Եղավ այն, ինչի մասին արդեն գիտեինք՝ թուրքերն ու ռուսները էլի եղբայրացան… Եվ երգը փոխվեց, երբ խեղկատակն այն կատարեց՝ Ժիրինովսկին փտախտի շեմին… Հայկական բանակն անհամբեր սպասում է՝ հաջորդ սադրանքի պատասխանը պիտի ստանալ Բաքվում…

Եղավ այն, ինչի մասին արդեն գիտեինք

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւն հանձնարարել է կառավարությանը գործողությունների փաթեթ մշակել, որով կհանվեն Ռուսաստանի կողմից Թուրքիայի նկատմամբ սահմանված տնտեսական պատժամիջոցները: Հունիսի 30-ին կայացած ՌԴ կառավարության նիստի ժամանակ նա հայտարարել է, որ տնտեսական սահմանափակումները Թուրքիայի վրայից հանվելու են աստիճանաբար: «Մի կողմից հարկավոր է հանել այդ սահմանափակումները քաղաքական մթնոլորտի բարելավմանը համապատասխան, սակայն դա չպետք է արվի հայրենական արտադրողների շահերի հաշվին, չպետք է տուժեն նաեւ այն տնտեսվարողները, որոնք այս ընթացքում հասցրել են զբաղեցնել շուկայում ազատված դիրքերը»,- նշել է ռուս վարչապետը, ով հայտարարել է, թե Թուրքիան պարտավոր է ռուսաստանցի զբոսաշրջիկների համար անվտանգության երաշխիքներ տրամադրել:

Այսպիսով ՌԴ կառավարությունը պատրաստվում է իրականացնել Թուրքիայի հետ առեւտրատնտեսական հարաբերությունները սահմանափակող պատժամիջոցները վերացնելու մասին նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարականը, որը վերջինս տվել է նախօրեին՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանի հետ ունեցած հեռախոսազրույցից հետո:  

Եվ երգը փոխվեց, երբ խեղկատակն այն կատարեց

ՌԴ լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին համարում է, որ ապագայում Թուրքիան ավելի մոտ կլինի Ռուսաստանին, քան Բելառուսը, Ղրղզստանը եւ Հայաստանը: Այս պալատական խամաճիկին վերջապես պիտի ճանաչեն բոլոր հայերը, այլապես այսքան կամ այնքան գումար վճարելով` սույն քաղաքական խեղկատակին միայն լավություն են անում, իսկ նրա` հայերի մասին լավ խոսելը պարզապես զվարճանքի պես մի բան է… բոլորը գիտեն սրա նմաններին: Եվ ահա Թուրքիայի ու Ադրբեջանի մահը շուտով հայտարարած Ժիրինովսկին, ով արդեն հայ-ռուսական բանակի հետ պատրաստվում էր Կարս մտնել, հանկարծ… այլ բան է հայտարարում:

Իրականությունն այն է, որ սրան ոչ հայերն են հավատում, ոչ թուրքերն ու ադրբեջանցիները, ոչ էլ անգամ սեփական երկրի բնակիչները… Բայց քանի որ սա Վլադիմիր Պուտինի «քաղաքական բերանն է», հասկանալի է, որ լսում են այն, ինչը տվյալ պահին ասվում է այդ բերանի կողմից…

Ժիրինովսկին պատմել է, որ Թուրքիան ուսումնասիրում է 52 տարի եւ վստահ է, որ այդ երկիրը դուրս կգա ՆԱՏՕ-ից եւ կդառնա Շանհայի համագործակցության կազմակերպության, Մաքսային միության անդամ` այդպիսով ավելի մոտ դառնալով Ռուսաստանին, քան եղբայրական Բելառուսը եւ Ղրղզստանը, եւ անգամ Հայաստանը: Նա նաեւ նշել է, որ «Թուրքիայում ռուսներին շատ ավելի լավ են վերաբերվում, քան Էստոնիայում»: Այնպես որ, երկու կողմերին անհրաժեշտ է վերականգնել հարաբերությունները, քանի որ դրանք շահեկան են. «Թուրքիան մեր հարեւանն է, խոշոր երկիր, նա ունի ամեն ինչ, ինչ մեզ անհրաժեշտ է»,- ընդգծել է «թուրքագետ» եւ «քաղաքագետ» Ժիրինովսկին:

Հիշեցնենք՝ երեկ հունիսի 27-ին, Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը ներողություն է խնդրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից Սիրիայի երկնքում խոցված ռուսական «Սու-24» ինքնաթիռի համար:

Հայկական բանակն անհամբեր սպասում է

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կրկին ելույթ ունենալով զինվորականների առջեւ` հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում:  Նա ասել է, որ չի համաձայնել ԼՂ խնդրի կարգավորման բանակցությունները շարունակելու համար ադրբեջանական եւ արցախյան զորքերի շփման գծում հրադադարի խախտումները վերահսկող մեխանիզմ եւ դիտորդներ տեղակայելու մասին Սերժ Սարգսյանի պայմանին:

Այսպես, ռուս-թուրքական հարաբերությունների ջերմացման հետ գունափոխվում է նաեւ Ադրբեջանի նախագահը:

«Ինչ վերաբերվում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին, ապա դա ապագայի գործ է: Իհարկե, որոշակի կարգավիճակ կարող է լինել: Սակայն այդ կարգավիճակը չպետք է խախտի մեր երկրի տարածքային ամբողջականությունը»,- շարունակել է Իլհամ Ալիեւը:

Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի հանդիպումներից հետո որոշ հանգամանքներ պարզվեցին եւ, դատելով Ադրբեջանի ղեկավարի հայտարարություններից, նա հայտնվել է բարդ իրավիճակում, մասնավորապես հետաքննության մեխանիզմների հարցում: Դա փաստացի Ղարաբաղ-Ադրբեջան սահմանի միջազգային որոշակի ճանաչում է, ըստ այդմ՝ Ղարաբաղի կարգավիճակի ճանաչում:

Վիեննայում քննարկվել է հենց այդ խնդիրը, Սանկտ Պետերբուրգի ամփոփիչ հայտարարության մեջ այդ մասին խոսք չկա: Սակայն Մինսկի խմբի արեւմտյան համանախագահները՝ ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան, հայտարարեցին, որ Սանկտ Պետերբուրգը բացառապես Վիեննայի շարունակությունն է, եւ առաջնային խնդիրը հենց հետաքննության մեխանիզմների տեղակայումն է:

Այսպես, հոխորտացող Ալիեւի առջեւ հստակ դրվել է Ղարաբաղի կարգավիճակի ճանաչման հարցը, ինչը նկատելի է թե նրա, թե Ադրբեջանի այլ պաշտոնյաների հայտարարություններից:

Ադրբեջանը հայտնվել է ծուղակում, ինչը ապրիլյան քառօրյա պատերազմի հետեւանքն է: Մոսկվան ու Անկարան չկարողացան պաշտպանել Ադրբեջանին եւ սատարել, քանի որ ադրբեջանական բանակը այս անգամ էլ խայտառակ պարտվեց եւ դրսի աջակցության խնդիր էլ չկար արդեն: Բաքուն կամ պետք է համաձայնվի միջնորդների պայմաններին, կամ սկսի նոր ռազմարշավ: Ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորման փորձը նոր հույս է Ադրբեջանի համար` նոր ռազմարշավ սկսելու մասով: Բայց, եթե ապրիլին Ադրբեջանին հաջողվեց խուսափել մեծ աղետից, քանի որ հայկական բանակը նախապես հակահարձակման համար նախապատրաստված չէր, ապա այս անգամ հայկական բանակը, նոր հրամանների չի սպասելու, հրամանները վաղուց տրված են, եւ դա ակնհայտ է բոլորի համար: Անգամ միջազգային մեկնաբաններ են կարծում, որ հայկական բանակն անհամբեր սպասում է Ադրբեջանի նոր արկածախնդրությանը:

Մնում է մի հարց. Հայաստանի իշխանությունները կգնա՞ն մինչեւ վերջ հաղթելու ճանապարհով, վարելով ինքնուրույն քաղաքականություն, թե՞ հաջող հակահարձակման ժամանակ կրկին կլսեն Ադրբեջանի հրադադարի կոչը եւ այս կամ այն միջնորդ կողմի վերամբարձ առաջարկները…

Կարեն Բալյան

«Լուսանցք» թիվ 22 (412), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։