Հայի զարթնած գենը եւ թուրքական խաբկանքը – թուրքական խաղեր Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված – Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավորները բացահայտում են նոր թուրքերի հին դեմքը – Գարո Փայլանի (Պալյան) կյանքը վտանգված է, ինչպես Հրանտ Դինքինը…

Թուրքական ներողամտության մասին խոսողները կամ գենետիկ հակահայ են կամ թուրքամետ զանգված կամ էլ տհաս են պարզապես, որը պակաս վտանգավոր չէ հակահայից ու թուրքամետից: Ապրիլի սկզբներին այսպիսիներն անտեսեցին ոչ միայն քառօրյա արցախյան պատերազմը, այլեւ հետագայում հիացական խոսքեր գտան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար, իբր նա կրկին ցավակցել է, խոսելով ապրիլի 24-ին:

Իսկ ի՞նչ է ասել Էրդողանը, ով հոխորտալից տոնով հայերից ցեղասպանության մասին փաստաթղթեր է պահանջել: «Եթե մեր ժողովրդի վերջին 100-150 տարվա տառապանքների հետեւսից գնանք, ապա հայերի պնդումներից մի քանի անգամ շատ ասելիք կունենանք ու ավելի շատ հաշիվներ կունենանք պահանջելու»,- ասել է այս թուրքը՝ դեռ մարտին Ստամբուլում կայացած գիտաժողով-ցուցահանդեսի ժամանակ: Այն կազմակերպվել էր Թուրքիայի կառավարության պետարխիվների վարչության կողմից, որին մասնակցել են այլ երկրների արխիվների ղեկավարներ եւ այն ընթացել է «Համաշխարհային պատերազմի փաստաթղթերը 100 տարի անց» խորագրի ներքո:

Հասկանալի է, որ Էրդողանն իր ելույթում զգալի տեղ է հատկացրել հայկական թեմային, բայց երգել է նույն եւ վաղուց հայտնի երգը՝ ասել է, որ պատմության տարբեր ժամանակների նման համաշխարհային պատերազմի ժամանակ էլ ողբերգություններ ու ցավալի իրադարձություններ կարող է եղած լինեն, սակայն միայն հայերը չեն այդ իրադարձություններից տուժել: Ապա նշել է, թե Բալկաններում ու Կովկասում մուսուլմանների պատմականորեն ամենաշատ կոտորածները հենց այդ ժամանակահատվածում են կատարվել:

Իր ելույթի սնանկությունից «գիտակցությունը կորցրած» Էրդողանը կրկին մեղադրել է հայկական կողմին՝ ասելով, որ երբ իրենք 2015-ը նշում են որպես իրենց հերոսական հաղթանակի տարի, «ոմանք այդ տարեթիվը դարձրել են Թուրքիայի դեմ թշնամության դրոշակ»: Այնուհետեւ տխմարաբանությունը հասել է այնտեղ, որ այս թուրքը մեղադրել է հայկական սփյուռքին՝ աշխարհի տարբեր ծայրերում իրականացրած արշավի համար, որն իր խոսքերով հայերի տառապանքները վառ պահելուց բացի Թուրքիային ուղղված բացահայտ թշնամության դրսեւորում է (սա բացարձակապես անմեղսունակի խոսք է՝ ուղղված հայրենիքն ու միլիոնավոր ազգակիցների կորցրած պահանջատեր ժառանգներին):

Էրդողանն արդեն ավանդական դարձած ոճով դիմել է Սփյուռքին ու Հայաստանին. «Հե՜յ հայկական սփյուռք, հե՜յ Հայաստանի ղեկավարություն, եկեք, համեցեք, մեր արխիվներն ու փաստաթղթերն այստեղ են, մենք 100 հազարավոր փաստաթղթեր ունենք: Դո՞ւք ինչքան փաստաթղթեր ունեք: Հանեք փաստաթղթերը, պատմաբաններին, արխիվագետներին, քաղաքագետներին, իրավաբաններին ու նույնիսկ հնագետներին լիազորենք այդ հարցի վերաբերյալ: Ուրիշ երկրներ շրջելով, լոբբիներ ձեւավորելով ու ոչ պատշաճ ճանապարհներով Թուրքիաի դեմ իրականացրած արշավներով ոչինչ չեք շահելու»:  

Այս թուրքը կրկին ապրիլքսանչորսյան ուղերձ է հղել, որում նաեւ  շնորհակալություն է հայտնել հայերին… Կրկին ցավակցական ուղերձ է հղել Պոլսի Հայոց պատրիարքարանին. «Հարգելի Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին, Պոլսի հայոց պատրիարքության պատրիարքական ընդհանուր փոխանորդին, ողջունում ու ցավակցում եմ մեր այն քաղաքացիներին, որոնք այսօր հավաքվել են Պոլսի հայոց պատրիարքարանի հարկի տակ՝ հարգանքի տուրք մատուցելու առաջին համաշխարհային պատրերազմի տարիներին  ողբերգական պայմաններում զոհված օսմանցի հայերի հիշատակին: Ողջունում եմ այս արարողությունը, որը կրկին տեղի է ունենում Թուրքիայում, քանզի սա ամենաիմաստալից վայրն է օսմանցի հայերի վիշտը կիսելու եւ նրանց հիշատակը ոգեկոչելու համար: Անատոլիայի հողերում, որտեղ մարդասիրական պարտականությունները երբեք չեն անտեսվում, իսկ ցավն ու ուրախությունը անկեղծորեն կիսվում են, արդարության եւ խղճի զգացումը վեր է դասվում ամեն ինչից»:

Եվ սա ոմանք համարում են թուրքական զղջողականության առաջին քայլերը: Սա հերթական թուրքական սինաբանությունն է, որից էլ բխում է սրանց վերին սուտը, թե հայկական լեռնաշխարհի բնիկներ են. «Միշտ կհիշեցնենք ու կհիշենք հայերի եւ թուրքերի համատեղ ապրելու մշակույթը, որը մոտ 1000 տարվա պատմություն ունի: Երբեք չենք դադարի գործել հանուն խաղաղության ու բարեկամության՝ ընդդեմ բոլոր նրանց, ովքեր փորձում են թշնամական հռետորաբանությամբ պատմությունը քաղաքականացնել եւ ջանում են օտարել ընդհանուր պատմությամբ ու ավադույթներով փոխկապակցված 2 հարեւան ժողովուրդներին: Մեկ անգամ եւս հիշատակում եմ այն օսմանցի հայերին, ովքեր կյանքից հեռացել են, եւ հղում եմ իմ ցավակցությունս նրանց թոռներին ու ծոռներին»:

Եթե որեւէ մեկը այստեղ ցեղասպանությունը սգալու փաստն է տեսնում եւ ոչ թե հայերի հայրենիքում թուրքերի որդեգրվելու քաղաքականությունը, ապա նա ավելի ստոր է, քան՝ թուրքը: Եվ Թուրքիայի նախագահը այսպես է ավարտում իր ուղերձը. «Անկախ նրանց էթնիկ եւ կրոնական ծագումից՝ ես նաեւ հարգում եմ բոլոր այն օսմանյան քաղաքացիների հիշատակը, որոնք կյանքից հեռացել են նույն այդ ժամանակաշրջանում: Կցանկանայի կրկնել, որ մենք կիսում ենք այդ ընդհանուր ցավը: Ինչպես նաեւ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն հայ քաղաքացիներին, ովքեր իրենց ներդրում են ունեցել մեր երկրի կյանքում ինչպես անցյալում, այնպես էլ ներկայում»:

Այո, իհարկե շնորհակալ կլինեն այն հայերից, ովքեր կառուցեցին այս Թուրքիան, ովքեր մեր մշակութային ու ազգային այլ արժեքները թուրքացրեցին արդեն ոչ հայկական միջավայրում… Այսօր էլ Էրդողանը կարող է շնորհակալ լինել այն հայաստանահայերից, որ բոզություն անելով կամ այլ աշխատանքով, որտեղ ստորացվում են նաեւ, օգնում են լցնել իրենց պետական բյուջեն, որը հետո մեր գլխին կրակահերթերով է թափվում սրանց փոքր եղբայր ադրբեջանցիների կողմից մեր սահմաններում:

Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանն անդրադարձել է ուղերձին եւ նշել, թե «պետք է փաստենք, որ այն Հայոց ցեղասպանության հանցագործության ժխտման ու քողարկման հերթական՝ թերեւս ավելի կատարելագործված դրսեւորում է: Դրանում պարունակվում են թուրքական քարոզչամեքենայի արդեն բոլորին հայտնի նույն թեզերը՝ զոհին եւ դահճին նույն հարթության մեջ դիտարկելը, պատճառահետեւանքային կապի խեղաթյուրումը, բոլորին հայտնի պատմական իրականության վերանայման գործիքների ձեւավորման կոչը: Իրականում Թուրքիայից այլ բան է պահանջվում. ճանաչել պատմությունը եւ աներկբայորեն դատապարտել դրանում առկա հանցանքները»:

Ցեղասպանության տարելիցի օրը Ստամբուլի հայկական եկեղեցում անցկացված միջոցառմանը ներկա են եղել մեջլիսի հայ պատգամավորներ Գարո Փայլանը, Սելինա Դողանը, Մարգար Եսայանը: Պատարագն անցկացրել է Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը:

Թուրքիայի հայերը այսօր էլ պատանդի եւ ցեղասպանվելու կարգավիճակում են: Թուրքիայի նախկին նախագահները նույնպես գործածել են այս փաստը, իբր Թուրքիային մեղադրելուց առաջ մտածեք՝ այստեղ ավելի քան 100 հազար հայերի եւ շուրջ 30 հազար հայաստանցի հայերի մասին, ովքեր աշխատանք են գտել Թուրքիայում եւ օգնում են իրենց ընտանիքներին…

Հրանտ Դինքի պետականորեն պատվիրված սպանությունից հետո ակնհայտ էր այլեւս, որ չկա հանդուրժողականության որեւէ նշույլ, եւ թուրքերը պարզապես փափուկ բարձ են ցանկանում դնել մեր գլխի տակ: Բայց հայի պայքարող գենը վերազարթնում է նաեւ այսօրվա Թուրքիայում, եւ երբ տխմարաբանության մասնագետ Էրդողանը ուղերձ էր հղում ապրիլի 24-ին, Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Գարո Փայլանը (Պալյան) աննախադեպ ու խիզախ քայլի դիմեց: Նա 1915թ. Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին խորհրդարանի պատգամավորների նստատեղերին դրել է Գրիգոր Զոհրապի, Վարդգես-Հովհաննես Սերենգուլյանի, Նազարեթ Տաղավարյանի, Կարապետ Փաշայանի, Օնիկ Դերձակյանի, Պետրոս Հալաչյանի նկարները: Գարո Փայլանը դրանից 2 շաբաթ առաջ չի կարողացել մասնակցել Ֆրանսիայի Հայ դատի հանձնախմբի կողմից կազմակերպված միջոցառմանը, որը նվիրված է եղել Թուրքիայում փոքրամասնությունների հարցերին, ինչը հավաստում է, որ նա փորձում է պաշտպանել բոլոր ազգային փոքրամասնությունների շահերը Թուրքիայում:

«Գարո Փայլանը եւս մեկ անգամ ցուցաբերեց քաջություն ու համոզմունք՝ այս անգամ թուրքական պետության քաղաքական կյանքի սրտում»,- ասվում է Հայ դատի հանձնախմբի հայտարարությունում: Տեսաֆիլմում բոլոր նրանց, ում լուսանկարները հայ պատգամավորը տարել էր Թուրքիայի խորհրդարան, անուն առ անուն նշվում է, եւ վերջում հայերեն ասում է. «Աստված հոգին լուսավորի»…

Այդ օրերին ու մինչ այդ էլ եղել են նաեւ այլ պաշտոնական ելույթներ, որոնց տրվել են պատասխաններ: Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության պատգամավոր Գարո Փայլանը քննադատել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին ու վարչապետ Ահմեթ Դավութօղլուին (այժմ արդեն նախկին)՝ Թուրքիայի հայ համայնքին թիրախավորող հայտարարություններ անելու համար. այս մասին հայտնում է Ստամբուլի հայկական «Ակօս» թերթը։ Հայ պատգամավորը մասնավորապես հիշատակել է ապրիլի 3-ին Բրուքինգսի ինստիտուտում ունեցած նախագահ Էրդողանի ելույթը, որում նա հայտարարել էր, թե իր թիկնապահները բռնություն են գործադրել իր դեմ նախապես կազմակերպված բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ, քանի որ «այնտեղ գտնվել են ոչ միայն Թուրքիայում գործող ահաբեկչական կազմակերպությունների ներկայացուցիչները, այլեւ այնտեղ է գտնվել նաեւ ASALA-ն»։

Փայլանը նաեւ հիշատակել է փետրվարի 27-ին Բինգյոլում վարչապետ Դավութօղլուի արած հայտարարությանը, որում նա քննադատել էր ԺԴԿ-ին Ռուսաստանի հետ համագործակցության համար։ Փայլանը հայտարարել է, որ Թուրքիայի ղեկավարության նման հայտարարությունները թիրախավորում են հայ համայնքին։ Նաեւ ասել է, որ անվտանգության ուժերի ներկայացուցիչները շրջապատման մեջ գտնվող քաղաքների պատերին արել են մի շարք գրառումներ, որոնք վկայել են, որ Թուրքիայում «հայ» բառը դեռ օգտագործվում է որպես «հայհոյանք»։

Իր դժգոհությունն է հրապարակավ հայտնել նաեւ նույն կուսակցության պատգամավոր հայուհի Սելինա Դողանը: Նա նաեւ նշել է, որ կարեւորում է, որ արդեն երկրորդ անգամ պատարագ է մատուցվում եկեղեցում, «սակայն երբ նախորդ տարի առաջին անգամ էր արարողությունն արվում, նախարար էր մասնակցում, ներկա պատգամավորներ կային, իսկ այս տարվա միջոցառումը դիտարկելիս նկատում ենք, որ ամեն բան կորած է, առերեսվելու կամքը սառեցվել է»:

Իհարկե, թուրքերը չէին կարող երկար համբերել, եւ վերջերս Թուրքիայի Մեծ Մեջլիսի Սահմանադրական հանձնաժողովի նիստի ժամանակ քրդական կուսակցության խմբակցության պատգամավորների եւ հանձնաժողովի անդամների մեջ կռիվ է ծագել, որը նախաձեռնել է Գարո Փայլանը:  Տեղի է ունեցել կարճատեւ ձեռնամարտ եւ օդում հայտնվել են նաեւ ջրի պոլիէթիլենային շշեր: Հանձնաժողովն այդպես էլ չի կարողացել քննարկել պատգամավորների անձեռնմխելության վերացմանն առնչվող Սահմանադրական փոփոխությունների հարցը: Ձեռնամարտի նախաձեռնողը եւ ակտիվ մասնակիցը եղել է հայազգի պատգամավոր Գարո Փայլանը, ով հասկանում է, թե պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելը ինչ հետեւանքներ կունենա...

Գարո Փայլանը մասնակցել է նաեւ Աշխատավորների միջազգային օրվա երթին: Անթաքիայում կայացած երթի ընթացքում հայ պատգամավորը պարզել է պաստառ, որի վրա գրություններ են եղել, այդ թվում՝ հայերենով. «Կեցցէ՛ 1 Մայիս»:

Գարո Փայլանի հետագա քայլերի ու նրան արդեն սպառնացող վտանգի մասին կխոսենք հաջորդիվ: Միայն նշենք, որ Հրանտ Դինքի սպանությունից հետո Թուրքիայում հայերի հետ կապված ամենամեծ աղմուկ հանած պատմությունը Գարո Փայլանի վրա հարձակումն էր խորհրդարանում:

Եվ պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելը պատժիչ քայլերի համար է արվում, որը հիմնականում քրդերի դեմ էր, քանի որ հենց նրանց դեմ են ամենից շատ հարուցված քրեական գործեր՝ ՔԲԿ-ի հետ կապի ունենալու մեղադրանքով: Կասկած չկա, որ հայ պատգամավորների համար էլ ինչ-որ «կապեր» կմոգոնվեն…

Արամ Ավետյան

«Լուսանցք» թիվ 15 (405), 2016թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։