Հայ արիականներն ու համախմբված հեթանոս ազգայնականները սեպտեմբերի 21-ին նշեցին Անկախության ու Նախնյաց տոները… Սեպտեմբերի 23-ին՝ աշնանային գիշերահավասարի օրը, Նախնյաց հիշատակի առանձնահատուկ հոգեզրույցի ծես կատարվեց…

Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման լրատվական կենտրոնները «Լուսանցք»-ին են փոխանցել Հայաստանի անկախության եւ հայ նախնյաց տոները շնորհավորող հայտարարություն, որը ներկայացնում ենք առանց փոփոխությունների:

«Եթե մայիսը հայության համար հաղթանակների ամիս է, ապա սեպտեմբերը՝ հայության անկախության եւ պետականաշինության ամիսն է:

Սեպտեմբերի 2-ին նշվում է Արցախի, սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի անկախության հոբելյանը: Հայկական 2 հանրապետությունների ծնունդն էլ նվիրական պայքարի, կամքի դրսեւորման ու հայ նահատակների անմահ գործը շարունակելու արդյունք են:

Ավելի քան 600 տարի առանց պետականության գոյատեւելուց հետո, հայությունը 20-րդ դարում 3 Հանրապետություն կերտեց, չնայած անցավ ցեղասպանության, պատերազմների ու դաժան մաքառումների ճանապարհով…  

Ավելին՝ 20-րդ դարավերջին հայկական երկու Հանրապետություն հռչակվեց տարածաշրջանում՝ Հայաստանի ու Արցախի, որոնց վերամիավորումը իրավական եւ փաստական կյանք ստացավ մեր կյանքում, չնայած միջազգային ձեւակերպումների ուժ չստացավ ցայսօր:

Բայց Հայաստանում (իհարկե՝ Արցախը ներառյալ), նաեւ Սփյուռքում 21-րդ դարը դիտարկվում է որպես հայոց միասնության՝ միացյալ հայկական պետության վերակերտման հարյուրամյակ, ինչը պետք է ազդարարվի Արցախի՝ Հայաստանին վերամիավորվելու վերջնական ու համազգային որոշումով ու միջազգային տեղեկացմամբ: Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունները վերամիավորմամբ սկիզբ կդնեն հայոց հողահավաքի՝ ամբողջական Հայաստանի վերականգնմանը (Արցախի, Նախիջեւանի, Ջավախքի եւ Հայաստանի դեռ բռնազվթված արեւմտյան ու արեւելյան հատվածների վերամիավորմամբ):

Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբումը շնորհավորում են հայությանը՝ Հայաստանի 3-րդ Հանրապետության անկախության 25-ամյակի առթիվ՝ առմիշտ մաղթելով Հայկական լեռնաշխարհում հայոց հողահավաքի ու ազգահավաքի վերջնական ու լիակատար հաղթանակ:

Սեպտեմբերի 21-ին հայ արիականներն ու համախմբված հեթանոս ազգայնականները Հայաստանում եւ Սփյուռքում նշեցին նաեւ Նախնյաց օրը: Արեւածագին եղան մայրաքաղաք Երեւանի հնավայրերից մեկում՝ Կարմիր բլուրում եւ քրմական ծես կատարեցին ինչպես հայոց նախնյաց սրբազան հիշատակի, այնպես էլ Հայաստանի անկախության ու հայության զորության համար:

Փառաբանեցին Հայոց Հայրենիքն ու Նախնյաց, Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին, որ նպաստեն հայի առաքելության վերաիմաստավորմանը ինչպես երկրում, այնպես էլ երկնքում…

Հայ արիական քրմերը ՀԱՄ առաջնորդ  Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ սեպտեմբերի 23-ին՝ աշնանային գիշերահավասարի օրը, առանձնահատուկ հոգեզրույցի ծես կկատարեն Երեւանի հնավայրերից մեկում՝ Նախնյաց հիշատակի եւ հոգե-ոգեղեն հայկական տիեզերաաշխարհների հետ առնչվելու նպատակով:

Նախնյաց արիադավան-հեթանոսական սրբազան տոնն ամենեւին հուդա-քրիստոնեական մեռելոցը չէ, բացառապես հոգե-գենետիկ կանչ է՝ ուղղված մեր փառահեղ նախնիներին:

Հայ արիադավանները-հեթանոսները հիշում ու փառաբանում են բոլոր նախնիներին՝ գնալով մինչեւ ազգի արմատները՝ արարումը, դրանով իրենց մեջ նորոգելով հավերժության ընթացքը, հայ տեսակի արարչական ծագումն ու առաքինությունը, ինքնությունն ու էությունը, առաքելությունն ու հավերժությունը հավաստելով»:

Սեփ. լրատվություն

«Լուսանցք» թիվ 31 (421), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։