Հայ արիականների տոնացույցի դեկտեմբերյան տոնը՝ Հայ Արիական Միաբանության հիմնադրման օրն է՝ 1993թ. դեկտեմբերի 15-ը: Տոնից առաջ հանդիպեցինք ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանին, գալիք տարում հայ արիների կառույցի առաջիկա նպատակներին տեղեկանալու համար:
- Շնորհավորում ենք Հայ Արիական Միաբանության 23-ամյակի առթիվ: Որքանո՞վ եք հաջողված համարում այս տարին Ձեր կառույցի գործունեության համար:
– Շնորհակալ եմ, 1-2 օրից կառույցի ներսում կնշվի հերթական տարեդարձը, եւ մենք, որպես երիտասարդ միաբանություն` միաբանների ընտանիք, փորձում ենք մեր բազմահազարամյա ազգային իմաստությամբ գործել՝ հնարավորինս անսխալ՝ դրանով բազմապատկելով մեր օգտակարությունն ազգի ու հայրենիքի բարօրությանն ուղղված: Պահից օգտվելով՝ շնորհավորեմ հայ արիադավան ցեղակրոններին, արդարադատության Միհր Աստծո գալիք տոնի (դեկտեմբերի 26), ինչպեսեւ հունվարի 1-ին՝ մեծն Նժդեհի ծննդյան եւ հունվարի 14-ին՝ Ցեղակրոնի օրվա առիթով:
Իսկ այն նպատակները, որոնք դրված էին ՀԱՄ առջեւ, որպես շուրջ 30 ինքնուրույն գործող միավորումների համախմբում ներկայացնող կառույցի, ավելի քան կիսով չափ իրականացվեց: Միշտ դնում ենք նվազագույն եւ առավելագույն նպատակներ եւ խոսքս առավելագույնի մասին է: Նվազագույնը, այսպես թե այնպես, կատարվում է մեր ամենօրյա աշխատանքի շնորհիվ:
Ավարտվում է ներկազմակերպական ձեւավորումների հերթական փուլը, շարունակում ենք հայ արիական քրմական դասի ձեւավորման գործընթացը եւ մեր հոգեւոր դպրոցի կառուցման փորձը, ընդարձակել ենք մեր տոնացույցի տոների կատարման ծավալները եւ նշելու վայրերը, խորացրել ենք մեր կապերը Համահայկական ազգայնական ուժի ստեղծմանն ուղղված, որոշակի առաջընթաց կա արձանագրված Համաարիական միջազգային դաշինքի կառուցման առումով, Հայ Ազգայնականների Համախմբման հետ միասին նախաձեռնել ենք Հայաստանի ազգայնական թեւի աշխուժացման ծրագիր, քայլեր ենք նախաձեռնել Հայոց արիադավան (հեթանոսական) հավատի՝ պետական ճանաչմանն ուղղված՝ դրա համար իրավական ու պատմա-քաղաքական լուծումներ առաջարկելով: Հայապահպանությանն ու ազգային կեցակարգի պաշտպանությանն ուղղված բազմոլորտ նպատակներ են առաջադրվել, բանակին եւ ոստիկանությանը ազգային գաղափարների ներքին կիրառման կանոնակարգային առաջարկներ ենք արել, ՀԱՄ արցախյան ազատամարտիկներով ՀՀ-ԼՂՀ միացյալ երկրի պաշտպանությանն ուղղված տարաբնույթ գործողությունների ենք մասնակցել, առաջարկել ենք ազգ-բանակի գաղափարը, Հայաստանյայց առաքելական եկեղեցուն՝ արիադավան-հեթանոսության հետ հաշտեցման եզրեր ենք ներկայացրել ու էլի որոշ բաներ:
- Բայց կարծես անաղմուկ եք գործում: Մամուլը տեղյակ չէ՞, խնդի՞ր կա:
– Ամենեւին: Ընդհակառակը, այս վերջին տարիներին Հայ Արիական Միաբանությունն ամենաազատ կարգավիճակն է ունեցել, մեր գործունեությունն ընթանում է առանց ավելորդ քաշքշուկների: Որեւէ արհեստական խոչընդոտի մասին խոսք լինել չի կարող, չկան այլեւս նախկին անհանգստությունները, որոնք գրեթե ամեն շաբաթ կամ ամսվա մեջ մի քանի անգամ պատճառում էին մեզ տարիներ շարունակ՝ ոստիկանության, դատախազության եւ ազգային անվտանգության մարմինները, չկան ձերբակալություններ, դատավարություններ ու բանտարկություններ, չկան նաեւ կյանքին ու գործին վտանգ ներկայացնող սպառնալիք եւ ուժի կիրառման փորձեր…
Մի խոսքով՝ մենք գործում ենք առանց ձեր ակնարկած «պատճառների», բայց այնպես չէ, որ առանց լուսաբանման: Մենք հայտարարություններ ենք անում մեր քաղաքական եւ այլ քայլերի կամ մտադրությունների, մեր տոնական ու արիադավան ծիսական արարողությունների մասին, որոշ այլ՝ հանրային նշանակության գործերի մասին եւս, բայց այնքանով, որքանով դա նպատակահարմար ենք համարում: Հարցազրույցների հազվադեպ ենք համաձայնում. փորձը ցույց է տալիս, որ խոսքն աղճատվում է հաճախ, կամ՝ մեզ համար կարեւոր հատվածը «կորչում» է հանկարծ՝ երեւի թե անկարեւոր համարվելով: Եվ հարցազրույցը չի ծառայում իր նպատակին… Անգամ կարդացողի համար անհասկանալի ու կիսատ բաներ են մնում այդ կրճատումներից: Իսկ ասուլիս ասվածի համն ընդհանրապես դուրս է եկել հարթակից. լրագրողը ոչ թե ասածը լսում է, այլ՝ պատվերով բանավիճում՝ կախված այն բանից, թե ինչ կամ ում շահն է սպասարկում իր լրատվամիջոցը: Դրա համար մենք ասուլիսային ձեւաչափից էլ ենք հրաժարվում առայժմ:
Պարզապես փոխել ենք մեր գործելաոճը: Այնպես չէ, որ անկախ Հայաստանի Հանրապետությունում բոլորն ազգային նպատակներ են հետապնդում, ինչը մեր տարիների փորձից գիտենք: Միջազգային վատագույն փորձարարությունները կիրառվում են նաեւ Հայաստանում, ինչը թուլացնում է ազգային ավանդական ու բարոյա-հոգեբանական կուռ կերպարը, որն էլ պարարտ հող է ծառայում ապազգայինների, եթե չասենք՝ հակազգայինների եւ օտարասերների համար: Այդ պատճառով էլ մենք նախընտրել ենք գործել հնարավորինս անաղմուկ՝ առանց միջազգային ուշադրության առանցքում հայտնվելու: Չնայած, պիտի ասեմ, որ դա ավելի է մեծացրել հետաքրքրությունը մեր նկատմամբ, քանի որ այդ չկամեցողները նկատում են, որ մենք պարզապես չենք անհետացել, ուղղակի կորել ենք իրենց տեսադաշտից:
Այն գործերը, որոնք մենք արդեն ավարտուն ենք համարում կամ կյանքի մտնելու պատրաստ, միայն այդ ժամանակ ենք հրապարակում ու խոսում այդ մասին: Դա շատ լավ ձեւ է, ավելորդ խանգարողներից ու մեր դեմ գործողներից երկար ժամանակ հեռու ենք մնում: Իսկ նրանց համար ավելի հեշտ է մեր նախաձեռնությունների դեմն առնել, երբ նոր ենք սկսում: Հենց դրանից էլ զրկել ենք մեզ խոչընդոտողներին: Ավարտուն գործերի բացահայտումից հետո դրանց դեմն առնելն այլեւս անհնարին է, եւ այդպես էլ առայժմ կշարունակենք:
- Իսկ այդ շարունակությունը կառնչվի՞ գալիք խորհրդարանական ընտրություններին, մանավանդ որ նոր պետական կարգ է հաստատվելու Հայաստանում, եւ երկրի առաջին դեմքը լինելու է ԱԺ մեծամասնության առաջադրած վարչապետը: Ընդհանրապես ի՞նչ եք անելու հաջորդ տարի:
– Նախ հիշեցնեմ, որ մենք դեմ ենք եղել խորհրդարանական կարգին անցնելուն, կողմնակից ենք առավել ուժեղ՝ կենտրոնաձիգ զուտ նախագահական տարբերակին, այլ ոչ կիսանախագահական, ինչպես հիմա է: Ունենալով արնախում թշնամիներ եւ վրեժի ու հայրենատիրական նպատակ՝ մենք կողմ ենք այնպիսի պետության կայացման, որն իր կենտրոնաձիգ էությանը կավելացնի մի կարեւոր գաղափար՝ ազգային օրենքն ու իրավունքը պիտի վեր լինի միջազգայինից… Այսօրվա հանրային պետությունը՝ Հանրապետությունը պիտի վերաճի ազգային պետության՝ Ազգային Սահմանադրությամբ (ավելին՝ Համազգային)…
Դեռ նախորդ ԱԺ ընտրություններին պատրաստ էինք, եւ Հայ Ազգայնականների Համախմբման հետ մտադիր էինք մասնակցել: Սակայն վերջին պահին դրամական լուրջ խնդիր ծագեց, որն առաջացավ ներքին որոշ տարաձայնությունների պատճառով: Սա դաս եղավ, որպեսզի հաջորդ ազգայնական համահավաքը լինի ոչ միայն ազգայնական գաղափարների միասնության շուրջ, այլեւ՝ ազգային հավատի: Եվ 2013-ի ձախողումը հենց ազգայնական հատվածի քրիստոնեական ու հեթանոսական տարաձայնությունների պատճառով եղավ: Ուստի՝ 2017-ին մասնակցության դեպքում հայ արիականներին ու համախմբված հեթանոս ազգայնականներին կարող են միանալ միայն արիադավան ազգայնականները:
Ասեմ, որ ցայսօր հայ ազգայնականները միայն 2003թ. կարողացան համախմբված մասնակցել ԱԺ ընտրություններին: Այդ ժամանակ դեռ ողջ էր ՀԱԲ-ի գլխավոր հրամանատար Ռազմիկ Վասիլյանը, եւ նա իմ առաջարկն ընդունեց. մենք մի թիմով, Հայ Արիական Բռունցք անվամբ (անգամ այդպիսի կուսակցություն գրանցելու հարկ եղավ) մասնակցեցինք ընտրություններին: Մեզ միացան 4-5 ազգայնական փոքր կազմակերպություններ, մի 5-6-ն էլ ընթացքում աջակցեցին: Սա աննախադեպ մոտեցում էր, որ երբեւէ եղել է հայ ազգայնական քաղաքական ոլորտում:
Հայ Արիական Բռունցքը ՀԱԲ հապավումն ուներ, որը վերցրեց Հայ Արիական Միաբանության նպատակների հիմնական մասը, եւ նոր ՀԱԲ-ը իր մարտական տղաների մի մասի հետ գալիս էր քաղաքական դաշտում դառնալու այն ուժը, որն ունեցավ ռազմական ՀԱԲ-ը՝ հայրենիքի սահմանների պաշտպանության գործում…
Բայց 2013-ին չկարողացանք կրկնել 2003-ի նախադեպը, ինչը գուցե փորձենք 2017-ին: Նախնական մտադրություն կա, բայց ժամանակը ցույց կտա:
Ինչ մնում է մեր գործունեությանը, ապա վերոնշած բոլոր գործերն ունեն հաջորդական անելիքներ, որոնց կավելանա նաեւ Հայկական համաշխարհային գաղտնի կառավարության ձեւավորման խնդիրը, որը տարիների ընթացքում դեռ մեծ առաջընթաց չի արձանագրել: Երեւանում Արիական տաճարի կառուցման գաղափարը եւս մնացել է: Գառնո տաճարը գոնե կիսագործող դարձնելու խնդիրը կա նաեւ: Պիտի փորձենք միջազգային ազգայնական ուժերի հետ հարաբերություններ հաստատել, քանի որ Եվրամիության կազմաքանդումը թերեւս եվրաազգայնականության ուսերին է դրվելու… ինչը Եվրոպային կարող է մի նոր դեմք տալ՝ ազգայնականության անվան տակ թաքնված ազգայնամոլությամբ: Այս ամենն ուսումնասիրելու եւ քննարկելու հարցեր են, եւ մենք կծավալվենք նաեւ այստեղ: Եվրոպական (ֆրանսուհի Մարին Լը Պենը) եւ ռուսաստանյան (Վլադիմիր Ժիրինովսկին) ուժերը կհրահանգավորվեն հակադրել Եվրամիությունն ու Եվրասիամիությունը, որպեսզի կրկին աշխարհը բաժանեն երկու բեւեռների, որտեղ կհանգրվանեն միմյանց հակադիր ուժերը, երկար ժամանակ չկռահելով, որ այսպես կրկին հեշտացրել են վերահսկողությունը մի կենտրոնից կազմակերպելու համար… Երբեմն լինում է անհրաժեշտություն 3-րդ թույլ բեւեռի ստեղծման, ինչպես ԽՍՀՄ-ԱՄՆ «սառը պատերազմի» տարիներին, երբ ձեւավորվեց՝ Չմիացող (այսինքն՝ չեզոք) երկրների կազմակերպությունը…
Մենք պիտի լինենք այս ծավալումների մեջ մե՛ր առաքելությամբ, որ կարողանանք օգտակար լինել մեր ազգին ու երկրին՝ երբ վճռվի ու ընթանա Թուրքիայի մասնատումը, աշխարհի վերաբաժանման այս ընթացող փուլում: Չի բացառվում, որ մասնատվեն նաեւ Ադրբեջանը եւ այլ երկրներ, ինչը չենք կարող այլեւս կողքից դիտողի դիրքով ու դերով անցկացնել:
Հայ ազգայնականությունը անելիքներ ունի ոչ միայն հայության մեջ, ինչը մեր պետությունը պիտի վերջապես հասկանա: Թե իշխանությունը, թե ընդդիմությունը պետք է գիտակցեն, որ կեղծ ազգայնականներ մոգոնելով ցայսօր տանուլ են տվել, քանի որ ներքաղաքական կյանքում եթե հնարավոր է դեր տալ ու խաղացնել դրանց, ապա միջազգային ասպարեզում դրանք կմնան առանց լուրջ դերի եւ պարզապես կխաղացվեն… Այնպես, ինչպես այսօր տասնյակ քաղաքական ու հարյուրավոր հասարակական կազմակերպություններ են խաղացվում ժողովրդավարական դաշտում…
Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի հետ զրուցեց Նարե Մշեցյանը
http://www.hayary.org/wph/?p=5974#more-5974 – 2016թ. դեկտեմբերի 15-ին լրացավ Հայ Արիական Միաբանության (ՀԱՄ) 23-ամյակը
http://www.hayary.org/wph/?p=5972&lang=en – The 23th anniversary of Armenian-Aryan Order was celebrated 15 december 2016y.
http://www.hayary.org/wph/?p=5970&lang=ru – 15 декабря 2016г. исполнилось 23 лет Армяно-Арийского Ордена
* * *
Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության պաշտոնական www.hayary.org կայքը-ից:
Կայքը նաեւ տրամադրում է գովազդային վահանակի տեղ:
Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարններով՝ (0.10) 52-38-75, (091)49-64-51, կամ գրել redaction@hayary.org էլ.հասցեով:
Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է (հայերեն, ռուսերեն, անգլերեն) եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից: Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:
www.hayary.org -ի համակարգող
* * *
«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`
«Պրես Ստենդ»՝ 54-41-99 «Բլից մեդիա»՝ 52-53-01
«Հայփոստ»՝ 51-45-01 «Հայմամուլ»՝ 58-94-12
«Պրես Ատտաշե»՝ 32-03-74 «Լուսանցք»՝ 52-38-75
«Լուսանցք» թիվ 43 (433), 2016թ.
«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21, / http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/: