Ազգ բանակ՝ համահայկական բանակ – Կոմանդոսը կոչ-նամակ է ուղարկել աշխարհի տարբեր երկրներում ապրող հայազգի գեներալներին… Լիբանանյան հայ գեներալը արձագանքել է կոչին… Իսկ այս գնդապետն էլ թուրքերի հետ է բանակցում…

Արցախի հերոս Արկադի Տեր-Թադեւոսյանը նամակ է ուղարկել աշխարհի տարբեր երկրներում ապրող հայազգի գեներալներին: «Հարգելի աշխարհասփյուռ հայության գեներալներ եւ ռազմական փորձագետներ: Այսօր հայության առջեւ ծառացել են կենաց-մահու խնդիրներ: Պանթուրքիզմը փորձեց եւ շարունակելու է փորձել ծնկի բերել հայ ժողովրդին, որովհետեւ ՀՀ-ն եւ ԼՂՀ-ն են այդ գաղափարախոսության կյանքի կոչման հիմնական խոչընդոտներից մեկը: Իրենց յուրահատուկ վայրագությամբ ու նենգությամբ, օգտագործելով բոլոր տեսակի զինյալներին եւ զինատեսակները, իսլամական պետության զինյալներից սկսած մինչեւ սմերչեր, հարձակվեցին սահմանին կանգնած հայ զինվորի վրա: Չնայած գործադրած բոլոր ջանքերին՝ հայ զինվորը դիմագրավեց եւ հաղթեց, զոհվեց, բայց չընկրկեց: Շատերն իրենց կյանքը նվիրաբերեցին հայոց աշխարհը կանգուն պահելու սուրբ գործին: Եվ հիմա, կորստի, ափսոսանքի ու ոգեւորության օրերին մենք պետք է լինենք արժանի հայ զինվորին: Մենք իրավունք չունենք նրա գործած սխրանքը իզուր կորցնելու: Եվ որպեսզի լուծվեն հայ ժողովրդի առաջ ծառացած խնդիրները, թշնամին այլեւս երբեք չհանդգնի հարձակվել մեզ վրա, առավել եւս ոտք դնել մեր սուրբ հողին, մենք պետք է լինենք միասնական:  Կոչ եմ անում աշխարհասփյուռ հայ գեներալներին եւ ռազմական փորձագետներին հավաքվել Երեւանում՝ հայության առաջ ծառացած խնդիրների լուծումները եւ համահայկական բանակի ուղիները գտնելու նպատակով: Մեր միասնությամբ լինենք արժանի մեր զինվորների թափած արյանը»,- նշված է հայտարարությունում:

Ուրախալի է, որ արդեն կա արձագանք, սակայն կա նաեւ բոլորովին հակառակ մի երեւույթ, որի մասին կխոսենք ստորեւ:

Լիբանանյան հայ գեներալը արձագանքել է Կոմանդոսի կոչին

Սփյուռքի հայ գեներալներն արձագանքում են գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանի (Կոմանդոսի) կոչին:

«Արեւելք»-ի հետ զրույցում Լիբանանի բանակի բրիգադի գեներալ, Լիբանանի քաղաքացիական պատերազմի մասնակից գեներալ-մայոր Նարեկ Աբրահամյանն ասել է, որ ինքը վաղուց է խոսել այն մասին, որ  պետք է աշխարհի տարբեր երկրներում ապրող հայ ռազմական գործիչներն իրենց փորձը ներդնեն ի նպաստ հայրենիքի: Ինքը՝ Նարեկ Աբրահամյանը, սփյուռքից գալով, 1998-2000 թվականներին աշխատել է Հայաստանի ՊՆ-ում, եւ ինչպես ասել է, դեռ այն ժամանակվանից է քննարկվել նման հարցեր: Ըստ Նարեկ Աբրահամյանի, Սփյուռքում շատ են պաշտոնաթող բարձրաստիճան զինվորականները, որոնք ունեն փորձ, ժամանակակից գիտելիքներ, տիրապետում են ռազմական գործին, եւ ժամանակն է, որ Հայաստանը մտածի կազմակերպված ձեւով այդ մարդկանց համախմբելու եւ հայոց բանակն ուժեղացնելու մասին՝ նաեւ նրա՛նց գիտելիքների շնորհիվ: «Այդ մարդիկ էլ իրենց հերթին պետք է այս դժվարին ժամանակներում Հայաստանի համար ինչ-որ բան անելու մասին մտածեն, կանգնեն հայկական բանակի կողքին»,- նշել է հայազգի գեներալը:

Նա ասել է, որ ինքը միշտ աշխատել է Հայաստանի օգտին ու պատրաստ է նորից աջակցել Կոմանդոսին՝ այս գաղափարն իրականացնելու համար: Եղել է այն առաջիններից, որ Արցախում զբաղվել է նաեւ վերաբնակեցման հարցերով՝ անձամբ լինելով վերաբնակեցվող տարածքներում եւ իրականացնելով այդ ծրագիրը Դիցմայրիում: «Ցավոք սրտի, ղարաբաղյան հարցը միայն  պատերազմով է լուծվելու, իսկ պատերազմի համար խելամիտ ուժեր ու մարտունակ բանակ է անհրաժեշտ»,- նշել է պաշտոնաթող զինվորականը՝ ավելացնելով, որ այսօր շատ կարեւոր է Հայաստանի բնակչության, զուգահեռաբար նաեւ բանակի թվաքանակի աճի խնդիրը, որի համար հստակ ռազմավարություն պետք է մշակվի:

Նարեկ Աբրահամյանը վստահ է, որ հնարավոր է պատերազմել ու վերջնական հաղթանակ ունենալ: «Ես ընդառաջում եմ Կոմանդոսի կոչին»,- կրկնել է Լիբանանի բանակի դեսանտային-էլիտար գնդի նախկին ղեկավարը՝ իր հերթին կոչ անելով այլ բարձրաստիճան զինվորականների՝ արձագանքել եւ գործել:

http://www.hayary.org/wph/?p=5502Հայկական լեռնաշխարհը մարդանման կենդանիների տեղը չէ՛ – Հայ արիները դիմում են Հայաստանի նախագահին՝ ազգ-բանակի ստեղծման առաջարկով… Ինչ էլ մոգոնեն գերտերությունները՝ մեր լեռնաշխարհի միակ բնիկները մենք ենք…

http://www.hayary.org/wph/?p=5501Տիար Սերժ Սարգսյան, եղե՛ք Միացյալ Հայաստանի առաջին քարը դնող նախագահը…Ի՞նչ բնույթի պետություն որակել Հայաստանը, եթե հայության հայրենիքի սրտում՝ Երեւանում, գործում է թուրքական խանութ, վխտում՝ մեզ համար կասկածելի սնունդ, գործում՝ ադրբեջանական բանկ…- հարստացնելով մեր թշնամիներին…

Իսկ այս գնդապետն էլ թուրքերի հետ է բանակցում

Համացանցում լուրեր տարածվեցին, որ Թուրքիայից տեղեկացրել են, որ մարտի 31-ին Սամցխե-Ջավախեթիի վարչական շրջանի փոխոստիկանապետ կամ՝ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ, գնդապետ Խաչիկ Մոսոյանը (տեղեկությունը թուրքերեն է եւ հնարավոր է, որ ճիշտ չեն ներկայացրել անձի զբաղեցրած պաշտոնը, սակայն կա գնդապետի լուսանկարը) Ջավախքին սահմանակից Արդահանի Պոսոֆի շրջանում բանակցություններ է վարել շրջանի ղեկավար Ուֆուկ Յոզենի հետ:

Բանակցություններին մասնակցել են նաեւ զինվորականներ ու իրավապահներ երկու կողմերից:

Գնդապետի գլխավորած պատվիրակությունը թուրքերի հետ քննարկել է Ջավախքի եւ Պոսոֆի մցխեթցի թուրքերի միջեւ զբոսաշրջության, գյուղատնտեսության, անասնապահության, ջրօգտագործման եւ այլ ոլորտներում համագործակցության սերտացման հարցեր: Բազմաթիվ հարցերի հետ միասին քննարկվել են նաեւ թուրքերի կողմից ամառային շրջանում Ջավախքի տարածքում արոտավայրերի օգտագործման հնարավորությունը:

Առայժմ պարզ չէ, թե ինչ միջպետական համաձայնագրեր կան Վրաստանի եւ Թուրքիայի միջեւ ու ինչ իրավական հիմք կա սահմանամերձ մցխեթցի թուրքերի կողմից Ջավախքի տարածքում արոտավայրեր օգտագործելու համար:

Եվ արդյո՞ք Ջավախքի բնակչությունը տեղյակ է, թե ինչի շուրջ է բանակցում գնդապետ Խաչիկ Մոսոյանն Արդահանում:

 Վահագն Նանյան

«Լուսանցք» թիվ 11 (401), 2016թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։