Մենք մեր խոսքի տերն ենք՝ հակառակո՛րդն է խուճապի մեջ – ադրբեջանին սպանվում են իր զինվորի զենքից… Հոգեւոր ծեսեր, որ ուղղված են մի նպատակի – արիադավան-հեթանոս եւ քրիստոնեական ծիսակարգեր՝ ցեղասպանության զոհերի ու հայրենատիության համար…

Մենք մեր խոսքի տերն ենք՝ հակառակո՛րդն է խուճապի մեջ

Հայկական կողմը քառօրյա պատերազմից հետո խոստացավ վերականգնել նախկին դիրքերը, նաեւ Թալիշի կողմից կորցրած՝ միաժամանակ հասկացնելով թշնամուն, որ այլեւս ներում չի լինելու: Մերոնք հետ են վերցրել այդ տարածքները: Հիմա միջազգային կոչված հանրությունը որոշակի հասկանում է մեր քայլերի տրամաբանությունը, այսօր ուրիշ է վիճակը, նաեւ մենք հանդուրժելու խնդիր չենք դնում:

Բաքուն արդեն հայտնում է շփման գծում առկա խուճապի մասին, քանի որ որոշ գյուղեր պարզապես ոտքի ելած փախել են: Անգամ Ադրբեջանի զինուժի՝ փախչողներին գնդակահարելու հանգամանքը չի կանգնեցրել նրանց: Հիմա այս փաստերը ջրի երես են դուրս գալիս, քանի որ Վրաստանով Եվրոպա փախած ադրբեջանցիները հավաստել են, որ գյուղացիների վրա կրակել են իրենց զինվորները…

«Հային սպանողը չպետք է մարսի… Աստված մեր տղեքի հետ»,- գրում են համացանցի հայ օգտատերերը: Վերոնշյալ լուրերը ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ոչ հերքել, ոչ էլ հաստատել է: Ի տարբերություն հայկական վիրտուալ տիրույթի՝ ադրբեջանական Facebook-ում իսկական վայնասուն է բարձրացել:

Բազմաթիվ գրառումնր կան, որոնք վկայում են ադրբեջանական կողմի լուրջ կորուստների մասին: Գերակշռում են այն տեղեկությունները, որ Եվլախի, Ախջաբեդի, Բարդայի եւ Թարթառի գյուղերից տարհանել են բնակչությանը: Որ հայկական զինուժը ոչնչացրել է էլեկտրակայանը, որը սնուցում էր Թարթառն ու 11 գյուղեր, ինչն էլ այս խուճապի պատճառն է դարձել: Ադրբեջանի զլմ-ները սահմանում տիրող իրավիճակի մասին շարունակում են լացուկոծով տեղեկություններ հրապարակել: Մասնավորապես, 2 օր առաջվա իրադարձություններից հետո ադրբեջանական ANS PRESS-ը հայտնում է, որ հայերի զինուժը հարվածել է էլեկտրակայանին, ինչի հետեւանքով Թարթառն ու 11 գյուղեր մնացել են առանց էլեկտրասնուցման: Բացի այդ, հայտնում են, որ Թարթառում եւ 6 գյուղերում լուրջ ավերածություններ կան, հոսպիտալներ է այցելում պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը:  

Հոգեւոր ծեսեր, որ ուղղված են մի նպատակի

Ապրիլի 24-ը համայն հայության եւ առաջադեմ մարդկության համար Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է: Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման համար՝ նաեւ արդա՛ր վրեժի ու հայրենատիրությա՛ն օր:

Եվ հեթանոս հայերն այդ օրը դիմեցին Հայ Աստվածներին՝ հենց վրեժի՛ ու արդարությա՛ն վերականգնման համար (բայց, ինչպես տեղեկացրել էինք նախապես, ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ հարգանքի տուրք մատուցեցին 1915-1923թթ. Հայոց Մեծ Եղեռնի (Արեւմտյան ու Արեւելյան Հայաստան-ներում ավելի քան 3,5 մլն) զոհերի հիշատակին):

Արիներն այդ օրը եղան նաեւ Եռաբլուրում, որտեղ հատուկ ծիսական արարողություն կատարվեց ցեղասպանության անմեղ զոհերի, նահատակ ազատամարտիկների եւ նոր ու վերջնական հաղթանակների համար: Ծեսին ներկա էին նաեւ ՀԱՄ «Արցախյան պատերազմի մասնակիցների» խորհրդի եւ «Ոգու պահապաններ» ուսանողական ու երիտասարդական կազմակերպության անդամները, ովքեր փառաբանելով հայ նվիրյալ հոգիներին՝ ձոն հղեցին առ տիեզերք, որ իրենց ձայնը լսեն փառապանծ հայ հոգիներն ու սատար կանգնեն մեր ռազմիկներին:

Հայ արիականները եւ հեթանոս ազգայնականները վերստին հաստատեցին իրենց երդումը՝ պայքարել ու ձգտել հասնելու Հայոց Հայրենիքի վերամիավորմանը Հայկական Լեռնաշխարհում, ինչն էլ կապահովի հայության Հողահավաքն ու Ազգահավաքը Հայոց Արարչատուր Բնօրրանում… Առանց հայրենիքի վերադարձի չի՛ կարող է լինել փոխհատուցում՝ միլիոնավոր զոհերի հոգիների հանգստության համար… Նախ՝ հողային-տարածքային պահանջատիրությու՛ն, եւ ապա՝ բոլո՛ր վնասների փոխհատուցում. հայտարարում են հայ արիականներն ու հեթանոս ազգայնականները:

Սրան հետեւեց մեկ այլ՝ խորհրդապաշտական ծես, որ կատարվեց հայ արիների եւ համախմբված հեթանոս ազգայնականների ղեկավարների մասնակցությամբ:

Ծեսը եղավ Արեւմտյան եւ Արեւելյան Հայաստան-ների սահմանակից հատվածում:

Ծեսը հանուն Միացյալ Հայաստանի ու հայության միասնության էր: Կատարվեց գինու, կրակի, ցորենի, ջրի, հողի (Արեւմտյան ու Արեւելյան Հայաստան-ների՝  իրար խառնած) ու սրածայր թրերի զուգորդումով:

* * *

«Ապրիլի 24-ին Հայաստանում եւ Սփյուռքի հայկական համայնքներում տեղի ունեցան Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություններ: Դեռեւս 2015թ. ապրիլի 23-ին, երբ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում կատարվեց Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի սրբադասման արարողությունը, ապրիլի 24-ը հռչակվեց «Յիշատակ Սրբոց նահատակաց, որք կատարեցան յընթացս Ցեղասպանութեան Հայոց վասն հաւատոյ եւ վասն Հայրենեաց»,- հայտնում են Էջմիածնից:

«Ապրիլի 24-ի առավոտյան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ուղեկցությամբ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանների, այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ,  նախագահությամբ Ամենայն Հայոց Հայրապետի եւ ներկայությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, կատարվեց մասնավոր արարողություն, որով հայցվեց Հայոց Եղեռնի սուրբ նահատակների  բարեխոսությունը: Նույն օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցվեց Ս. Պատարագ։ Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգեւոր-կրթական բարձրագույն հաստատությունների վերատեսուչ Գերաշնորհ Տ. Գեւորգ եպիսկոպոս Սարոյանը»:

Կարծում ենք՝ ժամանակն է, որ Հայաստանյայց առաքելական եկեղեցին հետեւի Կիլիկիո թեմի կաթողիկոս Արամ Ա-ի օրինակին եւ պահանջներ ներկայացնի Թուրքիային՝ եկեղեցիների վերադարձի, գործարկման ու արարողությունների համար…

«Լուսանցք» թիվ 13 (403), 2016թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։