վրկ, ապա նոր ՋԹ-ով այն կազմել է 26,7 խմ/վրկ, այդ թվում՝ Արմավիրի մարզում 6,2 խմ/վրկ, իսկ Արարատի մարզում 20,5 խմ/վրկ, այսինքն՝ կատարվել է 19,6 խմ/վրկ ջրաքանակի տնտեսում:

Այսպիսով, ըստ բնապահպանության նախարարության, 2014-2015թթ. կատարված աշխատանքների եւ ձեռք առնված միջոցառումների արդյունքում խնայվել է 42,4 խմ/վրկ կամ տարեկան 1337,3մլն. խմ ջրաքանակ:

Այս քայլերը որեւէ արդյունք տվե՞լ են, թե՞ արդեն ուշացած են եղել:

Բնապահպանության նախարարությունը հավաստում է. «Այդ քայլերը արդեն իսկ տվել են իրենց դրական արդյունքները: Այդ են վկայում Մասիսի եւ Էջմիածնի տարածաշրջաններում 2014թ. լուծարված կամ կոնսերվացված թվով 52 ինքնաշատրվանող հորատանցքերի մերձակա տեղամասերում «Հիդրոերկրաբանական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից տարված դիտարկումների տվյալները: Մասիսի տարածաշրջանում՝ նշված հորատանցքերի հարակից տեղամասերում, տեղակայված ինքնաշատրվանող հորատանցքերում 2014թ. նկատվել է ծախսի ավելացում 0,04-0,3 լ/վրկ-ով, որոշ հորատանցքերում մինչեւ 3-16 լ/վրկ-ով եւ գրունտային ջրերի մակարդակի բարձրացում 4-12սմ-ով: Էջմիածնի տարածաշրջանում դրանք համապատասխանաբար կազմել են 0,05լ/վրկ եւ 10,70 սմ: Սրանից զատ՝ նվազել է կոլեկտորադրենաժային համակարգերով հեռացվող ջրաքանակը՝ եթե այն 2013թ. դրությամբ կազմել է 58,1խմ/վրկ, ապա 2014թ. դրությամբ՝ 57,1 խմ/վրկ, այսինքն՝ նվազել է 1,0 խմ/վրկ-ով:

Նախարարությունը չի հերքում, որ ձեռնարկված քայլերը դեռ բավարար չեն: «Վերջնականապես դրական արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է իրականացնել Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի կառավարման բարելավմանն ուղղված շարունակական միջոցառումներ՝ էլ ավելի լուրջ սոցիալ-տնտեսական եւ բնապահպանական խնդիրներից խուսափելու համար: Առաջնահերթ միջոցառումների կիրառման դեպքում, մասնավորապես՝ ձկնային տնտեսություններում ջրախնայող փակ եւ կիսափակ համակարգերի ներդնումը կբերի ինքնաշատրվանող հորատանցքերով ջրառի ծավալների կրճատմանը, ջրօգտագործման թույլտվությունների կարգավորմանը եւ ջրօգտագործման ծավալների նկատմամբ վերահսկողությանը: Հնարավոր է, որ կարճ ժամկետում վերականգնվեն Արարատյան դաշտի հիդրոերկրաբանական նախկին պարամետրերը եւ ինքնաշատրվանող գոտու տարածքը: Դա հնարավոր ենք համարում, քանի որ ջրառը հորատանցքերով (47,15 խմ/վրկ) հիմնականում կատարվել է II ճնշումային ջրատար հորիզոնի առաձգական պաշարներից (այն հանդիսանում է՝ ստատիկ (բնական) պաշարների ոչ մեծ մասը), որը համարվում է համեմատաբար շուտ վերականգնվող՝ սնման պայմանների հաստատուն լինելու հանգամանքով պայմանավորված»:

Արվելիքը

Բնապահպանության նախարարությունը ձեռնարկվելիք քայլերը մշակել է Արարատյան ՋԿՏ-ում ցանկալի վիճակին հասնելու համար:

Հստակեցնենք, թե ինչ ասել է ցանկալի վիճակ: Պարզաբանման համաձայն՝ դա այն է, երբ ջրավազանի բոլոր ջրային մարմիններում ապահովվում են բնապահպանական նպատակները: Իսկ դրանք սահմանվել են ԵՄ պահանջների համաձայն: Ցանկալի վիճակին հասնելուն ուղղված միջոցառումները տրվել են հետեւյալ հերթականությամբ՝ իրավական դաշտի հզորացման, ինստիտուցիոնալ դաշտի հզորացման եւ տեխնիկական միջոցառումներ: Իրավական դաշտի հզորացման մասով ուշագրավ միջոցառումներ են նախատեսվում, օրինակ՝ փոքր ՀԷԿ-երի ջրօգտագործման թույլտվություններով սահմանված պայմանների վերանայում, ներառյալ՝ ջրառի ծավալին եւ ռեժիմին, ձկնանցարաններին վերաբերող: Կարեւորվում է նաեւ ջրախնայող տեխնոլոգիաների ներդրումը: Ինչ վերաբերում է երկրորդ՝ ինստիտուցիոնալ դաշտի հզորացմանը, ապա, ի թիվս մի շարք միջոցառումների, ջրային պաշարների հիդրոլոգիական դիտարկման նպատակով կարեւորվում է ժամանակակից սարքավորումներով վերազինումն ու  աշխատակիցների վերապատրաստումը:

Տեխնիկական միջոցառումների մասով նկատենք, որ դրանք ներառում են նաեւ կլիմայի փոփոխության նկատմամբ հարմարվողականությանն ուղղված միջոցառումները:

Նախարարությունը այլ քայլերի անհրաժեշտություն էլ է առաջ քաշում: Խոսքը, ասենք, լքված եւ ապօրինի օգտագործվող ստորերկրյա ջրերի հորատանցքերի փակման մասին է: Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի մակարդակը վերականգնելու նպատակով առաջարկվում է. 1. վերացնել գոյություն ունեցող 348 վթարային վիճակում գտնվող, հակասանիտարական եւ լքված անտեր հորերը (ըստ 2006-2007թթ. եւ 2014թ. հուլիս-հոկտեմբերի գույքագրման տվյալների): 2. Հաշվի առնելով հորերի ազդեցության շառավիղը եւ տեխնիկական վիճակը, արտեզյան հորերի միջոցով ջրառի ծավալների նվազեցման նպատակով, ժամանակավորապես փակել կամ վերացնել անհրաժեշտ թվով հորեր, իսկ մնացած հորերի աշխատանքային ռեժիմը փոխարինել փականային ռեժիմով:

Արարատյան ՋԿՏ-ում գործող փոքր հիդոէլեկտրակայանների շահագործման հետեւանքով Գողթ, Եղեգիս, Արփա եւ Հերհեր գետերի էկոլոգիական հոսքի վրա ճնշումները նվազեցնելու նպատակով կիրականացվեն հետեւյալ միջոցառումները. յուրաքանչյուր ՓՀԷԿ-ի ջրառի կետում ջրաչափ կտեղադրվի, ձկնանցուղիներ կլինեն:

Բոլոր քայլերը հերթով չենք կարող թվարկել, բայց ասենք, որ դրանք բազմաթիվ են: Միով բանիվ, ցանկալի բնապահպանական նպատակներին հասնելու ջրային դիտարկման նոր ծրագիր է առաջարկվում: Սա հիմնված է ջրավազանային կառավարման տարածքի բնութագրման ընթացքում հավաքագրված տեղեկատվության, ճնշումների եւ ազդեցությունների վերլուծության, ռիսկային ջրային մարմինների տարանջատման արդյունքների վրա (կազմվել է՝ հաշվի առնելով ԵՄ սկզբունքները եւ ներառում է գործառնական, հսկողական եւ հետազոտական, ինչպես նաեւ երկու լրացուցիչ՝ հղումային եւ աղտոտիչների տեղափոխման մոնիտորինգի տիպեր): Դիտարկման նոր ծրագիրը կարող է վերանայվել կառավարման պլանավորման առաջին վեցամյա փուլում:

Արմենուհի Մելքոնյան

Հ.Գ. – Թեման բաց է բանավեճի համար: Առավելապես կցանկանք լսել բնապահպանների տեսակետը: Երբ «Լուսանցք»-ի էջերում որեւէ թեմա ենք արծարծում, չգիտես ինչու ամենապասիվը լինում է երբեմնի ամենաշահագրգիռ կողմը՝ բնապահպանը: Անկեղծ ասած՝ չգիտենք ինչու է այդպես, բայց փորձը դա է ցույց տվել:

Հուսով ենք՝ կփոխենք  այդ «սովորույթը»:

«Լուսանցք» թիվ 9 (399), 2016թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։