Հայտարարություն

Հայ Արիական Միաբանությունն իր մտահոգությունն է հայտնում կալանավորված ընդդիմադիր գործիչների նկատմամբ իշխանությունների կողմից կալանքի ժամկետի անհարկի երկարաձգման գործելաոճի առումով:

Մենք մտահոգված ենք հատկապես քաղաքական մի շարք գործիչների առողջական լուրջ խնդիրներ ունենալու փաստով (ներկայումս ամենալուրջը ՆԺԿ ղեկավար Արամ Կարապետյանի վիճակն է): Մտահոգված ենք նաեւ արցախյան ազատամարտի հրամանատարներից մեկի՝ Ժիրայր Սէֆիլյանի հնարավոր արտաքսման հանգամանքով:

Կարծում ենք՝ ինչպես վերոնշյալ երկու գործիչների, այնպես էլ ազատամարտի բովով անցած Վարդան Մալխասյանին, Հակոբ Հակոբյանին, Մյասնիկ Մալխասյանին, Սասուն Միքայելյանին, Աշոտ Զաքարյանին, Սմբատ Այվազյանին կամ քաղաքական գործիչներ Պետրոս Մակեյանին, Շանթ Հարությունյանին, Արարատ Զուրաբյանին, Ալեքսանդր Արզումանյանին, Վահագն Հայոցյանին, Գրիգոր Ոսկերչյանին եւ այլոց կալանքից ազատ արձակելը, ազատության մեջ նրանց մեղադրանք ներկայացնելն ու դատապարտելը դատավճիռների նկատմամբ առավել վստահություն կներշնչի, կլինի ավելի թափանցիկ, ուստիեւ՝ արդարացի:

Իշխանություններին կոչ ենք անում՝ պատասխանատվության ենթարկել նաեւ ս/թ. մարտիմեկյան իրադարձություններում իրենց իրավասությունները գերազանցած եւ հատուկ դաժանությամբ աչքի ընկած ոստիկաններին ու զինվորականներին, ինչպեսեւ՝ ՀՀ նախագահի ընտրության ժամանակ ընտրական տեղամասերում օրինական կարգը խախտած հանձնաժողովի անդամներին ու մի շարք լիազորված անձանց:

Միայն այս ձեւով է հնարավոր վերականգնել հանրության եւ իշխանությունների փոխադարձ վստահությունը: Ինչն էլ մեր երկրի կայունության հիմնական երաշխիքներից է:



Հայ Արիական Միաբանության

Գերագույն Խորհուրդ

20.05.2008թ.


Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։