Հավերժի ճամփորդը՝ Հայոց հսկան՝ Գարեգին Նժդեհ (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)… «Փա՛ռք քեզ Նժդեհ, որ հա՛յ ես եւ փա՛ռք քեզ հայորդի, որ քո մեջ Նժդե՛հ ունես»…

Կգա՛ նաեւ Նժդեհի հոգու հանգստության օրը եւ «Նեմրութ, Սիփան ու Մասիս ձայն կտան իրար ու կասեն.- Է՜յ, հե՜յ, էլի Հա՛յ ենք, էլի Հայու՛նն ենք»:

Գարեգին Տեր-Հարությունյանը հայությանն ու աշխարհին առավելապես հայտնի է որպես Գարեգին Նժդեհ, ինչն էլ կարծես բնորոշում է մեծ հայի փոթորկոտ կյանքն ու անցած ուղին: Թերեւս, բնորոշումից բացի, «Նժդեհ» եզրը կանխորոշեց հայորդու նվիրական ճակատագիրը, որը հանուն Հայի ու Հայքի նժդեհացավ՝ իմա՝ թափառեց, ճամփորդեց, մաքառեց հայոց լեռներում եւ տարածքներում, պայքարեց ու… անմահացավ հավերժ:

Յուրաքանչյուր հայ, ում համար հայրենիքն ու ազգը թանկ լինելուց բացի նաեւ հավիտենարժեք հասկացություններ են, պետք է իմանա Նժդեհի մասին, ապրի Նժդեհի գաղափարներով, կիսի մեծանուն հայորդու ճակատագիրը… Իզուր չէին Նժդեհի մտահոգությունները եւ՛ այնժամ եւ՛ հիմա, թե՝ հայրենասիրությունը այլեւս բավարար պայման չէ հայրենիքի փրկության համար՝ հայրենապա՛շտ պիտի լինենք.- պատգամել է նա:

Կան մարդիկ, ովքեր ի զորու են պտտել պատմության անիվը, ավելին՝ ազգի ու մարդկության անիվը, նրանք եղել են ու կլինեն ինչպես այլազգիների, այնպես էլ հայերիս մոտ: Եվ նրանցից մեկն անտարակույս Գարեգին Նժդեհն է:

Մարդ՝ ով ապրեց ազգի կյանքով ու հանուն ազգի, հանուն հայրենիքի, ազգային մարդ՝ ով ազգակերտ նպատակների մեջ նկատեց մարդուն, իսկ մարդու մեջ՝ հայ տեսակին, հայ էակ՝ ով հայկական երակներով զգաց համամարդկայինը, երկրային արարած՝ ով երկնային տեսլականով կառչեց Հային ու Հայքին եւ Հայ Աստվածների պաշտամունքն ունենալով՝ ապրեց, գործեց ու նահատակվեց որպես արորդի աստվածամարդ՝ երկրային աստված…  

Գարեգին Նժդեհը իր կյանքով ու գործերով մի մտապատկերային հայկական կաղապար ստեղծեց, որով պիտի իր հայրենապաշտությունն ու ազգային առաքելությունը գնահատի յուրաքանչյուր հայ: Այդ պատկերավոր կաղապարի մեջ «տեղավորվելով», ամեն մի հայորդի պետք է զգա իր չափն ու կշիռը, դերն ու նշանակությունը եւ գիտակցի՝ ինչքան նվիրվածություն պետք է ավելացնել՝ նժդեհյան կաղապարի մեջ հարմար զգալու-տեղավորվելու համար…  Իսկ փա՛ռք այն հայորդիներին, ովքեր կկարողանան մեծացնել կաղապարի ծավալները-տարողունակությունը, քանզի ինչպես Նժդեհը կասեր, ամեն սերունդ պիտի գերազանցի՛ իր նախորդներին…

Նժդեհը ոչ միայն հայ մարդ, այլեւ համամարդ է, նա հստակ գիտակցել է ինչպես հայ տեսակի, այնպես էլ մարդ էակի առաքելությունն ու արժեքային համակարգը: Նրա համար ճշմարիտ ազգայինն ու առաքինի համամարդկայինը նույնարժեք բնույթ են ունեցել: Բայց հստակ է եղել նաեւ այն, որ համամարդկային արժեքները ստեղծվում են ազգային արժեհամակարգերի գոյությամբ ու գործունեությամբ, եւ ապազգային դրսեւորումները (համամարդկային հորջորջվող) չեն կարող վերազգային ընթացք ունենալ…

Նժդեհը հավասարապես ռազմական ու պետական, ազգային ու քաղաքական գործիչ է եւ նրա ներկայությունն ամենուր տեսանելի հետք է թողել… Որպես զորավար՝ նա բազմաթիվ մարտերի ու կռիվների մասնակից-հաղթող է եւ գնահատվել է ոչ միայն հայ ռազմիկների ու սպաների կողմից: Որպես պետական գործիչ՝ նա անհանդուրժող էր ինչպես արտաքին, այնպես էլ ներքին հակառակորդի նկատմամբ եւ դրա շնորհիվ է, որ այսօր Սյունիք-Զանգեզուրն ունենք Հայաստանի Հանրապետության կազմում: Որպես քաղաքական գործիչ՝ նա չհանդուրժեց ՀՅԴ կուսակցական ներքին ու այլ խաղերը եւ հիմնեց հայի արիական ծագմամբ, ցեղի գենետիկ էությամբ առաջնորդվող «Ցեղակրոն ուխտեր»… Որպես ազգային գործիչ՝ նա գաղափարախոսական եւ իմաստասիրական մի հսկայածավալ գործ կատարեց եւ ցեղակրոն ուսմունք արարելով՝ վերհառնեց հայոց ազգային գաղափարախոսությունն ու իմաստասիրությունը:

Նժդեհին հաճախ են փորձում համեմատել կամ շփոթել Նիցշեի հետ, սակայն գերմանացի Նիցշեի ստեղծած «Գերմարդ»-ը որեւէ համեմատական չունի Նժդեհի ստեղծած «Ցեղամարդ»-ու հետ: «Գերմարդ»-ը մերժում է թույլին, կարիքավորին, անգամ հրում է նրան դեպի կործանման, ինքնաաստվածացման է գնում… Իսկ «Ցեղամարդ»-ը պաշտպանն է ցեղի յուրաքանչյուր մասնիկի, իր կյանքը ծառայեցնում է ցեղակիցների բարօրությանը եւ պաշտպանն է հայրենիք-բնօրրանի…

Գուցե այս նշյալ տարբերակումները չնկատելով կամ միտումնավոր շրջանցելով է, որ Նժդեհյան ցեղակրոնությունը ժամանակին փորձեցին համեմատել նացիստական ու ֆաշիստական գաղափարախոսությունների հետ, ինչն իհարկե, շարունակություն չունեցավ, քանզի սին էր ու անփաստարկ:

Ցեղակրոն հայը երդվում է Հայոց ռազմի ու զորության Աստված Վահագնի աջի վրա եւ որեւէ առնչություն չունի այլազգիների կուռքերի կամ աստվածների, առավել եւս հակամարդկային ու ապազգային մտորումների կամ գաղափարների հետ…

Նժդեհը այլեւս Հայոց Անմահների շարքում է եւ բռնել է հավերժի ուղին… Տիեզերաաշխարհների Հայապատկան Տարածքներում… Նժդեհը այսօր հոգի է՝ ոգի, բայց վստահաբար երկնքում չի դադարեցրել իր հայրենիք-երկրի գործերով եւ ազգի հոգսերով զբաղվելը: Նժդեհի նման արորդի-հայորդիները մարմին, միտք, թե հոգի լինելով չեն դադարեցնում իրենց ներկայությունը անգամ մեր առօրյա կյանքում: Պատերազմի տարիներին սիրում էինք կրկնել նրա խոսքերը՝ «Երբ պատերազմի դաշտում քեզ մենակ ես զգում, հե՛տ նայիր եւ կտեսնես, որ քո հետեւից գալիս են մեր բազում նահատակները»… Սա ասվում էր, եւ ազդեցությունն այնքան տեսանելի էր դառնում, որ մտքում անգամ փախչող զինվորը պատկերացնում էր, թե ինչպես է փախչելով բախվելու Նժդեհի, Անդրանիկի, Արաբոյի, Սերոբ Աղբյուրի, Գեւորգ Չաուշի, Հրայր Դժոխքի եւ այլոց հոգիներին, որ կանգնած են մարտադաշտում եւ մեր կողքին են…

Հրաշալի է, որ մի խումբ նվիրյալ հայորդիների ջանքերով Նժդեհի աճյունը Ռուսաստանի Վլադիմիր քաղաքի գերեզմանատնից բերվեց հայրենիք: Դա 1983թ. էր, եւ առ այսօր չեն դադարում ուխտագնացությունները մեծ հայի մասունքներին, որոնք վերաթաղված են Վայոց Ձորի Սպիտակավոր վանքի տարածքում, Սյունիքի Խուստուփ լեռան լանջին եւ Կապանի՝ Գարեգին Նժդեհի հուշահամալիրում…

Այդ ուխտագնացություններից մեկի ժամանակ ավանդական հուշագրքում գրեցի. «Փա՛ռք քեզ Նժդեհ, որ հա՛յ ես եւ փա՛ռք քեզ հայորդի, որ քո մեջ Նժդե՛հ ունես…»:

Այս մեծ հայորդին իրապես վառ օրինակ է անմնացորդ նվիրյալ հայ տեսակի, որ կարող է առաջնորդել եւ՛ հայ մարտիկին, եւ՛ հայ մշակին, եւ՛ հայ գործչին, եւ՛ հայ…

Ճանաչե՛նք եւ սիրե՛նք մեր Նախնյաց, քանզի ով անցյալը չգիտի՝ նա ապագա չունի, իսկ ներկան անորոշ է, անգույն ու սին…

Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

«Լուսանցք» թիվ 17 (407), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։