Հայերը հանձնեցին հերոս ազգի կոչումը կրելու քննությունը (բուլղարացի հայտնի հրապարակախոս, հասարակական գործիչ Պլամեն Պասկով)… ՀՀ ԱԱԽ-ն հաստատեց՝ Արցախի բանակը հաղթական է գործել… Մայրը դուստրերի հետ սպանել է 25 ահաբեկչի…

«Հայերը հանձնեցին հերոս ազգի կոչումը կրելու քննությունը»

Բուլղարացի հայտնի հրապարակախոս, հասարակական գործիչ Պլամեն Պասկովը «Երեւանյան աշխարհաքաղաքական ակումբ» պորտալի հետ կիսվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ծավալվող վերջին իրադարձությունների վերաբերյալ իր տեսակետով։

Ստորեւ կներկայացնենք բուլղարացու ազնիվ պոռթկումը, որը չի կարողացել թաքցնել այս օրերին՝ գտնվելով Հայաստան-Արցախում:

* * *

«Ինձ հանկարծակիի չբերեց Ադրբեջանի հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա։ Աշխարհաքաղաքական տեսանկյունից դա կանխատեսելի զարգացում էր։ Այն, որ Ռուսաստանին սահմանակից հատվածներում ու այդ երկրի համար բարեկամական պետություններում լինելու է իրավիճակի թեժացում, պարզապես ակնհայտ էր:

Բայց ինձ զարմացրեց, ցնցեց մի բան. Հայաստանն իր տարածքով մոտ 2 անգամ ավելի փոքր է Ադրբեջանից, բնակչությունը եւս զիջում է Ադրբեջանին։ Հայաստանը չունի կասպյան նավթ, չունի թիկունքին կանգնած հզոր Թուրքիա: Հակառակը՝ այդ երկիրը շրջապատված է ազգերով ու ժողովուրդներով, որոնք պատրաստ են ամեն վայրկյան վերացնել նրան։ Համապատասխանաբար, Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ բարձր կենսամակարդակ, մեծ բանակ ու ռազմական բյուջե:

Սահմանն ահռելի է, եւ ամբողջ սահմանը կարելի է վստահ անվանել ռազմադաշտ: Բացառություն են միայն Վրաստանի ու Իրանի հետ սահմանները։ Ռազմատակտիկական տեսանկյունից՝ նման պայմաններում երկիրն ու ժողովրդին պաշտպանելն անիրագործելի առաքելություն է թվում: Իսկ լայնամասշտաբ պատերազմ տանելն առավել քան անիրագործելի է թվում։

Այնուհանդերձ, Ադրբեջանը շփման գծի ողջ երկայնքով հարձակվեց Արցախի վրա: Արցախցիները ցույց տվեցին, որ պատրաստ են կռվել մինչեւ վերջ։ Իսկ այն, որ նրանք սկզբում մի քանի հենակետ են կորցրել, միանգամայն բնական է: Յուրաքանչյուր հենակետում գտնվող 5-6 զինվոր չէր կարող երկար դիմակայել ծանր զրահատեխնիկայի դեմ:  Ես մի ցնցող տեսանյութ եմ տեսել, որում հայ մարտիկները, զինվորական համազգեստ հագած, ռազմաճակատ մեկնելուց առաջ պարում են իրենց սիրելի աղջիկների, քույրերի, մայրերի ու կանանց հետ: Ու այդ ամենը կատարվում է իրենից մի քանի անգամ գերազանցող հակառակորդի հետ մահացու մարտի մեկնելուց առաջ։ Հակառակորդ, ով իրեն սատանայի պես է պահում՝ ավերում է դպրոցները, սպանում աշակերտներին, խոշտանգում սպանված ծերերի դիակները, կտրում է նրանց ականջները, գլխատում երիտասարդ զինվորին։ Հակառակորդն իրեն «Իսլամական պետության» պես է պահում: Եվ ամենեւին էլ զարմանալի չէ, որ Ադրբեջանի բանակում ծառայում են թուրք զինծառայողներ ու ԻՊ-ի գրոհայիններ։

Ինձ տպավորեց այն փաստը, որ ողջ հայ ժողովուրդը, որպես կամավորական, նետվեց ի պաշտպանություն հայրենիքի: Ուշագրավ է, որ կամավորականները ոչ միայն Հայաստանից էին ու Արցախից, այլ՝ ամբողջ աշխարհից: 21-րդ դարում, երբ առեւտուրը, դավաճանությունը, մարդկային արժեքների զգալի անկումն ու խամաճիկային ռեժիմները չարորակ ուռուցքի պես ներթափանցել են բոլոր երկրները, նման համախմբվածություն ու ինքնազոհողությունն ինձ ուղղակի ապշեցրեց։

Հայաստանի հազարավոր տարիների պատմության ընթացքում զավթողները եկել ու գնացել են, բայց Արցախը միշտ էլ պահպանել է իր հայկական ոգին:

Այս անցած 4 օրերն ինձ ստիպեցին լրջորեն խորհել շատ բաների մասին։ Տեսնում եմ, որ 2016թ. ապրիլին հայ ժողովուրդը հանձնեց հերոս ազգ կոչվելու իրավունքը ստանալու քննությունը։ Ազգ, որը եղել է, կա ու կլինի: Ազգ, որի միլիոնատերերն իրենց որդիներին ուղարկում են կռվելու հակառակորդի հետ անհավասար պայմաններում ընթացող մարտերում, առանձնահատուկ է: Նման ազգին չի կարելի հաղթել: Կարելի է սպանել, վերացնել, բայց ոչ մի դեպքում հաղթել:

Կուզենայի, որ նման ծանր, ճգնաժամային պահին իմ հարազատ բուլղարացի ժողովուրդն իր մեջ ուժ գտներ ու հայ ժողովրդի օրինակով նույնպիսի քննություն հանձներ»։

http://www.hayary.org/wph/?p=5376 - 12 ճշմարտություն հայերի մասին, որը մոռացել է մարդկությունը (2-րդ մաս) – Բոգդան Գեմբարսկի / «Նամակներ աշխարհին» – Հայաստանի հաշվին Ռուսաստանը պատերազմում էր Պարսկաստանի, Պարսկաստանը՝ Թուրքիայի եւ Թուրքիան՝ Ռուսաստանի դեմ… http://www.hayary.org/wph/?p=5357 – 12 ճշմարտություն հայերի մասին, որը մոռացել է մարդկությունը (1-ին մաս) – Բոգդան Գեմբարսկին Հայաստանը ճանաչեց ու համարեց իր երկրորդ հայրենիքը եւ փաստացի գտավ թե որտեղ է բիբլիական դրախտը երկրի վրա…

Արցախի բանակը հաղթական է գործել

Հայաստանի նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 12-ին երեկոյան հրավիրել էր ԱԱԽ-ի նիստ:

Ինչպես «Լուսանցք»-ին տեղեկացնում են նախագահի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, նիստի ժամանակ քննարկվել են Ադրբեջանի կողմից 1994թ. Զինադադարի համաձայնագրի կոպիտ խախտման, ԼՂՀ դեմ լայնածավալ հարձակման եւ քաղաքացիական բնակչության դեմ ուժի կիրառման հետեւանքով ստեղծված իրադրության կապակցությամբ ձեռնարկվող միջոցառումների մասին հարցեր:

ԱԱԽ անդամները հանդես են եկել զեկույցներով: Այնուհետեւ արձանագրվել է, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում մեր զինված ուժերը կատարել են իրենց առջեւ դրված խնդիրները: Արձանագրվել է նաեւ, որ Արցախի պաշտպանության բանակը հաղթական է գործել՝ կասեցնելով Ադրբեջանի զավթարար հարձակումը, խափանելով նրա ծավալապաշտական ծրագրերը: Քննարկված հարցերի վերաբերյալ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը տվել է համապատասխան հանձնարարականներ:

Մայրը սպանել է 25 ահաբեկչի

Աֆղան կինը հարձակում է գործել «Թալիբան» ահաբեկչական խմբավորման վրա: Կնոջ գործողությունների միակ պատճառը եղել է վրեժը սպանված որդու համար: Որդին եղել է ոստիկան եւ մասնագիտական պարտականություններն է կատարել Ֆարահ նահանգում: Վկայակոչելով աֆղանական Khaama Press-ին՝ աշխարհի զլմ-ները տեղեկացնում են, որ մայրը՝ Ռեզի Գյուլը այլ ելք չի ունեցել, քան զենք վերցնել ձեռքը այն բանից հետո, երբ ահաբեկիչները սպանել էին որդուն իր աչքերի առջեւ:

Նա ղեկավարել է ոստիկանական ուժերի մի ամբողջ դասակ, որի մեջ են ընդգրկվել նաեւ 2 դուստրերը, եւ նրանք էլ մեծ օգնություն են ցուցաբերել հարձակման ժամանակ: Մարտը տեւել է շուրջ 7 ժամ: Բախման արդյունքում մահացել է «Թալիբանի» 25 գրոհային, 5-ն էլ վիրավորվել են: Աֆղանստանի ՆԳ նախարարության ներկայացուցիչ Սեդիք Սեդիքը հայտարարել է, որ կանանց զինված արշավը թալիբների դեմ խոշոր հեղափոխության խորհրդանիշ է:

«Լուսանցք» թիվ 11 (401), 2016թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։