Որ հազար ապրիլ մե՛նք սարքենք թշնամու գլխին – Մեր եւ թշնամու նախորդ տարվա մարտական կորուստները…

Razm.info մասնագիտացված կայքի տվյալներով՝ 2016թ. Հայաստանի զինված ուժերում, ներառյալ Պաշտպանության բանակը, արձանագրվել է 147 զինծառայողի եւ 18 կամավորականի մահվան դեպք։ 2016-ի ապրիլին կամավորականների շրջանում առաջին հայտնի մարտական կորուստներ են եղել 1994թ. հրադադարի ստորագրումից հետո։

Ապրիլին առաջնագիծ մեկնած կամավորականներից զոհվել է 18 մարդ (17-ը՝ մարտական եւ 1-ը՝ ոչ մարտական պայմաններում)։ Կամավորականներից 8-ը զոհվել են Մարտակերտի ճանապարհին, երբ ադրբեջանական մահապարտ ԱԹՍ-ն խոցել է Սիսիանի կամավորականներին տեղափոխող մեքենան, եւս 2-ը ստացած վնասվածքներից մահացել են օրեր անց։  

Տարվա ընթացքում արձանագրված կորուստներից ընդհանուր առմամբ 108-ը մարտական են (91 զինծառայող եւ 17 կամավորական), 57-ը՝ ոչ մարտական։ Մարտական կորուստների մեծ մասը գրանցվել է ապրիլին՝ 91 հոգի (74 զինծառայող, 17 կամավորական), մյուս 11 ամիսների ընթացքում մարտական պայմաններում զոհվել է 17 զինծառայող։

Ապրիլին կտրուկ աճել է նաեւ ոչ մարտական կորուստների թիվը։ Տարվա ընդհանուր 57 մարտական կորուստներից 15-ը եղել են այդ ամսվա ընթացքում, ինչը մասամբ բացատրվում է մարտական իրավիճակում լարվածության, մարտական սթրեսի, հոգնածության, ինչպես նաեւ զորքերի ակտիվ տեղաշարժերի պատճառներով։

Ցավոք, 2017-ը եւս կորուստներով սկսվեց՝ ամանորի օրերին ադրբեջանական հերթական դիվերսիայի ժամանակ…

Իսկ հակառակորդի կրած կորուստներին անդրադառնալով՝ «Ռազմինֆո» կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը նշում է, որ, եթե մեզ մոտ տվյալներն իրական են, ապա հակառակորդի կրած կորուստների մասին տեղեկություն ձեռք բերելը բավականին բարդ է. «Պետք է նշեմ, որ Ադրբեջանը 2016 թվականին 116 մարտական կորուստ է ունեցել եւ 35 ոչ մարտական, եւ 2 անհայտ էլ հաշված 153 կորուստ է հայտնի, այդ հայտնին շատ կարեւոր է, քանի որ հակառակորդը սովորաբար գաղտնի է պահում իրական տվյալները»:

Ըստ նրա, ապրիլյան դեպքերի ժամանակ, չնայած, որ շատ քննարկվեց 80-ականների զենքերով մարտնչելը, այնուամենայնիվ դա բնական երեւույթ է. «Բոլոր երկրներում էլ կան շատ հին զենքեր, անգամ ԱՄՆ-ն ունի 50-ականների ռմբակոծիչ»:

Սեփ. լրատվություն

«Լուսանցք» թիվ 1 (434), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։