Հերթական հակահայ «բարեկամական» դրսեւորումը – Ռուսաստանն է Հայաստանում լուրջ հակառուսական քաղաքականության բորբոքողը… Հայաստանում բազմալեզվությունն իմացություն է՝ գիտելիք – Բայց որեւէ օտար լեզու չի՛ կարող պետականորեն մրցակցել հայերենի հետ… Լեզվաիմացությունը չպե՛տք է խառնել լեզվամտածոսության հետ…

Ռուսաց լեզվին նախկին ԽՍՀՄ տարածքում օրենսդրական կարգավիճակ տալու մասին ՌԴ ԱԳՆ պաշտոնյայի հայտարարությանը այսպես արձագանքեց ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանը: «Սա շատ անհաջող հայտարարություն է: Կներեք, ինչ-որ մի չինովնիկի հայտարարություն է, թող իրենք իրենց երկրի մասին հայտարարություն անեն, հերթական անհաջող հայտարարությունն է ռուս չինովնիկի կողմից»,- ասել է պատգամավորը՝ ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարականների դեսպան Էլեոնորա Միտրոֆանովայի այն հայտարարության մասին, որ աշխարհում ռուսերենի կարգավիճակի հարցում մի շարք խնդիրներ կան, որոնց շարքում առաջինը մոտ արտասահմանում ռուսերենի կարգավիճակն է։ «Մեր առաջնային խնդիրը հարեւան երկրներում սահմանադրորեն եւ գործնականում ռուսաց լեզվի որոշակի ամրապնդումն է»,- ասել է նա՝ հիշեցնելով, որ ռուսերենը ԱՊՀ տարածքում լավագույն դեպքում սահմանված է որպես ազգամիջյան շփման լեզու, որը հստակ եւ հասկանալի իրավաբանական բացատրություն չունի։ «Ռուսերենն արդեն այսօր ազգամիջյան շփման լեզվի դեր է կատարում, սակայն որոշ երկրներում՝ Ուկրաինայում, Վրաստանում եւ Բալթյան երկրներում, նոր սերունդը չի տիրապետում ռուսերենին»,- ասել է այս ռուս չինովնիկը։

Մինչ այս, եւս հետաքրքիր մի բան կա արձանագրված: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մշակույթի գործիչներին պարգեւատրել էր շքանշաններով ու մեդալներով եւ օտարազգի պարգեւատրվածների թվում էր նաեւ ՀՀ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը, ով մինչեւ պաշտոնազրկվելը Պուշկինի մեդալ է ստացել: Սա հստակ տեղավորվում է հայ մշակույթը, մեղմ ասած, անտեսած եւ Ռուսաստանի ու Մոսկվայի կամ Սանկտ Պետերբուրգի օրերը Հայաստանում ծաղկեցրած հակամշակութային նախարարի՛ գործունեության մեջ: Նա արժանիորեն է ստացել ռուսական կողմի մեդալը… Երեւի նաեւ այն բանի համար, որ Գառնիի կամ Զվարթնոցի մի քանի հազարամյա տաճարներում թույլ է տվել նաեւ այսօրվա ռուսներին քեֆ ու կիսասեքսուալ հավաքույթներ կազմակերպել…  

Հիմա հերթը կրթության եւ գիտության նախարարությանն է, եթե նախարարը ցանկանա ստանալ Պուշկինի մեդալ, ապա Էլեոնորա Միտրոֆանովան դա շատ բարձր մակարդակով կզեկուցի ԱՊՀ-ն ԽՍՀՄ-ի հետ շփոթող Վլադիմիր Պուտինին…

«Ռուսաց լեզուն ռուսական հսկայական մշակույթը ճանաչելու, եւ քաղաքակրթական անհատական աճի գործիքներից մեկն է: Այս լեզուն իմանալու շնորհիվ ռուսական մշակույթը հասանելի է դառնում միլիոնավոր մարդկանց ամբողջ աշխարհում: Հայաստանում ռուսերեն իմացող մարդը կարող է առաջխաղացում ունենալ աշխատանքում»,- Եվրասիական տեղեկատվական լիգայի՝ «Eurasianinfoleague» հետ զրույցում ասել էր ՀՀ կրթության եւ գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը: Բայց հավելել է, որ մայրենի լեզվի հարցը շատ զգայուն է հազարամյակների պատմություն, մշակութային ավանդույթներ ունեցող ազգի համար, ինչպիսին հայերն են. «Ես իմ ռուս գործընկերների տեղում այդ հարցը չէի շոշափի հենց այն համատեքստով, ինչպես արծարծվում է: Ազգային ինքնությունը մեր ժողովրդի համար օրգանապես փոխկապակցված է իր հարազատ հայոց լեզվի հետ եւ այդ պատճառով այս թեմայի շուրջ որոշ սիրողական մեկնաբանություններ բացասական արձագանք են ունենում Հայաստանում, այդ թվում՝ նաեւ ինձ մոտ»:

Ռուսական թեքումով քիչ դպրոցների առկայության մասով էլ նախկին նախարարը պատասխանել էր, որ «Հայոց լեզուն Հայաստանի տարածքում կրթության միակ պետական լեզուն է: Ռուսերենը Հայաստանի համար միջազգային լեզու է, միջազգային շփման լեզու, բայց ոչ ազգային կրթության լեզու»: Մյուս կողմից՝ մենք հետաքրքրված ենք մեր ուսանողների, այսպես կոչված, «բազմալեզվությամբ: ՀՀ հանրակրթական դպրոցներում ռուսերենը պարտադիր առարկա է եւ դասավանդվում է 2-րդ դասարանից, այն դեպքում, երբ այլ օտար լեզուները դասավանդվում են 3-րդ եւ 5-րդ դասարաններից: Մեր երկրում կան ռուսական դպրոցներ եւ ռուսական դասարաններով դպրոցներ: Մոտ ապագայում սկսվելու է ռուսական ճեմարանի շինարարությունը»…

Բայց զարմանալի կլիներ, որ որեւէ քծնող չհայտնվեր մեր երկրում: Երեւանի ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արծրուն Ավագյանը, օրինակ, դեմ չի լինի, եթե ռուսերենը մեր երկրում հռչակվի երկրորդ պետական լեզու. «Ամեն մի լեզու, որ հնարավոր է սովորի որեւէ երկրի ժողովուրդ, խրախուսելի է։ Ցավոք, մենք այնպիսի օրերում ենք ապրում, որ դժվար է դարձել լեզու սովորելը։ Եվ եթե Ռուսաստանը այդպիսի նախաձեռնություն է հանդես բերում, խրախուսելի է, որ դրա հոգը տանի ոչ թե լոկ որպես հանձնարարական, այլ որոշակի նյութական միջոցներ ներդնի, ուսուցման գործընթաց կազմակերպի։ Այդտեղ ես ոչ մի վատ բան չեմ տեսնում։ Մանավանդ որ հիմա մեր բնակչության մի մասը «անգլիական թեքում» է ստացել… Ռուսերենին հատուկ կարգավիճակ տալը չի նշանակում, որ մարդը դադարում է հայ լինելուց կամ կիսահայ է դառնում»։

Մերօրյա ձեւակերպմամբ՝ իսկը «հայ մտաոռականի» (նա լիարժեք վաստակեց այս գռեհկաբանությունը) այն կերպարն է, որին էշի վրա նստեցնելով պիտի ճիպոտահարելով քշեն Ռուսաստան: Չի մոռացել հուշել. եթե ռուսը «հոգը տանի ոչ թե լոկ որպես հանձնարարական, այլ որոշակի նյութական միջոցներ ներդնի…», ապա ինքը պատրաստ է օգտվել այդ լափամանից…

Ինչպես նախկին, այնպես էլ ՀՀ գիտության եւ կրթության ներկա նախարար Լեւոն Մկրտչյանը դեմ են ռուսական շովինիստական հերթական այս ձեռնակմանը: Ռուսաց լեզուն Հայաստանում պետական լեզու չի դառնա, մեր երկրի պետական լեզուն հայերենն է, երկրի անկախության հիմնարար արժեքներից մեկն է, եւ սա փոփոխության ենթակա չէ: Գործադիրի երեկվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս միտքը շեշտեց ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը: «Մեկընդմիշտ արձանագրեք, Հայաստանն անկա՛խ երկիր է, եւ եկեք մենք մեզնից չվախենանք եւ մեր ուժերին վստահենք»:

Որպեսզի խնդրո առարկան թյուրիմացության տեղիք չտա, նախարարը պարզաբանեց, որ թեման օտար լեզուների զարգացման հիմնախնդիրն է, որովհետեւ եթե Հայաստանն ուզում է ունենալ գիտակրթական ներուժ ունեցող տարածք, ապա մեր երկրի քաղաքացիները պետք է մայրենի լեզվին փայլուն տիրապետելուց զատ ունենան օտար լեզուների իմացություն. «Եվրոպական երկրներում արդեն ռեալ 3 լեզվի գործածություն է, մենք դնում ենք առնվազն 2 օտար լեզվի հարց»:

Նախարարը բացատրեց նաեւ, որ հստակ տարանջատել է պետք լեզվի պետականացման եւ լեզվի զարգացման հայեցակարգերը. «Այս 2 հարցը իրարից տարանջատեք խնդրում եմ եւ մեր երկրում նման հարց մի բարձրացրեք»: ՀՀ-ում պետք է լինեն լեզուների զարգացման հայեցակարգեր, ընդ որում՝ ռուսերենի հայեցակարգն ընդունվել է դեռ 1998-ին, որի զարգացման համար 2 կարեւոր դաշտ կա՝ ԵԱՏՄ-ն եւ ռազմական համագործակցությունը: Բայց կարգավիճակային խնդիր չի կարող լինել:

Արման Դավթյան

«Լուսանցք» թիվ 40 (430), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։