Հայ-ադրբեջանական մեկ այլ հակամարտություն.- ՄԻԵԴ-ն արագացված կարգով վարույթ է ընդունել ապրիլյան պատերազմին առնչվող 23 հայց… ԵԽ-ն հրապարակել է «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» եւ «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» ՄԻԵԴ վճիռների կատարման վերաբերյալ որոշումներ… Ադրբեջանը ապակառուցողական դիրքորոշում է որդեգրել…

Իրավաբան-իրավապաշտպանների խումբը Մարդու իրավունքների եվրոպական դատարան էր ներկայացրել 2016թ. ապրիլի 2-5-ը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով սկսված մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի Հանրապետության քաղաքացիական բնակչության եւ զինծառայողների իրավունքների խախտումների առնչությամբ մի խումբ գանգատներ, որոնցից 23-ն արդեն վարույթ է ընդունվել:

Իրավաբան-իրավապաշտպան խմբի անդամ Արա Ղազարյանը Tert.am-ի հետ զրույցում ասել է, որ խմբի համար անսպասելի է եղել ՄԻԵԴ-ի նման արագ արձագանքը. «Մեզ համար բավականին անսպասելի էր, որ ՄԻԵԴ-ը արագացված կարգով սկսեց այդ 2 տասնյակ գործերի քննությունը, ինչը շատ դրական է: Հիմա սպասում ենք ավելի մեծ խմբաքանակի, որը վերաբերում է տեղահանվածների վերաբերյալ գանգատների մասով ՄԻԵԴ-ի դիրքորոշմանը՝ գործի քննությունը սկսելու կամ չսկսելու վերաբերյալ»: Իրավաբան-իրավապաշտպան խմբի անդամ Արտակ Զեյնալյանն էլ հայտնել է, որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, որպես մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության միջազգային մեխանիզմ՝ ՄԻԵԴ-ից ակնկալվում է իրավունքների խախտման փաստի արձանագրում, որի դեպքում Ադրբեջանը պարտավոր կլինի արդարացի փոխհատուցում տրամադրել իրավունքի խախտման զոհերին: Նա ասել է, որ ելնելով գաղտնիության

պահանջից՝ գործին վերաբերող այլ մանրամասները հրապարակման ենթակա չեն:

Նշենք, որ ընդդեմ Հայաստանի գանգատներ ներկայացրել է նաեւ ՄԻԵԴ-ում Ադրբեջանի շահերը ներկայացնող Չինգիզ Ասքերովը: Այդ դիմումների քանակը հասնում է 700-ի, սակայն դեռեւս վարույթ է ընդունվել 5-ը:  

Հիշեցնենք, որ իրավաբան-իրավապաշտպան խումբը գանգատներ է ներկայացրել ԼՂՀ Պաշտպանության բանակի 22 զինծառայողների ընտանիքի անդամների անունից (62 դիմումատուներ), 02.04.2016թ Թալիշ գյուղում իրենց տանը սպանված Խալափյան ընտանիքի տարեց 3 անդամների մերձավոր ազգականների անունից (3 դիմումատուներ), 02-05.2016թ մարտական գործողությունների հետեւանքով տուժած եւ պոտենցիալ տուժող հանդիսացող 693 քաղաքացիական անձանց անունից (Թալիշ գյուղից՝ 133, Մատաղիս գյուղից՝ 133, Մարտակերտ քաղաքից՝ 132, Ճարտար քաղաքի Ներքին Ճարտար թաղամասից՝ 229, Մարտունի քաղաքից՝ 13 եւ Ասկերանի շրջանի բնակավայրերից՝ 37 անձ), 3 գանգատ ներկայացվել է 4-ական անչափահասների անունից (զոհված աշակերտ եւ այլոք)՝ Ճարտար, Մատաղիս ու Թալիշ բնակավայրերից եւ Հայ Առաքելյայց Սուրբ Եկեղեցու Արցախի թեմի անունից՝ Թալիշ գյուղի եկեղեցու ու մատուռի հրետակոծման համար:

Ապրիլյան պատերազմին առնչվող 23 հայցերի վերաբերյալ լուրը Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանն ուրախալի է որակել եւ «Արցախպրես»-ին տեղեկացրել է, որ այն մեծածավալ աշխատանքի արդյունք է, որը կատարվել է փաստաբանական խմբի կողմից՝ ինչպես Արցախից, այնպես էլ Հայաստանից: «Եվրոպական դատարանի պրակտիկայի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ եթե գործը քննվում է սովորական կարգով, ապա այն կարող է տեւել մինչեւ 10-ը եւ ավելի տարիներ: Իսկ արագացված կարգով ընդունելու դեպքում ժամանակի առումով այն ավելի կարճ կլինի, բայց ոչ, ասենք, մի քանի ամիս: Ընթացակարգը հետեւյալն է՝ նախ գործը ուղարկվում է պատասխանող կողմի կառավարությանը, տվյալ դեպքում Ադրբեջանին, եւ տրվում է բավական երկար ժամանակ, որպեսզի պատասխանատու կողմը ներկայացնի իր պատասխանը:

Հետո ուղարկվում է դիմողներին՝ մեկնաբանելու պատասխանող կողմի պատասխանը եւ ներկայացնելու արդարացի փոխհատուցման վերաբերյալ իր պահանջները»,- ասել է Արցախի ՄԻՊ-ը եւ հավելել, որ հետո նորից է ուղարկվում պատասխանող պետությանը, դրանից հետո՝ որոշակի ժամանակ անց, կայացվում է վճիռը:

ԵԽ-ն հրապարակել է «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» եւ «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» ՄԻԵԴ վճիռների կատարման վերաբերյալ որոշումներ

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում մարտի 7-ից 10-ը տեղի ունեցավ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վերահսկողության հետ կապված քննարկումներ։ Օրակարգում էր նաեւ «Չիրագովն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի» եւ «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» վճիռների  կատարման վերաբերյալ քննարկումը։

ԵԽ մամուլի ծառայությունը հրապարակել է քննարկման արդյունքում նախարարների կոմիտեում ընդունված որոշումները։

«Չիրագովն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործով որոշման մեջ պատվիրակությունները՝

  1. Ի գիտություն են ընդունում հանդիպմանը Հայաստանի իշխանությունների տրամադրած տեղեկատվությունը։
  2. Իշխանություններին հրավիրում են գործողությունների ծրագրի շրջանակներում ներկայացնել այս որոշման իրականացման ուղիների ու միջոցների վերաբերյալ իրենց մտորումների առաջընթացը։
  3. Նշում են Հայաստանի իշխանությունների ու ԵԽ քարտուղարության միջև շփումները 2016թ?-ին ու հրավիրում են նրանց շարունակել համագործակցությունը։

«Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով որոշման մեջ պատվիրակությունները՝

  1. Հետաքրքրությամբ ի գիտություն են ընդունում Ադրբեջանի իշխանությունների ներկայացրած գործողությունների ծրագիրը։
  2. Իշխանություններին հրավիրում են ներկայացնել առավել մանրամասն տեղեկատվություն աշխատանքային խմբի հետ կապված, որը, ըստ իշխանությունների, կլինի դատարանի առաջարկությանը պատասխան՝ ստեղծել մեխանիզմ՝ գույքային պահանջները լուծելու համար եւ, մասնավորապես, նրա գործառնության, մանդատի եւ դիմումատուի կարգավիճակում գտնվող անձանց համար դրա մատչելիության վերաբերյալ։
  3. Այս համատեսքտում, իշխանություններին հրավիրում են լիակատար համագործակցության ԵԽ քարտուղարության հետ։
  4. Որոշվել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործը ներառել նաև ՄԻԵԴ վճիռների քննարկման հաջորդ նիստում, որը կայանալու է 2017թ?-ի հունիսին։

Հիշեցնենք, որ «Չիրագովն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի» եւ «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» ՄԻԵԴ վճիռները վերաբերում են, համապատասխանաբար, Լեռնային Ղարաբաղի Բերձորի (Լաչին) շրջանից ազգությամբ քուրդ Չիրագովների ընտանիքի և Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղից Սարգսյանների ընտանիքի՝ իրենց տները վերադառնալու և ունեցվածքի նկատմամբ իրավունքները վերականգնելու կամ արդարացի փոխհատուցում ստանալուն: Վերոնշյալ  գործերով ՄԻԵԴ վճիռները հրապարակվել են 2015թ?-ի հունիսին։

Նշենք, որ ՄԻԵԴ որոշումների իրականացման վերահսկողությունը կատարում է ԵԽ նախարարների կոմիտեն եւ այս ձեւաչափով քննարկումներն իրականացվում են տարին 4 անգամ։

Ադրբեջանը ապակառուցողական դիրքորոշում է որդեգրել

«Հայկական զինուժը շարունակում է ամբողջությամբ վերահսկել իրավիճակը: Այն լարվածության դեպքերը, որ տեղի են ունենում գրեթե ամեն օր, ընդամենը փորձ են հակառակորդի կողմից ապակայունացնել իրավիճակը»,- ասել է ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանը, ապա հավելել, որ «մեր խնդիրն է թույլ չտալ, որ այդ սադրանքները հասնեն իրենց նպատակին»:

Հայ վերլուծաբանների կարծիքով. «Ադրբեջանը չունի իրավիճակի վրա ազդելու այլ միջոց, բացի կրակելուց, բայց մեծ պատերազմի պատրաստ չէ, ինչը դեռեւս ավարտվում է Իլհամ Ալիեւի ռազմատենչ հռետորաբանությամբ»: Կարծիք կա նաեւ, որ Ադրբեջանում սոցիալ-տնտեսական վատթարացումները կարող են հանգեցնել մի նոր պատերազմական գործողության: Իսկ այսօր Բաքուն արցախյան կարգավորման բանակցային գործընթացը տանում է դեպի փակուղի:

Արցախի նախագահ Բակո Սահակյանն այս խնդիրներով ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին եւ նրանց ուղեկցող պաշտոնյաներին: Քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ վերջին զարգացումներին առնչվող հարցեր: Նախագահը նշել է, որ Ադրբեջանը շարունակում է հավատարիմ մնալ իր ապակառուցողական դիրքորոշմանը՝ խախտելով զինադադարի ռեժիմը եւ չհրաժարվելով հայատյաց քաղաքականությունից:

Կարեւորվել է զինադադարի ռեժիմի պահպանմանն ու խախտումների վերհանմանն ուղղված մեխանիզմների մշակումը՝ խաղաղ կարգավորման հարցում: Վերահաստատվել է պաշտոնական Ստեփանակերտի հավատարմությունը՝ ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը:

Արտակ Հայոցյան

«Լուսանցք» թիվ 12 (445), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։