Ինչու՞ էր խարսխվել թուրքական ռազմանավը Բաթումում – Արմեն Ավետիսյան (ՀԱՄ առաջնորդ) – Միացյալ Հայաստանի եւ Միասնական Հայության տեսլականի մարմնացումը ԱԶԳ-բանակի ստեղծմամբ պիտի պայմանավորել..

Ապրիլի 3-ին Թուրքիայի ռազմանավերից մեկը խարիսխ էր գցել Բաթումում, որի մասին շատ քիչ տեղեկատվություն եղավ: ԼՂՀ պաշտպանական բանակի հյուսիս-արեւելյան եւ հարավ-արեւելյան հատվածներում ապրիլի 1-ի լույս ապրիլի 2-ի գիշերը ադրբեջանական զինուժի կողմից հարձակումը դեռ ադրբեջանական կողմի օգտին էր ընթանում, եւ հաջորդ օրն իսկ թուրքերն ամրանում են վրացական նավահանգստում: Այն լայնածավալ գործողությունը, որն սկսել էր Ադրբեջանը ծանր զինատեսակների կիրառմամբ, անսպասելի էր դիրքապահների համար, չնայած մեր հետախուզությունը հավաքել էր որոշակի տվյալներ, որը ինչ-ինչ պատճառներով ուշ օգտագործվեց (տարբերակներից մեկի մասին «Լուսանցք»-ը գրել է նախորդ թոարկման մեջ՝ «Էությամբ՝ դավադրություն» հոդվածում): Կարծում ենք, ՀՀ ԶՈւ գլխավոր շաբի պետ Յուրի Խաչատուրովի հետ կապված վերոնշյալ տարբերակը դեռ լիովին կպարզաբանվի, նա օրերս Արցախում էր եւ հանդիպել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին:

Ինչեւէ, մեր խնդիրները մենք պիտի պարզենք, իսկ ադրբեջանցիների՝ մարտադաշտում թողնված փաստաթղթերի համաձայն, այսպիսի հզոր հարձակումից հետո մի քանի ժամ անց նրանք պիտի հայտնվեին Ստեփանակերտում… ինչը եղել է սրանց նվազագույն ծրագիրը: Իսկ առավելագույն ծրագիրը Երեւան հասնելն էր, ինչն այլեւս չի կարելի անտեսել, նաեւ միջազգային քննարկումներում:

Իհարկե, Բաքուն ծրագրել էր նաեւ, որ եթե անգամ Երեւան մտներ, ապա դժվար կլիներ իրավիճակը տեղում հսկելը, ուստի նախատեսել էր, որ «հայերի վախը մի լավ չափելուց հետո» կնահանջի ու իր զորքերը կտեղակայի Սեւանա լճի մոտակայքում… Իլհամ Ալիեւը նպատակ ուներ մի հզոր-կայծակնային հարվածով իր փառքն ապահովել հետագա տարիների՝ որպես նախագահ-թագավոր պաշտոնավարելու համար… Միաժամանակ՝ կիրականացներ հոր՝ Հեյդար Ալիեւի երազանքը՝ Սեւանա լճում ազատ լողալու: Իմիջիայլոց, Ադրբեջանի ազգայնամոլ նախագահ Աբուլֆազ Էլչիբեյն էլ էր հայտարարել, թե մի հարձակմամբ կհասնի Սեւան եւ ոտքերը կհանգստացնի ու կլվանա Սեւանի ջրերով…  

Այս երազանքները շրջանցելով հիշեցնենք, որ ապրիլի սկզբին Հայաստանի ու Ադրբեջանի նախագները գտնվում էին ԱՄՆ-ում՝ միջուկային հարցերի համար հրավիրված համաժողովում: Ամերիկյան կողմը նույնիսկ նպատակ ուներ հաջողացնել Սերժ Սարգսյան – Իլհամ Ալիեւ հանդիպման կազմակերպումը Նյու-Յորքում:

Ահա այս բարդ իրավիճակում մեր նախագահը ելույթ է ունենում Նյու-Յորքում՝ արդեն տեղյակ լինելով, որ ադրբեջանական հզոր ու լայնածավալ հարձակումը ստիպել է ժամանակավոր նահանջի գնալ մեր դիրքապահներին՝ մեծաթիվ զոհերից խուսափելու համար… Պիտի պարզապես պատկերացնել, թե ինչ հոգեվիճակով է Սերժ Սարգսյանն ավարտել ելույթը եւ հայտնել, որ այդ համաժողովում այլեւս չի կարող մնալ ու մեկնում է Հայաստան, քանի որ ադրբեջանական կողմը պատերազմ է սանձազերծել:

Այսինքն՝ Բաքուն փորձեց համաշխարհային հանրությանը հասկացնել, որ արդեն «վերադարձնում է իր հողերը», միաժամանակ՝ տապալելով Վաշինգտոնի նախատեսած՝ նախագահների հանդիպումը (այսպես սիրաշահելով Մոսկվային, քանզի մեր նախագահը մերժել էր Վլադիմիր Պուտինի առաջարկով այստեղ մասնակցել երկու նախագահների հանդիպմանը՝ իրապես անիմաստ համարելով դա:

Իհարկե, Իլհամ Ալիեւին զեկուցել էին, որ մինչեւ իր Բաքու վերադառնալը Ադրբեջանի բանակը կլինի Ստեփանակերտում… Եվ ապրիլի 3-ին թուրքական ռազմանավը խարսխվում է վրացական նավահանգստում: Սա չի կարող պատահական լինել: Թուրքիան առայժմ ձեռնպահ է անմիջապես խախտելու Հայաստանի հետ սահմանը, քանզի կբախվի նաեւ ռուսական զինուժի հետ, ինչը ՆԱՏՕ-ական երկրի համար ինքնուրույն որոշելիք չէ, որը նկատվեց որոշակի ժամանակ առաջ թուրքական ուղղաթիռների՝ Հայաստանի սահմանը հատելուց հետո ամերիկյան արձագանքներից: Վաշինգտոնը հայտարարել էր, թե Անկարան ինքն է խախտել, ինքն էլ թող պատասխան տա… Ուստի՝ թուրքերը նախընտրել են Վրաստանի տարածքով մտնել Ադրբեջան, գուցե նաեւ հարմար պահ լինի՝ Հայաստան՝ Ջավախքի միջով՝ խաբելով նաեւ վրացիներին…

Այս բոլոր տեսակետներն էլ համապատասխանում են թուրքական սանձարձակությանը եւ միջազգային հանրություն կոչվածի անհամարժեք արձագանքներին, ինչը ենթադրում է, որ հետո էլ չի կարելի բացառել: Բայց մինչ այդ մենք պիտի ունենանք հետեւյալ հարցերի հնարավորինս իրական պատասխանները.

  1. Արդյո՞ք միջազգային հանրությունը կհանդուրժի Ադրբեջանի բանակի առաջխաղացումը եւ ասենք՝ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի գրավումը:
  2. Աշխարհի գերուժերը թույլ կտա՞ն Վրաստանին՝ Բաթումի նավահանգիստը տրամադրելու թուրքական զինուժին՝ Ադրբեջանին զենք-զինամթերք եւ այլ օգնություններ ցուցաբերելու համար:
  3. Արդյո՞ք համաշխարհային բեւեռները կկանգնեցնեն ադրբեջանական (Բաթումով Ադրբեջան եկած ծպտյալ թուրք զինվորներով ուժեղացված) բանակի՝ Հայաստան մտնելը եւ նոր տարածքներ գրավելը:
  4. Ինչպե՞ս կարձագանքի ՆԱՏՕ-ն թուրքական այս առաջխաղացմանը եւ տարածաշրջանի ապակայունացմանը:
  5. Կկասեցնի՞ ՀԱՊԿ-ն (հասկանալ թերեւս ռուսական զինուժը) նման ծավալումների ընթացքը եւ կպաշտպանի՞ արդյոք դաշնակից Հայաստանի շահերը (չմոռանանք, որ ՀԱՊԿ անդամ Ղազախստանը, Թուրքմենստանը եւ Ղրղզստանը նաեւ համաթուրքական դաշինքի անդամ են: Ղազախստանն անգամ ցուցադրաբար ծանր տարավ եղբայր Ադրբեջանի պարտությունը քառօրյա պատերազմում՝ ստիպելով ԵՏՄ վարչապետերի նիստը Երեւանից Մոսկվա տեղափոխել):
  6. Ի՞նչ դիրքորոշում կցուցաբերեն Իրանը եւ արաբական երկրները այս դեպքում: Նաեւ՝ Թուրքիային սահմանակից եւ թուրքերից տուժած այլ երկրները, դիցուկ՝ Հունաստանը, որ նույնպես նԱՏՕ-ական երկիր է:
  7. Ինչպե՞ս կպահեն իրենց համաշխարհային 3-րդ բեւեռի ձգտող Չինաստանն ու նման բեւեռի կայացմանը սատարող այլ երկրները:

Չգիտեմ՝ ունե՞նք այս հարցերի պատասխանները պետականորեն, թե՞ ոչ, բայց պիտի՛ ունենանք: Առավել եւս, երբ մեր ՊՆ-ն հայտնում է, թե նոր կուտակումներ են տեղի ունենում արցախա-ադրբեջանական սահմանային հատվածներում:

Ինչեւէ, կազմակերպված նահանջից հետո հայկական զինուժը վերակազմակերպվում է շատ արագ, ինչպես վայել է կայացած բանակին, եւ մինչեւ Իլհամ Ալիեւը Բաքու կվերադառնար՝ փոխվում է իրավիճակը ռազմաճակատում: Ադրբեջանի նախագահը Բաքվի ճանապարհին արդեն տեղեկանում է, որ Ստեփանակերտը շարունակում է մնալ Արցախի մայրաքաղաքը, Երեւանն էլ՝ Հայաստանի:

Ապրիլի 4-ին հայկական զինուժը սկսում է ջախջախել ոչ միայն միշտ փախուստի պատրաստ ադրբեջանական զորքին, այլ՝ նրանց կողմից կռվող թուրքական գորշգայլերին ու Սիրիայից վերադարձած ԻԼԻՊ-ի ադրբեջանցի ահաբեկիչներին: Ապրիլի 5-ի դրությամբ՝ Ադրբեջանն ինքն է իրեն պարտված համարել, եւ որպես պարտված կողմ մարտական գործողությունների դադար է առաջարկել… Ցավոք, հայկական կողմը (այս անգամ նույնիսկ բանավոր) նորից գնաց զինադադարի, ինչպես 1994-ին, երբ մեր զինուժը պատրաստ էր անգամ Գանձակ-Կիրովաբադ հասնել եւ անցնել… Չնայած, կա մի հանգամանք, որը կտաներ հերթական զինադադարի, դա մեր կողմից 100%-ով պատերազմին պատրաստ չլինելն է: Ոչ թե՝ անպատրաստ ենք (համոզված եմ մեր պատրաստվածության առումով), այլ՝ տրամադրված չենք ամենօրյա, ամեն պահի պատերազմի վերսկսմանը եւ հաղթական ավարտին հասցնելուն:

Համաձայն եմ այն տրամաբանությանը, որ միայն Ադրբեջանին պարտված կողմ համարելը քիչ է, պարտված կողմ է նաեւ Թուրքիան, քանզի հենց այդ երկրի ղեկավարությունն էր բորբոքել ու դրդել Բաքվին՝ գնալու այս արկածախնդրությանը: Եվ թուրքական ռազմածովային ուժերի հիմնական հարվածային ու ռադարային հզոր համակարգով «Յավուզ» ռազմանավը (TCG Yavuz F240), որ ապրիլի 3-ին խարիսխ էր գցել Բաթումի նավահանգստում, ապրիլի 4-5-ին հասկացավ, որ շտապել է… Իմիջիայլոց, այս ռազմանավը ապրիլի 2-ի գիշերն է դուրս եկել իր տեղակայման վայրից, եւ ինչպես հայտարարել էին՝ Վրաստանի ՆԳՆ-ն իրենց թույլատրել էր նավահանգստում կանգնել մինչեւ ապրիլի 5-ը ներառյալ…

Այստեղ մեր դիվանագիտությունը (ու ոչ միայն) հարցեր ունի վրացական կողմին: Պարզաբանումն արվել էր միայն այն բանից հետո, երբ Բաթումում Թուրքիայի հյուպատոսարանն ապրիլի 3-ին Թվիթթերի իր էջում տեղեկացրել է ռազմանավի ժամանման մասին, ինչը զարմացրել էր Վրաստանի ծովափնյա սահմանների պաշտպանությանը, որը ՆԳ նախարարության իրավասության տակ է: Այսինքն՝ տեղեկատվությունը գաղտնի է պահվել: Նշվել է, թե դա նախապես ծրագրված այց էր: Թեեւ այդօրինակ այցերի մասին, ըստ իրենց աշխատակարգի, հայտարարվում է առնվազն մեկ շաբաթ առաջ:

Մի թե՞ եվրագծի հետեւորդ Վրաստանը, որ պատրաստ է մասնակցել Իրան-Հայաստան-Վրաստան-Սեւծով-Եվրոպա գազատարի կառուցմանը, շարունակում է Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան հին եղբայրական խաղը (կրկնելով՝ ԱՊՀ-ՀԱՊԿ-ԵՏՄ-ական Ղազախստանի խաղերը): Այս խնդիրը ոչ միայն հայկական ուղղություն ունի, այլեւ՝ եվրոպական, եթե իսկապես Արեւմուտքն ուզում է անկախանալ ռուսական գազից:

Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Հ.Գ. – Չնայած պատերազմը ենթադրում է ոչ միայն սոցիալ-տնտեսական ճգնաժամ ու դժվարություններ, այլեւ՝ բազմաթիվ զոհեր մարտադաշտում եւ թիկունքում, այնուամենայնիվ, պատերազմելը կամ պատերազմին միշտ պատրաստ լինելը չի՛ կարող անմարդկային դիտվել այսօրվա աշխարհում:

Անմարդկային կլինի այն, որ իր բնակչության շահերը պաշտպանող  պետությունն ի վիճակի չլինի ինքնապաշտպանվել թշնամուց կամ, որ ավելի լավ է, նախահարձակ լինել թշնամու վրա՝ կանխելով նրա ասպատակությունները սեփական տարածքում:

Առավել եւս Հայաստանի համար վաղուց պատերազմական վիճակ է մի քանի ուղղություններով:

Եվ հայությունը պարտավոր է ո՛չ միայն հաշտվել պատերազմելու փաստի, այլեւ, ըստ նպատակահարմարության, այն սկսելու եւ հաղթական ավարտով պսակելու հանգամանքի հետ:

Հակապատերազմական հայտարարությունները Հայաստանում մեզ մեր պարտությանը նախապատրաստելու քարոզչություն է, որն այս պահին ազգադավություն պիտի համարել՝ դրա հետեւանքներից բխող պատասխանատվությամբ:

Եվ քանի դեռ մեր (այլ տարածաշրջանից եկած ու մեր հայրենիք ներխուժած) հարեւանները չեն փոխել իրենց մտադրությունը՝ մեր բնատարածքից հեռանալու (ավելին՝ այս եղածին էլ են աչք տնկել), Միացյալ Հայաստանի եւ Միասնական Հայության տեսլականի մարմնացումը ԱԶԳ-բանակի ստեղծմամբ պիտի պայմանավորել…

«Լուսանցք» թիվ 14 (404), 2016թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հայտարարություններ, Հոդվածներ, Նյութեր խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։