Հայկական գինու հաղթարշավը պետք է որ սկսվեր (Հայկական գինիների տասնյակ ոսկե եւ արծաթե մեդալները Եվրոպայում – վրացիներն ու մոլդովացիները այլեւս զարմանալու են)… Ընդհանուր առմամբ մրցույթին ներկայացված էին շուրջ 6000 տեսակի գինիներ աշխարհի 44 երկրներից…

Հայկական գինեգործական ոլորտի խնդիրների ու հեռանկարների մասին «Լուսանցք»-ը շատ է խոսել: Խոսել ենք նաեւ ընդհանրապես այդ ոլորտում միջազգային քաղաքականության մասին, մասնավորապես՝ թե ինչպես է Վրաստանն ամեն ինչ անում՝ սեփականելու կարասային գինիների սեփականության իրավունքը, ինչպես է Մոլդովան պարզապես գինու շշերի խցանների հարցերը լուծելով՝ ոլորտի հեռանկարներ բացում իր համար եւ թե ինչպես Հայաստանը գինու աշխարհում կարող է առաջանցիկ մեծ քայլեր անել՝ շեշտադրելով Հայկական լեռնաշխարհի՝ գինու ծիսական կենտրոն լինելու ֆենոմենը:

Մեկ անգամ չէ, որ ընդգծել ենք՝ աշխարհի արդի ազատական տնտեսահարաբերությունները հաշվի առնելու եւ ճիշտ աշխատելու պարագայում մենք գինետիրույթում մի օր անպայման ասելու ենք մեր հաղթական խոսքը:

Ինչպես երեկ մեզ տեղեկացրեց ՀՀ գյուղատնտեսության նախարարի մամլո խոսնակ Անի Սմբատյանը, MUNDUS VINI հեղինակավոր մրցույթում Հայաստանն այս տարի աննախադեպ արդյունքներ է գրանցել:  

Բանն այն է, որ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Նոյշտադտ քաղաքում փետրվարի 25-ին տեղի ունեցած «MUNDUS VINI 20th Grand International Wine Awards» միջազգային մրցույթին մասնակցած հայկական գինեգործական ընկերությունների ներկայացրած արտադրանքն արժանացել է 23 մեդալի՝ 10 ոսկի եւ 13 արծաթ: Հայկական գինեգործական ընկերությունների մասնակցությունն ապահովել է Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամը Զարգացող երկրներից ներմուծման խթանման կենտրոնի (CBI) աջակցությամբ:

Հայաստանից մրցույթին մասնակցել են 19 գինեգործական ընկերություններ՝ գնահատող հանձնաժողովի դատին ներկայացնելով 58 տեսակի հանգիստ եւ փրփրուն գինիներ:

Ընդհանուր առմամբ մրցույթին ներկայացված էին շուրջ 6 000 տեսակի գինիներ աշխարհի 44 երկրներից:

Հայաստանն իր նվաճած մեդալների քանակով առաջ է անցել Վրաստանից (4 ոսկի, 7 արծաթ), Մոլդովայից (8 ոսկի, 12 արծաթ), Մակեդոնիայից (6 ոսկի, 3 արծաթ), Ռումինիայից (6 ոսկի, 5 արծաթ), Չինաստանից (1 ոսկի, 1 արծաթ): Արդյունքում՝ մեր երկիրը մեդալների քանակով կիսել է 14-րդ հորիզոնականը Նոր Զելանդիայի եւ Հունգարիայի հետ:

Մրցույթին մասնակցած գինիները գնահատվել են շուրջ 200 հեղինակավոր մասնագետներից կազմված ժյուրիի կողմից, որի կազմում առաջին անգամ ընդգրկվել է նաեւ ներկայացուցիչ Հայաստանից՝ «Տրինիտի» ՍՊԸ-ի գինեգործ Արտեմ Պարսեղյանը:

Հայկական գինիները համտեսելու նպատակով «MUNDUS VINI 20th Grand International Wine Awards» մրցանակաբաշխության շրջանակներում կազմակերպվել է գալա ընթրիք: Հայկական գինիների համտեսի ներքո «Գոլդեն Գրեյպ Արմաս» գործարանի գլխավոր տնօրեն Վիկտորիա Ասլանյանը ներկայացրել է Հայկական գինիների շնորհանդես, որն արժանացել է «Լավագույն շնորհանդես» մրցանակի:

Միջոցառման նպատակն էր նպաստել ինչպես ԵՄ, այնպես էլ աշխարհի տարբեր երկրների շուկաներում հայկական գինեգործական ոլորտի ճանաչելիության բարձրացմանը, արտահանման ծավալների աճի խթանմանը եւ նոր գործընկերների բացահայտմանը:

Ներկայացնում ենք մեդալների արժանացած գինիների ցանկը:

Ոսկի մեդալ

  1. «Վան Արդի», 2015 Van Ardi Areni, Kakhet, Haghtanak
  2. 2015 Areni Reserve
  3. 2015 Van Ardi Reserve Syrah
  4. «Գոլդեն Գրեյպ Արմաս», 2013 ArmAs Karmrahyut Reserve
  5. «Ոսկեվազի Գինու Գործարան», 2015 Voskevaz Karasi collection Voskehat
  6. «Արմենիա Վայն», 2014 Takar Reserve
  7. «Տիեռաս Դե Արմենիա», 2013 Karas Reserve Winemaker’s Selection Blend
  8. «Օլդ Բրիջ», 2009 Old Bridge Red Dry Reserve
  9. «Գետնատուն», 2015 Getnatoun Areni Noir Aghavnadzor Village
  10. «Տրինիտի», 2014 Trinity Eh Areni Noir

Արծաթե մեդալ

  1. «Գոլդեն Գրեյպ Արմաս», 2013 ArmAs Voskehat Reserve
  2. «Արմենիա Վայն», 2016 Armenia Muscat

2014 Tariri

2014 Takar Areni

  1. «Ոսկեվազի Գինու Գործարան»,2015 Voskevaz Hightanak

2014 Voskevaz Voskepar Voskehat

  1. «Տիեռաս Դե Արմենիա», 2015 Karas White Dry Wine

2015 Karas Red Wine

  1. «Գետնատուն», 2015 Getnatoun Voskehat
  2. «Հայլենդ Սելլարս», 2015 Koor Dry Red Wine

2014 Koor Reserve

  1. «Արտաշատ Վինկոն», 2014 Chateau Rind
  2. «Անուշ 1», 2014 Kataro Sireni Reserve Togh:

Արման Դավթյան

«Լուսանցք» թիվ 8 (441), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։