Աղանդները՝ Հայաստանում քաղաքական պատվերի տակ – Ազգային գաղափարի ու հավատի վերաարժեւորման խնդիր կա… Լատվիայում չեն կարող քննադատել սեփակական իշխանությանը, իսկ Ռուսաստանում չեն կարող օգտվել օտարի փողերից…

Հերթական անգամ հանրության շրջանում քննարկումներ են ծավալվում աղանդների վարած ապազգային եւ վտանգավոր քաղաքականության դեմ: «Հայաստանում մոտ 67 կրոնական կազմակերպություն կա։ Դրանք կեղեքում, բաժանություն են մտցնում մեր կրոնի մեջ։ Կան կազմակերպություններ, իակ դրանք քիչ չեն, որ իրականացնում են նաեւ քաղաքական պատվերներ։ Կան աղանդավոր երիտասարդներ, որ հրաժարվում են բանակում ծառայելուց։ Այս բոլորը խնդիրներ են, կան այլ խնդիրներ էլ, որ պետք է լուծել»,- ահազանգում են Հայ ազգայնական շարժման անդամները: Շարժման ղեկավար Նորայր Բադալյանը խիստ անհրաժեշտ է համարում միասնական պայքարը աղանդավորության անօրինականությունների դեմ: Խնդրի վերաբերյալ պետական քաղաքականություն մշակել է պետք. նշել է Հայ-ազգայնական շարժման ղեկավարը եւ հավելել, որ մեր եկեղեցին ուժեղացնելու խնդիր ունի, որպեսզի նման կազմակերպությունները չկարողանան ունենալ հետեւերոդներ: Ըստ շարժման՝ կրոնական կազմակերպությունների բացահայտ անօրինական գործողությունների դեմ պետք է պետական քաղաքականություն մշակել, որ իրավական հիմքեր ունենան:

«Ազգային արժեքների պահպանման ճակատ» հ/կ նախագահ Սեւան Աղաջանյանն էլ շեշտել է, որ կրոնական կազմակերպությունների գործունեությունը պետական մարմինների ուշադրությունից դուրս է մղված։ «Օրենքում բաց կա, ինչը պետք է շտկել։ Օրենքի վերափոխում է անհրաժեշտ»,- նշում են ճակատի անդամները։ Երիտասարդները փորձել են խոչընդոտել քաղաքի տարբեր հատվածներում կրոնական կազմակերպությունների հրապարակային քարոզչությունը։ «Նրանք ստենդներ են դնում տարբեր այգիներում ու բացահայտ քարոզում մարդկանց, ինչպես օրինակ՝ Եհովայի վկաները։ Մենք ստիպողաբար վերցրել ենք նրանցից այդ բուկլետները քանիցս, եւ որոշ ժամանակ նրանք չէին քարոզում։ Բայց նորից նույնն է։ Մեր կազմակերպությունը շատ փոքր է, չենք կարող ամեն ինչ միայնակ անել։ Նշեմ նաեւ, որ վերջերս Կյանքի խոսք աղանդից մի աղջիկ ստիպել է սիրած տղային մտնել այդ աղանդի մեջ, որպեսզի ամուսնանա իր հետ»,- ընդգծել է Սեւան Աղաջանյանը, ով եւս ակնկալում է, որ առկա հարցերին իրավական լուծում կտա հենց պետությունը:  Ճակատի նախագահը նշել է, որ կան տարբեր դավանաբանություն ունեցող 4 կազմակերպություն, որոնց անունները կապված են Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Ավետարանաչական եկեղեցու հետ, դրանք ղեկավարում է մեկ մարդ, ինչից էլ հետեւում է, որ այդ կազմակերպությունները ունեն բոլորովին այլ նպատակ: «Մտքի, խղճի եւ կրոնի ազատության օրենքում բաց կա, պետք է այն նորից սահմանել, կամ հստակեցնել՝ ինչ է հոգեորսությունը»,- ասել է ճակատի ղեկավարը՝ նշելով, որ այդ կազմակերությունների անօրինական գործունեության հետ կապված դիմելու են ոստիկանություն:

Հետաքրքիր է, որ միջազգային փորձը մշտապես օրինակ բերող մեր պաշտոնյաները չեն նկատում, թե ինչպես են Եվրոպայում հետզհետե սահմանափակում աղանդների իրավունքները, գործունեության շրջանակները: Իսկ Ռուսաստանում օրենքով արգելվեց քաղաքական, հասարակական ու կրոնական կազմակերպություններին՝ օտար երկրներից դրամական օժանդակություն ստանալը, անգամ դրամաշնորհների տեսքով, ինչը վերածվել է բացահայտ կաշառատվության ու կաշառակերության ամենաբարձր մակարդակներով… Ուրեմն՝ ինչու՞ չեն Հայաստանում եւս նման օրենքներ կիրառվում, թե՛ եվրոպական մասով ասվածը, թե՛ ռուսաստանյան:

Ինչու՞ չենք կանգնեցնում վերջապես ազգի ներքին հոշոտումն օտարի կողմից: Սա նշանակում է՝ դեռ թույլ ենք տալիս, որ օտարը, անգամ թշնամին առանց մի կրակոցի մեր ազգայինը վերածի ապազգայինի, հաճախ անգամ՝ հակազգայինի…

Անգամ եվրոպական երկրներն են գնում խստացումների, որպեսզի կենտրանաձիգ եւ կանոնակարգված պետություն ստեղծեն՝ արտաքին վտանգները իրապես կանխելու համար: Խոսքը միայն հակաիսլամական քաղաքականության մասին չէ, որի դեմ արդեն օրենքով են պայքարում Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում եւ այլ երկրներում: Խոսքը հետխորհրդային եվրոպական երկրների մասին է (որոնց միշտ օրինակելի են համարում նաեւ մեզանում), այս դեպքում՝ Լատվիայի: Այստեղ կարող է արգելվել անգամ իշխանություններին քննադատելը: «Լատվիայի խորհրդարանում օրենսդրական փոփոխություններ են իրականացվում հիբրիդային պատերազմի դեմ պայքարելու համար»,- հայտնել է BBC-ին: Ինչպես նշվում է, եթե օրենսդրական փոփոխություններն իրականություն դառնան, ապա Լատվիայում առնվազն մի քանի տարվա բանտարկություն կարող է նշանակվել իշխանություններին քննադատելու, փորձագիտական տեսակետներ ու կարծիքներ հրապարակելու համար, հատկապես եթե դրանց հետեւում կանգնած են այլ պետություններ: Մասնավորապես՝ օրենքի թիրախում են հայտնվելու բոլոր այն կարծիքները եւ հրապարկումները, որոնք վտանգ կստեղծեն պետական կարգի տապալման կամ երկրի ինքնիշխանության դեմ ոտնձգությունների տեսանկյունից:

Իսկ չէ՞ որ նման վտանգավոր գործողություններ նաեւ Հայաստանում են իրականացվում: Տասնյակ ձերբակալվածներ կան այս հարցերով, իսկ քանի՞ տասնյակ, եթե ոչ հարյուրավորներ կան ազատության մեջ: Սրանք լուրջ մտածելու բաներ են, որ քայլեր են պահանջում: Բայց այնպիսի քայլեր, որ թացն ու չորը չխառնվեն, այլապես ամեն բան հակառակ ուղղությամբ կընթանա:

Դառնալով Լատվիային՝ նշենք, որ չնայած խորհրդարանի պատգամավորների մեծ մասը կողմ է նման խիստ սահմանափակումներին, երկրի նախագահը, ՆԳ նախարարը, ինչպեսեւ մի շարք լրագրողներ ու փորձագետներ դեմ են արտահայտվում օրենքին:  Եվ մատնանշում են, որ նոր օրենքը կոպտորեն սահմանափակում է խոսքի ազատությունը, ինչպեսեւ հասարակության մեջ հանրային շփումները: Որոշ փորձագետներ կարծում են, որ նոր օրենքով լատվիացիներն անգամ չեն կարողանալու արտահերթ ընտրություններ պահանջել, որքանո՞վ այն կհամարվի պետական հեղաշրջման փորձ:

Հենց այս մասին էլ ասացինք, որ թացը չորից զատվի ու իրավական ձեւակերպումները լինեն հստակ, անվանական ու ոչ երբեք ընդհանրական:

Դառնալով աղանդների հարցին՝ նշենք, որ հայ երիտասարդների՝ «մեր եկեղեցին ուժեղացնելու խնդիրը» հռետորական է հնչում: Հայաստանյայց առաքելական եկեղեցին այնքան հնարավորություն եւ ուժ ունի, որ երբեմն համարվում է պետություն պետության մեջ: Եվ սրանք լոկ խոսքեր չեն: Եղան քաղաքական գործիչներ, որ արդարացի հարց բարձրացրեցին, թե ինչու եկեղեցին հարկ չի տալիս պետությանը: Իսկ պատկերացնու՞մ եք, թե խոսքն ինչ թվերի մասին է: Իհարկե, օրենքով եկեղեցին անկախ է պետությունից, բայց եկեղեցականներն էլ հո ՀՀ քաղաքացինե՞ր են, որ սեփական գործեր ունենալու համար պիտի հարկվեն, ոչ թե պատսպարվեն եկեղեցով:

Մեր հոգեւորականներն անգամ համահայկական խնդիրների հարցում են թերանում, էլ չասենք համաշխարհային եւ մեզ առնչվող հարցերին արձագանքելու մասով: Կիլիկիո թեմի Արամ Ա կաթողիկոսը ավելի շատ է համահայկական ու տարածաշրջանային հարցերով հանդես գալիս, քան՝ Էջմիածնի պատասխանատուն՝ Գարեգին Բ կաթողիկոսը: Այսպես էլ պայքարում են աղանդների դեմ: Եկեղեցին բացահայտ ընդվզեց միայն այն ժամանակ, երբ ՀՀ ԱԺ-ում օրենքի նախագիծ հայտնվեց, որում բոլոր կրոնական կազմակերպություններին առաջարկվում էր հավասար կարգավիճակ տալ Հայաստանում: Այսինքն՝ Հայաստանյայց առաքելական եկեղեցին այլեւս պիտի պետական կրոնի կարգավիճակ չունենար ու եղավ ընդվզում, թե ինչպես կարող են աղանդները մեր պատմական եկեղեցու հետ հավասար լինել… եւ այլն եւ այլն:

Այժմ հոգեւորականն այն մարդը չէ, ում անվարան կդիմեն հավատավոր մարդիկ, եւ սա, իրոք, վատ է. սա ասում ենք առանց ենթատեքստի: Հոգեւորական «դասակարգը» ոչնչով չի տարբերվում պաշտոնյաների, գործարարների ու նման այլ «դասակարգերից», իսկ սա վտանգը մեծացնում է 2 անգամ: Այսինքն՝ մարդը նաեւ հոգեւոր անվստահության առաջ է կանգնած: Գուցե իզուր չէ, որ ներկա Հռոմի Պապն ու Տիբեթի Դալայ Լաման արդեն ազդարարել են կրոնների այլեւս անպիտանիության մասին, որ կրոններն այլեւս չեն կարողանում սպասարկել մարդկանց հոգեւորի պակասը լրացնելու հարցում…

Հայ Արիական Միաբանությանն առաջնորդ Արմեն Ավետիսյանը մեկ անգամ չէ, որ այս եւ այլ օրինակները բերելով՝ առաջարկել է կարեւոր տեղ հատկացնլ հայոց հին հավատին՝ արիադավանությանը (հեթանոսությանը), որպեսզի կրոնների թուլացումից ու մահացումից հետո այլ կրոններ (կամ աղանդներ) օտարի փողերով սնվող չմտնեն մեր երկիր: Հավատն առնչվում է քաղաքականությանը, ազգային գաղափարախոսությանը, իսկ հայարիական ծեսերը ներառում են եւ՛ պատմա-հոգեւոր, եւ՛ պատմա-քաղաքական տարրեր, ինչը հասնում է հոգեւոր-քաղաքական մակարդակի, որ կարող է դրականորեն ազդել հավատավորների ազգային ու պետական մտածողության վրա:

Հայ արիները կողմ են նաեւ քաղաքական, հասարակական ու կրոնական կառույցներին օտարի դրամաշնորհներից օգտվելն արգելելու օրենքին:

Արամ Ավետյան

«Լուսանցք» թիվ 9 (399), 2016թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։