Վրացերենը՝ առաջխաղացմա՞ն, թե՞ ուծացման միջոց

Վերջերս Վրաստանում ազգային փոքրամասնությունների հարցով նախագահի խորհրդական է նշանակվել ոչ անհայտ Վան Բայբուրդը: Մարդ, ում ջավախքահայերը հայտարարել են անցանկալի անձ Ջավախքում: Սակայն, այս անցանկալի անձը շատ ցանկալի է Թբիլիսիում, եւ դա տարօրինակ չէ: Նա Վրաստանի իշխանությունների հլու կամակատարն էր, երբ Վրաստանի խորհրդարանի պատգամավոր էր: Զարմացանք՝ երբ այս տարի չառաջադրվեց որեւէ ընտրացուցակով, հետո դարձավ հասկանալի, որ այլ աթոռ էին խոստացել:

ՀՀ զլմ-ներից մեկի հետ հեռախոսազրույցում այս անցանկալի անձը հանդես է եկել մի դարակազմիկ հայտարարությամբ՝ «վրացերեն չիմանալը խոչընդոտում է հայերի առաջընթացին», դե՜, Բայբուրդին ինչ կա, նա ինչ ուզի ու ոնց ուզի՝ կասի, ավելի ճիշտ՝ ինչ ուզեն՝ կասի, ու հավանաբար նրան այդ պաշտոնում նշանակելուց առաջ ուզել են, որ Վրաստանի ոչ վրացախոս բնակչությանը ամեն կերպ համոզի-պարտադրի վրացերեն սովորել: Իսկ ավելի մեծ գայթակղություն, քան առաջընթացն է, այն էլ «Թբիլիսի տանելու» հեռանկարով, չկա: Հենց այս պատրվակով էլ հավանաբար շուտով կփակվեն Ջավախքի հայկական դպրոցները, մեր ազգային օգուտի համար, որ վրացական դպրոցում արագ սովորենք վրացերեն ու գտնենք լավ աշխատանք, ապահովենք առաջընթաց:


Ընթերցողը երեւի հիմա կմտածի՝ ի՜նչ սխալ է ասել մարդը, բա պետական լեզուն չիմանան, սակայն, երբ ես զրուցում էի թիֆլիսահայերի հետ, ովքեր շատ լավ տիրապետում են վրացերենին (գուցե շատ վրացիներից էլ լավ) եւ բարձրակարգ մասնագետներ են, նրանք բողոքում էին, որ տեղ չեն տալիս իրենց, քանզի կա հայ լինելու գործոնը, «ամենաշատը կոշկակար, կամ ներկարար», ահա վրացերենի գերազանց իմացությամբ հայի ապագան… եթե իհարկե չի պատրաստվում ծախու մարդ լինել կամ վրացականացվել:

Այո, լեզու իմանալը լավ բան է, օգտակար, սակայն այս դեպքում Վրաստանի իշխանությունները ազգային փոքրամասնություններին ձուլելու խնդիր են լուծում, ոչ՝ առաջընթացի: Իսկ առանց լեզվամտածողության փոփոխության մարդուն իր արմատներից չես կտրի:

Երեւանում 5 տարի սովորելուց հետո (մանկավարժ-պատմաբան եմ) վերադարձա Ջավախք ու մտածեցի, որ հայտարարված առաջընթացի համար վրացերեն պետք է սովորել: Բարեբախտաբար Քութաիսի քաղաքում կար նման դպրոց (կար՝ որովհետեւ հիմա վերանորոգելու պատճառով փակվել է ու հայտնի չէ, կբացվի՞ արդյոք, գուցեեւ՝ իր գործն արեց պրծավ… ուրիշ տեղ կբացվի), Զուրաբ Ժվանիայի անվան վարչական դպրոց էր կոչվում, որտեղ 3 ամիս արագացված ձեւով վրացերեն սովորելուց հետո պիտի տեղավորվեի տեղական ինքնակառավարման մարմիններում (վրացերենով վերապատրաստում էին ՏԻՄ աշխատողների), սակայն, մնացի անաշխատանք: Ստիպված վերադարձա Երեւան՝ աշխատանք գտնելու:

Դպրոցում սովորում էինք ազգային փոքրամասնություների 45 ներկայացուցիչներ՝ 30 հայ, 15 ադրբեջանցի: Վկայական ստացանք 12 հոգի՝ որից 11-ը՝ հայ, 1-ը՝ ադրբեջանցի: Մտածեցինք, երեւի այդքան աշխատատեղեր կան, դրա համար ընտրեցին 12 լավագույններին, սակայն խորը հիասթափություն ապրեցինք, երբ հանդիպեցինք նախկին շրջանավարտների, ովքեր դեռեւս սպասում էին, թե երբ են իրենց տեղավորելու աշխատանքի: Պարզ դարձավ, որ դա ընդամենը ծրագիր է հայերին ու ադրբեջանցիներին վրացերեն սովորեցնելու՝ հենց վերոնշյալ նենգ նպատակի համար: Եվ եթե մի քանի տարի առաջ Ջավախքում ոչ մի վրացախոսի չէիր հանդիպի, հիմա բավականին շատացել են……

Լեզուն սովորեցինք, ուծացման առաջին քայլն արեցինք եւ հիմա ավելի հեշտ ու պարտաճանաչ կծառայենք Վրաստանի չունեցած բանակում՝ թուրքերի հետ ուս-ուսի տված, մի վրացի աղջիկ էլ ամեն հայ տղա բանակից հետո «կսեփականացնի», հետո էլ հավանաբար կամ վրացուհին կամ պետությունը կպահանջեն մեր ազգությունը փոխել, ասենք՝ Անդրանիկ Թանգամաշվիլի, կամ գոնե Թանգամ (Բայբուրդը վառ օրինակ է), եւ նոր կտեղավորվենք աշխատանքի……

Դրանից հետո էլ, հավանաբար մեկ դար անց, Անդրո Թանգամիձեն կամ Թանգամաշվիլին Վանո Բայբուրդիձեի կամ Բայբուրդաշվիլու հետ կգրեն իրենց պապերի պատմությունը… եւ հիմնարար աշխատությունում կներկայացնեն, թե ինչպես են հայերը բռնի ուժով Ջավախքի վրացիներին ազգափոխ արել, եկեղեցիները սեփականացրել, սակայն վերջապես հաղթել է վրացական գենը եւ նրանք կրկին վերադարձել են իրենց ակունքներին: Սակայն մի բանում սխալվել են վրացիներն ու նրանց կամակատար Բայբուրդը, որ հայ գենը դարերի ընթացքում միշտ էլ դիմացել է ոսկու փայլին ու սրի ճնշմանը……

Պարզապես ավելի ենք դաժանացնում մեր ներկա դժվարին կյանքը:

Անդրանիկ Թանգամյան

ով երբեք չի դառնա Թանգամաշվիլի կամ Թանգամիձե

Վրաստանն Ադրբեջանին հետախույզներ է տալիս

գործակալության, Բաթումիում տեղի ունեցած ՎՈՒԱՄ-ի գագաթաժողովում Վրաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Միխեիլ Սահակաշվիլին ու Իլհամ Ալիեւը քննարկել ու համաձայնության են եկել, որ Վրաստանն Ադրբեջանին 6 ամիս ժամանակով 2 հետախուզական ինքնաթիռներ (անօդաչու) փոխանցի: Ի դեպ, ադրբեջանական գործակալությունը լուրը տարածել է՝ վրացական զլմ-ներին հղում անելով, ինչը չեն հերքել նաեւ ադրբեջանական զլմ-ները: Բայց այդ երկրի ՊՆ մամլո խոսնակն ասել է, թե ինքն այդպիսի տեղեկատվություն չունի, մինչդեռ ադրբեջանական զլմ-ները հաղորդել են, որ Ադրբեջանի ՊՆ-ն մտադիր է «Հայաստանի կողմից օկուպացված տարածքներում» վերահսկողություն իրականացնել, եւ որ դա կանի Վրաստանից վարձակալությամբ գնված 2 հետախույզ ինքնաթիռների միջոցով:

Լավ կլիներ, որ Վրաստանն Աբխազիայի, Հարավային Օսիայի եւ Ջավախքի (գուցե նաեւ՝ Աջարիայի) հոգսերով հետաքրքրվեր ու զբաղվեր, թե չէ 6 ամսվա (մի քիչ պակաս կամ մի քիչ ավել) ընթացքում գուցե թե Վրաստանից միայն Թբիլիսին իր շրջակայքով ու ադրբեջանաբնակ տարածքներով մնա… Քանզի Աբխազիայի մասնատմանը զուգահեռ …այլ տեղերում քննարկվում է հենց Վրաստանի մասնատման հարցը:

Վրաց գիտնականները՝ ամենահետին կեղտ

Վրաստանում տեղի են ունենում առաջին հայացքից տարօրինակ, սակայն, իրավիճակին տեղյակ մարդկանց տեսակետից, օրինաչափ երեւույթներ: Կյանքն այստեղ ընթանում է խառնիխուռն՝ հակասական հոսանքներ ու միտումներ ներառած:

Այսպես, վրաց մտավորականությունը խորապես վիրավորված եւ խոցված է նախագահ Սահակաշվիլու բռի ու արհամարհական վերաբերմունքից: Վերջինս հայրենի գիտնականներին, գրողներին եւ այլոց համարում է ամենահետին կեղտ, իսկ երկրի ապագան կապում է միայն երիտասարդության հետ: Բնականաբար, դա մտավորականության բուռն զայրույթը հարուցեց:

Այդ «սիրալիր» եւ «բարյացակամ» ուշադրության զոհերից մեկն էլ բանաստեղծ ու գրականագետ Գիզո Նիշնիանիձեն է: «Կվիրիս պալիտրա» շաբաթաթերթը (14-20. 04.2008թ.) այդ առիթով հարցարզրույց անցկացրեց վերջինիս հետ: Բանաստեղծը, մասնավորապես, նշել է. «…Մտավորականներից զատ նա ստորացրել է նաեւ հայտնի գործարարների ու հովանավորների, օրինակ, ինձ սատարող գործարար Բիձինա Իվանիշվիլուն: Ի դեպ, ժամանակին էլ անվանի մեկ այլ բարերարի՝ Դավիթ Սարաջիշվիլուն էին նույն եղանակով վիրավորում ժամանակակիցները (20-րդ դարի սկիզբ): Երբ այն ժամանակ հարցրին նշանավոր գրող Ակակի Ծերեթելուն, թե ինքն ինչպե՞ս է ապրում, նա պատասխանեց. «Հարցրեք, թե ինչպե՞ս է ապրում իմ Դաթիկոն (Դավիթ Սարաջիշվիլին), ես ապրում եմ նրա օգնությամբ»:

Իսկ երբ մի անգամ այդ բարեգործի գրասենյակ մտավ գրող, հասարակական գործիչ Իլյա Ճավճավաձեն, ապա ականատես եղավ մի զարմանալի իրողության. նա փողը հաշվում էր… հայերեն: Նրան զարմանքը պատեց. «Ինչո՞ւ այդպես»: Պատասխանը հետեւյալն էր. «Ի՞նչ անեմ, իմ Իլյա, էս անտեր վրացերենը չեն հասկանում»:

Նույն շաբաթաթերթում (24-30.03.2008թ.) մեկ այլ ցնցող բացահայտում եւս եղավ: Պարզվում է, որ նշանավոր վրաց բեմադրիչ Կոտե Մարջանիշվիլու հայրը եղել է իմերեթցի ազնվական, բարձրաստիճան զինվորական ճարտարագետ Ալեքսանդր Մարջանովը:

Կարծում եմ՝ հայկական գենոտիպի այսպիսի հիշատակումներն անչափ խոսուն են եւ մեկնաբանության կարիք չունեն:

Ռուբեն Նահատակյան

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։