Մայիսյան եռատոնին ընդառաջ.- ԱԶԳ-բանակը կարող է սկսվել հենց բանակ-ազգից – Հայ գեներալներն արդեն գործի են անցել… Հայ զինվորն իր նվիրումով ապացուցեց վերստին, որ լավագույնն է ոչ թե տարածաշրջանի, այլ աշխարհի…

Գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը՝ Կոմանդոսը, ըստ «Արեւելք»-ի տեղեկության, հանդիպել է մի շարք պաշտոնաթող գեներալների ու ռազմական փորձագետների հետ, ովքեր պատրաստ են ծառայել հայրենիքին այս պատասխանատու ժամանակներում: Հանդիպումների ընթացքում քննարկվել է Արցախի ու Հայաստանի սահմանամերձ շրջանների իրավիճակը, ըստ այդմ՝ որոշվել է ստեղծել աշխատանքային մարմին, որը կհամակարգի հետագա գործերը: Այլ մանրամասներ համակարգող մարմնից չի հաղորդվել, նշվել է, որ հարկ եղած դեպքում հանդես կգան հայտարարությամբ:

Հիշեցնենք, որ, ապրիլի 10-ին Կոմանդոսը հանդես էր եկել կոչով, որում ասված էր. «Հարգելի աշխարհասփյուռ հայության գեներալներ եւ ռազմական փորձագետներ, այսօր հայության առջեւ ծառացել են կենաց-մահու խնդիրներ: Պանթուրքիզմը փորձեց եւ շարունակելու է փորձել ծնկի բերել հայ ժողովրդին, որովհետեւ ՀՀ-ն եւ ԼՂՀ-ն են այդ գաղափարախոսության կյանքի կոչման հիմնական խոչընդոտներից մեկը: Իրենց յուրահատուկ վայրագությամբ եւ նենգությամբ, օգտագործելով բոլոր տեսակի զինյալներին եւ զինատեսակները, իսլամական պետության զինյալներից սկսած մինչեւ սմերչներ, հարձակվեցին սահմանին կանգնած հայ զինվորի վրա: Չնայած գործադրած բոլոր ջանքերին՝ հայ զինվորը դիմագրավեց եւ հաղթեց, զոհվեց, բայց չընկրկեց: Շատերն իրենց կյանքը նվիրաբերեցին հայոց աշխարհը կանգուն պահելու սուրբ գործին: Եվ հիմա, կորստի, ափսոսանքի ու ոգեւորության օրերին մենք պետք է լինենք արժանի հայ զինվորին: Մենք իրավունք չունենք նրա գործած սխրանքը իզուր կորցնելու: Եվ որպեսզի լուծվեն հայ ժողովրդի առաջ ծառացած խնդիրները, թշնամին այլեւս երբեք չհանդգնի հարձակվել մեզ վրա, առավել եւս ոտք դնել մեր սուրբ հողին, մենք պետք է լինենք միասնական: Կոչ եմ անում աշխարհասփյուռ հայ գեներալներին եւ ռազմական փորձագետներին՝ հավաքվել Երեւանում՝ հայության առաջ ծառացած խնդիրների լուծումները եւ համահայկական բանակի ուղիները գտնելու նպատակով: Մեր միասնությամբ լինենք արժանի մեր զինվորների թափած արյանը»:  

Ինքը՝ Կոմանդոսը, գոհ է հայազգի գեներալների ու ռազմական փորձագետների՝ իր կոչին արձագանքներից եւ սկսվող գործընթացից: Նախաձեռնությանը միանալու մասին առաջին հայտարարությունը Լիբանանի բանակի բրիգադի գեներալ, Լիբանանի քաղաքացիական պատերազմի մասնակից գեներալ-մայոր Նարեկ Աբրահամյանի կողմից էր, որին հաջորդեց ամերիկահայ բրիգադի գեներալ Սեդո Մալաթյանի հայտարարությունը, եւ այսպես ծավալվեց գործընթացը:

Նրանք ոչ միայն կարեւորեցին համախմբման կոչը եւ հոգեբանական դրական լիցքերը, այլեւ Երեւանում համակարգող մարմնի ստեղծումը, որը կկարգավորեր բոլոր հետագա քայլերը:

Լիբանանահայ գեներալը նաեւ Արցախի դիրքերին ծանոթանալու առաջարկ էր արել, որպեսզի ավելի լավ պատկերացնեն իրավիճակն ու անելիքները: Իսկ ամերիկահայ գեներալը պատրաստ է իր մասնագիտությամբ միանալու Հայաստանի ու Սփյուռքի զինվորականների միացյալ աշխատանքին՝ ի պաշտպանություն Հայրենիքի հայության:

Ռուսաստանում բնակվող գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը եւս արձագանքել է: 1992-1995թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, 1993թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտը կարեւորել եւ իրականանալի է համարել Կոմանդոսի կոչը: Նա հայտնել է, որ ցանկանում էր գալ պատերազմի այս օրերին, սակայն դեսպանատնից հայտնել են, որ դեռ դրա կարիքը չկա: «Մենք հավաքվել էինք ու պատրաստ էինք ցանկացած պահի պաշտպանել մեր հայրենիքը, բայց դա հիմա ոչ թե ֆիդայական շարժում է, այլ՝ զինված ուժերի կռիվ: Մենք ստեղծել ենք այնպիսի բանակ, որը պատրաստ է պաշտպանել Հայաստանն ու Արցախը եւ պաշտպանել է նաեւ ժամանակին, ազատել մեր հողը»: Ըստ նրա, եթե պատերազմ լինի, միլիոնավոր հայեր սահման կգնան, բայց ինչու՞ գնան, չնայած դա կլինի հերոսություն, բայց չէ որ կա կանոնավոր բանակ եւ այն պետք է հզորացնել:

Սփյուռքի հայ գեներալները հայտնում են, որ այժմ պետք է հզոր դիվանագիտական աշխատանք տանել, աշխարհին ցույց տալ, որ հենց Ադրբեջանն է զավթել Ղարաբաղը, Արցախ-Ղարաբաղը եղել է ու պիտի լինի մերը: Նրանք եւս կարծում են, որ ազգ-բանակ գաղափարը հասունացել է: «Մենք պետք է բանակ-ազգ լինենք ու անցնենք ռազմարդյունաբերական նոր մակարդակի»,- այս մասին ասել է նաեւ պահեստազորի գնդապետ, ռազմական պատմաբան Մնացական Խաչատրյանը: Նրա համոզմամբ՝ պատերազմը լակմուսի թուղթ է, որը շատ բան է ցույց տալիս: «Մենք պետք է բանակ-ազգ լինեք, ընդ որում ոչ թե հանրապետության մասշտաբով, այլ նաեւ սփյուռքի։ Երբ ասում ենք՝ 12 մլն. ենք, պետք է դառնանք բանակ-ազգ. առայժմ ցավոք այդպես չէ, բայց եթե այդ հնարավորությունն ունենանք, մենք կարող ենք այս տարածաշրջանում մենակ պայքարել մեր խնդիրների համար»:

Ըստ նրա՝ նման օրինակը Իսրայելն է, որ պետություն է ստեղծել անապատի մեջ:

«Որպես բարձր տեխնոլոգիաների երկիր առաջինն է աշխարհում»,- ասել է պահեստազորի գնդապետը եւ նշել, թե նույն իսրայելական «Կամիկաձե» թռչող սարքերը պատերազմական պայմաններում չէին փորձարկվել, ինչը նրա մասնագետները արեցին Արցախի դեմ ադրբեջանական բանակի կողմից այս 4-օրյա պատերազմում: «Եկեք հասկանանք, որ «Սպայք» հրթիռը՝ լազերային ուղղորդմամբ, նա Ադրբեջանին է տվել մարտի 31-ին։ Պարզ է չէ՞, որ Ադրբեջանը չէր կարող մասնագետ պատրաստել այդ կարճ ժամանակում, եւ իսրայելական ռազմական մասնագետներ են գործածել: Սա էլ ցույց է տալիս, որ հանգիստ կերպով գործածում են ու վախենալու բան չունեն»:

Որպես ռազմական պատմաբան Մնացական Խաչատրյանը, ինչպես Հայ Արիական Միաբանությունը, վստահ է, որ ազգ-բանակ կամ բանակ-ազգ լինելուց բացի, պետք է համակարգային լուրջ փոփոխությունների գնալ երկրում: Նաեւ քաղաքական համակարգն ազգայնացնելու եւ արդիականացնելու անհրաժեշտություն կա՝ տարածաշրջանում ոչ միայն գոյատեւելու, այլեւ՝ հարատեւելու համար: Տնտեսական բարեփոխումներից բացի, նաեւ ռազմական ոլորտի փոփոխության կարիք կա:

Այս մասնագիտական հարցը պահեստազորի գնդապետը այսպես է մեկնաբանում. «Որովհետեւ այն, ինչ ունենք, մեզ թույլ է տալիս պատերազմել թշնամու դեմ 4-րդ սերնդի պատերազմի մակարդակով»: Ըստ նրա, արդեն աշխարհը պատերազմում է 6-րդ սերնդի պատերազմի մակարդակով, իսկ 4-րդ սերնդի պատերազմը «1941-45թթ-ին հարիր ավտոմատացված պատերազմն է… Մենք այդ պատերազմի մակարդակի վրա ենք ցավոք սրտի, եւ մեր ամբողջ տակտիկան օպերատիվ արվեստի, դեռ այդտեղ է»: Իսկ 5-րդ սերնդի պատերազմը ոչ շփումային պատերազմն է, հեռահար հրթիռներ եւ այլն: Բայց հիմա արդեն 6-րդ սերնդի պատերազմ է գնում՝ գերճշգրիտ զենքերի, որոնցից էլ Ադրբեջանը կիրառեց հայերիս դեմ…

Պարզ է, որ այս դեպքում արդեն պետք չեն հսկայական բանակներ, մեծաքանակ տեխնիկա, հեռվից հարվածում են եւ հասնում արդյունքների, որից հետո հարձակումը առավել կատարյալ է ստացվում: Մեր դեպքում դա կրկնակի հաջողության գրավական ունի, քանի որ մենք կարողանում ենք կռվել նաեւ հին զենքերով ու մեր ոգով, կարողանում ենք կռվել նաեւ գերժամանակակից զինատեսակներով, ինչն ավելի լավ է։

Հայ զինվորն ապացուցեց վերստին, որ լավագույնն է ոչ թե տարածաշրջանի, այլ աշխարհի: Այն հերոսությունները, որ եղան ի տես ողջ աշխարհի, զարմացրել են անգամ ամերիկյան ու ռուսական զինվորականներին: Թե ինչպես են 18-20-ամյա ոչ արհեստավարժ տղաները կռվում մերձամարտում քարերով ու բահերով, երբ փամփուշտ չկա այլեւս, ինչպես են նռնակներով պայթեցնում իրենց դիրքեր ներխուժած ադրբեջանցի զինվորներով շրջապատված ժամանակ, ինչպես են հոգ տանում միմյանց նկատմամբ զինվորն ու հրամանատարը եւ չենք լքում իրար անգամ մահվան սպառնալիքի տակ, ինչպես են պահում դիրքերը, երբ կա նաեւ փախուստի ճանապարհ…

Ավելին՝ ինչպես է մեկ զինվորը 5 եւ ավելի տանկ հանում շարքից, ինչպես է հայ հովիվը որսորդական հրացանով ոչնչացնում անտեսանելի համարվող ադրբեջանական թռչող սարքը, ինչպես է երկու ոտքերից զրկված զինվորը շարունակում կռվել՝ լիցքավորելով ընկերների զենքերը եւ այսպես շարունակ……

Այս ամենը անգամ լավ վարձատրվող վարձու եւ արհեստավարժ բանակներ ունեցող երկրներում չես նկատի:

Դառնալով հայ գեներալների արձագանքին՝ նշենք, որ արձագանքել էր նաեւ Լիբանանի բանակի գեներալ Նազո Գաբրիելյանը. «Արդեն մեկ ամիս է պաշտոնաթող եմ եղել, եւ կարծում եմ ճիշտ ժամանակն է հայրենիքին օգնելու, թերեւս ժողով անեն, մեզ հավաքեն, միայն կոչով չէ, շատերը կարող են գալ Հայաստան: Ինքս անձամբ պատիվ ունեմ ծառայելու Հայաստանի եւ Արցախի համար»: Այս կոչը ոգեւորել է նաեւ աշխարհի հայազգի լրագրողներին, որ կարող են միասնական քարոզչություն ծավալել ի նպաստ հայրենիքի: Կարող են միավորվել բոլոր ոլորտների մասնագետ հայերը, նաեւ ֆինանսիստներն ու տնտեսագետները: Ոմանց կարծիքով, Հայաստանի տնտեսության ներուժի չնչին մասն է օգտագործվում միայն, պետք է տնտեսությունը զարգացնել ու արդիականացնել, համատեղ ձեռնարկություններ ու բանկեր հիմնել, որոնք կարող են գործել Հայաստանում: Չի բացառվում նաեւ զենք-զինամթերքի արտադրության զարգացումը, քանի որ զենք արտադրողների հետ կարելի է համագործակցել, այն դեպքում, երբ աշխարհի խոշորագույն զենք-զինամթերք արտադրող ընկերություններից մեկի տնօրենը հայ է, ում մասին դեռ շատերս տեղյակ չենք:

Հայկ Թորգոմյան

«Լուսանցք» թիվ 14 (404), 2016թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։