Մոսկվան չի սպասել ընդվզման – Միշտ կարծիք է եղել, թե հայերը մշտապես կմնան ռուսական ազդեցության տակ՝ վախենալով թուրք-ադրբեջանական (ավելացրած՝ վրացական) համատեղ հարձակումներից… Ոչ թե Արցախի անկախության ճանաչման, այլ՝ Հայաստանի հետ վերամիավորման ժամանակը…

«Իզվեստիա»-ն, հղում կատարելով հայկական դիվանագիտական շրջանակներում իր աղբյուրին՝ գրում է, թե հաշվի առնելով ապրիլյան «քառօրյա պատերազմը»՝ Հայաստանի ղեկավարությունը շատ է ռիսկի դիմում, «եթե որոշի ընդունել նման հայրենասիրական օրենքի նախագիծ»: Ռուսաստանյան լրատվամիջոցները շարունակում են անդրադարձել Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչմանը, «հայերը խանդավառությամբ են ընդունել նման նախաձեռնությունը, չնայած դեռ հաշվարկում են»,- նշում են զլմ-ները:

Կան վերլուծություններ էլ, որտեղ ռուս մտավորականները հանդես գալով, զարմանում են Ռուսաստանի արտաքին քաղաքականության անհեռատես որոշումների վրա: Այդ հոդվածներում մեծ սխալ է համարվում Ադրբեջանին ռուսական զենք վաճառելը, ինչը ռազմավարական գործընկեր Հայաստանին պիտի մղեր այլ հարթություն: Նմանօրինակ վերլուծություններում հայերը համարվում են անդավաճան բարեկամներ, որ ապացուցվել է դարե դար, իսկ Ադրբեջանի վրա հույս դնելը համարվել է խաբկանք: Ինչպես կարելի է Հայաստանը փոխարինել Ադրբեջանով. հարցնում են մտավորականները:

Բայց պիտի նշենք, որ Վլադիմիր Պուտինը չի սպասել հայկական նման դիմակայության, ինչը շարունակվելու դեպքում կվերածվի հակառուսականության:  

Քաղաքական խարդավանքները ազգությամբ հայերի դեմ Ռուսաստանումն նորություն չեն, բայց երբ դրանք կատարվում են ավելի լկտի ու հենց այն պահին, երբ ռուս զինվորականը Գյումրիում մի հայ ընտանիքի է գնդակահարում… Երբ ռուս դեսպանը անտեսում է Հայաստանում հակառուսական տրամադրությունները՝ կարծելով թե դրանք իրենց համար կլինեն անվնաս, ինչպես միշտ են եղել: Երբ ռուս պաշտոնյաները պարբերաբար փորձում են ռուսաց լեզուն Հայաստանում դարձնել երկրորդ պետական լեզու: Երբ Հայաստանը կրկին համարում են «ռուսական գուբերնիա»… Երբ Հայաստանի թշնամիներին խոստանում են լռեցնել հայերին, եթե ռուսական շահերը պաշտպանվեն տարածաշրջանում… Եթե այսպես շարունակվի, ապա համբերության բաժակը կլցվի, որին իսկապես չէին սպասում Մոսկվայում: Միշտ կարծիք է եղել, թե հայերը մշտապես կմնան ռուսական ազդեցության տակ՝ վախենալով թուրք-ադրբեջանական (ավելացրած՝ վրացական) հարձակումներից:

Բայց Հայաստանը կարողացավ շրջանցել բոլոր խութերը, հարաբերություններ հաստատել համաշխարհային բոլոր բեւեռների հետ, միաժամանակ դառնալ վստահելի գործընկեր, ինչն էլ հայությանը հնարավորություն տվեց դուրս գալ հավերժական թվացող լաբիրինթոսից եւ ուղիղ ճանապարհով քայլել դեպի ազգային նպատակները:

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ի թիվս միջազգային բազմաթիվ խնդիրների, անդրադարձել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջին սրացումներին: Լավրովը նշել է, որ իրենք մշտական կապի մեջ են հակամարտության կողմերի հետ: Նա երկակի ստանդարտների գործածմամբ է վերլուծել պատերազմը՝ չզատելով նախահարձակին ու պաշտպանվողին: Նաեւ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման վերաբերյալ Հայաստանի կառավարության եւ հայ պատգամավորների առաջարկած օրինագծին՝ նշելով, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը չի կարող լուծվել միակողմանի որոշմամբ, այլ դրա համար անհրաժեշտ է բոլոր շահագրգիռ կողմերի փոխպայմանավորվածությունը: Համոզմունք է հայտնել, թե «հակամարտության քաղաքական կարգավորումը այլընտրանք չունի, եւ որքան էլ բարդ լինի, հնարավոր է վիճահարույց հարցերի լուծումները՝ ներառել բոլորի կողմից ընդունելի փաստաթղթի մեջ»:

Սերգեյ Լավրովը մի քիչ չափավորել է ասելիքը Վիեննայում կայացած մեծ հանդիպումից հետո, որտեղ հասկացավ, որ Երեւանը, առավել եւս՝ Ստեփանակերտը չեն պատրաստվում ի կատար ածել ռուսական շահերը, որոնք միայն կվնասեն հայությանը:

Հիմա նույն հիստերիան չկա Մոսկվայում, ավելի զգուշավոր են, իսկ նախկինում նույն հիստերիան կար, ինչպես Բաքվում:

Ռուսաստանում  Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուի նման նաեւ Սերգեյ Լավրովն էր հայտարարում, թե «Լեռնային Ղարաբաղի ճանաչումը կնաշանակի թաղել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ձեւաչափը եւ ազդարարել նոր պատերազմի սկիզբ»:

Տակավին վերջերս Ավստրիայի մայրաքաղաքում Հայաստանի նախագահը հավաստեց, որ ԵԱՀԿ ՄԽ թշնամին Բաքուն է՝ Անկարայի դրդմամբ, իսկ Հայաստանը եղել ու մնում է միջազգային համատեղ որոշումների հետեւորդ ու տարածաշրջանում խաղաղությունը պաշտպանող կողմ:

Պարզապես պետք է հասկանանք, որ Արցախի ճանաչումը նշանակում է Հայաստանում Ռուսաստանի քաղաքականության ավարտը, ինչը կարող է ավարտական ընթացք ստանալ նաեւ տարածաշրջանում: Ահա թե ինչու են աղմկում Մոսկվայում: Վրաստանը բացառապես Արեւմուտքի կողմնակից երկիր է, Ադրբեջանը համաթուրքական նպատակների հետեւորդ է, եւ եթե Հայաստանն էլ բարի ճանապարհ մաղթի Ռուսաստանին, ապա հայտնի չէ, թե ե՞րբ այլեւս հնարավորություն կունենա Մոսկվան շարժեր անել Կովկասում: Ուրեմն՝ իսկապես Արցախի ոչ թե անկախության ճանաչման, այլեւ Հայաստանի հետ վերամիավորման ժամանակն է, որպեսզի ինչպես Ռուսաստանը, այնպես էլ բոլոր կողմերը հասկանան, որ տարածաշրջանում կա հայկական շահ եւ այն պաշտպանող կայացած երկիր:

Արման Դավթյան

«Լուսանցք» թիվ 17 (407), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։