Արցախը ոչ մի ձեւով չի կարող լինել Ադրբեջանի կազմում – Այն, ինչ եղավ Նախիջեւանում հայերի հետ, ամենացայտուն օրինակն է, որ Արցախը չի կարող լինել ադրբեջանական… Ռուս-թուրքական խաղերը եւ Բաքվի ծիծաղելի սպասումները, թե հայերը շուտով կհանձնվեն…

Նախագահ Սերժ Սարգսյանը վերջերս, Հռոմի պապի Հայաստան այցին ընդառաջ, հարցազրույց էր տվել «Ռադիո Վատիկան»-ին, որտեղ անդրադարձել էր Պապի այցի, հայրենիք-սփյուռք համագործակցության կարեւորությանն ու ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորման գործընթացին: Արցախի հարցով նշել էր. «Ես համոզված եմ, որ մենք գտնելու ենք ղարաբաղյան հարցի կարգավորման լավագույն լուծումը»: Նախագահը հերթական անգամ կարեւորել էր հայերի միասնության խնդիրը եւ նշել. «Մշտապես ասել եմ, որ Հայաստանը ուժեղ է իր սփյուռքով, եւ սփյուռքը կենսունակ է Հայաստանով: Մենք հսկայական ներուժ ունենք, ու այդ ներուժը, ցավոք սրտի, մենք բացահայտել ենք շատ փոքր չափով»: Նշվել է, որ սփյուռքի ներուժը առաջին հերթին պետք է օգտագործվի Հայաստանի հզորացման համար, որպեսզի «ուժեղ Հայաստանը սնի, ոգեւորի նաեւ սփյուռքին, ինչը կարեւոր է նաեւ Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման եւ այլ համահայկական խնդիրների համար»:

ՀՀ նախագահի տեսակետը ամրագրվել է նաեւ ՀՀԿ ԳՄ հերթական նիստում, որտեղ քննարկվել են ներքաղաքական, արտաքին քաղաքական հարցեր, ինչպես նաեւ ներկուսակցական խնդիրներ: ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը նիստից հետո հայտնել է, որ անդրադարձ է եղել նաեւ Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացին: «Նախագահը ներկայացրել է իր զրույցի արդյունքները ԱՄՆ պետքարտուղար Քերրիի հետ, քննարկել ենք նաեւ ԵԱՀԿ գործող նախագահ Շտանմայերի այցը Հայաստան, տարածաշրջան: Եվս մեկ անգամ պետք է հաստատեմ, որ հայկական կողմերը ունեն հստակ դիրքորոշում, որ խնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ կարգավորման արդյունքում, խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, եւ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումը եւս այլընտրանք չունի»,- նշել է ՀՀԿ մամլո խոսնակը:

Ըստ Էդուարդ Շարմազանովի՝ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ունի այնքան իրավունք հանրաքվեով լուծելու իր հարցը, որքան եվրոպական ցանկացած ժողովուրդ. «Լեռնային Ղարաբաղը չի կարող ոչ մի կարգավիճակով լինել Ադրբեջանի կազմում։ Ադրբեջանցիները սիրում են խոսել Նախիջեւանի մասին։ Նախիջեւանը լավ օրինակ է, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Այն հայերով բնակեցված տարածք էր, եւ ադրբեջանական տիրապետության հետեւանքով այնտեղ ոչ մի հայ չի ապրում։ Ադրբեջանցիները նույնիսկ չեն կարող հանդուրժող լինել նյութական, մշակութային ժառանգության նկատմամբ, ուր մնաց ժողովրդի հետ»:  

Անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումների հավանականության վերաբերյալ հարցին, խոսնակը դրական պատասխանեց` հավանական համարելով հանդիպումները, քանզի մինչեւ տարեվերջ դեռ 5 ամիս կա։ Իմիջիայլոց, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները եւս դրական են արտահայտվել նոր հանդիպումների մասին, սակայն դեռ չեն կարողանում հստակ ժամկետ ասել:

Իշխող կուսակցության ներկայացուցիչները կարծում են, որ առարկայական բանակցությունները կախված են Ադրբեջանից, այդ կողմի քաղաքական կամքից: Բացի այդ, Մինսկի խմբի համանախագահները պետք է հետամուտ լինեն, որ պայմանավորվածությունները կյանքի կոչվեն, թե չէ «ադրբեջանական կողմը վերադառնալով Սանկտ Պետերբուրգից` սկսեց խոսել վստահության մեխանիզմերի չներդրման մասին, ինչը Վիեննայի պայմանավորվածության կոպիտ խախտում է»-,- հավելել է ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Արցախում եւս դրական են տրամադրված հարցը խաղաղ ճանապարհով կարգավորելու համար, բայց Ստեփանակերտը եւս վստահություն չունի ադրբեջանական կողմի համահունչ քայլերի հանդեպ: ԼՂՀ Ազգային ժողովում վերջերս խորհրդարանի պատգամավորները հանդիպել են հայտնի արեւելագետ, Մերձավոր ու Միջին Արեւելքի երկրների քաղաքականության բնագավառում առաջատար փորձագետ Եվգենի Սատանովսկու հետ, ով նաեւ մերձավորարեւելյան տարածաշրջանի աշխարհաքաղաքականություն ու տնտեսագիտություն է դասավանդում Մոսկվայի պետական համալսարանի Ասիայի եւ Աֆրիկայի երկրների ինստիտուտում: Խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը կարեւոր եւ օգտակար է գնահատել այս քննարկումները, որի կազմակերպման համար իր ջանքերն է ներդրել ՌԴ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանը:

Եվգենի Սատանովսկին ներկայացրել է ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը՝ համեմատականներ անցկացնելով անցած դարաշրջանում տեղի ունեցած գլոբալ եւ տարածաշրջանային փոխակերպումների միջեւ: Այնուհետեւ պատգամավորները հարցեր են առաջադրել փորձագետին՝ կապված մերձավորարեւելյան տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների, ղարաբաղյան հիմնախնդրի հանդեպ գերտերությունների ունեցած դիրքորոշումների, միջազգային հարաբերություններում տեղի ունեցող զարգացումների, հակամարտությունների կարգավորման գործընթացում կիրառվող սկզբունքների եւ այլ թեմաների հետ:

Այս հանդիպումը կարեւորվել է նաեւ այն առումով, որ շատ է խոսվում ռուս-թուրքական փոխգործակցության հակահայ, ապա հայամետ ինչ-որ նպատակների մասին: Միջազգային վերլուծաբաններից ոմանք վստահ են, թե «Ռուսաստանի միջնորդությամբ Թուրքիան ու Ադրբեջանը կբացեն Հայաստանի հետ սահմանները»…

ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի վերջին նիստի ժամանակ Երեւան ժամանած ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ոչ պաշտոնական բանակցություններ է վարել հայկական կողմի հետ. այս մասին գրել է «Իզվեստիա» պարբերականը: Հղում անելով ԱԳՆ-ում իր աղբյուրներին` թերթը հավելել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հակամարտության կարգավորումը Ռուսաստանի միջնորդությամբ ակտիվ ընթացքի մեջ է, սակայն առանց ավելորդ շտապողականության: «Ռուսաստանը գիտակցում է ճգնաժամի հաղթահարման անհրաժեշտությունը, որպեսզի բոլոր կողմերը, ներառյալ` Լեռնային Ղարաբաղը, դրանից առավելագույնս առանց ցավի դուրս գան: Ռուսական նախագիծը, մասնավորապես, ենթադրում է Հայաստանի ապաշրջափակում ոչ միայն ադրբեջանական, այլեւ թուրքական կողմից: Բացի այդ` նախագիծը ենթադրում է բոլոր հաղորդակցային ուղիների ապաշրջափակում Լեռնային Ղարաբաղի շուրջ»,- հայտնել է «Իզվեստիայի» դիվանագիտական աղբյուրը: Պարբերականի աղբյուրի խոսքով` Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը կարող է բարենպաստ ազդեցություն ունենալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վրա:

Սա, իհարկե, անհավանական մի թեմա է, ինչն անցել է դարերի փորձություններով: Երբեք չի եղել մի դեպք, երբ ռուս-թուրքական հարաբերությունները դրական ազդեցություն ունենան հայության վրա: Առավել եւս` օգտակար լինեն Հայաստանին:

Կարծում ենք` այդ Թուրքիան կփորձի խաղարկել հայ-ռուսական բարեկամությոնը եւ ռուսական կողմի միջոցով ազդել ԼՂ հիմնախնդրի վրա:

Ըստ այս տեսակետի, Ռուսաստանն աստիճանաբար կվերացնի Թուրքիայի նկատմամբ սահմանած առեւտրա-տնտեսական պատժամիջոցները, ինչի հանձնարարությունն արդեն տվել է նախագահ Վլադիմի Պուտինը երկրի կառավարությանը: Այս հանձնարարականին նախորդել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ուղերձը ռուս գործընկերոջը, որով ներողություն էր հայցում  նոյեմբերին խոցված ռուսական ուղղաթիռի օդաչուի ընտանիքից։ Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը կարծում է, որ Ռուսաստանը բավական լուրջ շրջապատման մեջ է, «ակնհայտ է, որ Մոսկվային ձեռնտու չէ շարունակել իր կողմից Թուրքիայի շրջափակումը, Ռուսաստանն ուզում է այդ մեկուսացումից դուրս գալ»։ Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն էլ ավելացնում է. «Թուրքիան կանգնած է աշխարհաքաղաքական առումով ծանր իրավիճակի առաջ, դա մեկուսացումն է եւ փորձ է արվում Թուրքիայի ներկայիս ղեկավարության կողմից փորձել խուսափել այդ իրավիճակից»։ Եվ ակնհայտ է, որ ռուս-թուրքական հարաբերությունների վերականգնումը բխում է երկու պետությունների շահերից։ Նրանք աշխարհաքաղաքական այսօրվա պայմաններում ունեն միմյանց կարիքը։ Ռուսաստանը նաեւ չի հրաժարվում ի դեմս Թուրքիայի՝ ունենալ լավ դաշնակից ընդդեմ Եվրամիության։ Ռուս-թուրքական հարաբերությունները մի փուլ են նորից վերադառնում, երբ երկու երկրները իրար վրա չեն կրակում, սուր հակամարտություն չկա, բայց հակամարտությունը ռազմավարական առումով պահպանվում է. նշում են վերլուծաբանները:

Ըստ Ստեփան Գրիգորյանի` «Ռուսաստանի բարելավումը տնտեսական ոլորտում Թուրքիայի հետ դեռ չի խփում մեր շահերին, ի վերջո՝ այս ձեւի լարված վիճակը մեզ ձեռնտու չէ։ Դրանից հետո կհետեւի՞ քաղաքական մերձեցում քաղաքական հարցերում, ոչ միայն Ղարաբաղի հարցում, նաեւ Սիրիայի, այստեղ է, որ պետք է հետեւենք ընթացքին»։ Շատերն են կարծում, որ հարաբերությունների բարելավելուց հետո Թուրքիան կփորձի Ռուսաստանի միջոցով` Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա ազդեցություն ունենալ։ Վերլուծաբանների կարծիքով. «20-ական թվականներին մերձեցումը բերեց հայ ժողովրդի տարածքների կորուստի, նույն վտանգը հիմա էլ կա։ Ռուս-թուրքական հարաբերություններում ամեն ինչ կարող է լինել, շատ կարճ ժամանակ իրենք կարող են ունենալ ընդհանուր շահեր եւ միշտ վտանգը կա։ Ուստի, այս տեսակետից բխում է, որ պետք է անհանգստանալ ոչ թե ռուս-թուրքական հերթական մերձեցումից, այլ Հայաստանի իշխանությունների կողմից այդ դաշինքից եկող վտանգները չտեսնելուց ու քայլեր չձեռնարկելուց։

Ռուս-թուրքական հերթական  «տաքացումը» խորը հիասթափություն է առաջացրել ոչ միայն Հայաստանում, այլեւ` Ուկրաինայում: Ի վերջո, աշխարհի համար անսպասելի սկսած ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը անսպասելի էր նաեւ Ուկրաինայի համար, որը Թուրքիային կարեւոր գործընկեր էր համարում ընդեմ Ռուսաստանի: Կիեւը ակտիվորեն փորձում էր օգտվել ռուս-թուրքական հարաբերությունների սառնությունից՝ Անկարային առաջարկելով իր բարեկամությունը Մոսկվայի փոխարեն: Անգամ համագործակցում էր Ղրիմի թաթարների խնդրով: Ուկրաինական «Էսպրեսո» հեռուստաալիքով հեռարձակված հաղորդման տեքստից հատված ներկայացնենք. «Կարելի է երկար քննարկել` Էրդողանն արդյո՞ք ներողություն խնդրել է ռուսական ռմբակոծիչը խոցելու կապակցությամբ, սակայն դա չի բացառում այն փաստը, որ Անկարան ու Մոսկվան հաշտվել են: Եվ ելնելով ստեղծված նոր իրողությունից` Ուկրաինան պետք է իր հարաբերությունները կառուցի Թուրքիայի հետ: Իսկ հարաբերությունները պետք է ստեղծել այս կտրվածքով՝ Թուրքիան մեր մտերիմ հարեւանն է սեւծովյան ավազանով, ինչպես նաեւ քաղաքական եւ բիզնես գործընկերը»: Սակայն շատերն են Ուկրաինայում կարծում, որ ռուս-թուրքական ջերմացումից դժվար կլինի Թուրքիային վերաբերվել որպես «սեւծովյան ավազանի մտերիմ հարեւան, ինչպես նաեւ քաղաքական եւ բիզնես գործընկեր»… Կիեւում մտավախություն ունեն, որ Անկարայի հետ հարաբերությունների վատթարացումը կարող է ազդել նաեւ Բաքվի հետ հարաբերությունների վրա:

Մոսկվայի եւ Անկարայի հարաբերությունների կարգավորմանը արձագանքել են Ղրիմի թաթարները՝ Թուրքիայի նախագահին կոչ անելով այս դեպքում վերանայել Ղրիմի նկատմամբ վերաբերմունքը՝ ճանաչելով թերակղզու ռուսական կարգավիճակը:

Այն ինչ կհետեւի Արեւմուտքի կողմից, դեռ հայտնի չէ, բայց որ Վաշինգտոն-Բրյուսել ամերիկա-եվրոպական համագործակցությունը խիստ միջոցների կդիմի, եթե Անկարան իսկապես համարձակվի փոխել իր ռազմա-քաղաքական գիծը, ակնհայտ է: Նաեւ ձեռնտու է Հայաստանին: Մեզ ձեռնտու է, երբ աշխարհի երկրների համար հետզհետե ավելի հասկանալի են դառնում Անկարայի ու Բաքվի նորօսմականան ու նորհամաթուրանական ծրագրերը, ինչը միանգամից փոխում է Հայաստանի կարգավիճակը, կարեւորում է մեր դերն ու նշանակությունը տարածաշրջանում:

Արամ Ավետյան

«Լուսանցք» թիվ 23 (413), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։