Հայոց պատմությունը՝ նորովի

Jonik Melikyan
Ջոնիկ Շահենի Մելիքյանը ծնվել է 1938թ. Գյումրի (Լենինական) քաղաքում: Ստացել է բարձրագույն զինվորական եւ իրավաբանական կրթություն: Բանակում եղել է վաշտի հրամանատար, այնուհետեւ՝ շտաբի պետի տեղակալ՝ մարտական պատրաստության գծով: Աշխատել է ՆԳՆ համակարգում, տարբեր իրավաբանական ծառայություններում:
Երկար տարիներ զբաղվում է որսորդությամբ եւ պատմավեպեր գրելով:
Ջ. Մելիքյանն ինքնատիպ պատմավիպասան է, նրա վեպերի հիմքում դրված են հայոց հնագույն պատմական եղելություններն ու մեր պատմիչների վկայությունները: Նա հեղինակ է 9 տպագիր եւ 7 անտիպ վեպերի, որոնք անդրադառնում են հայերի արիական ծագմանը, հայ աստվածների ու մարդկանց հարաբերություններին, հայոց հզոր թագավորներին ու մեր փառահեղ անցյալին: Նա յուրովի է ներկայացնում պատմական անցուդարձերը, նոր որակով է ներկայացնում հայոց հին հեթանոսական հավատն ու պատմական դարձած իրական հերոսներին: Իհարկե, այդ ամենն անում է գեղարվեստական գեղեցիկ նկարագրություններով ու լրացումներով, ինչը նրա պատմավեպերը մատչելի է դարձնում նաեւ դպրոցահասակների համար: Արդեն տպագրվել են Ջ. Մելիքյանի «Հայ-Արիներ», «Արամե», «Կապույտ շուշան», «Ավարայրից Նվարսակ», «Գայլ Վահան», «Անմահ բագիններն Հայոց», «Թափառիկ հայերը», «Հայոց գաղտնի ուխտ» եւ «Մանուել սպարապետ Հայոց» պատմավեպերը: Տպագրության համար այսօր հովանավորության կարիք ունեն պատրաստի եւս 8 գրքեր՝ «Հայկ Նահապետ», «Սկիզբ Հայ Արշակունյաց», «Մեծագործ մեղապարտը Հայոց», «Թեոդորոս Ռշտունի», «Մանուել սպարապետ Հայոց», «Ըմբոստ հոգիներ», «Կարմիր Վարդան» եւ «Վասակ-մարզպան Հայոց»:

 

«Հայ-Արիներ» – վեպը պատմում է այն մասին, թե ինչպես հայ-արիները, ի  կատարումն Արա Արեւ Աստծո պատգամների, մ.թ.ա. 2-րդ հազարամյակում զինված երկաթե սրերով ու ճաղավոր անիվներ ունեցող մարտակառքերով սփռվեցին աշխարհի 4 ծագերը՝ ժողովուրդներին տանելով Արփիական հավատամքն ու արիական առաքինությունները: Թե ինչպես հայ արիները նվաճելով` չտիրեցին, գրավեցին` չստրկացնելով, միաձուլվեցին տեղաբնակներին՝ արիականացնելով նրանց: Վեպում նկարչագրված են Այրանա տաճարներում կատարվող զոհամատուցումները, դպրանոցներում՝ արիականների ուսուցումը՝ մտավարժանքներն ու մարմնավարժանքները: Հայ-արիները՝ հայերը, լինելով ընտրյալ առ Աստվածարար Ցեղ՝ արարեցին իրենց Աստվածներին:
«Արամե» – պատմավեպը պատմում է Հայկական առաջին պետության արարման մասին: Արամ արքան միավորում է Հայա-Նաիրի աշխարհի հայարիական ցեղերը մի պետության մեջ, երեք անգամ պարտության է մատնում Ասորեստանի Սալմանասար թագավորին: Արյան, ավերի, արհավիրքների մեջ արարվում է Հայկական առաջին պետությունը: Պատմավեպում տրված է Արամ արքայի կերպարը` որպես Մարդ Աստծո ու Արիա հռչակված մեծագործի: Արամ արքան ձգտում է երկրում միաստվածություն սահմանել ու երկրպագել Արա Արեւ Աստծուն:
Վեպում պատում կա ստրուկների ըմբոստացման մասին, որ ի շահ երկրի հզորացման դաժանորեն ճնշվում է: Տրված է Արամ արքայի այդ դաժանության պատմական-տրամաբանական արդարացումը:
Վեպը կոչ է Արիականության վերականգնման մասին՝ հառնե’ք հայ-արիներ:
«Կապույտ Շուշան» – պատմավիպակ-կինոսցենարը պատմում է Ամերիկայում ապրող հնդկացիների ու սպիտակամորթերի հակամարտության մասին: Ամերիկայի համար հնդկացիներին տեղահանելու ու արգելանոցներ քշելու խայտառակության մասին:
«Ավարայրից Նվարսակ» – Ավարայրի բախտորոշ ու վճռական ճակատամարտից հետո շուրջ 30 տարի Հայոց Ուխտի առաջնորդությամբ Հայ ժողովուրդը պարտիզանական պատերազմով դիմակայեց պարսկական զավթողական քաղաքականությանը, հարկադրեց դադարեցնել կրոնական հալածանքը, ճանաչել Հայաստանի ինքնուրույնությունը: Այս է վեպի կենսոլորտն ու դարաշրջանի շունչը:
«Գայլ Վահան» – վեպը պատմում է 7-րդ դարում Պարսկաստանի դեմ հայ ժողովրդի պայքարի մասին: Երկու գերտերությունների՝ Բյուզանդիայի եւ Պարսկաստանի արանքում կռվախնձոր դարձած հայ ժողովուրդը հուսահատ պայքար է մղում պահպանելու իր անկախությունը: Մամիկոնյան գայլ Վահան զորավարը հրաժարվում է հայերին վերագրվող միամտության ու անմիտ բարության բարդույթից` որդեգրելով արիական նախնյաց պատգամները, այն է՝ հաղթողն է արդար:
Գայլ Վահանին հաջողվում է պահպանել Տարոն աշխարհի անկախությունը: Նա սերունդներին կոչ ու պատգամ է թողնում` հառնե’ք, Հայարիներ:
«Անմահ բագիններն Հայոց» – պատմավեպում իրադարձությունները ծավալվում են 4-րդ դարում Խոսրով Բ Կոտակ եւ Տիրան Արշակունի թագավորների կառավարման տարիներին: Բարդ, հակասական շրջան է Հայոց պատմության մեջ. հայոց աշխարհը երկու գերտերությունների միջեւ է, հետեւում են Մծբինի դաշնադրությունն ու դրան հաջորդող քաղաքական հետեւանքները:  Խոսվում է նաեւ նոր մտած կրոնի` քրիստոնեւության էթնոհոգեբանական, սոցիալական, քաղաքական անդրադարձերի մասին: Վեպում նկարագրված են Խոսրով թագավորի մեծագործությունները՝ Դվինի կառուցումը, Խոսրովակերտ ու Տաճար Մայրիի անտառների արարումը: Խոսրովին հաջորդում է Տիրան թագավորը: Նրա գահակալությունն ուղեկցվում է աշխարհիկ-հոգեւոր տերերի հակամարտության սաստկացմամբ: Հոգեւոր պատմիչները խեղաթյուրել են Տիրան թագավորի գործերն ու կերպարը: Նրան հանիրավի ներկայացրել են որպես դաժան, կամակոր արքա-բռնակալ: Ի վերջո՝ հակամարտությունը հասնում է գագաթնակետին. Կիրանը ի շահ գահի սպանել է տալիս Հուսիկ ու Դանիել կաթողիկոսներին… Տիրանը հայոց անկախությունը կապում է արիականության զարթոնքի հետ:
«Թափառիկ հայեր» – այս հայերը բյուզանդացիներից ավելի բյուզանդացի էին, հռոմեացիներից` ավելի հռոմեացի… Այդպես եղել է ու կա նաեւ այսօր:
«Հայոց գաղտնի ուխտ» – այստեղ նկարագրված դեպքերը ծավալվում են 14-րդ դարում, երբ Լենկ Թեմուրի հորդաները ներխուժեցին Հայաստան: Հայերը օրհասական ճիգեր էին գործադրում գոյատեւելու համար, երկու ճակատամարտում կարողացան պարտության մատնել հորդաներին:
«Մանուել սպարապետ Հայոց» – պատմավեպը պատմում է, որ Հռոմեաց Վաղես կայսրը Հայոց Պապ թագավորի սպանությունը կազմակերպելուց հետո, Հայոց գահին նստեցրեց բախտախնդիր մի մարդու՝ Պապի եղբորորդուն՝ Վարազդատին: Եվ՝ թե ինչպես հայ նախարարները, Մանուել սպարապետի գլխավորությամբ կռվի ելան կայսեր խարդավանքների եւ պարսից հզոր բանակների դեմ: Հաղթեցին եւ թագավոր օծեցին Պապի որդուն՝ Արշակ III-ին:

«Մեծագործ մեղապարտը Հայոց» պատմավեպը 301թ. պատմական իրադարձությունների մասին է, երբ Տրդատ արքան եւ Պարթեւ Գրիգոր կաթողիկոսը քրիստոնեությունն «ընդունել» տվեցին Հայաստանում: Պատմավեպում ներկայացվում է, թե ինչպես կործանվեցին Հայ Աստվածների մեհյանները, սակայն «քրիստոնեացած» Հայաստանում այդպես էլ չկարողացան ոչնչացնել հին Աստվածների պաշտամունքը, ինչը հետո էլ անթեղված մնաց հայոց հոգիներում:

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հ.Ա.Մ. խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։