Մեկ միասնական համակարգ՝ ո՛չ միայն ահաբեկչության դեմ – Ահաբեկչության կեղծ ահազանգ Ադրբեջանից… «Մաքուր» տարածքում էլ է Մոսկվան մեր տեղը որոշում… Անգելա Մերկելի սելֆին՝ մահապարտ ահաբեկչի հետ…

Մեկ միասնական համակարգ՝ ո՛չ միայն ահաբեկչության դեմ

Ռուսաստանի ռազմական գործողությունները Սիրիայում իսլամական ծահրահեղականների մոտ առաջացրեցին նաեւ հակառուսական տրամադրություններ: Դրանք նաեւ հակա-ՀԱՊԿ-ական են, քանի որ հավաքական անվտանգության գոյության պարագայում ՀԱՊԿ-ի բոլոր երկրները թիրախավորված են, ինչպես Ռուսաստանը:

«Լուսանցք»-ը բազմիցս նշել է, որ բացի ծայրահեղական իսլամականներից, ահաբեկիչներին կարող են ուղղորդել դեպի Հայաստան նաեւ Թուրքիան եւ Ադրբեջանը, որոնք անթաքույց աջակցում են ԻԼԻՊ-ին:

Վերջերս Մոսկվա-Երեւան ինքնաթիռի պայթեցման մասին տեղեկատվությունը, որ ստացվել է էլեկտրոնային փոստով, տեսանելի դարձրեց այն վտանգը, ինչի մասին խոսել ենք: Անվտանգության մարմիններն ինքնաթիռը պայթեցնելու մասին տեղեկատվություն էին ստացել էլեկտրոնային փոստով եւ իրավապահ համապատասխան մարմինների կողմից արագ ճշտումներ էին իրականացվում: Ըստ ահազանգի՝ ինքնաթիռը պայթեցվելու էր: Այդ մասին հայկական կողմը տեղեկացրել է նաեւ ռուսական կողմին, քանի որ վերջիններս նման տեղեկություն չէին ստացել:  Այդ չվերթն իրականացնում էր «Vim Airlines» ընկերությունը, ինչը հաստատել էին նաեւ «Զվարթնոց» օդանավակայանի պաշտոնական կայքում, որի տվյալների համաձայն՝ ինքնաթիռը Հայաստան պիտի ժամաներ ժամանակին: Օդանավակայանի անվտանգության համար անհրաժեշտ բոլոր գործողությունները կատարվել են, ստուգվել է օդանավակայանի ամբողջ տարածքը, տերմինալները, վերահսկելի բոլոր տարածքները:

Իհարկե չի բացառվում, որ սա լինի փորձնական խայծ, չի բացառվում, որ ինչ-որ մի կողմի ցանկալի է եղել տապալել «Vim Airlines» ընկերության աշխատանքները, չի բացառվում նաեւ չար կատակը, ինչի ականատես եղել ենք որոշ դեպքերում: Բայց չպետք է բացառել նաեւ վատագույնը, եւ այդ ժամանակ հաստատ որեւէ էլեկտրոնային կամ այլ զգուշացում հաստատ չի լինի… (Արդեն պարզվել է, որ կեղծ ահազանգը Ադրբեջանից է…):

Լավ կլինի, որ մեր անվտանգության համակարգը ամենօրյա, ամենժամյա պատրաստվածության վիճակում լինի: Եվ կարեոր է, որ այս դեպքում ԱԻՆ-ը, ոստիկանությունն ու ՊՆ-ն համակարգված աշխատեն անվտանգության համակարգի հետ:

Չպետք է բացառել նաեւ ՀՀ-ԼՂՀ սահմանների մոտ արհեստական լարվածություն առաջացնելը: Պատերազ սկսելը մեկ երկրի որոշելիք չէ այսօր, եւ Թուրքիան կամ Ադրբեջանը չեն կարող միակամ նման որոշումներ կայացնել, սակայն տեղային լարվածությունները չեն բացառվում: Իհարկե, չպետք է բացառել նաեւ միջազգային իրավիճակի փոփոխության հնարավորությունը, որը կարող է նաեւ պատերազմական վիճակ ստեղծել:

Այն փաստը, որ ՀՀ-ում ՌԴ-ի դեսպանատանն ուժեղացված անվտանգություն է իրականացվում, պետք է հուշի, որ մենք առավել զգոն պիտի լինենք: ՌԴ դեսպանատան մամուլի ծառայությունից չեն հերքել, որ անվտանգությունը հատուկ է ուժեղացվել՝ հաշվի առնելով, թե ինչ է կատարվում աշխարհում: Բրյուսելի ահաբեկչությունից հետո որոշում է կայացվել ուժեղացնել անվտանգությունը: Ի դեպ, դեսպանատան անվտանգությունը ապահովում են ՀՀ անվտանգության կառույցները, եւ որոշումը հենց նրանք են կայացրել:

Մեզ համար կարեւոր է Հայաստանի ինչպես անվտանգության համակարգի, այնպես էլ ընդհանուր պաշտպանվածության մակարդակի բարձրացումը: Այս առումով կարեւոր են վերջին իրադարձությունները ՀՀ պաշտպանության նախարարության կողմից կազմակերպված: ՊՆ վարչական համալիրում կայացել է պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը՝ նվիրված մարտական հերթապահության կազմակերպման ընթացքին, առկա խնդիրներին ու բարելավման ուղիներին: Հայկական 2 հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության եւ գործողությունների համադրման շրջանակում նիստին մասնակցում էին նաեւ ԼՂՀ պաշտպանության բանակի հրամկազմի ներկայացուցիչները:

Հաշվետու զեկույցով հանդես է եկել ՀՀ ԶՈւ ԳՇ օպերատիվ վարչության պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը, ով հանգամանալից անդրադարձ է կատարել տարեսկզբից մինչ օրս զինված ուժերում մարտական հերթապահության կատարելագործման ուղղությամբ իրականացված միջոցառումներին: Առաջնագծում իրականացվող ծառայության, ինժեներական արգելափակոցների ու ամրաշինական կառույցների ներկայիս վիճակի, դրանց կատարելագործման ուղիների, այդ առնչությամբ ձեռնարկվող քայլերի, ինչպես նաեւ զինծառայողների զգոնության աստիճանն առավել բարձրացնելու եւ հակառակորդի սադրիչ գործողություններին հակազդելու ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ հարակից զեկույցներ ու առաջարկություններ են ներկայացրել նաեւ բանակային զորամիավորումների եւ ՊԲ հրամկազմի ներկայացուցիչները:

Ընդհանուր առմամբ մատնանշվել է, որ մարտական հերթապահության արդյունավետ կազմակերպման նպատակով հաշվետու ժամանակահատվածում շարունակվել են մարտական հենակետերի լրակահավորման, հակառակորդի առաջխաղացումը խոչընդոտող ինժեներական կառույցների, ինչպես նաեւ տեխնիկական նոր հնարավորությունների ներդրման եւ մարտական հերթապահության կրման պայմանների առավել բարելավմանն ուղղված աշխատանքները: Առաջնագծում զինվորական կարգապահությունը, անձնակազմի բարոյահոգեբանական վիճակն ու մարտական ոգին բարձր է, հերթապահ ուժերը՝ մարտունակ:

Ամփոփելով կոլեգիայի նիստը եւ ի մի բերելով զեկույցներում տեղ գտած փաստերն ու առաջարկները՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հետագա անելիքների վերաբերյալ առաջադրել է որոշակի խնդիրներ, տվել համապատասխան հանձնարարականներ:

ՀՀ նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը ՊՆ վարչական համալիրում ներկա է գտնվել ՀՀ ԶՈւ ղեկավար կազմի օպերատիվ հավաքների մեկնարկին, որին մասնակցել են ԶՈւ բոլոր զորամիավորումների հրամանատարները, շտաբների, զորատեսակների ծառայության պետերը, ուժային կառույցների ղեկավարությունը, ռազմական ինստիտուտների ղեկավարությունը, ինչպես նաեւ պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները: Օպերատիվ հավաքներն անցկացվում են 2016թ. ԶՈւ գործունեության եւ պատրաստության պլանի համաձայն եւ նպատակ ունեն կատարելագործել հրամանատարների ու նրանց շտաբների տեսական ու գործնական ունակությունները, ռազմավարական եւ օպերատիվ-մարտավարական օղակների կառավարման մարմինների ներդաշնակության աստիճանը, բարձրացնել ԶՈւ ղեկավար կազմի մասնագիտական պատրաստության մակարդակը:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ՀՀ նախագահին զեկուցել է հավաքների ընթացքում ծրագրով նախատեսված միջոցառումների մասին: Ըստ նախարարի, դրանք կեզրափակվեն ռազմավարական հրամանատարաշտաբային զորախաղերով, որոնցում հաշվի կառնվի ներկայիս տարածաշրջանային ռազմաքաղաքական իրավիճակը: Սերժ Սարգսյանը խոսել է 2015թ. վերջին ավարտված՝ Պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացի արդյունքների մասին՝ նպատակահարմար համարելով, ըստ հաստատված պլանի, հավաքի մասնակիցներին իրազեկել առաջիկա 5 տարիներին ԶՈւ զարգացման հիմնական սկզբունքների եւ մոտեցումների մասին: Նախագահն անդրադարձել է նաեւ անցյալ տարի շփման գծում արձանագրված սրացումներին, ինչպեսեւ իրավիճակին Հայաստանի մերձատարածքում՝ այդ թվում Սիրիայում եւ Ուկրաինայում:

Մեր կողմից ասենք, որ կարեւոր է նաեւ նախկին ազատամարտիկների համախմբմանն ուղղված համակարգված քայլերի ծավալումը եւ քաղաքացիական հանրությանը վտանգավոր իրավիճակներում «ինչ անել»-ուն նախապատրաստելը: Դա կարելի է անել ինչպես զլմ-ների միջոցով, առավելապես հեռուստահաղորդումների, այնպես էլ ուսումնական հաստատություններում կամ առանձին հիմնարկներում ուսումնա-գործնական միջոցառումների կազմակերպմամբ:

Նարե Մշեցյան

«Մաքուր» տարածքում էլ է Մոսկվան որոշում

ՀՀ բոլոր այն քաղաքացիները, ովքեր արտերկիր մեկնելիս տարանցիկ անցնում են Մոսկվայի օդանավակայաններից որեւէ մեկով, տհաճ իրավիճակում են հայտնվում: Մոսկովյան օդանավակայանների աշխատակիցները ՀՀ քաղաքացիներին սկսում են մանրակրկիտ հարցաքննել, թե ինչու են նրանք այս կամ այն եվրոպական երկիրը մեկնում կամ մեկնել (Հայաստան վերադարձողների դեպքում), որքան ժամանակ են մնալու կամ մնացել, ու այսպես շարունակ:

Սա զավեշտ է: Բացատրեմ ինչու: Բանն այն է, որ տարանցիկ Մոսկվա ժամանող ուղեւորը իրավական տեսանկյունից Ռուսաստանի սահմանը չի հատում, նա «մաքուր» տարածքում է մնում: Այսպես է աշխարհում, իսկ Ռուսաստանի պարագայում, ինչպես ասում են հենց իրենք, այդ երկրին խելքով չես հասկանա: Հարցաքննվող ուղեւորներն, իհարկե, կարող են հարցաքննողներին գրողի ծոցն ուղարկել բոլոր իրավունքներով, բայց դե շատերն այդ իրավունքներին կամ տեղյակ չեն, կամ «շառից ու փորձանքից հեռու մնալու համար» հարցերին պատասխանում են ու հետո զայրացած զանգում խմբագրություններ:

Թե ինչու է ՀՀ քաղաքացիների նկատմամբ Մոսկվան նման վերաբերմունք ցուցաբերում, պարզ չէ: Ոչ ՌԴ իշխանություններն են խոսում, ոչ ՀՀ իշխանությունները:

Անգելա Մերկելի սելֆին՝ մահապարտ ահաբեկչի հետ

Առավելապես Գերմանիան նպաստեց, որ դեպի Եվրոպա նոր արտագաղթ սկսվի Աֆրիկայից եւ Ասիայից: Պատճառը նախ էժան աշխատուժ ստանալու եւ այն շահեկանորեն շահագործելու մոլուցքն է: Եվրոպայում ծնելիությունը վաղուց տխուր չափերի է հասել, եւ ժողովրդագրական տվյալները վախեցնող են՝ տարեկան կտրվածքով մահացողների թիվը տարիներ շարունակ գերազանցում է ծնվողների թվին: Եվ Եվրոպան մերթ ընդ մերթ արտագաղթեր է կազմակերպում ու, ինչպես նշվել է, լրացնում է իր աշխատուժի պակասը, այն էլ առանց ավելորդ ծախսերի, միաժամանակ ապահովում բնակչության աճը, թեկուզ՝ արհեստական:

Եվրոպական առաջնորդների ցուցադրականությունը հաճախ հղի է լինում վտանգներով, ինչի մասին միայն հասկանում են վտանգի՝ իրականություն դառնալուց հետո:

Մեծ ծավալների հասնող արտագաղթը նաեւ վտանգներ է

պարունակում, ինչպես անվտանգության, այնպես էլ առողջապահական ու այլ տեսանկյուններից, ինչը երբեմն ծանր հարվածներ է հասցնում եվրոպական երկրներին: Այս հերթական արտագաղթի չափերը գերազանցեցին սպասելիքները եւ լուրջ բարդություններ են առաջացրել, քանզի գաղթականների կայանվող երկրներում ստեղծվել են աղետալի վիճակներ՝ գաղթականներին տեղավորելու, սնելու եւ տարրական պայմաններ ապահովելու հարցերում: Արտագաղթի կազմակերպիչ երկրները ֆինանսական օժանդակություն են ցույց տալիս գաղթականներին ժամանակավորապես տեղավորած երկրներին, սակայն դա չի բավականացնում: Իսկ նոր օգնություններ ԵՄ-ն չի ցանկանում տրամադրել: Այստեղ արդեն Գերմանիայի ղեկավար Անգելա Մերկելին քննադատորեն են մոտենում՝ մեղադրելով արտագաղթի չափերի գերազանցումը վտանգավոր չհամարելու, չկասեցնելու եւ դրան նպաստելու մեջ:

Այս մեղադրանքը ավելի զորեղ է հնչում այն բանից հետո, երբ պարզվեց, որ Թուրքիայից Եվրոպա եկող գաղթականների մեջ եղել են նաեւ ահաբեկիչներ, ովքեր նպաստեցին վերջին ահաբեկչությունների կազմակերպմանը Ֆրանսիայում եւ Բելգիայում: Հետաքրքիր մի միջադեպ էլ եղել է հենց Գերմանիայի կանցլերի հետ: Համացանցում դեռ քննարկվում է գաղթականների հետ արված Անգելա Մերկելի սելֆին: Սոցցանցերի օգտատերերը Անգելա Մերկելի հետ նկարված երիտասարդին նմանեցնում են Բրյուսելի ահաբեկչությունների կատարողներից մեկին՝ մահապարտ Նաջիմ Լաշռաուին:

Փախստականների ճամբար Գերմանիայի կանցլերը այցելել էր մոտ 6 ամիս առաջ: Նկարում պատկերված երիտասարդներին զլմ-ները ներկայացրել էին որպես Սիրիայից եկած փախստական: Այժմ բոլորը սպասում են կրիմինալիստների խոսքին: Գերմանիայի իշխանությունների պաշտոնական մեկնաբանություն առայժմ չկա:

Արտակ Հայոցյան

«Լուսանցք» թիվ 9 (399), 2016թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։