Հայոց Հայրենիքը միայն հողեղեն երեւույթ չէ, այն նաեւ Հայի Հոգու մեջ է – Հայի Հայրենիքը՝ Հայկական Լեռնաշխարհը մեկ ամբողջություն՝ Արարչատուր Հավերժական Երկիր է, որը նաեւ Աստվածների ԲՆակատեղի է… Մարդկանց եւ Աստվածների Սրբազան Ուխտի Երկիր…

http://www.hayary.org/wph/?p=5620#more-5620 Բաքուն մեզ դրդում է ավելի շատ տարածքներ ազատագրե՞լ – Բանակցություններին վերադարձը՝ Հայաստան, Ադրբեջան եւ Արցախ ձեւաչափին…

http://www.hayary.org/wph/?p=5621#more-5621 - Նախիջեւանը՝ համահայկական եւ համաթուրքական առճակատման թատերաբեմ… Մեղրիի միջանցքի նոր տեսլականը եւ Սյունիքի շուրջ հնարավոր զարգացումները… Ջավախքը հաստատ հայապատկան երկրամաս է, ինչը պատմական փաստ է, իսկ Վրաստանի բարեկամ երկիր լինելը մեղմ ասած՝ դեռ հաստատ չէ… Բանակցությունների սեղանին պետք է դրվի Արցախից բռնազավթված տարածքների հարցը… Տարածքը համարվում է հանձնված, եթե կա գրավոր համաձայնություն…

Այն, որ Հայրենիքը ամբողջական հասկացողություն է, պիտի որ որեւէ մեկի մոտ կասկած չառաջացնի: Հայաստանի Հանրապետությունը մեր Հայրենիքի՝ Հայկական լեռնաշխարհի 1/10-րդ մասից էլ փոքր մի հայրենաշունչ հատված է: Եթե գումարենք տարածաշրջանում մեր երկրորդ՝ Արցախի Հանրապետության եւս մեկ հայրենաշունչ հատվածը, ապա թերեւս բավարարենք 1/10-րդ մասին վերատիրելու փափագը: Բայց եւ՛ արեւմուտքից, եւ՛ արեւելքից, եւ՛ հյուսիսից, եւ՛ հարավից մենք մեր Հայրենիքի օտարաշունչ (խոսքը՝ օտար պետության մաս լինելու մասին է) հատվածներին վերատիրելու աննահանջ խնդիրն ունենք:  Այսինքն՝ Հայրենիքն ամբողջացնելու հարցը հայության գերնպատակն է:

Ուստի՝ այսօր այս կամ այն չափի հայապատկան հողակտորի մասին խոսելիս պիտի հասկանալ, որ խոսքը պարզապես մի հողամասի մասին չէ, խոսքը՝ հոգի ունեցող հողի մասին է: «Մեր Ազգի Երկնային Պարգեւ՝ Երկրային Մարմնի մասին է,- ասում են հայ արիները եւ հավելում,- Ազգը Հոգին է, Հայրենիքը՝ Մարմինը, իսկ Հայրենաշունչ Պետությունը՝ Միտքը՝ Հոգին Մարմնում ամուր պահելու եւ Հայի Առաքելությունը նաեւ Երկրում իրականացնելու համար»… Հայ արիները նաեւ ասում են, որ «Հայրենիք-Ազգ-Պետություն երրորդությունը համեմատոական է Մարմին-Հոգի-Միտք արարչական երրորդությոն հետ, որը սրբազան մի երրորդություն է նաեւ արարչածին մարդ տեսակի աստվածահաս գոյության համար»…

Այսինքն, այն ինչ տրված է ի վերուստ, չի կարող հարազատ ու պաշտելի չլինել: Այն, ինչ տրված է ի վերուստ, պիտի պաշտպանել: Դիցուկ՝ հայերիս համար Ազգը եւ Հայրենիքը պիտի միասնական ու ամբողջական լինեն, իսկ Հայոց պետությունը պիտի շարունակի ծառայել նույնիսկ Հողահավաքն ու Ազգահավաքը ավարտած հայության նպատակներին:

Այս օրերին անընդհատ շահարկվող 800 հեկտար հայրենի հողի մասին է խոսքը, որի «հողեղեն» շահարկումները հիմնականում զուրկ են «հոգեղեն» պատկերացումներից:  

Այո, այս դեպքում հողի մասին խոսակցությունը կարող ենք դիտարկել իբեւ շահարկում: Իսկ հայրենիքը շահարկման առարկա չէ, մեր հայրենիքը մեզ տրված է Արարչի կամոք ու մեր Աստվածների կողմից եւ այն չի կարող երբեւէ վաճառվել կամ օտարվել մաս-մաս… Ավելին՝ հայրենիքը հանրաքվեով չի տրվել, որ այսօր Արցախի հարցում մի նոր հանրաքվե են պահանջում… Ինչը վաղը կպահանջեն Նախիջեւանի, Ջավախքի կամ Արեւմտյան Հայաստանի այս կամ այն հայապատկան հատվածի համար… Իսկ որ ամենազազրելին է, հանրաքվեն պիտի պահանջեն արդեն հայաթափ եղած մեր տարածքներում բռնությամբ հաստատված այս կամ այն արնախում մարդատեսակից, որ միլիոններով ցեղասպանել է բնիկ հայերին…

Այս առումով հետզհետե ավելի վստահ են հնչում երկրի նախագահի խոսքերը. «Ուզում եմ, վստահ լինեք, որ մենք երբեք որեւէ մեկին թույլ չենք տա վերաշարադրելու պատմությունը, վերադասավորելու իրադարաձությունները»,- Հաղթանակի զբոսայգում կազմակերպված զինվորական վրանային ճաշի սեղանի շուրջ հավաքված վետերաններին ուղղված խոսքում ասել էր Սերժ Սարգսյանը, ապա ավելացրել՝ «Մայիսյան եռատոնը բոլորիս հաղթանակն է եւ ուզում եմ մի բանում էլ վստահ լինեք, որ ինչպես դուք եք պաշտպանել այն ժամանակների մեծատարածք հայրենիքը, ձեզնից հետո եկող սերունդները նույնպես պաշտպանել եւ պաշտպանելու են մեր դեռ փոքրատարածք, բայց շատ թանկագին հայրենիքը»:

Հայաստանի եւ Արցախի նախագահները պարբերաբար կրկնում են, որ մենք որեւէ տարածք չունենք զիջելու, ինչը եւս հուսադրում է, որ մեր ռազմաքաղաքական հայացքը միշտ առաջ է նայելու: Հայկական երկու Հանրապետությունների արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Կարեն Միրզոյանը ավելի հաճախակի են դարձրել հանդիպումները, ինչը հուշում է, որ կատարվում է Սերժ Սարգսյանի հրամանը՝ հայկական պետությունների համատեղ պաշտպանության եւ քաղաքականության համակարգ ստեղծելու առումով:

Այսինքն՝ շուտով պայմանագրային իրավունքներով կօժտվեն փոխադարձ օգնության քայլերը, ինչը կարծես նախապատրաստական փուլ է՝ միասնական համակարգի անցնելու համար, եթե Հայաստանը ճանաչի Արցախի անկախությունը կամ, որ ավելի լավ է՝ կօրինականացնի հայկական Հանրապետությունների վերամիավորման հարցը:

Իսկ հայկական զինուժը պիտի այլեւս մտածի նոր տարածքներ ազատագրելու մասին, ինչը պետք է զգա նաեւ մեր թշնամին: Ինքնապաշտպանության վրա հենված ռազմա-քաղաքական հայեցակարգը միշտ սպասողական վիճակի մեջ է պահելու հայությանը, թե հանկարծ ադրբեջանական կողմը սպառնալիքից կանցնի Ստեփանակերտի ռմբակոծմանը: Հասկանալի է, որ այս դեպքում մեր արձագանքը լինելու է անհամաչափ եւ ավելի ցավոտ, բայց ինչու՞ միայն հետո…

Ազատամարտիկները վաղուց են ասել եւ շարունակում են պնդել, որ «արդեն հերիք է, ոչ մեկին չենք լսելու, այս անգամ ոչ մեկ մեզ չի կանգնեցնելու… մենք պատրաստ ենք, ոչ միայն հակահարված տալու…»:

Եվ հազարավոր փորձառու տղաներ կրկին ոտքի կկանգնեն: Իհարկե, հասկանալի է, որ կան ուժեր, որ դեմ են պատերազմի վերսկսմանը, քանի որ տնտեսական շահեր են հետապնդում տարածաշրջանում, սակայն եթե մենք ուժեղ դիրքերից խոսենք, ապա այդ ուժերը հաշվի կնստեն մեզ հետ:

Շարունակվում է քննարկվել Վիեննայում Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարների մասնակցությամբ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը՝ ով ում կողքին էր նստել, ով էր ավելի աշխույժ զրուցում, անգամ կատակներ անում, ով էր մռթնել եւ այլն, բայց սրանք արդեն էական չեն: Շատ կարեւոր են նաեւ իրավիճակային լուծումները, բայց տարածաշրջանային վերաձեւումները սարերի ետեւում չեն եւ նոր քարտեզների վերագծման ու աշխարհաքաղաքական որոշումների մեջ պիտի մտնել:

Դրա համար իրավիճակային լուծումները կարեւոր են ինքնադրսեւորման ու պետությունների շահերի հետ առնչվելու տեսանկյունից:

Այլ կերպ ասած՝ Մինսկի խմբի համանախագահները ոչ թե պիտի հայտարարեն, թե «ի գիտություն ընդունեցին քառօրյա պատերազմի արդյունքները եւ առաջ անցան», այլ՝ պիտի ամրագրեն տարածաշրջանում միայն իր (իմա՝ թուրքական) շահերով առաջնորդվող Ադրբեջանի եւ նրա մեծ եղբայր Թուրքիայի ապակայունացնող քաղաքականությունը եւ ծավալապաշտական հակումները, ինչը կարող է հանգեցնել ոչ միայն Հայաստանի, այլեւ համաշխարհային բեւեռների շահերի հետ բախման…

Կարեւոր է նաեւ ուժի ճիշտ ու գրագետ ցուցադրումը, ինչը կարողանում է անել հայկական բանակը: Այսինքն՝ Հայաստանը կարող է լինել տարածաշրջանի կարգավորիչ դերակատարը, հատկապես, որ բացի իր բնական հայրենիքից այլ «ծավալապաշտական» հակումներ չունի, իսկ կայացած ու մարտական զինուժը օգտագործում է հատկապես խաղաղարար նպատակների համար:

Մնում է ճիշտ խաղալ: Իսկ նախագահ Սերժ Սարգսյանը թերեւս ապացուցել է, որ կարողանում է համադրելի եզրեր գտնել համաշխարհային կայացած եւ կայացման գնացող բեւեռների հետ:

Բայց այստեղ նաեւ համահայկական աջակցության խնդիր կա, ինչը ցայսօր ամբողջական չի գործում, համակարգված չէ: Իսկ ամեն բան արդեն պիտի համահայկական բնույթ ստանա…

Հայկ Թորգոմյան

«Լուսանցք» թիվ 18 (408), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։