Հատուկ զորանոց՝ ահաբեկիչ դարձող ադրբեջանցիների համար… Ադրբեջանի ռազմական ծախսերը (1914-1916թթ.)… Քեռի Սեմի ոչինչ չասող խոսքը Բաքվին – Նորից ԼՂ-ի պատկանելության եւ Սարսանգի ջրամբարի կառավարման շահարկումը…

Հատուկ զորանոց՝ ահաբեկիչ դարձող ադրբեջանցիների համար

Պարսկալեզու «Արան» գործակալությունը հրապարակել է մի տեղեկություն, որում ասվում է, թե Իսլամական պետությունը հրապարակել է տեղեկություն այն մասին, որ իրենք ստեղծել են մի հատուկ զորանոց, որտեղ մարզում են Ադրբեջանից եկած քաղաքացիներին: Այս զորանոցը ստեղծվել է Իրաքի ու Սիրիայի սահմանագծին:

Զորանոցը կոչվում է «Քամփ Աբու Իսա»: Այն Իսլամական պետության գրավյալ տարածքի Ալջազիրա վիլայեթում է: Իսլամական պետության հրապարակած նյութում մասնավորապես ասվում է, որ այս զորավարժարանում Ադրբեջանից եկածներին սովորեցնում են տարբեր զենքերի գործածումը, վահաբականության գաղափարախոսությունը եւ այլ ռազմական դասընթացներ:

Ֆիլմը, որը զուգորդում է այս նյութը, հետաքրիր է նրանով, որ բոլոր դասնթացները անցնում են մաքուր ադրբեջաներենով թուրքերեն առոգանությամբ:

«Արան» գործակալությունը հաղորդում է, որ այս եւ նմանատիպ ահաբեկիչները ավարտել են այն դպրոցները, որոնք ֆինանսավորվում են Սաուդիան Արաբիայի, Քաթարի, Քուվեյթի եւ Ադրբեջանի կառավարությունների կողմից: Այս հրապարակման առնչությամբ «Ռադիոլուր»-ը

մեկնաբանություններ է խնդրել թուրքագետ Վազգեն Պետրոսյանից: «Այս տեղեկությունն առաջին անգամ հրատարակել է «Արան» գործակալության կողմից 2015թ. սեպտեմբերի 21-ին: Եվ այն ժամանակ իրենք հրատարակեցին նկարներով ու փաստերով, որ Ադրբեջանից գնացող հատուկ կամավորները մարզվում են ԻԼԻՊ-ի կազմում եւ նրանք ավարտել են այն դպրոցը, որը ֆինանսավորվում է Ադրբեջանի կառավարության կողմից:  

Այդ դպրոցները Ադրբեջանի կառավարությունը հատուկ ստեղծել է շիականության դեմն առնելու համար: Եվ այդտեղ ավարտած երեխաների մեծ մասը իրենք միացել են «Իսլամական պետությանը»:

Պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ սրանք այն երեխաներն են, որոնք իրենց ուսումը ստացել են Ադրբեջանի կառավարության կողմից ստեղծված եւ ֆինանսավորվող դպրոցներում, որոնք այսօր էլ  մասնակցում  են ղարաբաղյան պատերազմին»:

Այսպես Ադրբեջանը փորձում է դառնալ տարածաշրջանի ահաբեկչության հովանավոր մի երկիր, ինչը, նրանց կարծիքով, թույլ կտա հաղթել Հայաստանին եւ դառնալ Կովկասի թելադրող պետությունը:

Սեփ. լրատվություն

* * *

2015թ. Ադրբեջանը բյուջեից 3,3 մլրդ 221,4 մլն մանաթ կամ մոտ 4,2 մլրդ դոլար էր հատկացրել պաշտպանության ոլորտի ծախսերին: Այն ներառում է ԶՈւ, Պետական սահմանապահ ծառայության, զորակոչի ու մոբիլիզացման պետծառայության, պաշտպանական արդյունաբերության նախարարության, ազգային անվտանգության նախարարության, ներքին զորքերի, պահնորդական հատուկ պետական ծառայության ծախսերը, ինչպես նաեւ պաշտպանական նշանակության տարբեր հատուկ միջոցառումների ու նախագծերի համար հատկացվող միջոցները:

Բուն պաշտպանական ոլորտին այդպիսով բաժին է ընկնում հայտարարված գումարի միայն կեսը՝ 1,651 մլրդ մանաթ կամ 2,116 մլրդ դոլար: 2014թ. ծախսերի համեմատ պաշտպանության ոլորտին հատկացված ծախսերը ավելացել են 13,5%-ով:

Իսկ 2016թ. պայմանավորված նավթի գների կտրուկ անկմամբ, Ադրբեջանի ռազմական բյուջեն կրճատվել է եւ հաստատվել մոտ 1,838 մլրդ մանաթ կամ մոտ 1,767 մլրդ դոլլար: Կրճատվել են նաեւ նոր զինատեսակներ գնելու համար նախատեսված միջոցները:

Քեռի Սեմի ոչինչ չասող խոսքը Բաքվին

Ադրբեջանական զլմ-ների փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահի վարչակազմը պատասխանել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Սպիտակ տան պաշտոնական կայքում ադրբեջանցիների նախաձեռնած հանրագրին: Իբր Սպիտակ տան հայտարարության մեջ նշված է, որ. ԼՂ շրջակա տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանին…

«Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող՝ ԱՄՆ-ն կողմնակից է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ եւ երկարաժամկետ կարգավորմանը»,- ասվում է Սպիտակ տան հաղորդագրությունում՝ ի պատասխան 331,914 ստորագրություն հավաքած հանրագրի:

«Մենք շարունակում ենք զսպվածության կոչ անել հակամարտության կողմերին եւ անհապաղ հակամարտության համապարփակ կարգավորման բանակցություններ սկսել, որը կներառի Լեռնային Ղարաբաղի շրջակա տարածքների վերադարձ Ադրբեջանին եւ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշում»,- ասվում է Սպիտակ տան պատասխանում:

Անդրադարձ է կատարվել նաեւ ԼՂ Սարսանգի ջրամբարին, որի վերաբերյալ ադրբեջանական կողմն անհիմն մեղադրանքներ է հնչեցնում, թե իբր ղարաբաղյան կողմն արգելափակում է ջրի հոսքը Ադրբեջան:

«Սարսանգի ջրամբարի կառավարումն ու սպասարկումը հումանիտար խնդիրներից մեկն է: Մենք ողջունում ենք ջրային ռեսուրսների կառավարման հարցի եւ ջրամբարի զննության շուրջ քննարկումների վերաբերյալ կողմերի տեխնիկական մասնագետների հանդիպումը: Համանախագահները պատրաստ են նպաստել նման հանդիպմանը»: Նշվում է, որ ԼՂ հակամարտության կարգավորումը կախված է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների քաղաքական կամքից:

«Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր՝ մենք կշարունակենք տարածաշրջանում խաղաղության եւ բարգավաճման հաստատման ուղղությամբ մեր ջանքերը»,- ասվում է Սպիտակ տան հաղորդագրության մեջ:

«Լուսանցք» թիվ 20 (410), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։