Անկարան ու Բաքուն համաիսլամական խաղերի մեջ – (թուրքերն ու ադրբեջանցիներն էլի փորձում են մեկտեղել համաթրքությունը՝ համաիսլամականության եւ համաարաբականության հետ)… «Ջիհադի» թյուրքական խաղեր իսլամական աշխարհում՝ ընդդեմ արցախյան խնդրի եւ հայության…

«Լուսանցք»-ը բազմիցս ներկայացրել է Անկարայի այն ցանկությունը, որ համաթուրանականությունը հնարավոր լինի համադրել համաիսլամականության եւ համաարաբականության հետ, ինչը թույլ կտա Թուրքիան դարձնել ոչ միայն տարածաշրջանային գերտերություն, այլեւ համաշխարհային: Սա թույլ կտա նաեւ. որ թուրքերը փորձեն իրականացնել իրենց «Մեծ Թուրան»-ի ստեղծման երազանքը:

Բայց շատ կարեւոր է, որ սա գիտակցում են նաեւ աշխարհի գհերտերությունները եւ հասկանում են, որ «Մեծ Թուրան»-ը ոչ միայն մրցակից է լինելու համաշխարհային բեւեռներին, այլեւ իրականացնելու է աշխարհակործան քաղաքականություն, որը կամա, թե ակամա կյանքի է կոչվելու թյուրքական արնախում եւ հակամարդ բնույթից

Այսօր այդ քայլերից մեկը հայության դեմ համաիսլամական շարժում նախաձեռնելն է: Իսկ դա փորձում են անել Անկարան եւ Բաքուն միասին՝ Արցախի հարցը «ջիհադի» արժանացնելու փորձերով: Դա առայժմ փորձում են անել «Իսլամական համաժողով» կազմակերպության միջոցով: Այստեղ ներգրավված են նաեւ արաբական երկրները, ինչը միանգամից նաեւ համաարաբական ծավալումների դաշտ է ստեղծել:

Այսօրինակ քայլերի Անկարան եւ Բաքուն գնում են հատկապես այն ժամանակ, երբ արցախա-ադրբեջանական շփման գծում իրադրությունը լարվում է: Խնդրով շահագրգիռ բոլոր երկրներն էլ հասկանում են, որ սա նախապատերազմական իրավիճակ է՝ առանց չափազանցությունների:  

Իրանը եւ Սիրիան եւ մի շարք արաբական երկրներ այն իսլամական երկրներ են, որ հիմնականում դեմ են հանդես գալիս Հայաստանին «ջիհադի» արժանացնելու թուրք-ադրբեջանական դաշինքին: Եվ այս օրերին էլ առաջին արձագանքողներից էր մեր հարեւան Իրանը: Սիրիան հիմա ավելի դժվարին կացության մեջ է:

Իրանի ԱԳՆ-ի մամուլի խոսնակ Բահրամ Քասեմին հանդես եկավ հայտարարությամբ, որում Հայաստանին եւ Ադրբեջանին «զսպվածության» կոչ արեց: «Իրանը հյուսիսային իր երկու հարեւաններին կոչ է անում անել առավելագույնը երկխոսության եւ բանակցությունների միջոցով տեղում իրավիճակը կայունացնելու համար»,- ասել է իրանցի պաշտոնյան՝ հավելելով, որ իրանական կողմը պատրաստակամ է «երկու կողմերի օգնությամբ» տարածաշրջանում խաղաղություն եւ անվտանգություն հաստատել։

Հասկանալի է, որ իսլամական աշխարհում քրիստոնեական Հայաստանին մշտապես թուրք-ադրբեջանական «ջիհադի» կոչերից հեռու պահող Իրանը չի կարող զուտ հայամետ մոտեցումներ դրսեւորել հանուն արդարության, ինչը հասկանալի է: Այլապես իսլամական աշխարհում Հայաստանը կկորցնի մի բարեկամ երկրի, որը հնարավորություն ունի իսլամական աշխարհում սատարել Հայաստանին կամ Արցախի հարցին:

Բաքուն փորձում է կրկին Իսլամական համագործակցության երկրներին «ոտքի կանգնեցնել»՝ Անկարայի օգնությամբ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Տնտեսական համագործակցության եւ Իսլամական համագործակցության կազմակերպություններին կոչ է արել վճռականություն ցուցաբերել Արցախի հակամարտության կարգավորման հարցում: Նա հորդորել է այդ հարցը բարձրացնել միջազգային յուրաքանչյուր հարթակում: Մի քանի օր առաջ այս մասին խոսել էր նաեւ Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդականը, ով հայտարարել էր, թե «հայ-ադրբեջանական հակամարտությունը արդիական է ողջ իսլամական աշխարհի՝ 1 մլրդ. 700 մլն. մուսուլմանների համար»: Նա ասել է, թե «Ղարաբաղի խնդիրը վերաբերում է ոչ միայն Ադրբեջանին»: Ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ-ն հանդես է եկել միակողմանի հայտարարությամբ՝ դատապարտելով արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում փետրվարի 24-25-ը տեղի ունեցած «ինտենսիվ գնդակոծությունը»՝ մեղադրելով Հայաստանին: Այս հակամարտությունում կրոնական գործոն առաջ քաշելու միտումը բավական վտանգավոր է, եւ ըստ ամենայնի՝ Բաքուն ու Անկարան առաջիկայում այդ ուղղությամբ ջանքերը կմեկտեղեն: Բայց սա հասկանում են նաեւ իսլամական աշխարհում, հատկապես Մերձավորարեւելյան երկրները, որոնք արդեն իսկ վաղուց թաթախված են կրոնական պատերազմների մեջՀասկանում են նաեւ քրիստոնյա աշխարհում, ինչի մասին վերջերս խոսեց Հռոմի Պապը:

Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահները պայմանավորվել են առաջիկայում եւս հանդիպել՝ ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ: Առաջիկայում Ռուսաստանում հանդիպելու են նաեւ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Այս հանդիպումը եւս մտնում է թյուրքական դավադիր ծրագրի մեջ, Անկարան եւ Բաքուն հույս ունեն, որ Մոսկվան, ինչպես միշտ, աշխարհաքաղաքական փոփոխությունների շեմին խաղարկել է հայկական հարցը եւ դա արել է թուրքական կողմի հետ պայմանավորվածԹե ինչ կլինի այս անգամ, կպարզվի շուտով:

Մեկնարկել է նաեւ ՌԴ եւ ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Դոնալդ Թրամփի հանդիպման նախապատրաստման գործընթացը, ինչը կարող է նաեւ մեծ փոփոխությունների մեկնարկ լինել: Սակայն հանդիպման ժամկետները հայտնի չեն: Հարցը քննարկվել է ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի եւ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի առաջին երկկողմ հանդիպման ժամանակ՝ Բոննում, ըստ զլմ-ների. «Խոսվել է նաեւ հարաբերություններում խնդիրների մասին, ինչպես նաեւ տարբեր մակարդակներում առաջիկա կապերի, այդ թվում՝ նախագահների առաջին անձնական հանդիպման նախապատրաստության մասին: Այդ հանդիպման ամսաթվերի եւ վայրի մասին դեռ ոչինչ հայտնի չէ, բայց դրա անցկացման պրակտիկ նախապատրաստությունը սկսված է, եւ այդ հաշվով կա ամերիկյան կողմի հետ փոխըմբռնում»: ՌԴ եւ ԱՄՆ նախագահների հանդիպումը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա G20-ի գագաթնաժողովից առաջ, որը նախատեսված է 2017-ի ամռանը։

Վահագն Նանյան

«Լուսանցք» թիվ 9 (442), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։