«Լուսանցք»-ը 10 տարեկան է – Լուսանցքում գրվում են ամենակարեւոր բաները

10 տարի առաջ, ճիշտ այս օրերին, լույս տեսավ «Լուսանցք»-ի 1-ին համարը (մարտի 16-23, 2007թ.):

Այն իմն էր, բացառապե՛ս իմը (ինչպես մայրն է մի ուրիշ գուրգուրանքով փայփայում բացառապես իր երեխային), ես էի հայթայթել հիմնադրման ու առաջին թողարկումների համար անհրաժեշտ գումարը: Ես էի ընկերներիս համոզել, որ մենք անելիք չունենք դեմոկրատական դաշտում (նույն դեմոսն է), ազատական դաշտում (արդի աշխարհում հաճախ է խառնվում սանձարձակությանը), եվրա ու ռուսա-մետ դաշտերում եւ մեր խնդիրը պետք է լինի հայ ազգայնականության  գաղափարախոսությունը ներկայացնելը: Գլխավորապե՛ս հայ ազգայնականության: Ոչինչ, որ արդի աշխարհում իմ արած գործը կշփոթեն ազգայնամոլության, նացիզմի ու շովինիզմի հետ: Ոչինչ: Կարեւորը՝ ես գիտեմ, որ ճիշտ բան եմ անում: Համոզեցի ընկերներիս: Գուցե եւ ոչ: Բայց ի՛նձ հավատացին: Հավատալով աջակցեցին:

Ու, եւ՛ ցավոք եւ՛ բարեբախտաբար հետո պիտի սկսվեր մաղը:  

«Լուսանցք»-ը տպագրվեց: Սկզբում թերթս չէի ստորագրում: Դե, «Հայատանի Հանրապետություն» օրաթերթում աշխատում էի (եւ եմ), եւ ազգանունս մեկ այլ տեղ հայտնվելը այն ժամանակ համարեցի մասնագիտական էթիկայի խախտում: Ստորագրությունը վստահեցի մեկ ուրիշի: Եվ… եղավ կյանքը. օտարները չեն դավաճանում, դավաճանում են ընկերները: Ու իմ կյանքի այն շրջանում, երբ քարշ էի գալիս դիահերձարանում, հիվանդանոցներում եւ գերեզմանոցներում, պարզվեց նաեւ, որ վճարված չեն հարկերը, տպագրական ծախսերը, եւ «Լուսանցք»-ը փակվելու վտանգի առաջ է հայտնվել: Ինձ գումար վստահող ընկերներիս պետք է պատասխան տայի, բայցեւ՝ պատասխան էի սպասում նրանից, ում վստահել էի այդ գումարները՝ թերթս տպագրելու եւ, իբր, ստորագրելու համար: Մինչ սպասում էի վստահորդիս պատասխանին, հայտնվեցի ոստիկանությունում այն մեղադրանքով, որ ծեծել եմ վստահորդիս: Մինչ ոստիկանությունում կփորձեի հակառակն ապացուցել, սկսվեցին սադրանքները «վստահորդիս» ու քննիչի կողմից (հետագայում երբ անմեղությունս ապացուցվեց, քննիչին զրկեցին պաշտոնի ու աշխատավարձի բարձրացումից: Ես էլ անձամբ նրան խոստացա, որ իր ամբողջ կյանքում կմա իմ ուշադրության կենտրոնում): Ինչեւէ, հիվանդանոցներից, գերեզմանոցներից ու քննչականներից հետո վազում էի հարկային՝ խնդրելով ինձ հավատալ եւ ժամանակ տալ՝ ոչ իմ մեղքով կուտակված հարկային պարտավորությունները մարելու համար: Հավատացին: Իրենք՝ ժամանակ տվեցին, ես՝ հարկերս մարեցի: Ժամանակն էր «բացահայտվելու» եւ թերթը ստորագրելու:

Ստորագրեցի: Ընկերներս հետեւեցին ամբողջ գործընթացին, ինձ հավատացին ու շարունակեցին աջակցել: Բայց մաղը ինձնից անկախ գործի էի դրել: Երբ ընկերներիցս շատերը մաղվեցին, մի կերպ հայթայթվող գումարն էլ պակասեց: Լրագրողներս հեռացան: Մնացին նրանք, ովքեր պատրաստ էին (եւ ցայսօր անում են) ինձ հոդվածներ տրամադրել առանց գումարի ակնկալիքի:

Բայց ամենացավալին այն էր, որ ազգայնականության գաղափարախոսության խոսափողը լինելով, այդ դաշտում էլ «ազգայնականների» տեսա: Ու մաղեցի նաեւ նրանց:

Թերթը հրատարակելու գործում մնացինք 4-5 հոգով: Ծանր բեռը՝ մեր ուսերին: Ծանր՝ ֆինանսական ու հոգեկան բեռը: Խաբված լինելու, դավաճանված լինելու բեռը: Իրականում եկամուտ չունենալու, բայց օրենսդրության համաձայն հարկեր տալու բեռը: Գործընկերներիցս շատերն էին եւ են հարցնում, հապա ինչու՞ եք տպագրում: Դե արի ու բացատրիր, որ տպագրում եմ, որովհետեւ բան ունեմ ասելու: Որովհետեւ հավատում եմ, որ ճիշտ բան եմ ասում: Որովհետեւ չեմ ուզում հետքայլ անել: Որովհետեւ գործը սկսելիս նժարին շատ բան եմ դրել եւ պարտվելու իրավունք չունեմ: Որովհետեւ դատապարտված եմ հաղթելու:

Հաղթեցի: Իրապե՛ս հաղթեցի: Ճիշտ է, ֆինանսական բեռը դեռ ուսերիս է, բայց հոգեկանից գոնե ազատվել եմ: Ազատվել եմ իմ թերթին նվիրված ընթերցողներիս ջանքերով: Պահեր են եղել, երբ տպագրական մեծ ծախսեր եմ կուտակել, գիշերն ինձ համոզել եմ հենց առավոտյան հայտարարել թերթիս փակման մասին ու ազատվել դրանից:

Բայց լույսը բացվել է, զանգել է մի ընթերցող ու ասել, թե այս նյութից հուզվել է, այս մեկը բնավ չի հավանել, այն մեկից էլ զայրացել է: Լույսը բացվել է, մտքերս՝ հետը: Անկողնուց վեր եմ կացել ու գնացել ընկերներիս մոտ՝ կրկին գումար հայթայթելու, որովհետեւ «Լուսանցք»-ին հավատարիմ ընթերցողս հաջորդ համարում պետք է ստանար իր հարցերի պատասխանները: Որովհետեւ «Լուսանցք»-ն արդեն միայն իմը չէր: Իմ ընթերցողներինն էլ էր:

Անկեղծանամ. պահեր են եղել, թաքուն լացել եմ նույնիսկ: Շատ եմ լացել: Այն մոր պես, որ չի կարողանում իր երեխայի հացի համար գումար գտնել… Բայց կրկին լույսը բացվել է, միտքս էլ՝ հետը, «Լուսանցք»-ս էլ գնացել է տպարան:

Այսօր 10 տարեկան ենք: 443 թողարկում: 443 շաբաթվա ամենժամյա մաքառում: Շնորհակալ եմ նրանց, ովքեր հավատացել են ինձ: Շնորհակալ եմ նրանց, ովքեր աջակցել են ինձ: Բայց նախ եւ առաջ շնորհակալ եմ իմ հավատարիմ ընթերողներին, ովքեր ինձ ուժ են տվել իմ մաքառումին դիմանալու համար: 4 տարեկան Աստղիկս մի օր հարցրեց. «Մամ, դու քանի՞ բալիկ ունես»: Ասացի. «Դու ու Արեգը, ի՞նչ է, չգիտե՞ս»: Ասաց. «Մամ, բա քո թերթը, դու իրան էլ ես սիրում, ամբողջ օրը իրա մոտ ես»…

Շնորհավոր «Լուսանցք»-ի 10-ամյա տարեդարձը:

Շնորհավոր «Լուսանցք»-ին սիրով փոխկապակցված անձանց 10-ամյա հոբելյանը:

Ես էլ… ընդունում եմ շնորհավորանքներ:

Խրոխտ երթ մեզ:

Արմենուհի Մելքոնյան

«Լուսանցք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր

Հ.Գ. - Ի դեպ, անընդհատ ես գրելուց էլ չեմ խուսափում: Պարույր Սեւակը լավ դաս է տվել այդ առումով…

«Լուսանցք» թիվ 10 (443), մարտի 17-23, 2017թ.

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։