Աշխարհի մարզական հեւքից.– Մարզաշխարհի խաչմերուկներում – ՀՀ ԶՈւ պատվիրակությունը Սոչիում մասնակցեց ձմեռային 3-րդ համաշխարհային խաղերին… Հայազգի ալպինիստը հաղթահարել է Ամերիկայի ամենաբարձր լեռը… ՄՊՄԴ-ների կարգավիճակի հարցը՝ առաջնային… Մարզաձեւերի մասսայականացման քննարկումներ… Վլադիմիր Մարգարյանը հաղթեց ադրբեջանցի բռնցքամարտիկին… Հայ կարատեիստները կպայքարեն Օլիմպիական վարկանիշի համար… Մարզական այլ լուրեր…

ՀՀ ԶՈւ պատվիրակությունը Սոչիում մասնակցեցի ձմեռային 3-րդ համաշխարհային խաղերին

ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ-ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի հրավերով, ՀՀ ԶՈՒ ֆիզպատրաստության եւ սպորտի բաժնի ներկայացուցիչները ՀՀ դահուկային սպորտի ֆեդերացիայի մարզիկների հետ փետրվարի 22-ից 28-ը Սոչիում մասնակցել են զինվորականների ձմեռային 3-րդ համաշխարհային խաղերին:

Հայազգի ալպինիստը հաղթահարել է Ամերիկայի ամենաբարձր լեռը

Բեյրութահայ ալպինիստ Ավետիս Կալպակյանը հաղթահարել է Արեւմտյան կիսագնդի ամենաբարձր լեռնագագաթը՝ արգենտինական Ակոնկագուան, որը ծովի մակերեսից գտնվում է 6962 մ բարձրության վրա:

«Ես կրկին Ակոնկագուայի գագաթին եմ, 5 տարի անց: Դա անչափ դժվար վերելք է, որը սկսվում է 5960 մետրից, «գերմանական» ճամբարից: Այն տեւեց մոտ 10 ժամ, իսկ վայրէջքը պահանջեց եւս 4 ժամ»,– իր ֆեյսբուքյան էջում գրել է հայազգի ալպինիստը:

Նշենք, որ Ավետիս Կալպակյանը արդեն հաղթահարել է Հյուսիսային եւ Հարավային Ամերիկաների, Եվրոպայի, Աֆրիկայի, Ավստրալիայի ամենաբարձր գագաթները: Նրա համար առայժմ անհաղթահարելի է մնում Ասիայի, այսինքն, աշխարհի ամենաբարձր գագաթը՝ Էվերեստը (8848 մ): Ի դեպ, նա գագաթին լուսանկարվել է Հայաստանի եռագույնով:

ՄՊՄԴ-ների կարգավիճակի հարցը՝ առաջնային

Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստի օրակարգում ընդգրկված էր 2 հարց: 1-ին հարցը վերաբերում էր ՀՀ-ում գործող մանկապատանեկան մարզադպրոցների կարգավիճակին: Հարցի մասին զեկուցել է սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, ով ամփոփ տեղեկատվություն է ներկայացրել հանրապետությունում գործող բոլոր մարզադպրոցների գերատեսչական պատկանելության, կարգավիճակի եւ այնտեղ իրականացվող ուսումնամարզական գործընթացների վերաբերյալ: «Բոլոր մարզադպրոցներում ուսումնամարզական գործընթացները պետք է իրականացվեն նախարարության վերահսկողությամբ: Միայն այդպես հնարավոր կլինի խոսել մանկապատանեկան սպորտի զարգացման եւ արդյունքում՝ մեծ սպորտում լավ արդյունքներ ունենալու մասին:  

Այսօր Հայաստանում գործում է 176 մարզադպրոց, որից միայն 24-ն են նախարարության ենթակայության: Չնայած մտահոգությունը, որ ունենք մարզադպրոցների հետ կապված, վերաբերում է բոլորին՝ անկախ պատկանելությունից: Նախարարը խնդրել է ներկաներին երկշաբաթյա ժամկետում ներկայացնել առաջարկներ՝ մարզադպրոցներում առկա խնդիրների վերհանման, դրանց լուծման տարբերակների եւ հնարավոր ուղիների վերաբերյալ: 2-րդ հարցը վերաբերում էր խաղային մարզաձեւերի (վոլեյբոլ, բասկետբոլ, հանդբոլ, ֆուտբոլ) համապատասխան բազաներ չունեցող մարզադպրոցների կողմից հանրակրթական դպրոցների մարզադահլիճների օգտագործման եւ այդ առիթով առաջացող խնդիրների մասին: Հարցը ներկայացրել է «Երեւանի Ռուդոլֆ Կարապետյանի անվան մանկապատանեկան համալիր մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տնօրեն Գեւորգ Սիմոնյանը: Նախարարը խոստացել է հարցը քննարկել Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի հետ եւ արդյունքները ներկայացնել հաջորդ նիստի ժամանակ:

Մարզաձեւերի մասսայականացման քննարկումներ

Շարունակվում են մարզաձեւերի մասսայականացման նպատակով քննարկումները սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում: Վերջին քննարկմանը, որը վարել է նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանը, մասնակցել են խոտի հոկեյի հայկական ֆեդերացիայի, Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի եւ Հայաստանի բադմինթոնի ֆեդերացիայի ներկայացուցիչներըՆախարարի տեղակալը ներկաներին հորդորել է մտածել ոչ միայն իրենց մարզաձեւերում սպորտի բարձր նվաճումների հասնելու, այլ նաեւ այդ մարզաձեւերի մասսայականացման ուղղությամբ: Խոսքն ուղղելով խոտի հոկեյի ֆեդերացիայի ներկայացուցիչներին՝ նա առաջարկել է բոլոր մարզերում անցկացնել դիտարկումներ՝ խոտի հոկեյով զբաղվելու նպատակով մարզադաշտերի եւ մարզադահլիճների հնարավորությունները գնահատելու համար: «Հնարավորության դեպքում անհրաժեշտ է օգտագործել նաեւ բակային տարածքները»,- ասել է նախարարի տեղակալը:

Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի նախագահ Տիգրան Չոբանյանը շնորհակալություն է հայտնել նախարարությանը ցուցաբերվող մշտական աջակցության համար եւ, որպես ուշու մարզաձեւի մասսայականացման տարբերակ, իր պատրաստակամությունն առաջարկել նախարարության կողմից իրականացվող «Կյանքը՝ սպորտի ռիթմով» նախագծի ժամանակ անցկացնել ուշուի մարզումներ: Բադմինթոնի ֆեդերացիայի ներկայացուցիչների կարծիքով՝ մարզաձեւի մասսայականացմանը մեծապես կնպաստի այս մարզաձեւը հանրակրթական դպրոցների ֆիզկուլտուրայի դասաժամերին դասավանդելը: Գաբրիել Ղազարյանը սա հետաքրքիր առաջարկ է համարել, հարցը քննարկվի ԿԳՆ հետ: Բացի այս առաջարկից՝ քննարկմանը մասնակցող մյուս ֆեդերացիաների ներկայացուցիչները նույնպես կարող են երկշաբաթյա ժամկետում ներկայացնել իրենց մարզաձեւերի մասսայականացման համար առաջարկների ծրագիր:

Մարզիկը կհասնի հաջողության, եթե այլ բաներով չզբաղվի

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանը հայտնել է, թե այսօր սպորտում ինչի շնորհիվ կարելի է հաջողությունների հասնել: «Մի ժամանակ ասում էին՝ սպորտով զբաղվելն առողջարար է։ Հետո սկսեցին ասել՝ սպորտով զբաղվելը մոդայիկ է։ Ես սրանց կավելացնեի երրորդը՝ սպորտով զբաղվելը եկամտաբեր է։ Կամ կարող է ու պետք է լինի եկամտաբեր։

Օրինակները բազմաթիվ են, նշել է նա, պետք է ջանքեր ներդնել, մեխանիզմներ մշակել, որ այդ «կարող է»-ն դառնա իրականություն։ «Սպորտում մեծ հաջողություններ կարելի է ակնկալել միայն այն դեպքում, երբ մարզիկն ապահովված է եւ ընտանիքի կարիքները հոգալու համար ստիպված չէ սպորտին զուգահեռ այլ բաներով զբաղվել»,- ասել է Արթուր Գեւորգյանը:

3-ը՝ նոր, 5-ը՝ հին չեմպիոններ

Ազատ ոճի ըմբշամարտի 2017թ Հայաստանի մեծահասակների առաջնությունն ավանդույթի համաձայն կայացավ Երեւանի խուլերի մշակույթի եւ սպորտի հանրապետական մարզապալատում: 2 օրվա պայքարում հայտնի դարձան հանրապետության չեմպիոններն ու մրցանակակիրները: Ահա նրանք.

57 կգ քաշային կարգ՝ 1. Գարիկ Բարսեղյան, 2. Մխիթար Գրիգորյանն, 3. Խորեն Թեմուրյան, Օհան Գիչինյան: 61 կգ` 1. Վոլոդյա Ֆրանգուլյան, 2. Վաղինակ Մաթեւոսյան, 3. Աշոտ Վելիցյան, Արթուր Պապոյան: 65 կգ՝ 1. Նարեկ Սիրունյան, 2. Գեղամ Գալստյան, 3. Արթուր Բաղդասարյան, Գագիկ Ակուլյան: 70 կգ` 1. Վալտեր Մարգարյան, 2. Խաչատուր Պապիկյան, 3. Արման Անդրեասյան, Մհեր Մկրտումյան: 74 կգ՝ 1. Գրիգոր Գրիգորյան, 2. Վարուժան Կուջոյան, 3. Իշխան Պողոսյան, Անդրանիկ Գաբրիելյան: 86 կգ` 1. Վահե Թամրազյան, 2. Մարզպետ Գալստյան, 3. Հովհաննես Մխիթարյան, Մերուժան Զադոյան: 97 կգ՝ 1. Գեորգի Կետոեւ, 2. Շամիթ Աթյան, 3. Արտուշ Գևորգյան, Ռոման Բաղդասարյան: 125 կգ` 1. Անդրանիկ Գալստյան, 2. Հովհաննես Մաղաքյան, 3. Գոռ Գալոյան:

Նշենք, որ քաշային կարգերից հինգում (61, 65, 74, 86, 97 կգ) հանրապետության գործող չեմպիոնները պահպանեցին իրենց տիտղոսը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայատանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Արմեն Մկրտչյանն առաջնության արդյունքներով կկազմավորի նոր ընտրանի: Վերջինիս կազմում հիմնականում կընդգրկվեն լավագույն եռյակում տեղ գտած ըմբիշները: Մեր հավաքականը փետրվարի 23-ից Ծաղկաձորում կանցկացնի ուսումնամարզական առաջին հավաքն այս տարում, իսկ մարտի 10-12-ը Ստամբուլում կմասնակցի Յասար Դողուի անվան միջազգային մրցաշարին:

Վլադիմիր Մարգարյանը հաղթեց ադրբեջանցի բռնցքամարտիկին

Սոֆիայում ընթացող Ստրանջայի միջազգային մրցաշարում այսօր ռինգ դուրս եկած հայաստանցի 3 բռնցքամարտիկներից 2-ը հաղթանակ են տարել: Պարտություն է կրել 49 կգ քաշային Գասպար Բաբախանյանը: 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովն իր 2-րդ մենամարտում հաղթանակ է Ուկրաինայի ներկայացուցչին և դուրս է եկել քառորդ եզրափակիչ:

69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանն իր մեկնարկային մենամարտում առավելության է հասել ադրբեջանցու նկատամամբ և նույնպես ապահովել է քառորդ եզրափակչի ուղեգիր: Վաղը ռինգ դուրս կգա 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը, ով պայքարը կսկսի 1/8 փուլից: Փետրվարի 24-ին պայքարի մեջ կմտնի գերծանր քաշային Դավիթ Չալոյանը, իսկ նույն օրը Բաչկովը կանցկացնի իր 3-րդ մենամարտը: Վերջին 2 բռնցքամարտիկները կպայքարեն կիսաեզրափակիչ դուրս գալու համար:

Հայ կարատեիստները կպայքարեն Օլիմպիական վարկանիշի համար

Կարատեի Հայաստանի պատանեկան եւ երիտասարդական հավաքականները Եվրոպայի առաջնությունից վերադարձել են 1 բրոնզե մեդալով: 14-15 տարեկանների մինչեւ 70 կգ քաշային կարգում պատվո հարթակի 3-րդ աստիճանին է կանգնել Դավիթ Մակյանը: Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Նիկոլայ Գրիգորյանն ընդհանուր առմամբ գոհ է թիմից: ՀԱՕԿ-ի լրատվականի հետ զրույցում նա նշել է, որ Եվրոպայի առաջնության մեդալը փոքր արդյունք չէ այս մարտարվեստի համար:

Ազգային կարատեն 2016թ. համալրել է օլիմպիական ընտանիքը: Եվ, հաջորդ տարի հայ մարզիկները փորձելու են 2020թ. Տոկիոյի օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճել: Իսկ մինչ այդ պատանի կարատեիստները կպայքարեն 2018թ. Բունոս Այրեսի պատանեկան օլիմպիական խաղերի վարկանիշ ձեռք բերել համար: «Մասնակցելու ենք վարկանշային մրցաշարերի: Քայլ առ քայլ գնում ենք դեպի Օլիմպիական խաղեր»,- նշել է ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը:

Մարտի 19-ին կմեկնարկի Հայաստանի առաջնությունը: Արդյունքում կձեւավորվի հավաքականը, որը մայիսին կմասնակցի մեծահասակների Եվրոպայի առաջնությանը: Հավաքականի ավագ մարզիչ Տիգրան Մուրադյանը նշում է, որ տղաներին զուգահեռ մարզվում են նաեւ աղջիկները: «Կարատեն կանացիությանը դեմ չէ: Ոնենք հեռանկարային աղջիկներ: Հուսանք, որ ապագայում նրանք նույնպես մեդալներ կնվաճեն»,- ասել է մարզիչը:

15-ամյա Դավիթ Մակյանը՝ Եվրոպայի բրոնզե մեդալակիր

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացած Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների եւ մինչեւ 21 տարեկանների առաջնությունում Հայաստանի կարատեիստները նվաճել են մեկ բրոնզե մեդալ:

«Մեր 15-ամյա կարատեիստ Դավիթ Մակյանը 70կգ քաշային կարգում առաջին մարտում չնայած պարտվեց թուրք մարզիկին, սակայն հետո հաղթեց բոլոր սփոփիչ մրցամարտերը եւ զբաղեցրեց 3-րդ տեղը: Սա լուրջ հաջողություն է, քանի որ այն հույս է ներշնչում հետագայում օլիմպիական ռեյտինգ հավաքելու համար», – այսօր կազմակերպված մամուլի ասուլիսին ասաց Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Նիկոլայ Գրիգորյանը:

Ինչպես նշեց հենց Դավիթ Մակյանը, ինքն առաջին մենամարտում պարտվել է աչառու մրցավարության պատճառով, քանի որ հաշիվը եղել է ոչ-ոքի՝ 0:0, սակայն մրցավարները նախապատվությունը տվել են թուրք մարզիկին: «Եթե մենք մրցավար ունենայինք առաջնությունում, ապա մեզ հետ այդպես չէին վարվի, քանի որ կվախենային մեր ներկայացուցչի պատասխան քայլից», – ասաց պատանի կարատեիստը: Խոսելով մեր կարատեիստների խնդիրների մասին, Նիկոլայ Գրիգորյանն ասաց, որ շատ քիչ է պետական ֆինանսավորումը (տարեկան 2 մլն դրամ): «Հույս ունենք, որ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն նույնպես կաջակցի մեր ֆեդերացիային, քանի որ օլիմպիական վարկանիշ հավաքելու համար հարկավոր է անցկացնել ուսհավաքներ, մասնակցել մեծ թվով վարկանիշային մրցաշարերի, իսկ դրանք, ինքնին, մեծ գումարներ են պահանջում», – եզրակացրեց Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը:

Լեւոն Արոնյանն ոչ-ոքի խաղաց առաջատարի հետ

Շարժայում շարունակվող ՖԻԴԵ-ի «Գրան պրի» մրցաշարում այսօր կայացած 5-րդ տուրում Լեւոն Արոնյանը սեւ խաղաքարերով հանդիպեց առաջատարներից մեկի՝ ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ: Կողմերը շատ արագ խաղարկեցին պարտիան, իրար ետեւից փոխանակեցին հիմնական ֆիգուրները եւ 42-րդ քայլին խաղաղ դաշն կնքեցին:

Մաքսիմ Վաշյե-Լագրավը վաստակեց 3,5 միավոր եւ ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի հետ շարունակում է կիսել 1–ին տեղը: Լեւոն Արոնյանը 5-րդ անընդմեջ ոչ-ոքի արեց մրցաշարում եւ 2,5 միավորով շարունակում է հետապնդել առաջատարներին:

«Աերոֆլոտ Օփեն»-ի մեկնարկային տուրը հաջող էր Սերգեյ Մովսեսյանի համար

Մոսկվայում մեկնարկել է «Աերոֆլոտ Օփեն» խոշոր միջազգային մրցաշարը: Ավանդաբար մրցաշարի մասնակիցների թվում շատ են Հայաստանի ներկայացուցիչները, իսկ փառատոնի գլխավոր` «A» խմբում հանդես են գալիս Հայաստանի ազգային հավաքականի անդամ, գրոսմայստեր Սերգեյ Մովսեսյանը, աշխարհի և Եվրոպայի մինչեւ 18 տարեկանների չեմպիոն, միջազգային վարպետ Մանուէլ Պետրոսյանը, աշխարհի մինչեւ 16 տարեկանների չեմպիոն, միջազգային վարպետ Հայկ Մարտիրոսյանն ու միջազգային վարպետ Տիգրան Հարությունյանը:

Ինչպես տեղեկացնում է chessfed.am-ը, «Աերոֆլոտ Օփեն»-ի մեկնարկային տուրում  Սերգեյ Մովսեսյանը հաղթանակ է տոնել, Տիգրան Հարությունյանն իր պարտիան ավարտել է ոչ-ոքի արդյունքով, իսկ Հայկ Մարտիրոսյանն ու Մանուէլ Պետրոսյանը պարտություններ են կրել:

«B» խմբում Հայաստանն ունի 14 պատվիրակ: Առաջին տուրում մեր մասնակիցներից հաղթանակներ են տոնել Տիգրան Քոթանջյանը, Արման Միքայելյանը, Արամ Հակոբյանն ու Մամիկոն Ղարիբյանը:

«C» խմբում հանդես եկող Հայաստանի 4 պատվիրակներից երկուսը՝ Արթուր Ղարագյոզյանն ու Ազատ Թավաքալյանը, հաղթել են իրենց մրցակիցներին, իսկ Վահե Դանիելյանն ու Արփինե Գրիգորյանն իրենց պարտիաներն ավարտել են ոչ-ոքի արդյունքով:

«Ֆիրդուսի գավաթ»-ի խաղարկությունում առաջատարները 2-ն են

Իրանում ավարտին է մոտենում շախմատի «Ֆիրդուսի գավաթ»-ի խաղարկությունը: Տեղի են ունեցել մրցաշարի նախավերջին տուրի հանդիպումները, որում Հովհաննես Գաբուզյանն ու Հրայր Սիմոնյանը հաղթանակներ են տոնել: Հրայր Սիմոնյանն իր ակտիվում գրանցել է 7.5 միավոր, իսկ Հովհաննես Գաբուզյանը՝ 7:

Ինչպես տեղեկացնում է chessfed.am-ը, 10-րդ տուրից հետո Ռուսաստանը ներկայացնող գրոսմայստեր Մաքսիմ Չիգաևն ու Ղրղզստանը ներկայացնող միջազգային վարպետ Տոլոքոնթեգին Սեմեթեյը վաստակել են 8.5-ական միավոր եւ գլխավորում են մրցաշարային աղյուսակը:

Ֆուտզալ Բիզնես լիգայի Հայաստանի հավաքականին ճանապարհել են ծափողջույններով

«Ֆուտզալ Բիզնես Lիգա» Հայաստանի հավաքականն ավարտել է մրցելույթներն Իրանում ընթացող սիրողական ֆուտզալի 2017 թ. աշխարհի առաջնությունում: Անցկացրած 4 խաղում մեր ընտրանին տոնել է 2 հաղթանակ` Թուրքիայի եւ Ճապոնիայի հավաքականների նկատմամբ, Իրանի ընտրանու հետ խաղն ավարտել է ոչ-ոքի հաշվով և միակ պարտությունը կրել է հունգարացիներից:

Ինչպես տեղեկացնում է «Ֆուտզալ Բիզնես Lիգայի» պաշտոնական կայքը, մեր հավաքականը դուրս է մնացել հետագա պայքարից: Իրանի հավաքականի հետ ունենալով հավասար 7-ական միավորներ, մեր ընտրանին հանդիպումներում խփած գնդակների թվով վերջիններիս զիջել է ընդամենը 2 գնդակով: Նշենք, որ Հայաստանն առաջին անգամ էր հանդես գալիս սիրողական ֆուտզալի աշխարհի առաջնությունում և կարճ ժամանակում խմբում դարձել է հայտնություն ու անակնկալի բերել ինչպես մրցակիցներին, այնպես էլ առաջնության կազմակերպիչներին: Հայաստան-Հունգարիա հանդիպման ավարտին Հունգարիայի ողջ հավաքականը ծափերով է ուղեկցել մեր տղաներին՝ ի նշան  հարգանքի ու շնորհակալության:

«Արարատ»-ի հոկեյիստները հավասարեցրել են հաշիվը

Հոկեյի Բելառուսի բարձրագույն լիգայի ընթացիկ առաջնության քառորդ եզրափակչում «Արարատ» ակումբը սեփական հարկի տակ 4-րդ հանդիպումն է անցկացրել «Գոմել-2»-ի հետ: Խաղի հիմնական ժամանակն ավարտվել է ոչ-ոքի` 2:2 հաշվով: Տուգանային հարվածաշարով` բուլիտներով, «Արարատ»-ը հաղթել է 3:2 հաշվով: Հիմնական ժամանակում աչքի են ընկել Վլադիմիր Միրոշկինը եւ Եգոր Ֆեոֆանովը, իսկ տուգանային հարվածով որոշիչ գոլը խփել է Ալեքսանդր Օհանյանը:

Այժմ ընդհանուր հաշիվը հավասար է` 2:2: Հինգերորդ` որոշիչ խաղը կկայանա փետրվարի 23-ին` Գոմելում: Սերիայում հաղթող կճանաչվի 3 հաղթանակ տոնած թիմը:

«Արարատ»-ի հոկեյիստները զիջեցին առաջին խաղում

Երեւանը ներկայացնող «Արարատ» հոկեյի ակումբը Բելառուսում ընթացող բարձրագույն խմբի բաց առաջնության  քառորդ եզրափակչի առաջին խաղում 3:4 (0:1, 3:0, 1:2) հաշվով պարտվել է «Գոմել-2»-ին: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը: «Արարատ»-ի կազմում գոլերի հեղինակներ են դարձել Եվգենի Դյոմինը, Արտյոմ Բազյանը եւ Նորայր Հովսեփյանը: Քառորդ եզրափակչում մրցակցությունը շարունակվում է մինչև թիմերից մեկի երրորդ հաթանակը: Հիշեցնենք, որ   «Արարատ»-ի դարպասապահը՝ Բելառուսի հոկեյի Մ18 հավաքականում

Մինսկում անցկացրած ուսումնամարզական հավաքից հետո Բելառուսի հոկեյի մինչեւ 18 տարեկանների հավաքականը մեկնել է Սլովակիա, որտեղ մասնակցել է «Dzurilla Cup» միջազգային մրցաշարին: Բելառուսի հավաքականի կազմում մրցաշարին մասնակցել է «Արարատ»-ի դարպասապահ Լեւոն Ստեփանյանը: 3 հանդիպումներում էլ Բելառուսի թիմը պարտվել է՝ Սլովակիայի իրենց հասակակիցներին՝ 0:5, Գերմանիային՝ 0:4, Շվեյցարիային՝ 2:4:

«Արարատ»-ի հոկեյիստները փլեյ-օֆֆում են

Տափօղակով հոկեյի «Արարատ» ակումբը, որը հանդես է գալիս Բելառուսի բարձրագույն խմբի առաջնությունում, իրավունք է ստացել հանդես գալ փլեյ-օֆֆ փուլում: «Արարատ»-ի հոկեյիստները 44 խաղում վաստակել են 74 միավոր եւ 12 թիմերի պայքարում զբաղեցրել 6-րդ հորիզոնականը: Առաջնության արդյունքներով 8 լավագույն ակումբները պայքարը կշարունակեն փլեյ-օֆֆում:

Այսպիսով` քառորդ եզրափակչում միմյանց հետ կմրցեն «Շախտյոր-2»-«Էներգիա», «Յունիոր»-«Նեման-2», «Գոմել-2»-«Արարատ», ԲՖՍՕ «Դինամո»-«Մինչեւ 18 տարեկանների հավաքական» զույգերը:

Արսեն Պետրոսյան

«Լուսանցք» թիվ 7 (440), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարններով՝ (0.10) 52-38-75, (091)49-64-51, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:

Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝     54-41-99                 «Բլից մեդիա»՝  52-53-01

«Հայփոստ»՝           51-45-01                 «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշե»՝ 32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

 6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

 3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

 1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

- «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

- «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 7 (440), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։