Հայկական ինքնատիպ բնաշխարհ ու ներաշխարհ.- Հայկական գամփռն ու ձին՝ Հայկական լեռնաշխարհի բնիկները… Կոխ.- մարտարվեստ ու հայկական պար՝ մարտից առաջ, «Հսկայի պարով»՝ դեպի «Հաղթանակի պարը»…

Հայկական գամփռն ու ձին՝ Հայկական լեռնաշխարհի բնիկները

Հայկական գամփռ

Գամփռը շների մի քանի տեղական տեսակի մեկ միասնական անվան տակ միավորված շնատեսակ է, որը հազարամյակների ընթացքում բուծել են հայերը։ Եվ հազարամյակներ շարունակ այս շնատեսակը եղել է Հայկական լեռնաշխարհի շուն եւ այդպիսին էլ մնում է: Ինչը գրանցվեց նաեւ ՅՈւՆԵՍԿՕ-ում՝ Գամփռը հաստատելով որպես հայկական ծնատեսակ: Գամփռ շանը պատկերող Հայաստանի փոստային նամականիշ կա նաեւ:

Հայաստանում եղել են հատուկ շնաբուծարաններ, որոնք վայրի գազանների (գայլ, շնագայլ) եւ շան զուգավորումից ստացել են վերը նշված ցեղերը եւ դրանք վաճառել են շատ թանկ։ Շնաբույծները միաժամանակ հայտնի գազանորսներ էին, եւ նրանք սա համարում էին իրենց ապրուստի գլխավոր միջոցը եւ պահպանում էին այս գելխեղդ շան յուրատիպությունը։

Շնաբուծության համար հիմնականում որսում էին գայլեր, երբեմն՝ շնագայլեր։ Գայլին պահում էին բնական պայմաններին մոտ իրավիճակում՝ խոր եւ երկար այրերում, նաեւ քարանձավներ ունեցող ժայռերում, որտեղ կային որսալու եւ բզկտելու հարմարություններ։ Որսած գայլն իր բնական քարանձավում որսում էր նապաստակ կամ այլ կենդանիներ, որոնց աննկատելի կերպով գայլաբուն էին ուղարկում որսորդները գետնուղիներով: Ստեղծում էին պայմաններ, որ գայլերը նկատեն ու հալածեն աղվեսների, կաքավների, անգամ արջերի։

Հայկական լեռնաշխարհում բուծված շները բաժանվում էին 5 առանձին խմբերի. հոտապահ շուն կամ գելխեղդ, բակապահ շուն կամ ուղղակի գամփռ, արջի որսի շուն կամ արջաշուն, փոթորկաշուն եւ բարակ կամ թազի։

Հոտապահ շուն – գելխեղդ

Այս շների դերը ընտանի կենդանիների հոտերը եւ նախիրները գայլերից ու գողերից պահպանելն է։ Շան մականունն է գայլխեղդ: Գլուխը մեծ է, շրթունքը՝ հաստ, քիթը՝ կարճ, կուրծքը՝ լայն։ Ուժեղ է ու անվախ, հավատարիմ, բայց ոչ այնքան ուշիմ։ Շատ հավատարիմ է իր տիրոջը, ամեն վտանգի կդիմակայի՝ տիրջը պահպանելու համար։

Մարմնով խոշոր է ու հզոր՝ կարճ դունչ, բարձր ճակատ, արմատից քիչ վերեւ կտրված ականջներ, բրդոտ ու հաստ վիզ, մկանուտ բարձր ոտքեր, ամուր գավակ։ Սովորություն ունի պոչը ոլորելու եւ դնելու մեջքին։ Քայլում է հանդարտ, ինքնավստահ ու վեհ։ Անհարկի չի հաչի։ Իր անսխալ բնազդով իսկույն որոշում է թշնամին ու բարեկամը եւ ըստ արժանվույն էլ վարվում է հետը:  

Գելխեղդ շները բաժանվում են 2 ենթախմբի՝ գայլաշան եւ շնագայլի։ Գայլաշուն անվանվում է այն շունը, որի հայրը գայլն է, իսկ մայրը՝ գայլի կաթով սնված շունը։ Շնագայլը այն շունն է, որի հայրը գայլի կաթով սնված շունն է, իսկ մայրը՝ էգ գայլը։ Շան եւ գայլի բեղմնավորումից ծնված լակոտները անվախ, հանդուգն, բզկտող, բայց իրենց տիրոջը հավատարիմ շներ են, մանավանդ նույնն ցեղին պատկանող էգ շունը, որոնց անվանում են տելե եւ քելփտը։ Առանձնահատուկ երանգավորում չունեն։

Գելխեղդին զրահապատում են 

Գայլխեղդ շունը զրահապատվում է. շան կրծքի եւ կռնակի այն մասին, որը դեպի վիզն է երկարած, ճիշտ առաջի ոտքերի ուղղությամբ, ամրացվում են պողպատից սուր խրոցներ, կրծքին՝ հորիզոնական, թիկունքին՝ ուղղահայաց, 10-12 սմ երկար, ճկույթի հաստությամբ։ Շունը գազանների վրա հարձակվելիս նախ խփում է կրծքով, եթե առաջին զարկով կարողացավ տապալել հակառակորդին՝ գործը հեշտանում է, այլապես սկսվում է մարտը։ Այդ դեպքում շունը բացի իր ժանիքներից օգտագործում է նաեւ կրծքին ու թիկունքին ամրացված հատուկ խրոցները, որոնք մեն մեկ զարկից լայն վերք են բացում գազանի մարմնի վրա, հատկապես սրտին։

Վաղ հասակում գելխեղդի ականջները կտրվում են երկու պատճառով։ 1. Որպեսզի ընկալուչները միշտ բաց ու զգոն լինեին ցանկացած շշուկի հանդեպ։ 2. Որպեսզի մենամարտելիս հակառակորդը հափռելու համար քիչ թույլ օղակներ գտներ։ Նույն նկատառումներով՝ հաճախ կտրվել է գամփռի պոչը… Հաշվի է առնվել թե՛ կռվելիս քիչ բռնվելու, կծվելու, խեղճացվելու հանգամանքը, թե՛ ցուրտ գիշերներին դունչը պոչի մեջ տաք-տաք քնելու հանգամանքի բացառումը…

Գելխեղդը մարտից հետո

Երբ շունը գայլ է խեղդում, ավագ հովվի պարտականությունն էր իր ձեռքով ճմուռ պատրաստել եւ գելխեղդ շան ճակատը համբուրելուց ու գլուխը շոյելուց հետո, անձամբ կերակրել նրան։ Շունը զգալով այդ առանձնահատուկ վերաբերմունքը՝ նախ լիզում է ավագ հովվի ձեռքերը, այնուհետեւ ուտում ճմուռը։ Մեկից ավելի գայլ խեղդած շանը պատվելու իրավունքը վերապահված էր տան մեծին՝ ընտանիքի պապին կամ տատին։ Եթե նրանցից մեկն ու մեկը սարում չէ, շունը արոտավայրից գյուղ էր գալիս եւ թավալվելով տիրոջ ոտքերի առաջ, երեք անգամ հաչում էր… Տերն այդ կերպ տեղեկանում էր պատահածի մասին եւ հասկանում, որ շունը մեկից ավելի գայլ է խեղդել… Նա գրկում էր շանը եւ ճակատը համբուրում, գգվում, ապա իր ձեռքվ պատրաստված ճմուռը կերցնում։

Այնուհետեւ՝ շունն առանց լրացուցիչ ցուցմունքի կամ նշանի, կրկին վերադառնում էր հոտի մոտ՝ իր պարտականությունները կատարելու:

Արջաշուն

Արջաշունը, որը գամփռի մեկուկես արժեքը ունի, խիստ հազվագյուտ է։ Օգտագործվում է միայն վարպետ գազանորսների կողմից՝ արջի որսի ժամանակ։ Արջից ավելի ուժեղ է, երբ մանավանդ զինված է լինում պողպատե ցցերով։

Որսաշուն բարակ

Այս շունը օգտագործվում է աղվես, վայրի կատու, լուսան որսալու համար։ Նա թեթեւոտն ու արագավազ է։

Քարայծ, եղջերու հալածելու եւ քարայրներից դուրս բերելու համար օգտագործում էին բարակի եւ գայլաշան զուգավորումից սերած եւ միայն Դրսիմ կամ Մնձուր լեռնաշխարհին հատուկ մի տեսակ որսի շուն, որը քարայծի ամենաթեթեւ հետքերից կարողանում էր հայտնաբերել նրա թաքստոցը ու առաջնորդել այն ուղղությամբ, ուր թաքնված էր որսը։

Այս կարգի շները թե՛ հոտառությամբ, թե՛ հաչելու ձեւով տարբերվում են մյուս շներից։ Սրանք մարդկանց վրա չեն հաչում, շատ ուշիմ են եւ նվիրված իրենց տիրոջը։ Վիրավոր որսին հետապնդելու, նրա թաքնված տեղը գտնելու եւ հաչելով որսորդին իրենց մոտ կանչելու առանձին հատկություն ունեն։

Հայկական գամփռը գին ուներ եւ ունի

Հայկական լեռնաշխարհում փոխանակության հիմքը ոչ թե ոսկին եւ արծաթն էր, այլ բնամթերքը կամ անասունը։ Շան գինը եւս որոշվում էր այդ փոխարժեքներով։

Մնձուր լեռներում մեկ ցեղական շան գինն էր 40 կոտ (640 կգ) ցորեն, կամ մեկ ձի, կամ մեկ կթան կով՝ հորթը հետը, կամ 10 ոչխար՝ գառներով։ Այնտեղ մեկ ցեղական շան համար կարելի էր վճարել նաեւ 80 կգ մեղր, կամ 80 կգ յուղ, կամ նույնքան բուրդ։

Եթե մնձուրցի գյուղացին փոխանակության համար որեւէ միջոց չուներ, բայց ցանկանում էր հայկական ցեղական գամփռ ունենալ, պարտավոր էր 80 օր անվճար աշխատել շան տիրոջ համար։ Սասունում մեկ գելխեղդ շան համար վճարում էին նոր ծնած 10-12 ոչխար։ Մոտավորապես նույն գներն էին նաեւ Հայաստանի մյուս շրջաններում։ Առանձնապես երեւելի շների գները հասնում էր մինչեւ 30-40 ոչխարի։

Բայց իրականում, գամփռ շան գինը շատ ավելի մեծ էր։ Այս շան վրա զենք բարձրացնելը կամ սպանելը հավասար էր մարդասպանության։

2011թ. փետրվարի 10-ին Միջազգային Կինոլոգիական միության /ՄԿՄ/ /International Kennel Union/ /IKU/ Մոսկվայում կայացած Ցեղային հանձնաժողովի նիստի ընթացքում ճանաչվել է հայկական Գելխեղդի՝ Գամփռի ստանդարտը։ Նրան շնորhվել է Հայաստանի ազգային ցեղատեսակի կարգավիճակը եւ այն գրանցվել է 204 համարի ներքո։ Համաձայն ընդունված ստանդարտի՝ ճանաչվում է հայկական Գամփռի կարճամազ տեսակը (մազածածկույթի երկարությունը՝ 2-ից 6 սմ):

Որպես հայկական ազգային ցեղատեսակ՝ Հայկական գելխեղդ գամփռը ճանաչում ստացավ շնորհիվ Հայաստանի Կինոլոգիական, Կինոլոգիա-Սպորտային Միության /ՀԿԿՍՄ/ նախագահ Վիոլետա Յուրիի Գաբրիելյանի։

Մեր ձիուց ոչ ոք չունի

Այս մասին հանգամանալից դեռ չենք խոսի, պարզապես ներկայացնենք Հրաչուհի Փալանդուզյանի ֆ/բ էջից մի փոքր մեջբերում, որտեղ արծարծվում է այս հարցը:

…Աշխարհի ոչ մի լեզվում «ձի» բառն այնքան հոմանիշներ չունի՝ որքան հայերենում։ Մինչ «գիտունները» կվիճեն՝ Հայկական լեռնաշխա՞րհն է ձիու ծագման օրրանը, հայերն առաջի՞նն են ձի բուծել ու ձիավարել, մենք ուղղակի մտապահենք Հայկ Խաչատրյանի «Քերթողահայրը» (Սովետական գրող, Երեւան, 1985թ.) վեպի այս հատվածը, որտեղ ձիու՝ մեզ ծանոթ հայերեն անվանումներն են։

«Հայերը ձիուն անվանում են նաեւ ասպ։

Ընտիր ձիուն՝ նժույգ։ Արու ձիուն՝ հովատակ մատակ։ Էգ ձիուն՝ զամբիկ, ճակ, մատյան կամ սարակ։ Հեծնելու ձիուն՝ երիվար։ Կառքին լծվածին՝ վարգաձի։ Դեռատի ձիուն՝ մտրուկ։ Ասպարափայլին՝ ճերմակ։ Շիկագույնին՝ աշխետ։ Մոխրագույնին՝ մողոշիկ։ Թխակարմիրին՝ շառատ։ Սեւ ու ճերմակավունին՝ ճանճկեն։ Սպիտակ սեւախայտ ձիուն՝ ճարտուկ։ Սպիտակախայտ ոտքերով ձիուն՝ կոստնտոտիկ։ Եզի պես լայն ու տափակ գավակ ունեցողին՝ եզնգավակ։ Մերկ, անթամբ ձիուն՝ մերկիկ։ Ձիու ձագին՝ քուռակ»…

Հայկ Խաչատրյանը կարծում է, որ Ալեքսանդր Մակեդոնացու հանրահայտ Բուկեֆալ նժույգի հայրենիքը եւս Հայաստանն է։

Հուսանք, որ մեր գիտնականները եւ պետական պատասխանատուները, հատկապես մշակույթի նախարարության, այս հարցում եւս տանուլ չեն տա, ինչպես եղել է հայկական խոհանոցի շատ ուտեստների, պատմական տեղանունների, հուշարձանների ու ազգային-մշակութային կոթողների ճանաչման ու հաստատման դեպքում եւ կկարողանան վերջնականապես առկա բազում փաստերի հիման վրա ապացուցել այն իրողությունը, որ մեր հայրենիքից աշխարհի չորս կողմերում տարածված ձիերն այլեւս կկոչվեն հայկական ձի..

Հետո կպայքարեն նաեւ մեր մյուս արժեքների համար:

Էջը համահավաքեց Անի Իշխանյանը

Հայկական պար՝ մարտից առաջ

Եթե նայենք աշխարհի քարտեզին եւ երկրների անունների փոխարեն նշենք մարտարվեստի այն տեսակները, որոնք բնորոշ են տվյալ երկրին, ապա կստանանք մարտարվեստի աշխարհի ամբողջական քարտեզ: Ճապոնիայի փոխարեն կարող ենք գրել սումո կամ կարատե, Չինաստանի փոխարեն՝ քունգ-ֆու, Ֆրանսիան հայտնի էր իր սավատով, Հնդկաստանը՝ կուշտիով, այսպես կարելի է երկար շարունակել: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա  կա միանշանակ պատասխան՝ կոխ: Կոխը ամենահին ու յուրահատուկ մարտարվեստի տեսակներից է:

Հայաստանից գնացած մարտարվեստների մասին «Լուսանցք»-ը գրել է, անգամ այսօր Հնդկաստանում պահպանվել է քալարիփայաթ անունով մարտարվեստը, որը սովորեցնում է մարտնչել, կռվի բռնվել հակառակորդի հետ այն ամենով, ինչ կարող է այդ պահին հայտնվել ձեռքի տակ…

Մի առասպելի համաձայն, կար ժամանակ, երբ հայերը համարել են, որ երկրաշարժի մեղավորները Հայկական պանթեոնի Աստվածներն են, ովքեր տարվելով կոխով, անգամ չէին ենթադրում, որ դրանից հողը երերում է, տներ են քանդվում ու ավերածություններ լինում: Սա ցույց է տալիս, որ կոխը զորեղ մարտարվեստ է: Ավելի ուշ Աստվածները տղամարդկանցից ամենաքաջերին հայտնեցին կոխի գաղտնիքները, նրանք էլ իրենց հերթին սովորեցրեցին մյուսներին, ու այսպես տարածվեց մարտարվեստը:

Կոխից առաջ կարեւոր արարողություն էր նաեւ մարտին պատրաստվելը: Մարտիկները պետք է հանդես գային հատուկ «Հսկայի պարով»: Իսկ արդեն մարտից հետո հաղթողը պարում էր «Հաղթանակի պարը»: Մարտի երաժշտությունը կատարվում էր զուռնայի, դուդուկի եւ դհոլի համադրությամբ եւ չէր դադարում ամբողջ ընթացքում:

Այս մարզաձեւի շնորհիվ է նաեւ, որ հայոց լեզուն հարստացել է այնպիսի բառերով, ինչպիսք են կոխ տալ, գոտի, գոտեմարտ եւ այլն:

1922թ. սկսած Հայաստանում կոխի առաջնություններ էին անցկացվում:

Նկատենք, որ սա այն դեպքում երբ սովետական մյուս երկրներում անգամ ազգային սպորտաձեւեր դեռ չէին հայտնվել: Հենց այս ժամանակ էլ կոխում հստակեցվեցին շատ կանոններ, որոնք հիմնականում վերցվեցին կոխի լոռվա տարբերակից: Մարզիկները 9 քաշային կարգում էին պայքարում, մարտը տեւում էր 7 րոպե: Եթե մարզիկներից ոչ մեկին չէր հաջողվում գետնել մյուսին, հաղթողը որոշվում էր միավորներով: Այսօր ազգային մարզաձեւ կոխը կորցրել է իր նշանակությունը ու շատ մարզիկների մոտ անգամ ասոցիացիաներ չի առաջացնում: Բայց ամեն դեպքում «կոխը գետնված չէ»… Մենք կոխի զարգացման անհրաժեշտությանը առիթով կանդրադառնանք:

– – – – – – – – – – – – – – – – –

* «Հայկական պար՝ մարտից առաջ»-ի լրացված տարբերակը.

Եթե նայենք աշխարհի քարտեզին եւ երկրների անունների փոխարեն նշենք մարտարվեստի այն տեսակները, որոնք բնորոշ են տվյալ երկրին, ապա կստանանք մարտարվեստի աշխարհի ամբողջական քարտեզ: Ճապոնիայի փոխարեն կարող ենք գրել սումո կամ կարատե, Չինաստանի փոխարեն` քունգ-ֆու, Կորեայի փոխարեն՝ այկիդո, Ֆրանսիան հայտնի էր իր սավատով, Հնդկաստանը՝ կուշտիով, այսպես կարելի է երկար շարունակել՝ թեքվանդո, սամբո (նախկին ԽՍՀՄ-ի փոխարեն) եւ այլն…

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա շատերը ցավոք տեղյակ չեն, գուցե երկմտնեն, բայց այստեղ կա միանշանակ պատասխան` կոխ: Կոխը ամենահին ու յուրահատուկ մարտարվեստի տեսակներից է` իր գեղեցիկ հնարքներով ու շարժումներով, որի արմատները հազարամյակների խորքերում են: Կոխը Հայաստանի մշակույթն ու պատմությունը ներկայացնող կարեւոր բաղադրիչ է:

Հայաստանից գնացած մարտարվեստների մասին «Լուսանցք»-ը գրել է, անգամ այսօր Հնդկաստանում պահպանվել է քալարիփայաթ անունով մնացած մեր մարտարվեստներից մեկը, որը սովորեցնում է մարտնչել, կռվի բռնվել հակառակորդի հետ այն ամենով, ինչ կարող է այդ պահին հայտնվել ձեռքի տակ…

Հին ժամանակներում, երբ մարտական արվեստը համարվում էր առօրյայի անբաժան մասը եւ տղամարդկանց հիմնական զբաղմուքներից էր, Հին Օլիմպիական խաղերի հաղթողներ էին հայ արքաներ Տիգրան Մեծը, Տրդատ 3-րդը, Արշակ 1-ինը: Հենց այս շրջանում էլ կոխը դարձավ ամենատարածված մարզաձերից մեկը: Այսօր այն հայկական ըմբշամարտ են համարում, սակայն այն իրականում մարտական արվեստ է՝ իր յուրահատուկ հնարքներով:

Մի առասպելի համաձայն, կար ժամանակ, երբ հայերը համարել են, որ երկրաշարժի մեղավորները հայկական Պանթեոնի Աստվածներն են, ովքեր տարվելով կոխով, անգամ չէին ենթադրում, որ դրանից հողը երերում է, տներ են քանդվում ու ավերածություններ լինում: Սա ցույց է տալիս կոխի զորեղ մարտարվեստ լինելը: Ավելի ուշ Աստվածները տղամարդկանցից ամենաքաջերին հայտնեցին կոխի գաղտնիքները, նրանք էլ իրենց հերթին սովորեցրեցին մյուսներին ու այսպես այս մարտարվեստը հասանելի դարձավ արժանի մարդկանց:

Կոխը մի շարք ազգային տոների, ինչպես նաeu ընտանեկան հավաքների անբաժան մասն էր: Կարեւոր արարողություն էր նաեւ մարտին պատրաստվելը: Իրենց ուժը չափելուց առաջ մարտիկները պետք է հանդես գային հատուկ «Հսկայի պարով»: Իսկ արդեն մարտից հետո հաղթողը պարում էր «Հաղթանակի պարը»: Մարտի երաժշտությունը կատարվում էր զուռնայի, դուդուկի եւ դհոլի համադրությամբ եւ չէր դադարում ամբողջ ընթացքում:

Կոխի համար հատուկ զգեստ որպես այդպիսին գոյություն չուներ, մարտիկների գլխավոր նպատակը հենց «կոխ»-ն էր, այսինքն՝ մրցակցին մեջքի վրա գցելը կամ նրան մրցասպարեզի տարածքից դուրս մղելը: Տեսնելով մրցակցին տապալված՝ հաղթողը նրան ծնկով սեղմում էր գետնին՝ այս կերպ դնելով մարտի վերջակետը: Որպեսզի մարզիկները հանկարծ խորամանկություններ չանեն, մարտը դատում էր շատ հարգված եւ ճանաչված մեկը, ով բոլորի համար հեղինակություն էր: Ի դեպ, հաղթողը անպայման պարտավոր էր ընդունել այլ մարտահրավերը, եթե դա լիներ: Հենց այս պատճառով էր հին հայկական հարսանիքները կամ արարողությունները երբեմն ամբողջությամբ վերածվում կոխամարտերի: Այս մարզաձեւի շնորհիվ է նաեւ, որ հայոց լեզուն հարստացել է այնպիսի բառերով , ինչպիսք են կոխ տալ, գոտի, գոտեմարտ եւ այլն:

1922թ. սկսած Հայաստանում կոխի առաջնություններ էին անցկացվում, այն դեպքում երբ սովետական մյուս երկրներում անգամ ազգային սպորտաձևեր դեռ չէին հայտնվել: Հենց այս ժամանակ էլ կոխում հստակեցվեցին շատ կանոններ, որոնք հիմնականում վերցվեցին կոխի լոռվա տարբերակից: Մարզիկները 9 քաշային կարգում էին պայքարում, մարտը տևում էր 7 րոպե: Եթե մարզիկներից ոչ մեկին չէր հաջողվում գետնել մյուսին, հաղթողը որոշվում էր միավորներով:

Այսօր ազգային մարզաձեւ կոխը կորցրել է իր նշանակությունը ու շատ մարզիկների մոտ անգամ ասոցիացիաներ չի առաջացնում: Սա իր բացատրությունն ունի եւ մեծ մասամբ կապված է ԽՍՀՄ տարիների ազգայինի ճգնաժամի հետ: Բայց ամեն դեպքում «կոխը գետնված չէ»: Կոխի ազգային ֆեդերացիայի նախագահ Արման Սեդրակյանի նման մարդկանց շնորհիվ հայկական ազգային մարզաձեւը շարունակում է գոյատեւել: Բացի այդ Հայաստանում դեռ կան համայնքներ, որտեղ կոխը դեռեւս շարունակում է մնալ տոների անբաժան մասը:

Փաստորեն, հույս կա, որ կոխը մի օր կվերականգնի երբեմնի փառքը, ամուր կկանգնի հողին ու կպարի իր «Հաղթանակի պարը»:

«Լուսանցք» թիվ 42 (432), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։