Եթե Ադրբեջանը խելոք չմնա – Ուղղակի բանակցություն Ստեփանակերտի հետ… Վիշեհրադյան քառյակի շրջանակներում.- Էդվարդ Նալբանդյանը Պրահայում իր տեղն է դրել Էլմար Մամեդյարովին…

Եթե Ադրբեջանը խելոք չմնա

«Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը կառավարությունը քննարկեց երեկվա նիստում:

Որպեսզի թյուրըմբռնումների տեղիք չտա, ճշտեմ, որ կառավարության օրակագում ներառված է համաձայնություն տալը ոչ թե օրենքի նախագծին, այլ կառավարության եզրակացությանը:

Իսկ դրա համաձայն՝ Արցախի ճանաչումը պայմանավորվում է իրավիճակի հետագա զարգացումներով: Եթե Ադրբեջանը ծավալի նոր ռազմական ագրեսիա, ապա Լեռնային Ղարաբաղի ճանաչման հարցը կմտնի օրակարգ:

Գործադիրի երեկվա նիստից հետո արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը լրագրողների հետ ճեպազրույց ունեցավ: Անդրադառնալով  ԱԺ պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի եւ Հրանտ Բագրատյանի՝ Արցախի անկախությունը ճանաչելու մասին օրենքի նախագծին՝ շեշտեց. «Եթե Ադրբեջանը

փորձի խուսափել հրադադարի հաստատման ռեժիմից, ապա Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման հարցը միանշանակ կմտնի օրակարգ: Արցախի անկախության ճանաչումը պայմանավորված է երկու հայկական պետությունների միջեւ բանակցությունների արդյունքներով, հաշվի առնելով ապագա զարգացումները, այդ թվում՝ արտաքին գործոնները:

Կրկնում եմ՝ մեր դիրքորոշումը շատ հստակ է, ու եթե Ադրբեջանը փորձի խուսափել զինադադարի հաստատման ռեժիմից եւ նոր ագրեսիա ծավալի, ապա այդ հարցը միանշանա՛կ կմտնի օրակարգ»:

Ադրբեջանական կողմը երեկ ամբողջ օրը հիստերիայի մեջ էր եւ «պնդումներ» էր հնչեցնում, թե Արցախի անկախության ճանաչումը կնշանակի ԵԱՀԿ Մինսկի գործընթացի ավարտ: Ի պատասխան Շավարշ Քոչարյանը համառոտեց. «Մինսկի գործընթացի ավարտ կնշանակի Ադրբեջանի ագրեսիան»:  

Լրագրողները բանախոսին խնդրեցին անդրադառնալ նաեւ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի ԼՂ հարցով հայտարարությւոններին՝ հնչեցված «ՌԻԱ-նովոստի»-ին տված հարցազրույցում (նախարար Լավրովը քամահրանքով էր խոսել. խուճապի մատնվել պետք չէ, որովհետեւ Երեւանն առանց Մոսկվայի հետ համաձայնեցնելու նմանատիպ որոշում չի կայացնի):

Շավարշ Քոչարյանի խոսքերով, այդ հարցազրույցում կան հատվածներ, որոնք շատ հստակ են: «Առաջինը, որ խաղաղ կագավորմանն այլընտրանք չկա, որին մենք միանշանակ կողմ ենք, երկրորդ՝ պետք է ամրապնդվի կրակի դադարեցման ռեժիմը, այն, ինչի մասին նա ասում էր նաեւ Երեւանում»:

Շավարշ Քոչարյանը հիշեցրեց, որ Ղարաբաղի բանակցություններում առաջընթաց է եղել այն ժամանակ, երբ Բաքուն բանակցում էր Ստեփանակերտի հետ: Եվ Բիշքեկյան արձանագրությունները, որ 1994թ. հենց այս օրն են ստորագրվել, ու դրան նախորդած բանակցությունները շատ կարեւոր էին եւ հիմք էին, որից հետո կնքվեց բուն զինադադարի պայմանագիրը:

Նա հիշեցրեց, որ Բիշքեկը անսպասելի չառաջացավ, որովհետեւ մինչ այդ եղել է երկար գործընթաց:

– Դեռեւս 1993թ. դեկտեմբերից հենց Բաքուն ուղղակի բանակցությունների մեջ մտավ Ստեփանակերտի հետ եւ եղան բազմաթիվ հանդիպումներ: Այդ ժամանակ էր այն հայտնի փաստը, որ Հեյդար Ալիեւը լիազորեց իրենց խորհրդարանի փոխխոսնակին, որպեսզի բանակցություններ վարի ԼՂՀ ներկայացուցչի հետ: Նմանատիպ լիազորագիր ստացավ ԼՂՀ ԱԳ այն ժամանակվա նախարար Արկադի Ղուկասյանը:

«Մոսկվայում եղավ հանդիպումը,- շարունակեց արտաքին գործերի նախարարի տեղակալը,- որի արդյունքում կարճատեւ զինադադարի պայմանավորվածություն եղավ եւ այդ հանդիպումը գաղտնի չէր, բաց էր: Այդտեղ համաձայնել են, որ պետք է հանդիպեն երկու երկրների ղեկավարները: Մոսկվայում տեղի  ունեցավ հանդիպում Հեյդար Ալիեւի եւ ԼՂՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի միջեւ: Դրանից հետո եղան բազմաթիվ հանդիպումներ, որը պարարտ հող ստեղծեց, որ լինի Բիշքեկյան հանդիպումը:

Ասել կուզի՝ եթե Ադրբեջանն ուզում է արդյունք տեսնել, պետք է ուղղակի բանակցի Ստեփանակերտի հետ, ոչ թե ձեւացնի, թե այդպիսի սուբյեկտ չկա: Սա լակմուսի թուղթ է, քանի դեռ Ադրբեջանը դիմադրում է, որ Ղարաբաղը լինի բանակցային կողմ, նշանակում է շարունակում է իր քաղաքականությունը՝ օգտագործել բանակցությունները իր դեստրուկտիվ քայլերի համար»:

Սեփ. լրատվություն

* * *

Չեխիայի մայրաքաղաք Պրահայում այս օրերին հանդիպում անցկացրին Վիշեհրադյան քառյակի (Չեխիա, Լեհաստան, Հունգարիա, Սլովակիա) արտգործնախարարները։

Խորհրդակցությունների ու բանակցությունների համար  ժամանել էին նաեւ Եվրամիության Արեւելյան գործընկերության 6 պետությունների՝ Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի, Հայաստանի, Ադրբեջանի ու Բելառուսի ԱԳ նախարարները, ինչպես նաեւ՝ Եվրամիության Եվրոպական հարեւանության եւ ընդարձակման հարցերով գերագույն հանձնակատար Յոհանես Հանը, ԵՄ արտաքին գործողության ծառայության, Շվեդիայի, Նիդեռլանդների եւ Գերմանիայի արտագործնախարությունների ներկայացուցիչները։

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի խոսքից հետո, որ այդպես էլ ուղիղ պատասխաններ չտվեց հարցերին, նշեց, որ մարդասպաններին Ադրբեջանի ազգային հերոսներ հռչակելը դարձել է ավանդույթ: «Դա արվեց Ռամիլ Սաֆարովի դեպքում, ով կացնահարեց սենյակում քնած հայ սպային Բուդապեշտում, եւ հիմա, դուք տեղյակ եք բոլոր բռնություններին, որոնք իրականացվել են Արցախի դեմ լայնածավալ, բավականին լավ ծրագրված ու կազմակերպված ագրեսիվ ռազմական գործողությունների ընթացքում ԴԱԻՇ-ԻԼԻՊ-ի ոճով: Միգուցե ոչ ԴԱԻՇ-ի ոճով, այլ՝ Բաքվի ոճով, որովհետեւ դրանից առաջ հենց կացնահարողի դեպքն էր: Երեք պատանդ հայ զինվորներ գլխատվել են, եւ նրանց գլուխները ցուցադրվել են Ադրբեջանի գյուղերում ու քաղաքներում: Եվ մարդասպաններից մեկը ընդամենը 2 օր առաջ ազգային հերոս հռչակվեց Ադրբեջանի նախագահի կողմից:

Ես չեմ անդրադառնա այս հիմնահարցի ակունքներին, սակայն շատ լավ հայտնի է, որ հակամարտությունը առաջացել է Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով՝ տխրահռչակ ահաբեկչական կազմակերպությունների հետ սերտորեն կապված վարձկանների ներգրավմամբ: Ադրբեջանի ԱԳ նախարարը վկայակոչեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 4 բանաձեւերը: Ինչու՞ 4: Որովհետեւ յուրաքանչյուր բանաձեւի ընդունումից հետո Ադրբեջանը հրաժարվում էր դրանք հարգել: Եվ 4 բանաձեւերը ընդունվել էին մեկ նպատակով՝ դադարեցնելու ռազմական գործողությունները: Ադրբեջանը չէր հարգում դրանք: Առ այսօր՝ Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի կողմից 1994թ. զինադադարի եռակողմ անժամկետ համաձայնագրի ձեռքբերումից հետո, երեք համանախագահ պետությունները, իմիջիայլոց, սրանք բոլորի համար քաջածանոթ փաստեր են, ՄԱԿ ԱԽ մշտական անդամները երբեք չեն արել որեւէ հղում ԱԽ այդ բանաձեւերին: Որովհետեւ ԱԽ բանաձեւերն ընդունվել են, ինչպես ասացի, զինադադարի հասնելու նպատակով: Եվ զինադադարը հաստատվեց 1994թ. մայիսին՝ վերոնշյալ եռակողմ համաձայնագրով, ապա վերահաստատվեց 1994թ. հուլիսին եւ հետո 1995թ. փետրվարին»:

«Լուսանցք» թիվ 14 (404), 2016թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։