Վտանգ, որ դեռ շոշափելի չէ – Թբիլիսին դեռ դաշնակցում է Անկարայի ու Բաքվի հետ… Հարկ է այլեւս գնալ վերամիավորման ճանապարհով եւ զուգահեռ մտածել մեր մյուս հայրենի տարածքների մասին…

«Լուսանցք»-ը նախորդ թողարկումներում անդրադարձել է ապրիլի 2-5-ը Վրաստանի Բաթումի նավահանգստում կանգնած թուրքական ռազմանավի մասին: Ըստ ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի, այդ ռազմանավը Թուրքիայում իր տեղակայման կետից դուրս է եկել ապրիլի 2-ի լույս 3-ի գիշերը եւ նախորոք վրացական իշխանություններից իրավունք է ատացել խարսխվել Բաթումում: Ինչպես մեկնաբանել է հայ արիների ղեկավարը, Անկարան Բաքվին դրդելով Արցախյան նոր պատերազմի, խոստացել է աջակցել ամեն ինչով: Չստանալով համաձայնություն՝ հայ-թուրքական սահմանն անմիջապես հատելու (այն ակնհայտորեն կհանգեցներ ՆԱՏՕ-ՀԱՊԿ, ավելի պարզ՝ ԱՄՆ-ՌԴ հակամարտության), թուրքերը որոշել են Վրաստանի տարածքով արագ տեղաշարժվել Ադրբեջան եւ այդ երկրի զինուժի հետ հանդես գալ որպես ադրբեջանցիներ… Արմեն Ավետիսյանը չի բացառել, որ ադրբեջանական զինուժի հաջողության դեպքում, եթե ապրիլի 3-ին մոտենային Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտին (ինչը ծրագրված է եղել ու հանդիսացել է լայնածավալ հարձակման 1-ին փուլի հաղթական ավարտը), ապա նաեւ չէր կարելի բացառել, որ թուրքական ուժերը, որ Ադրբեջան պիտի շտապեին, հենց Ջավախքից մտնեին Հայաստան: Սա, ըստ Արմեն Ավետիսյանի, կարող էր լինել այն ժամանակ, եթե ԱՄՆ-ում ընթացող ատոմային հարցերով համաժողովում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները լուր ստանային, թե Ստեփանակերն ընկած է… Անկարան  այդժամ հաստատ կփորձեր լուծել նաեւ Ջավախքի հարցը՝ առանց Վրաստանի կամքը հարցնելու, միաժամանակ կշոշափեր Հայաստանի սահմանները:  

Այս մի քանի օրյա պատերազմը մեծ նշանակություն ուներ Անկարայի ու Բաքվի հետագա ծրագրերի համար: Վերոնշյալ տարբերակով, եթե անգամ Հայաստան չմտնեին, ապա Արցախի որոշ տարածքներ կբռնազավթվեին վերստին, իսկ Ջավախքը վրացական թուրքաբնակ Մառնեուլի շրջանի հետ կմիանար Ադրբեջանին: Հայ արիների ղեկավարի կարծիքով՝ հետագա բոլոր բողոքները միջազգային ասպարեզում դառնալու էին մինչ այսօր առկա ավելի քան 100-ամյա պատմություն ունցող հարցերը լրացնող նոր խնդիրներ: Բայց Հայաստանի Մեղրին այդպես էլ չկարողացան անգամ «Լաչինի միջանցքի» ժամանակներում վերցնել, ինչը հիմա ավելի դժվար է (կար ամերիկացի Պոլ Հոբլի՝ «Լաչինի միջանցքը»՝ «Մեղրիի միջանցքի» դիմաց ծրագիրը): Այսօր թուրքերն ավելի հեշտ լուծելի են համարում Վրաստանով անմիջական կապ ստեղծել Ադրբեջանի հետ, քան՝ Հայաստասնով, որին շարունակում են «անիծյալ սեպ» համարել համաթուրանականության ճանապարհին:

Ինչու ենք հենց այս տարբերակը շատ հավանական համարում, որովհետեւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փորձում է իրականացնել նվազագույնը նորօսմանական, իսկ առավելագույնը՝ «Մեծ Թուրանի» ծրագիրը: Սա անգամ Արեւմուտքի երկրներին ու Ռուսաստանին է զգոնացրել:

Այս վտանգը բազմակողմանի է եւ շատերին է անհանգստացնում: Երեւանի պետական համալսարանի գրադարանի Հունագիտական կենտրոնում մայիսի առաջին կեսին տեղի ունեցավ «Ջավախքի աշխարհագրական դիրքն ու նշանակությունը ՀՀ-ի համար» խորագրով դասախոսություն-քննարկում։ Այն կազմակերպել էր «Ջավախք» ուսանողական միությունը, եւ թեման ներկայացրեց  ԱԺ պատգամավոր, ԵՊՀ դասախոս Շիրակ Թորոսյանը։ Նա շեշտեց, որ յուրաքանչյուրի համար, բնականաբար, շատ կարեւոր է իմանալ իր հայրենի բնօրրանի կարգավիճակը եւ աշխարհաքաղաքական դերն ու նշանակությունը ոչ միայն  տվյալ տարածաշրջանի, այլ նաեւ Վրաստանի ու Հայաստանի համար։

Նա նախ խոսեց Ջավախքի առկա վիճակի մասին, նշեց, որ լինելով ջավախքցի, «բոլորս շատ լավ գիտենք այնտեղի բնական ռեսուրսները՝ գետերը, լճերը, անտառները, բնակլիմայական պայմանները եւ տեղյակ ենք, որ տարածաշրջանը գլխավորապես գյուղատնտեսական է», ապա արծարծեց այն հարցը, թե ի՞նչ քայլեր է անում Վրաստանը տարածաշրջանի գյուղատնտեսության զարգացման համար։ Ըստ նրա՝ թե՛ Վրաստանը եւ թե՛ Հայաստանը աչքի չեն ընկնում տնտեսական զարգացմամբ, հատկապես՝ գյուղատնտեսության։ Դա գալիս է պետությունների ունեցած հնարավորություններից, այսինքն՝ պետության աջակցությունը խիստ չափավոր է, ինչն էլ անդրադառնում է գյուղատնտեսության ոչ պատշաճ զարգացման վրա։ Իսկ Վրաստանում, երբ 2006թ. դրվեց ռուսական ռազմաբազայի դուրս բերման խնդիրը, այն ուղղակիորեն առաջացրեց ջավախցիների բողոքը երկու տեսանկյունից. նախ, որ այդ ռազմաբազան մատակարարվում էր տեղացիների բնամթերքով եւ երկրորդը, որ վերացավ ջավախքցիների հասարակական-քաղաքական, ազգային ապահովության զգացումը։ Այդ ժամանակ իշխանությունը կարծես համոզեց ջավախքցիներին՝ հանգուցալուծում տալով հետեւյալ կերպ,  որ, եթե մինչ այդ տեղացիները միայն ռուսական ռազմաբազային են մթերք մատակարարում, ապա դրանից հետո խոստանում էր վրացական ողջ բանակի համար մատակարարումը իրականացնել միայն Ջավախքից։ Բնականաբար, այդպես չեղավ, եւ իշխանությունը, մեղմ ասած, «խաբեց» Ջավախքի բնակչությանը։ Ավելին, ըստ հայ պատգամավորի, այդ ժամանակ պետությունը սկսեց կարտոֆիլ ներմուծել Թուքիայից։ Իսկ այսպիսի քաղաքականությունը բնականաբար վատ է անդրադառնում ամբողջ Վրաստանի գյուղատնտեսության վրա։ Ըստ նրա, եթե փոքր-ինչ վերլուծենք տարածաշրջանային իրողությունները, ապա կարելի է համոզվել, որ Հայաստանը չի կարող թշնամի Վրաստան ունենալ եւ ընդհակառակը, Վրաստանը՝ թշնամի Հայաստան։ Բանախոսը քարտեզի օգնությամբ ցույց տվեց Ջավախքի այն հատվածները, որոնք Հայաստանի համար դեպի արտաքին աշխարհ երաշխավորված ելք են եղել՝ Ախալցխայից դեպի Բաթումի նավահանգիստ։ Այսինքն՝ Ջավախքը Հայաստանի հյուսիսային դարպասն է դեպի աշխարհ։

Բայց այս մասին լավ գիտեն նաեւ վրացիները, թուրքերն ու ադրբեջանցիները եւ դարեր շարունակ պարբերաբար փորձում են Ջավախքը հեռու պահել Հայաստանից: Ըստ Շիրակ Թորոսյանի, Ջավախքի աշխարահաքաղաքական դիրքը լուրջ խաղաքարտ է Հայաստանի ձեռքում՝ չնայած տարածքը Վրաստանի կազմում է։ «Լինելով հայաբնակ տարածք՝ այն քաղաքական ազդակ է, սակայն այսօր Ջավախքի հայապահպանության հարցը անտեսված է Հայաստանի կողմից, իսկ Թուրքիան իր պայքարը հայերի դեմ սկսել է հենց Ջավախք տարածաշրջանից։ Ու հենց տնտեսական ներխուժմամբ՝ խոսելով «բարգավաճ կյանքի» մասին:

Հայաստանն ու Վրաստանը ջերմ փոխհարաբերություններ պահպանելու համար պետք է համատեղեն ջանքերը, ինչպես Իրան-Հայաստան-Վրաստան-Սեւ ծով-Եվրոպա գազատարի դեպքում է: Թե չէ, Վրաստանը ամենուր Թուրքիա-Ադրբեջան եղբայրության մեջ է՝ որպես երրորդ եղբայր, անգամ ռազմական:

Տնտեսապես ամրանալով Ջավախքում՝ թուրքերը հեռահար նպատակներ ունեն: Նրանք երբեմն շահարկում են թուրք-մցխեթների՝ Ջավախքում բնակեցնելու հարցը: Թբիլիսիում կարծում են, թե ջավախքահայերի դեմ պայքարի լավագույն ձեւը երկրամասի թուրքացումն է (չկարողացան վրացականացնել), սակայն սխալվում են, թուրքացման դեպքում վերանշյալ ծրագիրն ինքնաբերաբար ի կատար կածվի՝ Թուրքիա-Ջավախք-Մաչնեուլի-Ադրբեջան: Մինչեւ Վրաստանը կզգա, թե ինչքան տարածք է կորցնում (ցուցե նաեւ Աջարիան, որի վրա Անկարան վաղուց աչք ունի)՝ Աբխազիան ու Հարավակին Օսիան կորցնելու ժամանակները երանելի կհամարի:

Կարեւորը՝ մենք զգոն լինենք եւ մեր հողերին՝ տեր: Եվ Արցախի անկախությհան ճանաչումը ոչինչ չի փոխի այս իրավիճակում: Հարկ է այլեւս գնալ վերամիավորման ճանապարհով եւ զուգահեռ մտածել մեր մյուս հայրենի տարածքների մասին:

Հայկ Թորգոմյան

«Լուսանցք» թիվ 17 (407), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։