Առաջիկայում իրավիճակն ավելի պայթյունավտանգ կդառնա – (ընդամնեը 2 բան հուշենք այլեւս փիլիսոփա Վլադիմիր Սոլովյովին՝ 1. Բարեկամները չեն ճամարտակում սինաբանելով եւ միայն իրենց շահից բարբաջելով… 2. ԱՄՆ-ն ու Եվրոպան վաղուց Ադրբեջանին զենք չեն վաճառում, ընդհակառակը՝ ի պատասխան ռուսական զենքի վաճառքի՝ Հայաստանին են զենք վաճառում)…

«Ռուսաստանի ձեռքերում է ղարաբաղյան կարգավորման բանալին եւ գերիշխող տարածաշրջանային կարգավիճակը պահպանելու նրա ձգտումը նույնքան ուժեղ է, որքան եւ այդ խնդիրը լուծելու ցանկությունը»,- ասվում է ամերիկյան «Stratfor» վերլուծական կենտրոնի զեկույցում։ Ըստ «Stratfor»-ի՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցություններում այդպես էլ ձեռք չի բերվել առաջընթաց, իսկ հավանականությունը, որ այս տարի ռազմական գործողությունները կվերսկսվեն,  շատ մեծ է։

«Ադրբեջանի նպատակն է առնվազն հարցականի տակ դնել ստատուս-քվոն, մինչդեռ Հայաստանի նպատակն է պահպանել իրավիճակն այնպիսին, ինչպիսին կա։ Հայաստանի ու Ադրբեջանի չճկվող դիրքորոշումները փակուղի են տարել բանակցությունները, բայց կա նաեւ երրորդ վճռորոշ խաղացողը, որին պետք է հաշվի առնել, իսկ այդ խաղացողը Ռուսաստանն է։

Մինչ Հայաստանի ու Ադրբեջանի դիրքորոշումները ակնհայտ են, հակամարտությունում Ռուսաստանի մոտիվացիան շատ ավելի բարդ է»,- նշվում է վերլուծությունում։

«Stratfor»-ի փորձագետը համարում է, որ լայն իմաստով, Հայաստանի ու Ադրբեջանի, ինչպես նաեւ նախկին ԽՍՀՄ մյուս երկրների հանդեպ Ռուսաստանի հիմնական հետաքրքրությունը հանգում է ազդեցությունը պահպանելուն։ Հեղինակը համարում է, որ Ռուսաստանը

«ընդհանուր առմամբ հաղթահարել է այդ խնդիրը Հայաստանում», սակայն ուզում է Բաքվին էլ ավելի մոտեցնել իրեն։ Նա շեշտում է, որ 2016թ. ապրիլյան իրադարձությունների ժամանակ Ռուսաստանը չեզոք դիրքորոշում է զբաղեցրել, եւ ոչ թե պաշտպանել իր հայ դաշնակիցներին՝ ռազմական ու քաղաքական առումներով:  

Նշենք, որ մարտի սկզբից ցայսօր արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում, չեն դադարում ադրբեջանական սահմանախախտումները, որին հայկական կողմից համարժեք պատասխաններ են տրվում: Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ հազարավոր կրակոցներ: Առաջնային գծի հյուսիսարեւելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաեւ 60 միլիմետրանոց ականանետ եւ ենթափողային նռնականետ արձակելով 2 արկ: Վերջերս ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերի կողմից խոցվել է նաեւ ադրբեջանական զինուժին պատկանող ORBITER տեսակի անօդաչու թռչող սարք: Սա իսրայելական արտադրության թռչող սարք է, որն արժե 500 եւ ավելի հազար դոլար:

Իսկ «Ռոսիա 24» հեռուստաընկերության վերլուծաբան Վլադիմիր Սոլովյովը՝ պատասխանելով մեր դաշնակից Ռուսաստանի կողմից Ադրբեջանին սպառազինելու հարցին, նշել է. «Եկեք ծայրահեղ  անդրադառնանք  հարցին՝ ռուսներ, դուք վատն եք, Ադրբեջանին զենք եք վաճառում, իսկ Ռուսաստանն էլ, ենթադրենք, ասում է, թե այո, այսուհետ զենք չենք վաճառելու։ Եվ ի՞նչ, Ադրբեջանը զենք կգնի ԱՄՆ-ից։  Ի՞նչ է անելու Հայաստանը, փակելու է Հայաստանում ԱՄՆ դեսպանությո՞ւնը, խզելու է ԱՄՆ-ի հետ  դիվանագիտական հարաբերություննե՞րը»… Ըստ այս ռուսի՝ աշխարհում կա սպառազինության 2 խոշոր մատակարար՝ ՌԴ-ն ու ԱՄՆ-ն,  իսկ մատակարարում նշանակում է  մրցակցություն տարածաշրջանում  ազդեցության համար. «Եթե Ադրբեջանին ԱՄՆ-ն զենք վաճառի, ի՞նչ կստացվի։ Իսկ Հայաստանում ռուսական ռազմաբազան է գտնվում։ Ի՞նչ կլիներ, եթե այն տեղակայված չլիներ Հայաստանում,  պատկերացրեք։ Լրիվ այլ աշխարհաքաղաքական դասավորվածություն կունենայինք։ Իսկ ռուսական զենքը հայտնվեց  այնտեղ ե՞րբ. այն Ադրբեջանում էր դեռ խորհրդային ժամանակներից»։

Վլադիմիր Սոլովյովը վստահ է՝ Մոսկվան երբեք  թույլ չի տա, որ Ղարաբաղի հակամարտությունը լուծվի ուժի կիրառման  ճանապարհով…

Ընդամնեը 2 բան հուշենք այլեւս փիլիսոփա Վլադիմիր Սոլովյովին՝

  1. Բարեկամները չեն ճամարտակում սինաբանելով եւ միայն իրենց շահից բարբաջելով
  2. ԱՄՆ-ն ու Եվրոպան վաղուց Ադրբեջանին զենք չեն վաճառում, ընդհակառակը՝ ի պատասխան ռուսական զենքի վաճառքի՝ Հայաստանին են զենք վաճառում

Արտակ Հայոցյան

«Լուսանցք» թիվ 9 (442), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։