Ընդդեմ թուրքական ծավալապաշտության դեռ աջակցելու են Հայաստանին – Համաշխարհային բեւեռների վերաբերմունքը Հայաստանին՝ տարածաշրջանային հարցերում…

Հայ վերլուծաբանների կարծիքով, հասկանալի է, որ ԼՂՀ անկախության ճանաչումը չի հանգեցնելու հակամարտության կարգավորմանը, սակայն, հարցը տեղափոխվելու է մեկ այլ. մեզ մեկ քայլ առաջ տանող փուլ:

ԱՊՀ ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովը նույնպես այդ կարծիքին է: Անդրադառնալով ԼՂՀ անկախության ճանաչման գործընթացին՝ նա նշել է, որ Հայաստանը ճանաչման հարցը դիտարկում է այն պարագայում, երբ Ադրբեջանը կարող է անցնել ավելի լուրջ ռազմական գործողության, ինչը Երեւանին թույլ է տալու մեկ անգամ եւս  ամրապնդելու այն հիմքը, որ Բաքուն բացարձակապես ունակ չէ անցնելու դեպի խաղաղ ճանապարհով կարգավորման եւ համապատասխանորեն՝ ճանաչումը դառնում է «դե ֆակտո» առկայության «դե յուրե» ճանաչում:

Այսպես Հայաստանը ոչ միայն Ադրբեջանին, այլեւ միջնորդ բոլոր երկրներին է զգուշացնում, որ խնդիրը պետք է լուծվի բանակցությունների միջոցով, իսկ զինադադարը խախտող Ադրբեջանը պետք է կա՛մ դադարեցնի իր ծայրահեղ քայլերը կամ՝ պատժվի իր միջազգային պարտավորությունները խախտելու համար:

Իհարկե, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները պետք է իրենց վերաբերմունքն արտահայտեն՝ Հայաստանի կողմից ԼՂ-ի անկախությունը ճանաչելու հարցի մասին, ինչն արդեն Բաքուն դարձրել է իր քաղաքական օրակարդի հարց: Այլապես՝ Ադրբեջանը անկիմաստ կհամարի ՄԽ հետագա գործունեությունը, ինչի մասին վաղուց է երազում:

Սրան պատասխան խոսք է ասել Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, ով հայտարարել է, թե խոսքը դեռ ԼՂՀ անկախությունը ճանաչելու մասին չէ, այլ՝ հնարավոր ճանաչման, եթե Ադրբեջանը կրկին լայնածավալ հարձակում սկսի: Եվ այս իրավիճակը չի կարող ավելորդ դարձնել ԵԱՀԿ ՄԽ գործունեությունը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը մեկնաբանել է հայ պատգամավորների առաջարկը՝ Հայաստանի ղեկավարության կողմից ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, այն «սադրանք» որակելով: Նա հայկական կողմին մեղադրել է իրենց գործած բոլոր մեղքերի մեջ. «բանակցային գործընթացը խափանելու, ստատուս քվոն պահպանելու, միջազգային իրավունքի նորմերին չհետեւելու, ՄԱԿ-ի բանաձեւերն արհամարհելու» համար եւ նշել է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները պարտադիր պետք է կտրուկ արտահայտվեն այդ հարցի մասին:  

Արեւմուտքը դեռ չի արձագանքել ամբողջ ուժով, բայց հետեւում է ծավալումներին: Ի տարբերություն սրան, Ռուսաստանը շատ խիստ վիրավորված է արձագանքում, ցույց տալով, որ Հայաստանն առանց ռուսական կողմի հետ խորհրդակցելու է գնացել այս քայլին:

Այսինքն՝ համաշխարհային մի բեւեռը ցուցադրաբար դժգոհ է, մյուս բեւետը դեռ սպասում է ծավալումներին, թերեւս մնա չեզոք, ինչպես միշտ: Իսկ ահա, 3-րդ համաշխարհային բեւեռի ձգտող Չինաստանը կողմ է ու աջակից Հայաստանի քայլերին:

Չինաստանը հայտարարել է Հայաստանին օգնելու մասին: Հայաստանի հետ այս մակարդակի ջերմ հարաբերություններն առաջին հայացքից գուցե զարմացնեն, բայց դա ամուր հիմքեր ունի: Աշխարհի գերտերություններից մեկը ոչ բացահայտ, սակայն աջակցում է Հայաստանին նաեւ Արցախի խնդրում: Դրա ապացույցներից է 2013թ. տարածված այն տեղեկությունը, որ Հայաստանը ձեռք է բերել չինական արտադրության նոր հրթիռային AR1A համակարգ, որը ռուսական «Սմերչ» հայտնի համակարգի արդիականացված՝ 130 կմ հեռահարությամբ տարբերակն է: Այս տեղեկատվությունը որեւէ կողմ պաշտոնապես չի հերքել:

Հայաստանին աջակցելու իր պատճառներն ունի Չինաստանը: Եվ գլխավոր պատճառը հակաթուրքական առաջին գծում լինելն է:

Բանն այն է, որ համաթուրանականության ծավալման դեմ Հայաստանն առաջին պարիսպն է: Չինաստանն իր ներսում ունի թյուրք-ույղուրների հետ կապված լրջագույն խնդիր ունի, որի դեմն առնելու համար պետք է ուժեղացնել Հայաստանին՝ թյուրքական հաղթարշավը կանխելու նպատակով:

Չմոռանանքմ որ Չինաստանի տարածքները եւս Թուրքիայի երազած «Մեծ Թուրանի» ստեղծման երեւակայական ծրագրերում են (ինչպեսեւ՝ Ռուսաստանի տարածքները), քանզի այն պետք է տարածվի Միջերկրական ծովից մինչեւ Խաղաղ օվկիանոս, Չինաստանից մինչեւ Հյուսիսային Կովկաս: Իսկ Անկարայի կարծիքով, Հայաստանը այս տարածքում սեպ է թուրքական ցեղերի արանքում: Չինաստանը չի կարող չգիտակցել այս ամենը եւ ցանկանում է կանխել վտանգը իր սահմաններից մի քանի հազար կիլոմետր հեռավորության վրա:

Իսկ Հայաստանը նման հզոր դաշնակցի կարիք ունի: Որոշ ժամանակ հետո մեր երկրին, որպես համաթուրանականության խոչընդոտ, կաջակցեն նաեւ համաշխարհային 1-ին ու 2-րդ բեւեռները՝ Արեւմուտքն ու Ռուսաստանը: Թուրքական ծավալապաշտական վտանգից արդեն խոսում են ինչպես գերտերություններում, այնպես էլ տարածաշրջանի երկրներում՝ Իրանում եւ արաբական աշխարհում:

Հայաստանի ժամանակը դեռ գալու է…

* * *

Չեխիայի մայրաքաղաք Պրահայում այս օրերին հանդիպում անցկացրին Վիշեհրադյան քառյակի (Չեխիա, Լեհաստան, Հունգարիա, Սլովակիա) արտգործնախարարները։

Խորհրդակցությունների ու բանակցությունների համար  ժամանել էին նաեւ Եվրամիության Արեւելյան գործընկերության 6 պետությունների՝ Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի, Հայաստանի, Ադրբեջանի ու Բելառուսի ԱԳ նախարարները, ինչպես նաեւ՝ Եվրամիության Եվրոպական հարեւանության եւ ընդարձակման հարցերով գերագույն հանձնակատար Յոհանես Հանը, ԵՄ արտաքին գործողության ծառայության, Շվեդիայի, Նիդեռլանդների եւ Գերմանիայի արտագործնախարությունների ներկայացուցիչները։

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի խոսքից հետո, որ այդպես էլ ուղիղ պատասխաններ չտվեց հարցերին, նշեց, որ մարդասպաններին Ադրբեջանի ազգային հերոսներ հռչակելը դարձել է ավանդույթ: «Դա արվեց Ռամիլ Սաֆարովի դեպքում, ով կացնահարեց սենյակում քնած հայ սպային Բուդապեշտում, եւ հիմա, դուք տեղյակ եք բոլոր բռնություններին, որոնք իրականացվել են Արցախի դեմ լայնածավալ, բավականին լավ ծրագրված ու կազմակերպված ագրեսիվ ռազմական գործողությունների ընթացքում ԴԱԻՇ-ԻԼԻՊ-ի ոճով: Միգուցե ոչ ԴԱԻՇ-ի ոճով, այլ՝ Բաքվի ոճով, որովհետեւ դրանից առաջ հենց կացնահարողի դեպքն էր: Երեք պատանդ հայ զինվորներ գլխատվել են, եւ նրանց գլուխները ցուցադրվել են Ադրբեջանի գյուղերում ու քաղաքներում: Եվ մարդասպաններից մեկը ընդամենը 2 օր առաջ ազգային հերոս հռչակվեց Ադրբեջանի նախագահի կողմից:

Ես չեմ անդրադառնա այս հիմնահարցի ակունքներին, սակայն շատ լավ հայտնի է, որ հակամարտությունը առաջացել է Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով՝ տխրահռչակ ահաբեկչական կազմակերպությունների հետ սերտորեն կապված վարձկանների ներգրավմամբ: Ադրբեջանի ԱԳ նախարարը վկայակոչեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 4 բանաձեւերը: Ինչու՞ 4: Որովհետեւ յուրաքանչյուր բանաձեւի ընդունումից հետո Ադրբեջանը հրաժարվում էր դրանք հարգել: Եվ 4 բանաձեւերը ընդունվել էին մեկ նպատակով՝ դադարեցնելու ռազմական գործողությունները: Ադրբեջանը չէր հարգում դրանք: Առ այսօր՝ Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի կողմից 1994թ. զինադադարի եռակողմ անժամկետ համաձայնագրի ձեռքբերումից հետո, երեք համանախագահ պետությունները, իմիջիայլոց, սրանք բոլորի համար քաջածանոթ փաստեր են, ՄԱԿ ԱԽ մշտական անդամները երբեք չեն արել որեւէ հղում ԱԽ այդ բանաձեւերին: Որովհետեւ ԱԽ բանաձեւերն ընդունվել են, ինչպես ասացի, զինադադարի հասնելու նպատակով: Եվ զինադադարը հաստատվեց 1994թ. մայիսին՝ վերոնշյալ եռակողմ համաձայնագրով, ապա վերահաստատվեց 1994թ. հուլիսին եւ հետո 1995թ. փետրվարին»:

«Լուսանցք» թիվ 14 (404), 2016թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։