Պահն է՝ ի ցույց դնելու Հայաստանի անկախ կարգավիճակը -Համաշխարհային բեւեռները սրում են իրավիճակը տարբեր տարածաշրջաններում… թուրք-ադրբեջանական համագործակցության կողքին առավել սթափ ենք դիտարկում հայ-ռուսական հարաբերությունները: Իսկ երբ սթափ ենք գնահատում…

Թուրք-ադրբեջանական համագործակցության կողքին առավել սթափ ենք դիտարկում հայ-ռուսական հարաբերությունները: Երբ սթափ ենք գնահատում, մտածելու խնդիրները միանգամից ավելանում են: Դրանց էլ գումարվում է Համաթուրքական դաշինքի եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների համադրությունը, ինչը գրեթե կասկածի տակ է առնում Հայաստանի ձեռնարկումները ԱՊՀ, ՀԱՊԿ եւ ԵԱՏՄ ուղղություններով:

Եթե թուրք-ադրբեջանական ռազմա-քաղաքական ու տնտեսական համագործակցությունը շահավետ է երկու կողմերի համար էլ, ապա հայ-ռուսական նույնատիպ հարաբերությունները հիմնականում ծառայում են Ռուսաստանի շահերին (մասամբ՝ նաեւ Հայաստանի), ինչպես տարածաշրջանում, այնպես էլ համաշխարհային քաղաքականության շրջանակներում: Ինչ մsնում է Համաթուրքական դաշինքի (Թուրքիա, Ադրբեջան, Ղազախստան, Թուրքմենստան, Ուզբեկստան եւ Ղրղզստան) գործունեությանը, ապա փոխշահավետությունն ակնհայտ է, իսկ մեր թշնամի պետությանը՝ Ադրբեջանին սատարելու հարցում, այն անգամ գերակա դիրք է գրավում, քանի որ բացի այս դաշինքից, արժանանում է նաեւ այն համագործակցության աջակցությանը, որտեղ Հայաստանն է Ռուսաստանի հետ՝ ԱՊՀ, ՀԱՊԿ եւ ԵԱՏՄ: Իսկ  գերակա դիրքը հնարավոր է դառնում, քանի որ Հայաստանն անդամակցում է այնպիսի դաշինքի, որտեղ ավելի շատ են Համաթուրքական դաշինքի երկրները՝ Ղազախստանը, Թուրքմենստանն ու Ղրղզստանը ուղիղ կեսն են կազմում վերոհիշյալ միավորումների՝ Ռուսաստանի, Բելառուսի եւ Հայաստանի հետ: Ընդ որում, սլավոնական երկյակը եւս առավել հաճախ հանդես է գալիս նշված 3 կառույցներից դուրս գտնվող Ադրբեջանի ու Թուրքիայի օգտին…

Իսկ Հայաստանն այն երկիրն է, որը միակ հավատարիմ դաշնակիցը մնաց Ռուսաստանի համար Կովկասում: Միակ երկիրն է, որ իր տարածքում տեղ հատկացրեց ռուսական ռազմաբազա կազմակերպելու համար, որն էլ ռազմա-քաղաքական առումով հենարան ծառայեց Ռուսաստանին՝ Կովկասից հիմնավորապես դուրս չմղվելու առումով:  

Այսօր Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմական համագործակցությունը առկա իրողություն է, Մոսկվան անգամ ակնկալում է նոր վերազինումներ իրականացնել արդեն գործող ռազմաբազայում: Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը խոսելով ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի՝ Գյումրիում տեղակայված 102-րդ բազային առնչվող հայտարարության մասին, ասել է. «Մոդեռնիզացիան, հնարավորությունների ընդլայնումը մշտական գործընթաց է, որը ուղեկցում է ցանկացած երկրի Զինված ուժերին»: Միաժամանակ ասել է, որ Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազան չի սպասարկում միայն Ռուսաստանի շահը, այն ծառայում է Հայաստանի համար, լուծում է անվտանգության խնդիրները: Ապա քաղաքագետը հավելել է, որ նման ռազմաբազայի անհրաժեշտություն ինքը չի տեսնում, «եթե խոսենք մեր անվտանգության ապահովման մասին, ապա վստահ կարող եմ ասել, որ ՀՀ ԶՈՒ-ն լիովին լուծում է մեր առջեւ ծառացած մարտահրավերները»,- ընդգծել է նա:

Հիշեցնենք, որ Վիգեն Սարգսյանը, մասնավորապես, հայտարարել էր. «Մենք ինտենսիվորեն շփվում ենք մեր ռուս գործընկերների հետ դրա արդիականացման, հնարավորությունների ընդլայնման մասին: Կան կոնկրետ թեմաներ, ուղղություններ, որտեղ մեր համատեղ աշխատանքի արդյունքում կարող են հայտնվել համագործակցության նոր ձեւեր»:

Իհարկե, այսպես դժվար է ասել, թե ռազմական որ ոլորտում կլինի ընդլայնում, որակական փոփոխություն, բայց որ դա բնականոն գործընթաց է, նշում են նաեւ վերլուծաբանները՝ ասելով, որ բոլոր տարիներին էլ դա ընթացել է: Ինչ վերաբերում է պաշտպանության նախարարի հայտարարությանը, թե Հայաստանը մտադիր չէ նոր օտարերկրյա ռազմաբազա բացել Հայաստանում, կամ էլ ստեղծել

ռուսական նոր ռազմաբազա, Հրանտ Մելիք-Շահնազարյանն այսպես է արձագանքել. «Կարծում եմ, որ երկրորդ ռազմաբազայի կարիքը չունեն ո՛չ Հայաստանում, ոչ էլ Ռուսաստանում: Հայաստանը բավական լուրջ հնարավորություններ է տվել Ռուսաստանին ու այն խնդիրները, որոնք Ռուսաստանը կարող է ունենալ այս տարածաշրջանում, դրանց լուծման համար, մեկ ռազմաբազան բավարար է: Երկրորդ ռազմաբազայի մասին իսկապես զրույցներ կան, բայց արտաքինից չի երեւում, թե ինչու են դրանք շրջանառվում»:

Դեռ այս խնդիրները քննարկումների մեջ են, բայց հանկարծ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը խոստանում է ոչնչացնել «Իսլամական պետություն» խմբավորումը՝ ինչքան էլ ահաբեկիչները չցանկանան հանձնվել: Նա նշել է, թե ՀԱՊԿ անդամ երկրների ուժային ստորաբաժանումները մշտապես պատրաստ են գործելու: Պատրաստ են նաեւ Տաջիկստանում, Ղրղզստանում եւ Հայաստանում տեղակայված ռուսական բազաները, «քանի դեռ այդ վարակը չի ոչնչացվել, այդ առաջնահերթությունները պահպանվելու են»։

Միանգամից նշենք, որ հայաստանցի փորձագետները այս հայտարարությունը խիստ վտանգավոր են համարում, նշում են, թե այսկերպ Մոսկվան Հայաստանին ներքաշում է մեզ հետ անմիջական կապ չունեցող խնդիրների մեջ։

Ոմանք կարծում են, թե այս հայտարարությունն առավելապես քարոզչական նշանակություն ունի, սակայն  չափազանց անպատասխանատու հայտարարություն է, հատկապես Հայաստանի համար։ Սա կարծես հրավեր է, որպեսզի «Իսլամական պետություն» կոչված ահաբեկչական կազմակերպությունը ընդլայնի իր ծավալները եւ մտնի Կովկաս (այս դեպքում՝ Հայաստան) եւ Միջին Ասիա: Չնայած հավատացած ենք, որ Տաջիկստանն ու Ղրղզստանը նշվել են զուտ մի բանի համար, որ Հայաստանի անունը առանձնահատուկ չերեւա հայտարարության մեջ…

Հայ փորձագետները նշել են, որ «Իսլամական պետության» մեջ, հենց Ռուսաստանի տվյալներով, 3500 ՌԴ քաղաքացի է կռվում, որոնք այդ «Իսլամական պետության» տարածք չէին հասնի, եթե չստանային համապատասխան արտասահմանյան անձնագրեր ռուսական պետության կողմից։ Ինչու՞ այս մասին չեն մտածում Ռուսաստանում: Ամերիկյան հրամանատարությունն էլ Աֆղանստանում է խոսում այն մասին, որ հավաստի տվյալներով Ռուսաստանը աջակցություն է ցուցաբերում «Թալիբան» շարժմանը… Հիմա, երբ ահաբեկչական գործողությունները մտել են Ռուսաստանից ներս, երեւի ցանկություն կա դրանք դուրս հանել երկրից՝ ուղղորդելով դեպի Հայաստան, իբր դեպի ռուսական ռազմաբազա, բայց հասկանալի է, որ դեպի Հայաստան… գուցե նաեւ՝ Արցախ:

Իսկ գուցե սա Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների հանդիպման պտուղն է՝ ահաբեկչական շարժումների խառնված Ռուսաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի վրայից հանել հարվածների ալիքը եւ ուղղորդել քրիստոնեական Հայաստանի վրա: Իհարկե սրանց ձեռնտու տարբերակ է՝ եւ ռազմաբազա կա, որից կհարվածեն «Իսլամական պետության» դիրքերին եւ իսլամի դեմ կանգնած քրիստոնեական մի երկիր է Հայաստանը, այն էլ այդ կրոնն առաջինը պետականորեն ընդունածը աշխարհում…

Եթե գոնե ՀԱՊԿ-ն կատարեր իր պարտականությունները, գուցե մտածելու բան լիներ: Հիմա Հայաստանը չունի մտածելու ոչ մի բան. Ռուսաստանը թուրք-ադրբեջանական հերթական խաղերի մեջ է, իսկ Հայաստանին պետք է չէ խառնվել մի գործընթացի, որտեղ հայկական ազգային շահերը ոչ մի կերպ չեն արծարծվում…

Այո, «Իսլամական պետությունը» մեծ չարիք է, բայց Հայաստանը տարածաշրջանում այն եզակի երկրներից է, որ ցայսօր առնչություն չի ունեցել այդ պետության հետ ոչ մի կերպ: Մեր բոլոր հարեւանները՝ Ադրբեջանը, Թուրքիան եւ Վրաստանը համարվում են ահաբեկիչներ մատակարարող երկրներ, իսկ Իրանը խիստ հակամարտության մեջ է նաեւ կրոնական առումով: Նշանակում է՝ Մոսկվան հերթական անգամ շահարկում է հայկական գործոնը: «Իսլամական պետությունը» մեր տարածքը եւս համարում է իրենց ապագա խալիֆայության տարածք, այժմ նաեւ հակահայկական քաղաքականություն (ինչպես այլ քրիստոնյաների, այլակրոնների նկատմամբ) է վարում Սիրիայում, բայց ներքաշվել մի լուրջ խնդրի մեջ՝ ունենալով Արցախի հիմնահարցը, հաստատ սխալ կլինի…

Իմիջիայլոց, դեռ չի քննարկվել հայ-ռուսական միացյալ զորախումբը սիրիական գործողություններում ներգրավելու հարցը, բայց Մոսկվան չի ուշացնի նաեւ այս հարցը:

Ուստի՝ շատ կարեւոր էր, որ ՀՀ ԶՈւ եւ ՌԴ ԶՈւ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը առաջ անցնելով հայտարարություններ արեց:

Ըստ այդմ՝ հայ-ռուսական միացյալ զորախումբը ստեղծվել է տարածաշրջանում անվտանգության ապահովման համար, եւ որ «զորախումբը կարող է կիրառվել այնտեղ, որտեղից մեզ վտանգ սպառնա: Եթե Թուրքիայի կողմից ՀՀ սահմաններին վտանգ սպառնա, միանշանակ, կկիրառվի հայ-ռուսական միացյալ զորախումբը»: Շատ կարեւոր հայտարարություն է արել ՀՀ ԶՈւ եւ ՌԴ ԶՈւ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատարը: Իսկ այն հարցին, թե թուրքերը թուրք-ադրբեջանական վերջին զորավարժությունների ժամանակ հայտարարել են, որ կարող են Նախիջեւանում ռազմաբազա տեղակայել ու այնտեղից պատասխանել հայկական կողմին, նա արձագանքեց, որ նման հայտարարությունների վրա զարմանալ պետք չէ, «եթե Հայաստանի ցանկացած սահմանի վրա, այդ թվում՝ Նախիջեւանի ուղղությունից վտանգ սպառնա, միանշանակ, մեր սուրբ պարտականությունն է, որ համատեղ ուժերով կանգնենք մեր ոսոխի առաջ: Դա երկաթբետոնե հիմքով ամրապնդված է համապատասխան փաստաթղթերի մեջ»:

Այն հարցին էլ, թե զորախումբը կարո՞ղ է կիրառվել նաեւ Արցախում, զորախմբի հրամանատարն արձագանքեց այսպես. «Քաղաքական տեսանկյունից այդ հարցը գտնվում է անհրաժեշտության մեջ, բայց կրկնում եմ եւս մեկ անգամ՝ տարածաշրջանը հենց այն է, որտեղից մեր սահմաններին վտանգ է սպառնում եւ եթե նման հարց ծագի եւ վտանգը այդ ուղղության վրա լինի՝ միանշանակ մենք սպասելու, մտածելու բարոյական իրավունք չենք ունենալու։ Մենք պիտի ընդամենը գործենք»։

Այն դիտարկմանը, որ տարածաշրջանային վտանագավո կետ է նաեւ Սիրիան եւ հնարավո՞ր է արդյոք Մոսկվայի որոշմամբ միացյալ զորախումբը ներգրավվի այնտեղ իրականացվող գործողություններում՝ Անդրանիկ Մակարյանը պատասխանել. «Կոնկրետ մեր մասին խոսք առայժմ չկա, մենք նման հանձնարարություն ու նման կանոնակագում չունենք»։

ՀՀ ԶՈւ եւ ՌԴ ԶՈւ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատարը եւ՛ խաղաղ, եւ՛ պատերազմական ժամանակ նշանակվում է ՀՀ զինված ուժերի կազմից: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը շեշտել է գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը։ «Զեկուցում եմ ձեզ՝ համաձայն հայ-ռուսական համատեղ համաձայնագրի, որը ստորագրվել է 2016թ. նոյեմբերի 30-ին, հայ-ռուսական միացյալ զորախմբի հրամանատարը նշանակվում է ՀՀ ԶՈւ զինծառայողների կազմից։ Հրամանատարը նշանակվում եւ ազատվում է ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարի հրամանագրով՝ համաձայնեցնելով այն ՌԴ գերագույն գլխավոր հրամանատարի հետ»,- նշել է նա՝ ընդգծելով, որ զորամիավորումը գործելու է միայն ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարի Սերժ Սարգսյանի հրամանով։

Իսկ ամենասպասված հարցին՝ «Նախագահ Վլադիմիր Պուտինը չի՞ կարող ձեզ ասել՝ մի գրոհեք», գեներալ-մայորը պատասխանել է՝ կարճ. «Չի՛ կարող»։

Հայկ Թորգոմյան

* * *

Էստոնիայում տեղի են ունենում «Գարնանային փոթորիկ-2017» լայնածավալ զորավարժություններ՝  ՆԱՏՕ-ի անդամ եւ դաշնակից երկրների զինծառայողների մասնակցությամբ. այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝ հղում անելով Էստոնիայի պաշտպանության նախարարության կայքին։

Զորավարժություններն ընթանում են հիմնականում երկրի հյուսիսում եւ հյուսիս-արեւելքում, մասնակցում է շուրջ 9 հազար մարդ, որոնցից 2 հազարն արտասահմանցի զինծառայողներ են: Մասնակից երկրների թվում են ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Դանիան, Կանադան, Գերմանիան, Նիդերլանդները, Լեհաստանը, Ֆինլանդիան, Շվեդիան, Լատվիան, Լիտվան, Ուկրաինան եւ Վրաստանը:

Նախատեսվում է, որ «Գարնանային փոթորիկը» կտեւի ավելի քան 2 շաբաթ եւ կավարտվի մայիսի 25-ին: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն խոստացել է Ռուսաստանի սահմանակից եվրոպական պետություններին պաշտպանել Ռուսաստանից, եթե դրա կարիքը լինի…

«Լուսանցք» թիվ 18 (451), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։