Մեր պահանջատիրության փուլը – Գերմանիայի Բունդեսթագն էլ Հայոց ցեղասպանության մասին բանաձեւ հաստատեց… Արեւմուտքը պատժու՞մ է Անկարային, թե՞ պատրաստվում է աշխարհի նոր վերաբաժանմանը…

Հունիսի 16-ին Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատը կքննարկի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցըԸստ Բրիտանիայի խորհրդարանի պաշտոնական կայքում տեղադրված օրակարգի, Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը կքննարկվի Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատում: Հունիսի 16-ին Լորդերի պալատի անդամ, Բարոնուհի Քերոլայն Քոքսը բանավոր կներկայացնի «Հայերի, հույների եւ ասորիների 1915թ. կոտորածները որպես ցեղասպանություն ճանաչելու» հարցը

* * *

Գերմանիայի Բունդեսթագն ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը, որն ընդունվել է գրեթե միաձայն՝ ընդամենը 1 դեմ, եւ 1 ձեռնպահ ձայներով: «1915թ. հայերի եւ մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակի եւ ոգեկոչման մասին» անվանմամբ բանաձեւը կյանքի իրավունք ստացավ: Ելույթ ունեցողները միաձայն ընդգծել են անցյալի հետ առերեսման անհրաժեշտությունը, նաեւ՝ Հայաստանի ու Թուրքիայի հաշտեցման գործընթացին նպաստելու մղումները: Բունդեսթագում բարձրաձայնվել է Օսմանյան Թուրքիայի ոճրագործության մասին՝ նշելով, որ Գերմանիայի քայլը ոչ թե հայց է եւ մեղադրանք, այլ խոնարհում զոհերի հիշատակի առջեւ:  

Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամերտը հայտարարել է խիզախության դրսեւորման եւ անցյալի մութ էջերի հետ առերեսվելու անհրաժեշտության մասին: «Անցյալի հետ առերեսումը մեզ համար կարող է ցավոտ լինել, սակայն միեւնույն ժամանակ կարող է լինել ազնիվ ու ինքնաքննադատական մոտեցում սեփական անցյալի նկատմամբ: Դա կարեւոր է այլ պետությունների հետ հարաբերությունների կառուցման տեսանկյունից, որի համար պետք է խիզախություն՝ փոխըմբռնման եւ հաշտեցման հասնելու համար»,- ասել է նա: Բանաձեւը համատեղ կազմել ու ներկայացրել են իշխող կոալիցիայի մաս կազմող Քրսիտոնեա-դեմոկրատական միություն եւ Քրիստոնեական-սոցիալական միություն, Սոցիալ-դեմոկրատական եւ ընդդիմադիր Կանաչների կուսակցությունները:  

Գերմանիայի խորհրդարանը դեռեւս 2005թ. ընդունել է 1915թ. Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային բնաջնջման, էթնիկ զտումների եւ աքսորի մասին բանաձեւ, որում սակայն նշված չի եղել «ցեղասպանություն» եզրույթը: Դիրքորոշման մեջ շրջադարձ տեղի ունեցավ 2015թ. ապրիլի 20-ին՝ Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ – Վալտեր Շտայնմայերի եւ կանցլեր Անգելա Մերկելի խոսնակ Շտեֆան Զայբերթի հայտարարություններից հետո: Իսկ երկրի նախագահ Յոահիմ Գաուկն ապրիլի 23-ին Բեռլինի Մայր տաճարում կայացած Հայոց ցեղասպանության հիշատակի արարողության ժամանակ իր ելույթում հայերի կոտորածները «ցեղասպանություն» է որակել. «Այդ հայերի ճակատագիրը պատմության մեջ զանգվածային ոչնչացման, էթնիկ զտման, կոտորածի, այո, Ցեղասպանության հստակ օրինակ է, որոնցով 20-րդ դարը հիշվում է «սարսափելի ձեւով»: Այսպիսով, Գերմանիայի նախագահի խոսքերով՝ «մենք խոսում են հրեաների Հոլոքոստի հետ այս իրադարձությունների միանմանությունից, Հոլոքոստի, որի համար Գերմանիան պատասխանատվություն է կրում»:

2015թ. ապրիլի 24-ին Բունդեսթագում քննարկման դրվեց 1915թ. Օսմանյան կայսրությունում հայերի Ցեղասպանությունը ճանաչող նոր բանաձեւ: Նիստը բացեց Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամերթը, ով 1915թ. Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած պատմական դեպքերն անվանեց Ցեղասպանություն: Տարբեր կուսակցական խմբակցությունների ղեկավարներ եւս հայանպաստ հայտարարություններ արեցին՝ ընդունելով կատարվածը: Սակայն բանաձեւի քվերակությունը հետաձգվեց անորոշ ժամանակով:

Բունդեսթագում Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի քննարկմանը ներկա էին Գերմանիայում Հայաստանի եւ Թուրքիայի դեսպանություններից ներկայացուցիչներ։ Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամմերտը քննարկման սկզբում ողջունել է նրանց։ «Խորհրդարանը պատմական հանձնաժողով չէ եւ ոչ էլ դատարան։ 101 տարի առաջ հայերի եւ քրիստոնյա մյուս փոքրամասնությունների հետ կատարվածում մեղավոր է նաեւ Գերմանիան»,- ասել է նա։ Գերմանիայի ընդդիմադիր «Ձախերի» կուսակցության առաջնորդ Գրեգոր Գիզին նշել է, որ 100 տարի առաջ Թուրքիայի կատարածը պետք է ճիշտ անունով կոչել. «Այն, ինչ արել են հայերի, ասորիների, Պոնտոսի հույների հետ, երբ 1,5 մլն մարդ է զոհվել, այլ կերպ կոչել չենք կարող, քան ցեղասպանություն»։

Հիշեցնենք, որ  2008թ. հայտնի քաղաքական գործիչ Ռյուդիգեր Ֆրոհնը Բեռլինում շարունակվող «Միջազգային լրագրողական ծրագրի» շրջանակներում հնչեցրել է այն միտքը, որ «Գերմանիան Հայաստանի հետ իր հարաբերությունները կառուցում է՝ համաձայն իր վարած արտաքին քաղաքականության: Հայոց ցեղասպանությունը Բունդեսթագը ճանաչել է այդ քաղաքականության շրջանակներում՝ հաշվի առնելով Թուրքիայի հետ իր սերտ գործակցությունը»: Նման մեկնաբանություն է տվել Գերմանիայի նախկին պետքարտուղարը, եւ հավելել, որ «միմյանց հետ հակամարտություն ունեցող երկրների հետ հարաբերություններ կառուցելիս Գերմանիան ձգտում է պահել հավասարակշռություն, ըստ որի՝ հաշվի են առնվում ինչպես այդ երկրի, այնպես էլ դրա հարեւանների դիրքորոշումները»:

Ըստ երեւույթին, Գերմանիան փորձելու է մեծացնել քաղաքական կշիռն աշխարհում եւ չի խուսափում գնալ անգամ քաղաքական առճակատումների ճանապարհով: Զուր չէ, որ վերոնշյալ գործիչը նշել է, թե՝ «հաճախ մենք նաեւ, այսպես կոչված, բանախոսներ ենք ուղարկում այս կամ այն երկիր՝ հստակեցնելու մեր հետագա դիրքորոշումները հակամարտ իրավիճակներում, այդպես ավելի հաճախ է լինում նախկին ԽՍՀՄ երկրների հետ հարաբերություններում»:

Անկարա-Բեռլին հարաբերություններում արդեն սառնություն է նկատվում: Հատկապես այն բանից հետո, երբ Բունդեսթագում տեղի ունենալիք քննարկմանն ընդառաջ, մայիսի 31-ին վերոնշյալ օրինագիծը դրվել է փորձնական քվեարկության, որին մասնակցել է նաեւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Վերջինս փորձնական քվեարկության ընթացքում կողմ է քվեարկել օրինագծի ընդունմանը:

Մինչ Բունդեսթագում քննարկում էր, գերմանաբնակ թուրքերը կոչ էին անում դեմ քվեարկել Հայոց ցեղասպանության մասին բանաձեւին: Ցույց էին կազմակերպել Բեռլինում եւ բարձրացրել էին Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշները եւ պաստառներ հետեւյալ գրություններով՝ «Պատմությունը պետք է թողնվի պատմաբաններին», «Ոչ Ցեղասպանության ստին», «Խորհրդարանները լիազորված չեն»:

Ցույց են արել նաեւ գերմանահայերը, ովքեր բոլորովին այլ ցուցապաստառներ էին բարձրացրել եւ վերջում ողջունել են ընդունված բանաձեւը ու հայկական քոչարի բռնել հայերին սատարող գերմանացիների հետ: Ոստիկանությունը ուժեղացված միջոցների է անցել, որպեսզի թույլ չտա անկարգություններ: Իսկ Անկարայից արդեն ահաբեկել են, թե Գերմանիայում ավելի քան 3 մլն թուրք կա, ու գերմանացիները կզղջան այս քայլի համար:

Մինչ այս, Սերժ Սարգսյանը Bild պարբերականի հետ զրույցում, անդրադառնալով հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագծին, ասել էր, որ Հայաստանի համար շատ կարեւոր է այդ ճանաչումը, ինչպես նաեւ՝ նման հանցագործության չկրկնվելը. «Գերմանիան առանձնահատուկ պատասխանատվություն է կրում եւ պարտավոր է պաշտպանել արժեքները»:

Նարե Մշեցյան

«Լուսանցք» թիվ 18 (408), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։