Ծրագիրը կյանքի կոչեց` ընդհատակ անցավ – Սասնա ծռեր»-ը, «Նոր Հայաստան»-ը, «Հիմնադիր խորհրդարան»-ն ու այլանուն այս նույն կառույցը պարզապես հույսը դրել է ժողովրդի ընդվզման վրա… Արցախի հարցը.- Գողականների պայմաններն էլ կլսենք շուտով… Բերման է ենթարկվել օրենքով գողը…

Ծրագիրը կյանքի կոչեց` ընդհատակ անցավ

Նա, ում կալանավորված Ժիրայր Սեֆիլյանը նամակով հանձնարարել էր սկսել նախատեսված ծրագրի իրագործումը, թաքնված է: Հարցազրույցներ է տալիս ընդհատակից: «Դուք Հայաստանո՞ւմ եք»,- հարցնում են այն զլմ-ները, ում հետ կապվել է Գարեգին Չուքասզյանը: Հնչում է միայն «ընդհատակում եմ» տեղեկատվությունը, հավելումով` «հարկադրաբար»:

Ուշագրավ մի փաստ. երբ մամուլը հարցրել է՝ արդյո՞ք «Նոր Հայաստան»-ը քննարկել է տարբեր զարգացումներ, այդ թվում անսպասելի կամ անակնկալ իրավիճակներ, չէ՞ որ ոստիկանության կողմից գրոհի նախադրյալներ են արդեն ստեղծվում, «Հիմնադիր խորհրդարան»-ի եւ «Նոր Հայաստան»-ի ու էլի այլ անուններով հռչակված միեւնույն կազմակերպությունների ղեկավար կազմերի անդամ Գարեգին Չուքասզյանը պատասխանել է, որ անցած օրերը բավարար էին, որպեսզի միմյանցից տարբերվեին «Սասնա ծռեր» եւ «Նոր Հայաստան» կազմակերպությունները եւ մեկի գործողությունների ծրագրավորումը չվերագրվեր մյուսին: «Ես ճակատագրից շնորհակալ եմ, որ Հայաստանի եւ Արցախի ապագայի համար այսքան վճռորոշ ժամանակաշրջանում պատիվ ունեմ ճանաչելու եւ ընկերը լինելու Ժիրայր Սեֆիլյանի ու «Սասնա ծռեր» ջոկատի ապստամբ տղաների… Լիազորված եմ զգուշացնել երկրի այսօրվա կառավարիչներին, որ եթե լինի գրոհ, ապա այն նոր անպատիժ «Մարտի 1-ով» չի ավարտվելու, եւ պայքարը չի դադարելու»: Ըստ նրա, իշխանությունների համար անցնցում հեռացման հնարավորությունների պատուհանը վերջնականապես կփակվի, եւ իրենք ստիպված են լինելու գործ ունենալ համազգային ամենօրյա պայքարի այլ տրամաբանության հետ, որը «նման է լինելու ֆրանսիական դիմադրության շարժման ազատագրական պայքարին»…

Իսկ թե որն է լինելու հնարավոր փոխզիջման սահմանը, ընդհատակում հայտնված գործիչը նշել է, որ «բանակցությունները վարում են «Սասնա ծռեր» խմբավորման ապստամբները, պայմաններն էլ արդեն ասել է «Հիմնադիր խորհրդարան»-ի մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանը:  

Ըստ «Նոր Հայաստան»-ի ներկայացուցչի` «Երկրում կան երկու՝ անցնցում եւ ցնցումային քաղաքական փոփոխությունների տարբերակներ, ու ըստ այդմ՝ համապատասխան փոխզիջումներ… Իշխանությունը զավթած Մսրա Մելիքի համակարգը դեռ չի գիտակցում, որ «Սասնա ծռեր»-ից ստացված հարվածից երկու կես է եղել, եւ նրա որեւէ, կրկնում եմ որեւէ շարժում բացահայտելու է իրողությունը»: Բայց, պարզվում է, այժմ խնդիրն այլ է, դա ««Չորրորդ հանրապետության» ծնունդն է, որի պատասխանատվությունն ընկնում է իր այն քաղաքացիների վրա, որոնք բացի այն երազելուց, նաեւ պատրաստ են հենց այսօր իրենց միացյալ ջանքերով ծնել իրապես արժանապատիվ ապագա ունեցող, մեծ ու փոքր հարեւանների ու աշխարհաքաղաքական կենտրոնների կողմից հարգված, ինքնիշխան, բարձրաճաշակ եւ բարձրտեխնոլոգիական Հայաստան: Ահա այս «Նոր Հայաստան»-ին հասնելու համար մարդկանցից է կախված՝ «մենք կշարունակե՞նք ականատեսը լինուլ մեր բազմադարյա պատմության վերջին ու անփառունակ էջին, թե՞ կկտրենք քաղաքական արատավոր շրջանը… «Սասնա ծռերի» ապստամբների վրա այս առումով ընդամենը ընկած է այդ ծննդյան տատմոր դերը, ոչ ավելին»…

Այս մեկնաբանությունները թողնում ենք առանց մեկնության, քանզի բոլոր գեղարվեստական բառերը մի կողմ դնելուց հետո հասկանալի է լինում, որ «Սասնա ծռեր»-ը, «Նոր Հայաստան»-ը, «Հիմնադիր խորհրդարան»-ն ու այլանուն նույն կառույցը պարզապես հույսը դրել է ժողովրդի ընդվզման վրա եւ լուծում չունի այս վիճակից դուրս գալու:

Դաժան կհնչի, բայց երեւի պիտի հաշտվեն կամ-կամ-ի տարբերակին: Եվ Գարեգին Չուքասզյանը զինյալների նման այժմ էլ ենթագիտակցորեն մեղադրանք է հնչեցնում, թե ժողովրդի պոռթկումից է կախված «մենք կշարունակե՞նք ականատեսը լինուլ մեր բազմադարյա պատմության վերջին ու անփառունակ էջին»…

* * *

«Պավլիկին ոչ թուրքն է ընկճել, ոչ էլ հայ ոստիկանը կկարողանա ընկճել: Վիրավոր առիւծը առիւծ է մնում նաեւ վիրավոր ժամանակ»,- գրել է ընդհատակում գտնվող Գարեգին Չուքասզյանը։

Հիշեցնենք, որ ոստիկանության լրատվության վարչության ներկայացուցիչները հայտնում են, որ «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամներ Պավել Մանուկյանի եւ նրա որդու՝ Արամի կյանքին վտանգ չի սպառնում:

Գողականների պայմաններն էլ կլսենք շուտով

Ըստ որոշ աղբյուրների, հունիսի վերջին Հայաստանում՝ Ծաղկաձորում, տեղի է ունեցել «օրենքով գողերի» մեծ հավաք: Հանդիպմանը մասնակցել են նախկին ԽՍՀՄ տարածքի «օրենքով գողերը»՝ Շաքրո Մոլոդոյի գլխավորությամբ:

Ինչպես նշվում է, ծաղկաձորյան հավաքին մասնակցել է ավելի քան 100 քրեական հեղինակություն, որոնց մեջ հայերի թիվը շատ չի եղել:

Այդ «սխոդկային» մասնակցել են նաեւ ազգությամբ ադրբեջանցի «օրենքով գողեր»:

Ըստ աղբյուրների տեղեկատվության, գողական աշխարհի խնդիրներից բացի, քննարկվել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հարցը: Գողական աշխարհի ներկայացուցիչները հստակեցրել են իրենց դիրքորոշումներն այս հարցի շուրջ, քանի որ հանցավոր աշխարհին ձեռնտու չէ մեր տարածաշրջանի անկայունությունը, եւ նրանք ձգտելու են քայլեր ձեռնարկել խաղաղություն հաստատելու ուղղությամբ:

Բերման է ենթարկվել օրենքով գողը

Հուլիսի երկրորդ կեսին կազմակերպված հանցավորությամ դեմ պայքարի գլխավոր (6-րդ) վարչության աշխատակիցները Սիլիկյան թաղամասից ոստիկանություն Կենտրոնի բաժանմունք բերման են ենթարկել հանցագործ աշխարհում հեղինակություն համարվող, օրենքով գող Կանեւսկոյ եղբայրներից Արտյոմ Հարությունյանին, ով ավելի շատ հայտնի է Արտյոմ Կանեւսկոյ:

Բերման է ենթարկվել 8 անձ՝ 3 տրանսպորտային միջոցներով, օրենքով գողից բացի՝ նաեւ նրա թիկնազորի ներկայացուցիչները: Նա եւ թիկնազորի անդամները բերման են ենթարկվել՝ իրար հետեւից ավտոմեքենաները շարելու  պատճառաբանությամբ, որի հետեւանքով խցանում է առաջացել փողոցում:

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այս օրերին հրահանգել է ոստիկանաթյանը՝ «կալոնաներով» բոլոր շրջողներին՝ անկախ կարգավիճակից, ոստիկանություն բերել՝ առայժմ բացատրական աշխատանքներ կատարելու համար…

Ինչեւէ, սա է պաշտոնական հիմնավորումը:

«Լուսանցք» թիվ 26 (416), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։