Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Միլեթյան իմաստաբանություն (Միլեթյան դպրոց) – Այստեղ հայկական մշակույթն ուներ ծանրակշիռ ներկայություն – Սա մի փորձ է՝ ցույց տալու, թե ինչ միջավայրի արդյունք է Միլեթյան (մ.թ.ա. 625-547) փիլիսոփայական դպրոցը…

Սա մի փորձ է՝ ցույց տալու, թե ինչ միջավայրի արդյունք է Միլեթյան (մ.թ.ա. 625-547) փիլիսոփայական դպրոցը։

Պատմական Մելիդ, Միլեթը ժամանակակից Մալաթիայից գտնվում է 7–8 կմ հարավ-արեւմուտք: Այժմ կոչվում է Էսքի Մալաթիա, հայտնի է նաեւ որպես Արսլանթեփե։

Ժամանակակից ակադեմիական միտքը փաստացիորեն ընդում է, որ պատմական որոշակի ժամանակաշրջանում Փոքր Ասիայում ծագել էր անհրաժեշտություն ներկայացնելու նյութական աշխարհի խնդիրները արեւապաշտական ծիսակրոնական համակարգից դուրս՝ որպես առանձին իմաստասիրություն։ Ակադեմիական ընդանրությունը նաեւ ընդունում է, որ մինչեւ Միլեթյան իմաստաբանական դպրոցի ի հայտ գալը Փոքր Ասիայում ձեւավորված էր Արեւապաշտություն՝ Helioaris բնապաշտական ամբողջական ուսմունքի հիմնադրույթը՝ կազմված երկու իրար հավասարակշռող հոգեւոր եւ նյութական մասերից, ջուր՝ առաքելականություն, կրակ՝ լուսավորչականություն, հող՝ բանախոսության, մետաղ՝ արիականություն, եթեր՝ բարեպաշտություն։ Հոգեւոր մաս-առաքելականություն, լուսավորչականություն, բանախոսության, արիականություն, բարեպաշտություն եւ նյութական մաս- ջուր, կրակ, հող, մետաղ, եթեր։ Ակնհայտ է նաեւ, որ Միլեթյան իմաստաբանական դպրոցի հիմնադիր Թալեսը եւ հետեւորդներ Անաքսիմանդրոսը եւ Անաքսիմենեսը անպայման ծանոթ պիտի լինեին Արեւապաշտություն՝ Helioarism բնապաշտական ուսմունքի եւ աշխարհաճանաչողական ընդհանրական իմաստաբանությանը։

Այդ է հաստատում նաեւ հունական Ծննդոցը՝ Քաոսը ծնեց Գեմերային, Գեմերան ծնեց Ուրանին (Նոյ), Ուրանը(Նոյը) ծնեց 12 ավագ տիտաներին՝ վեց արական եւ վեց իգական։ Վեց արական տիտաններից մեկը Հաբեթն էր կամ Իապետը։ Հաբեթ Իապետը  ծնեց Պրոմեթեւսին, Պրոմեթեւսը ծնեց Դեվկալիոնին, Դեվկալիոնը՝ Էլլինին, Էլլինը՝ Կսուֆին, Կսուֆը Իոնին եւ Ախային: Այսպիսով, համաձայն հունական ավանդաբանության, Իոնը եւ Ախայը Հաբեթի  հինգերորդ սերունդն են։ Իոնը Էգեյան ծովի Փոքր Ասիական ափեզրի բնակիչների նախահայրն է, իսկ Ախայը (լատ. Achaei) Պելոպոնեսում հիմնեց իր երկիրը ամենաբարձր լեռը` Այոս-Իլիաս։ Աքայացիներին առաջնորդում էր արքան, ում կոչում էին vanaka: Այդ կոչումը ուներ նաեւ Ագամեմնոնը։  

Ըստ հունական ավանդաբանության՝ առաջին սերնդի աստվածները սերում են Քաոսից, (ըստ շումերական ավանդաբանության՝ Հայայից)։ Քաոսը ծնեց Գեմերային՝ ցերեկային լույսի աստվածուհուն, Գեմերան ծնեց Ուրանին։ Ուրանը (հունական ավանդաբնության Ուրանը Հին կտակարանի Նոյն է)  ծնեց 12 ավագ տիտաներին՝ վեց արական, վեց իգական, որոնք դարձան երկրորդ սերնդի աստվածներ, նրանց մեջ առանձնանում է Հաբեթը կամ Իապետը։ Ըստ հունական ավանդաբանության՝ Հաբեթը վեց տիտաններից մեկն է: Նա հայրն է Էպիմետեի, Պրոմեթեւսի Մենթեի, Կրոնսոսի եւ Ատլանտի, ով իր ուսերին է պահում երկնակամարը։

Հունական ավանդաբանության երրորդ սերնդի աստվածները սերում են Տիտան Կրոնսոսից: Երրորդ սերնդի աստվածներին առաջնորդում էր Զեւսը, նրա նստավայրն էր Օլիմպիոս սարը։ Անաքսիմանդրեսը կարծում էր, որ Օլիմպիոսի աստվածները առաջացել են քաոսից։

Այս խնդրո համատեքստուոմ առանցքային է նաեւ այն փաստը, որ հունական պատմագրության մեջ հայերին կոչում էին նաեւ միլեթացիներ։ Սա նշանակում է՝ Միլեթում հայկական մշակույթը ուներ ծանրակշիռ ներկայություն նաեւ Թալեսի գործունեության շրջանում (մ.թ.ա. 625-547): Միլեթը մտնում էր Վանի Թագավորության կազմի մեջ։ Նույն այդ ժամանակ գոյություն ուներ Իոնական Միություն՝ կազմված Միլեթ, Մինութ, Պրիենա, Էֆեաս, Կոլոֆեոն, Լեբեդոս, Տեոս յոթ քաղաքներից եւ Խիոս, Սամոս կղզիներից։ Սակայն հարկավոր է նաեւ շեշտել, Իոնական Միության քաղաքները կապված էին իրար հետ կրոնածիսական կապերով եւ ռազմաքաղաքական միություն չէին։ Էգեյան ծովի Փոքրասիական ափեզրի բնակիչներին անվանել են Ionia (լատ.)։ Հունական դիցաբանության մեջ Տիտան եւ Կրոնես տերմինները ստուգաբանված չեն, կարծիք կա, որ Տիտան տերմինը հունական մշակույթ է անցել Փոքր Ասիայից։

Ըստ էության՝ Վանի Թագավորության Միլեթ քաղաքում կային բոլոր քաղաքական եւ կրոնածիսական նախապայմանները մեկ ընդհանրական եւ գործող իմաստասիրական համակարգի մեջ վերիմաստավորելու, ապա նաեւ նախասկիզբը կրոնածիսական համակարգից դուրս ներկայացնելու որպես նյութ կամ նյութական սկիզբ։ Թալեսը իր դպրոցով եւ հետեւորդներով Արեւապաշտության բնապաշտական ուսմունքի կրոնածիսական իմաստաբանության ամբողջական համակարգից առանձնացրել է նյութականը՝ ջուրը, կրակը, հողը, մետաղը, եթերը եւ այն ներկայացրել է որպես բնության նախահիմք, նյութի այդ տեսակները համարել է որպես որակական բազմազանություն եւ նախահիմքի տարբեր դրսեւորումներ։ Փաստացիորեն,  Միլեթի դպրոցը փորձում էր համակարգել նյութին առնչվող համընդհանուր օրինաչափությունները, հակադրությունների, քանակական փոփոխությունների, նոր որակի առաջացման անհրաժեշտությունը նաեւ կրոնածիսական գաղափարախոսությունից դուրս։

Ըստ ընդունված կարգի, նյութի ճանաչողական առաջին իմաստասիրական դպրոցը ձեւավորվել է Թալեսը մ.թ.ա. 6-րդ դարում՝ Միլեթ քաղաքում։

Թալեսի (մ.թ.ա. 625-547) փիլիսոփայությունից մեզ է հասել երկու կարեւոր միտք՝ տիեզերքը առաջացել է ջրից, բոլոր իրերի հիմքում ընկած է ջուրը։ Թալեսի իմաստաբանության մեջ նախասկիզբ ջուրը անջատված է չէ ամբողջապես կրոնածիսական գաղափարախոսությունից, ուստի այն սովորական ջուր չէ, այլ կենդանի տարերք է եւ ուժ, որից առաջանում է ամբողջ տիեզերքը եւ որը շարժման մեջ է դնում ամեն ինչ։ Փաստացիորեն, Թալեսի իմաստասիրությունը կառուցված է Արեւապաշտություն բնապաշտական ուսմունքի եւ կրոնածիսական համակարգի մաս հանդիսացող ջուր՝ առաջին էլեմենտի վրա, որը իր հերթին համարժեք է առաքելականությանը՝ բերելուն եւ տալուն, իսկ գերմանական լեզվամտածողության մեջ wasser՝ վազել անցնել ձեւին։ Ջուրը որպես նյութական սկիզբ եւ հիմք ընդունելը ցույց է տալիս, թե Թալեսի իմաստասիրության մեջ ինչքան տեղ ունի Արեւապաշտական կրոնածիսական աշխարհայեցողությունը՝ քաղաքակրթական առումով։

Անհամեմատ ավելի շատ են տեղեկությունները Անաքսիմանդրեսից (մ.թ.ա. 610-546), ով Մելիթյան իմաստաբանական դպրոցի հաջորդ ներկայացուցիչն էր։ Անաքսիմանդրեսը մասնակիորեն մերժում է «ջուրը որպես նախասկիզբ»: Թալեսի դրույթը առաջ է քաշում իր տեսությունը, ըստ որի ամեն ինչ առաջացել է ոչ թե նյութական նախասկիզբ՝ ջրից, այլ ապեյրոնից, որր հավերժական է, անփոփոխ է եւ աստվածային է։ Ապեյրոն նշանակում է՝ մետաֆիզիկականից առաջացած բոլոր իրերը կրկին պետք է վերադառնան իրենց նախնական վիճակին։ Անաքսիմանդրեսը աշխարհգոյացման գործընթացը պատկերացնում է որպես սառի եւ տաքի փոխգործողության արդյունք։ Հավերժական շարժման հետեւանքով Ապեյրոից անջատվում են տաքը եւ սառը, չորը եւ խոնավը, որոնց փոխներգործություններով է պայմանավորված առաջացումը ու ոչնչացումը։ Անաքսիմանդրեսը ընդունում է ջրի կամ խոնավության առավելությունը չորի նկատմամբ, բոլոր կենդանիները ունեն ջրային սկիզբ, իսկ մարդն ունի նաեւ ձկնակերպ կազմություն։ Ապեյրոն-ը հունական բառ է, իմաստը՝ «անսահման եւ անվերջ» ալֆա-«ան» եւ պեիրար-peirar, «վերջ, սահման»։ Ծագում է իոնաperas «վերջ, սահման» ձեւից, համարժեք է հայերն «բերել եւ բերած» բառին։

Փաստացիորեն, Անաքսիմանդրեսը նույնպես իր իմաստասիրությունը կառուցում է Արեւապաշտություն բնապաշտական ուսմունքի շրջանակներում եւ ընդունում է Արեւապաշտական իմաստաբանության «անեզրական» տերմինի իմաստաբնությունը եւ «անեզրական» երեւույթը ներկայացնում է «Ապեյրո» տերմինով։ Անաքսիմանդրեսի Ապեյրոն եւ Արեւապաշտական իմաստաբանության Անեզրականը սկզբունքորեն նույն են, նրանք ոչ միայն իրերի սկզբնապատճառն են, այլ նույն շարժունակ մի սկիզբ են, որոնց ներհատուկ է որեւէ բան առաջացնելու ունակությունը։ Անաքսիմանդրեսը իր իմաստասիրական եզրակացություններում կարծում էր, որ հավերժությունը եւ անմահությունը ավելի բարձր են, քան Օլիմպիոսի աստվածները։

Միլեթյան դպրոցի հաջորդ ներկայացուցիչը Անաքսիմենեսն էր (մ.թ.ա. 588-525): Ի տարբերություն Թալեսի եւ Անաքսիմանդրեսի, Անաքսիմենեսը օդն էր համարում բոլոր իրերի նախասկիզբը։ Օդը ոչ միայն նախասկիզբ է, այլեւ կենդանի, շարժունակ տարերք է, եւ հոգի, օդով է լցված տիեզերքը։ Օդը որոշակի նախանյութ է եւ միջին դիրք է գրավում ջրի եւ կրակի, հողի եւ եթերի միջեւ։ Փաստացիորեն Անաքսիմենեսը նույնպես իր տեսությունը կառուցում է Արեւապաշտություն բնապաշտական ուսմունքի հինգերեոդ էլեմենտի՝ եթերի վրա, որը համարժեք է բարեպաշտությանը։ Նա եթերից առանձնացնում է օդը։ Ըստ Անաքսիմենեսի, որակական փոփոխությունները հանգեցնում են քանակական փոփոխությունների եւ հակառակը։ Նա կարծում էր, որ օդին բնորոշ են նոսրանալը եւ խտանալը, երբ օդը նոսրանում է, վերածվում է կրակի, իսկ երբ խտանում է, առաջանում է պինդ մարմին։ Ըստ Անաքսիմենեսի, գոյություն ունեցող բոլոր երեւույթները եւ առարկաները օդի ձեւափոխություններն են։

Այսպիսով, թեեւ Միլեթի դպրոցը ընդունում է տարբեր նախասկիզբներ, այնուհանդերձ նախասկիզբը համարում են միասնական, անփոփոխ եւ հավերժական, իսկ դրանցից կազմված առարկաները՝ անցողիկ ու փոփոխական։ Նախասկիզբը միաժամանակ միասնական է եւ բազմազան է, անփոփոխ է եւ փոփոխական է, անշարժ է եւ շարժվող է։ Չնայած այն բանին, որ Միլեթի դպրոցը ընդունում էր Արեւապաշտություն բնապաշտական ուսմունքի եւ աշխարհաճանաչողական համակարգի հոգեւոր եւ նյութական կազմաբանությունը, այնուամենայնիվ իմաստասիրության մեջ Միլեթի դպրոցը նոր միտք բերեց։ Միլեթի դպրոցի իմաստասիրական այս մոտեցումներին եւ նրանից բխած հարցադումներին փորձել են պատասխանել հետագայում Հերակլիտեսը, Պյութագորասը, Պարմենիդեսը եւ ուրիշներ։

Հերակլիտեսը (Հերակլիտ, Հերակլայդես) նույնպես իր իմաստասիրությունը կառուցել է Արեւապաշտություն՝ բնապաշտական ուսմունքի համակարգի վրա եւ մասնավորապես նրա կրակ՝ երկրորդ էլեմենտի, որը համարժեք է լուսավորչականությանը եւ չորրորդ էլեմենտի՝ մետաղ-արիականության վրա։ Հերակլիտեսը  ծնվել է Փոքր Ասիայում՝ Եփեսոս քաղաքում, արիստոկրատի ընտանիքում, ակտիվորեն չի զբաղվել քաղաքական գործունեությամբ, թեեւ կողմնակից է եղել կառավարման արիստոկրատական ձեւին, հանդես է եկել դեմոկրատիայի՝ «ամբոխի իշխանության» կամ «մեծամասնության բռնապետության» դեմ։ Հերակլիտեսը նշում էր՝ մեկը հավասար է տասը հազարին, եթե նա լավագույնն է։ Հերակլիտեսի արիստոկրատիզմի հիմքն է կազմում հետեւալ դրույթը «իշխանությունը պետք է պատկանի «լավագույն» քչերին եւ ոչ թե վատագույն կամ տգետ մեծամասնությանը, որը չի հանդուրժում իմաստուններին եւ ուժեղներին»։

Մարդկանց մեծ մասը պարզապես ապրում է, ձգտում են առավել օգտվել նյութական եւ կյանքի բարիքներից, հետո մեռնում են՝ այդպես էլ ոչինչ չիմանալով ոչ տիեզերքի, ոչ էլ իրենց կեցության իմաստի ու նպատակի մասին։ Այդ պատճառով տգետ մեծամասնության պատկերացումները բարու եւ չարի, տիեզերքի եւ աստվածների մասին կեղծ են։ Հերակլիտեսը կարծում էր, որ ամեն ինչի սկիզբը կրակն է, այսինքն՝ կրակը նախանյութ է, կրակը նաեւ կյանքի աղբյուրն է եւ հենց ինքը՝ կյանքն է։ Հերակլիտեսը նույնպես կարծում էր, որ նախանյութը հավերժական է, միասնական է, անփոփոխ է, իսկ դրանից ստեղծված առարկաները փոփոխական են ու անցողիկ են։

Հերակլիտեսի կարծիքով՝ հակադրությունների հիմքր կրակն է, կրակի իմաստատարողությունը՝ լոգոսը պատերազմ է ու ներդաշնակություն։ Քանի որ ամեն ինչ կատարվում է ըստ կարգի եւ օրենքի, ուստի կրակի իմաստատարողությունը՝ լոգոսը, հանդես է գալիս որպես անհրաժեշտություն կամ ճակատագիր։ Իսկ դա իր հերթին նշանակում է, որ կրակի լոգոսը կապված է արդարության, արդարադատության եւ ճշմարտության հետ: Տեղին է նշել, որ արդարության, արդարադատության եւ ճշմարտության պահպանումը եղել է Արեւի Աստված Միհրի գործառույթը։

Հերակլիտեսը կրակի բոցավառման ու մարման չափերով էր բացատրում կյանքի պուլսացիան։ Երբ կրակը բոցավառվում է, սկսում է վեր բարձրանալ, իսկ վառվող առարկան այրվելով «կրճատվում է», եւ երբ կրակը վերջանում է, առարկան ոչնչանում է։ Իսկ երբ կրակը սկսում է մարել եւ իջնել ներքեւ, ապա կրակի կենսական լիցքերը բարձրանում են վեր եւ դառնում են մի նորի ծագման սկիզբ։ Այս ընթացքը անփոփոխ է, կրակի բոցավառման եւ մարման պուլսացիան հանընդհանուր օրենք է, կարգը չի ստեղծվել որեւէ մեկի կողմից, այն միշտ եղել է, կա եւ կլինի։ Այդ կարգը վերաբերում է նաեւ տիեզերքին, որը որոշակի պարբերականությամբ բոցավառվում է ու կործանվում է եւ նորից առաջանում կրակից։

Հերակլիտեսն ընդունում է կեցության հավերժականությունը, համընդհանուր շարժման եւ փոխակերպումների մասին գաղափարը։ Այսինքն՝ շարժումը կենսաձեւն է։ Շարժումը առաջ է բերում կենսաձեւի փոփոխություն, ամեն մի իր փոփոխության եւ փոխակերպումների արդյունքում կարող է ձեռք բերել իր ճանաչելի վիճակի հակառակ կերպը՝ անտիպոդը. չորը՝ թաց, կյանքը՝ մահ, լույսը՝ խավար եւ այլն։ Հերակլիտեսը կատարում է մեկ հավելում՝ առանց հակադրությունների չկա շարժում, իսկ հակադրությունը հոգեւոր խնդիր է։ Նա պնդում է, որ առանց պայքարի, խռովության եւ բաժանվածության տիեզերքն անմիջապես կվերածվեր միասնական կրակի։ Պատերազմը եւ պայքարը համընդհանուր օրենք է: Պայքարը գործընթացի մի կողմն է, իսկ մյուս կողմը համերաշխությունն է։ Հերակլիտեսը իմաստասիրության մեջ առաջադրեց իր չորս հիմնադրույթները՝ ուսմունք կրակի մասին, համընդհանուր շարժման մասին, հակադրությունների հարաբերակցության մասին, բանականության իմաստաբանության՝ լոգոսի մասին։ Այս ամենի հիմքում Հերակլիտեսը դնում է նախասկիզբը՝ արխեան, որը ներառում է միաժամանակ տիեզերական համընդհանուր ուժը, տարերքը եւ որպես շնչավորված՝ կենդանի սկիզբ։ Մարդկային իմաստատարողությունը՝ լոգոսը: Ըստ Հերակլիտեսի, տիեզերական իմաստատարողությունը հնարավորություն ունի համաձայնելու «լոգոսի» հետ։ Մարդկանց մեծամասնությունը լսել անգամ չի ուզում տիեզերական իմաստատարողության՝լոգոսի գոյության մասին եւ ապրում է ոչ թե բանականության օրենքներին համապատասխան, այլ՝ ըստ «կարծիքի»։

Փաստացիորեն, այս քննախուզության միջոցով հնարավոր դարձավ տեսնել Միլեթյան իմաստասիրական դպրոցի հիմնադրույթային կամ մարդկային իմաստատարողության՝ լոգոսի կապը Արեւապաշտության հետ: Կարողացանք մասնակիորեն վերականգնել Միլեթյան իմաստասիրական դպրոցի թե՛ փիլիսոփայության եւ թե՛ առհասարակ պատմագրական անժխտելի կապը, իր բնական միջավայրը, որի պատճառով դարեր շարունակ անհասկանալի է մնում Միլեթյան դպրոցի ստեղծման բուն շարժառիթը եւ կրոնածիսական մշակութային հիմքը։

Պիտի նորից շեշտենք, որ մ.թ.ա. 700 ից մինչ մ.թ.1071թ. Միլեթը գտնվել է հայոց մշակութային դաշտում։ Միլեթ՝ Մալաթիայում Թալեսի ձեւավորած դպրոցի ժամանակաշրջանը համապատասխանում է Վանի Թագավորության Արքաներ Սարդուր 4-դի, Էրմմինայի եւ Ռուսա 4-դի կառավարման տարիներին եւ քաղաքը գտնվել է Վանի Թագավորության կազմում։ Նշենք նաեւ՝ Մալաթիայից մինչեւ Տիգրանակերտ 300, իսկ մինչեւ Վան 560 կմ է, մինչեւ Իզմիր կամ պատմական հունական գաղութներ 1200 է, իսկ մինչեւ Աթենք՝ ցամաքով 2200 կմ։

Արամ Մկրտչյան, Գերմանիա

Հատուկ «Լուսանցք»-ի համար

21.04.2017թ.

(Նկարում Հայաստանի տարածքում հայտնաբերված Միլեթյան արծաթե դրամներն են):

«Լուսանցք» թիվ 17 (450), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։