1000 դրամների հետքերով.- Երբ գործի ազգային տուրքի գաղափարը – Հիմնադրամը կլինի միակ հիմնադրամը մեր երկրում, որից որեւէ մեկը չի գողանա… Ազգ-բանակի ստեղծման ճանապարհին հայկական զինուժի խնդիրները պիտի այլեւս կամ-կամի չվերածվեն…

Մեր բանակում կատարվող ամեն ինչ այսօր բոլորիս ուշադրության կենտրոնում է, քանի որ Հայաստանի եւ հայության միակ վստահելի երաշխավորված պաշտպանն է եւ արժանի է համակողմանի ուշադրության ու աջակցության:

Բանակին սատարելու պատրաստ են ինչպես նախկին, այնպես էլ նորօրյա կամավորականները, ինչը լրացուցիչ մեծացնում է հայկական զինուժի պաշտպանական կարողությունները, եւ՝ ոչ միայն պաշտպանական:

Բայց մեր բանակում կան նաեւ խնդիրներ, որոնց մասին պետք է մտածել այսօր: Ապրիլյան քառօրյա պատերազմը վերհանեց մի շարք բացթողումներ, որոնք արդեն շտկվում են, բայց դեռ բավարար չեն, որպեսզի ընդհանուր վիճակը համարվի գերազանց: Իսկ այն պիտի գերազանց լինի, քանի որ բավարարն արդեն մեր բանակի համար թուլացում պիտի դիտարկել: Մեր տարածաշրջանը մնում է անկայուն, Արցախի հարցը՝ միջազգայնորեն չկարգավորված, իսկ աշխարհի վերաբաժանման հերթական ալիքը կարծես հեռու չէ:

Եվ ազգ-բանակի գաղափարն ի կատար ածելու համար նույնպես պիտի գերազանց կարգավիճակում գտնվող բանակ ունենանք:

Բայց, նախ եւ առաջ, պիտի բանակի մաքրագործման խնդիը լուծվի: Այստեղ պիտի բացառվեն հարստահարման եւ եսակենտրոն ինքնահաստատման բոլոր երեւույթները: Օրերս ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը համաձայնեց այն դիտարկումներին, որ բանակում կան մարդիկ, ովքեր թալանում են այն: «Այո, բանակում կան ստոր մարդիկ, եւ ոչ միայն գեներալներ, այլեւ գնդապետներ, դասակի, ջոկի հրամանատարից սկսած մինչեւ գեներալիտետ կային ու հիմա էլ կան մարդիկ, որոնք ձեռքը մտցնում են բանակի գրպանը: Սա ամենասարսափելի բանն է, սակայն տուրք տալով այդ փաստերին, որը շատ դեպքում օբյեկտիվ օրինաչափություն է, մենք էս սուրբ գաղափարը էժանացնում ենք»,- հայտարարել է իշխանական ներկայացուցիչ պատգամավորը՝ խոսելով նաեւ «1000 դրամների վիճահարույց նախագծի մասին»:

«Լուսանցք»-ն այս առումով իր տեսակետը հայտնել է, որ բանակի կարիքների համար ձեռնարկվող բոլոր քայլերը պիտի կյանքի կոչվեն, քանի որ, ինչպես վերը նշվեց, մեր բանակը մեր երկրի ու բնակչության միակ վստահելի երաշխավորված պաշտպանն է: Եվ ինչպես զոհված ու վիրավոր զինվորների ընտանիքներին աջակցելու, այնպես էլ հայկական զինուժին աջակցելու բոլոր փորձերը պիտի կյանքի կոչվեն: Իհարկե, կյանքի կոչողները եւս պիտի արժանավոր պահեն իրենց, այլապես՝ փորձը կդառնա հերթական փորձանք… Այս մտահոգությունները բարձրաձայնում ենք նաեւ մենք:  

ՀՀԿ պատգամավորը նկատել է, որ հավաքվող գումարով բանակի խնդիրները չեն լուծվում, բայց նա վստահ է, որ այս նախաձեռնությունը երկար տարիներ հետո «որպես գաղափար կունենա այլ որակ»: Հետեւաբար, ըստ նրա, այժմ որոշ քաղաքական գործիչների բարձրացրած «աժիոտաժը արհեստական է»:

Հիշեցնենք, որ «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» եւ հարակից օրենքների նախագծերով նախատեսվում է ստեղծել հիմնադրամ, որը կմիավորի թե պետությունից, թե հասարակությունից ստացվող դրամական միջոցները, կապահովի այդ միջոցների պրոֆեսիոնալ կառավարումը եւ առաջացած միջոցների հաշվին՝ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցումը: Նախագծով նախատեսվում է հատուցման գումարներ վճարել այն զինծառայողներին, ովքեր զոհվել կամ հաշմանդամություն են ստացել մարտական գործողություններին մասնակցելու  կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ: Զինծառայողների մահվան դեպքում հատուցման գումարները կվճարվեն նրանց ընտանիքների անդամներին՝ ծնող, ամուսին, զավակ, զինծառայողի խնամքի տակ գտնվող անձին: Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է ԱԺ-ում:

Բանակը կարեւոր է բոլորիս համար, սակայն առկա մտահոգությունները եւս պիտի փարատվեն, քանզի պետության գրպանը դեռ ծակ է եւ այդ անցքերի մոտ նստած են անկուշտ մարդիկ, որոնք ազգություն չունեն կամ որոնց ազգային պատկանելությունը թղթադրամից է առաջացել… Նման մարդիկ եղել են ու կան՝ անկախ սոցիալական կարգավիճակից ու գտնվելու վայրից…

«Գաղափարախոսությունը, որը դրված է նոր համակարգի մեջ, մի փոքր այլ է՝ ազգ-բանակ գաղափարախոսությունն է, եւ բանակի հետ կապված պատասխանատվությունը ընկած է բոլորիս վրա»,- ասել է ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ անդրադառնալով զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցումների համար պետական ապահովագրական վճար տրամադրելու մասին հարցին: Ապա հավելել է, որ բանակը պիտի ունենա հենարան, պետք է լինի պահովագրական համակարգ, որն առաջիկա տարիներին, իսկ ընտրվել է 20 տարին, կարողանա կորցրած ապագայի եկամուտները փոխհատուցել: Նախարարը կարեւորել է, որ համակարգը ժողովրդի համար պիտի լինի «տեսանելի, թափանցիկ, ընկալելի եւ շատ պարզ»:

Իհարկե, սոցիալական խնդիրները մշտապես եղել են եւ առաջիկա տարիներին էլ կլինեն, քանի որ Հայաստանում մեկ շնչին բաժին ընկնող ազգային եկամուտը դեռեւս կազմում է 3500 դոլար: Եվ շատ մարդկանց համար իսկապես կլինի դժվար ամսական 1000 դրամ վճարել, գուցե ինչ-ինչ չափորոշիչներ աշխատեն: Բայց մի բան պարզ է այսօր եւ առ միշտ. «Ով չի կերակրում իր բանակը, նա կերակրում է ուրիշի բանակը», այստեղ կարեւոր չէ՝ ներկայիս թշնամու, թե այսպես կոչված բարեկամի կամ ռազմավարական ընկերոջ բանակը, որը վերջնահաշվում վերածվում է գաղութարարի…

Գրականության ինստիտուտի փոխտնօրեն Վարդան Դեւրիկյանը համարում է, որ բանակին 1000 դրամ տալը պետք է լինի ազգային տուրքի գաղափար. «Ես մեծ ոգեւորություն ապրեցի Վիգեն Սարգսյանի այդ առաջարկից, քանի որ բարեգործություն անելը, անկախ նյութական վիճակից, մարդուն բարձրացնում է, վեհացնում»: Ապա հավելել է. «Այն, որ մենք բանակին պետք է ինչ-որ բանով օգտակար լինենք, առաջացավ ապրիլյան պատերազմից հետո: Եվ, գիտե՞ք, շատերը չէին գնում  ճակատ ոչ թե վախենալով թշնամուց, այլ որ իրենց մի բան պատահելուց հետո ընտանիքը կմնար սոված»...

Ըստ նրա, ճիշտ կլինի նաեւ Սփյուռքից գումար հավաքել բանակի համար. «Լավ կլինի, որ Հրանուշ Հակոբյանը Սփյուռքին դիմի, որպեսզի սփյուռքահայությունը 2 ամիսը մեկ 5 դոլար փոխանցի այդ ֆոնդին, հատկապես երկքաղաքացիություն ունեցողներին»: Նրա, ինչպեսեւ շատերի համար  ցավ է, երբ հասարակության շրջանում ծավալվող քննարկումները պարզունակ են դարձնում այս խնդիրը, ինչը Ադրբեջանում այլ տպավորություն է ստեղծել, թե հայերը հրաժարվում են կերակրել սեփական բանակը:

Սա մի քանի հոգեբանական խնդիրներ է լուծում մեր թշնամու երկրում՝ ադրբեջանցիները կարծում են, թե հայերի մեծ մասը հրաժարվում է հայրենիքի հանդեպ պարտքը կատարել, ինչպես նաեւ, որ Հայաստանում վիճակն այնքան ողբալի է, որ մարդիկ անգամ հայտվել են ընչազրկության եզրին… ինչը հղի է նոր մեծածավալ հարձակման հնարավորությամբ: Իսկ ադրբեջանական զլմ-ները կարողանում են մեր եղածը բազմապատկել ու ավելի տխուր պատկեր ներկայացնել:

Այս ամենը չի նշանակում, որ պիտի քննարկումներ չլինեն: Ամենեւին, թող լինեն, եթե դրա կարիքը կա, բայց չափավոր եւ առանց վախի ու փախուստի մթնոլորտ սերմանելու, առանց ավելորդությունների ու չափազանցության:

Գրականության ինստիտուտի փոխտնօրենն օրինակ առաջարկել է, որր օրենքում որոշակի ընդառաջումներ լինեն նրանց համար, ովքեր ինչ-ինչ պատճառներով չեն կարող եւ չեն ցանկանում վճարել այդ գումարը. «Եթե մի կազմակերպությունում կա 50 աշխատող, եւ որեւէ մեկը չի ցանկանում վճարել, մեկ այլ աշխատակցի միջոցով կարելի է ծածկել դա, ով ունի այդ հնարավորությունը»:

Ըմանց կարծիքով խոսքը ոչ թե 1000 դրամ չտալու մասին է, այլ իշխանությունների նկատմամբ հասարակության անվստահության, բայց ինչպես վերոհիշյալ բանախոսն է ասել. «Մենք թուրքերին չենք կարող ասել՝ սպասեք մինչ վստահությունը վերականգնենք միմյանց նկատմամբ: Չեմ կարծում, թե այդ գումարները տեղ չեն հասնի: Սա այն փողը չէ, որը կուտվի»: Բայց նաեւ հավելել է, որ զարմացած է, թե ստեղծված իրավիճակում ինչպես կարելի է 50 միլիոն դրամ տրամադրել բանակի օրվան նվիրված համերգին…

Գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանն էլ է կողմ հիմնադրամի գաղափարին. «Այո, այդ 1000 դրամը պիտի տալ: Երանի չէ՞ր՝ 100 տարի առաջ այդ 1000 դրամները հավաքվեին, որ ազգը միավորվեր, եւ Արեւմտյան Հայաստանը այսօր Թուրքիայում չլիներ: Մենք պարտավոր ենք վճարել այդ 1000 դրամները, բոլորս անխտիր: Բոլորդ էլ սրճարան գնում եք, չէ՞: Սրճարանում մեկ գավաթ սուրճն այսօր արժե 1000 դրամ: Ենթադրենք, ամիսը մեկ գավաթ սուրճ պակաս ես խմում»: Նա վստահ է, որ չնայած այս քննարկումներին, չի կարծում, թե կգտնվի մի հայ, ով չի ցանկանա տալ այդ 1000 դրամը, «պարզապես վստահության հարցն է այստեղ, ժողովուրդն ուզում է գնալ իր տված 1000 դրամի հետեւից»:

Բաքուն ի ցույց էր դրել խորհրդարանի դարպասների մոտ հավաքված մոտ մեկ տասնյակ քաղաքացիների պահանջն իշխանություններից՝ հրաժարվել 1000 դրամ գանձելու միջոցով վիրավոր եւ մահացած զինծառայողների ընտանիքներին աջակցության նախագծից: Դե, եվրաիրավապաշտպանների համար էլ է գործ բացվել, իրավապաշտպան Արթուր Սաքունցի խոսքով՝ քաղաքացիներից հավաքվելիք գումարները հնարավոր կլինի ապահովել նաեւ պայքարելով կոռուպցիայի դեմ, մասնավորապես՝ կրճատելով տնտեսությունում առկա ստվերի ընդամենը 1%-ը: Նրա խոսքով՝ նախագիծը հանրային վստահություն չունի եւ նպատակ ունի ընդամենը քաղաքացիներից հավելյալ գումարներ գանձել, ինչպես ասում են՝ առանց մեկնաբանության:

«Անհասկանալի է, թե 1000 դրամը ինչպես պետք է փրկի բանակին: Եթե դրա կարիքը կար, ապա պետք է բարի լինեին եւ ասեին՝ ժողովուրդ չենք կարողանում բյուջեն այդքան լցնել, որ ապահովենք մեր ժողովրդի ու բանակի կարիքները»,- ասել է Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Նրա խոսքով, ժողովուրդը վրդովված է, որ կան մարդիկ, ովքեր «գողացել են, թալանել երկիրը», պետք է ապահով ապրեն, իսկ 60 հազար դրամ աշխատավարձ ստացողներից պիտի պետությունը 1000 դրամներ վերցնի: «Սա փարիսեցիություն չի, ի՞նչ է: Ճառեր են ասում, թե եթե չեք տրամադրում գումար այս ծրագրին, պահելու եք թշնամու բանակը: էս ի՞նչ նորություն է: Էն դղյակաշինությունը, որ այս 25 տարվա մեջ կատարվեց, էդ որտեղի՞ց արեցին այդ մարդիկ: Ահա այս անարդարության արդյունքն է, որ ժողովուրդը վրդովված է արձագանքել»,- նկատել է ՀԴԿ նախագահը:

Այս առումով խոսել է նաեւ ՀՀԿ պատգամավոր Համլետ Հարությունյանը. «Դղյակաշինություն կա աշխարհի բոլոր երկրներում, բայց եթե մենք ժամանակին դիմեինք Իսրայելի օրինակին, ու բանակը դարձնեինք պետության գերխնդիրը, ապա այսօր չէինք արժանանա նման քննադատությունների»: Նա կարծիք հայտնեց, որ 1000 դրամների հիմնադրամը կլինի միակ հիմնադրամը մեր երկրում, որից որեւէ մեկը չի գողանա: Իհարկե կցանկանայինք, որ այդպես լիներ ու հետո մյուս հիմնադրամների վրա էլ ազդեր այդ գործելաոճը… Ժամանակը ցույց կտա:

«Դղյակներ կառուցած պաշտոնյաները բանակին պետք է միլիարդներ վճարեն»,- ասում են շատերը, այդ թվում ՀԴԿ նախագահը: Նա կրկնել է, որ դրա կարիքը չկա, քանի որ 2017թ. կայանալիք խորհրդարանական ընտրություններին «ՀՀԿ-ի անդամներն իրար դեմ են դուրս գալու, իրենց մեջ է լինելու քվեարկությունը: Այդ ռեյտինգային քվեարկությունը նույն դրամ բաժանելու ձեւն է: Հայը, ով իրեն երբեք աղքատ չի համարել, այսօր 70%-ը խոստովանում է, որ աղքատ է: Այս իրավիճակում պարզ է, որ գայթակղելու են ժողովրդին: 10 հազար դրամի փոխարեն՝ 20 հազար կբաժանեն կամ ավելի, ինչ 1000 դրամի մասին է խոսքը»:…

Հուսանք, որ ազգ-բանակի ստեղծման ճանապարհին հայկական զինուժի խնդիրները այլեւս կամ-կամի չեն վերածվի եւ մեր բանակը կշարունակի մնալ մեր ապավենն ու հավերժելու երաշխավորը:

Արամ Ավետյան

«Լուսանցք» թիվ 40 (430), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։