2 օր հետո կորոշենք.- Երեւանի ավագանու ընտրությունը «վերջացավ» կես ճամփին – Հանգեցինք «Լուսանցք»-ի՝ Երեւանի ավագանու ընտրության քարոզարշավը մեկնաբանող նյութերում արծարծված մեր մտքերից մեկին, այն է՝ Նիկոլ Փաշինյանն ու Զարուհի Փոստանջյանն ամեն ինչ արեցին, որ Տարոն Մարգարյանը մնա անմրցակից…

«Վերջացավ» ճիշտ այն օրը, երբ «Երկիր Ծիրանի» կուսակցության Զարուհի Փոստանջյանը մտավ հայրենասերի կերպարի մեջ, սկսեց խոսել ազգից, հայրենիքից, հողից… Բնավ չեմ կասկածում, որ տիկինն ունի այն պարզ հայրենասիրությունը, որ կա յուրաքանչյուր հայի ներսում, բայց թե ինչու է փորձում «հագնել» հայրենապաշտի կերպարը քաղաքական առումով, չեմ հասկանում: Հայրենապաշտությունը էություն է, արժեհամակարգ, ինքնագիտակցություն, հայրենապաշտի գործը բեռնակրի ծանր աշխատանք է, քաղաքական կերպար չէ, որ «հագնես», ակնոց չէ, որ կրես: Շոու չէ, որ ցուցադրես ու կոծկես: Այն չի հանդուրժում որեւէ կեղծիք: Ինչու՞ է ուզում Զարուհի Փոստանջյանը կրել ուրիշի հագուստը, երբ նրան սազում է եվրոպականն ու ամերիկյանը: Ու, ի դեպ, շատ է սազում…

Ինչեւէ, մտավ ոչ իր քաղաքական կերպարի մեջ ու գնաց… Անի ու Կարս: Մայիսի 6-ին «Ազատագրում ենք Երեւանը հանրապետականից, սկսում ենք Երեւանից» արշավի ընթացքում էր այնտեղ եղել: «Այցելության միջոցով «Երկիր Ծիրանի» կուսակցության Երեւանի ավագանու թեկնածուները ցանկանում են ուղերձ հղել ողջ հայ ժողովրդին եւ երեւանցիներին՝ ի ցույց դնելով, որ Հայոց շքեղ մայրաքաղաք Անին անկում ապրելուց հետո դարձավ Հայոց պետականության երկարաժամկետ անկման պատճառ: Անիի կործանման հիմքում ընկած էին արատավոր բարքերը, դավաճանությունը, ագահությունը, նյութապաշտությունը եւ եսապաշտությունը: Այսօր մեր պետականությունում, ինչպես շուրջ տասը հարուրամյակ առաջ Անիում, տիրում են արատավոր բարքեր, դավաճանություն, ագահություն, նյութապաշտություն եւ եսապաշտություն, ինչը տանում է կործանման ներկայիս հայոց պետականությունը»,- ասված էր նրանց հաղորդագրությունում:  

Շեշտում եմ՝ հայրենապաշտությունը կեղծիք չի հանդուրժում: Չգիտեմ՝ ով է Զարուհի  Փոստանջյանի խորհրդատուն (ամերիկյան դասընթացները նրան PR անելու հոտառությունից լրից զրկել են), բայց նա սեւ բիծ թողեց «Երկիր Ծիրանիի» նորաստեղծ պատմության վրա: Նախ՝ Զարուհի Փոստանջյանը սայթաքել է մի քանի առումներով. Անիի ու Կարսի անկման պատճառների մասին ոչ միայն խորը, այլեւ ընդհանրապես վերլուծություն չի արել: Այլապես կարելի է կարծել, թե այսօր կանգուն պետությունները արատավոր բարքեր չունեն ու նյութապաշտ չեն: Թուրքիան այսօր հզոր պետություն է, ինչպե՞ս է դարձել՝ լուսապսակո՞վ, ուրիշներին սիրելո՞վ, թե՞ հավատարմությամբ:

Եվ հետո՝ եթե Անիի կործանման պատճառներից էր ուզում ցույց տալ, պետք է Էջմիածին գնար՝ համապատասխան հարցումների: Եվ վերջում: Այս՝ Փոստանջյան ազգանունը կրող տիկինը, էլի ենք ասել, իսկապես «փոստեր» է անում, այդ ինչպե՞ս է Երեւանը Հանրապետականից ազատագրում, երբ իր ցուցակի կարկառուն ներկայացուցիչները իրենց գործեր համար Հանրապետականի այս ու այն դուռն են թակում, ու, ընդ որում, 8-ից 5-ն արդյունավետ է լինում: Հա, «փոստ» չեմ անում…

Երեւանի ավագանու ընտրությունը «վերջացավ» ճիշտ այն օրը, երբ Նիկոլ Փաշինյանը խոստացավ օրինականացնել կաշառքը: Երեւանի ավագանու ընտրություններում ընտրվելուց հետո «Ելք» դաշինքը Երեւան քաղաքի բյուջեում փոփոխություններ կսահմանի եւ սոցիալական աջակցություն կառաջարկի քաղաքացիներին, ովքեր հրաժարվել են ընտրակաշառքից։ Այս մասին մայիսի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Ազգային ժողովի 6-րդ գումարման նորընտիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։ Ի դեպ, ասաց նաեւ, թե համապատասխան դրույթը ներառվել է դաշինքի նախընտրական ծրագրում։ «Եթե քաղաքացին համապատասխան դիմում ներկայացնի ու հայտնի, որ իրեն ընտրակաշառք են առաջարկել, Երեւանի բյուջեից նա 15 հազարական դրամի չափով սոցիալական աջակցություն կստանա»։

Այստեղ էլի մտքիս Թուրքիայի օրինակը եկավ (մեղա՜-մեղա՜): Օսմանյան Թուրքիայում էր, որ կաշառքը օրինական էր, հարկվում էր ու գումարներ էին հոսում պետական գանձարան:

Մեր ԿԸՀ-ն էլ Նիկոլ Փաշինյանի ասածը հազիվ թե իբրեւ ընտրակաշառք դիտարկի, քանզի նա սպառնացել է. «Թող միայն փորձի»: Ի՞նչ է ստացվում՝ Նիկոլ Փաշինյանն ուզում է ձայները առնել, բայց՝ որ այդ ձայների համար վճարի հենց ինքը՝ ժողովուրդը:

Գիտեք, հասկանալի է, որ շոու է, ամեն ինչ կարելի է անել: Բայց պատգամավորը, ով լրագրող ու խմբագիր է եղել, պետք է որ լավ իմանա շոուի հայերեն համարժեքը՝ հանդիսանք, զվարճանք, զվարճահանդես (Հրաչուհի Փալանդուզյան. Գործածական բառացանկ-օտարամուտ բառերի հայերեն համարժեքներ): Բայց Նիկոլ Փաշինյանի արածն արդեն զվարճահանդես չէ, այլ՝ բացահայտ արհամարհանք ընտրողների նկատմամբ: Եթե նույնիսկ ընտրողներից շատերն արժանի են այդ արհամարհանքին, ապա, միեւնույնն է, պատգամավորի արածը հակաքաղաքական եւ ամոթաբեր քայլ է: Քանզի զվարճահանդեսի ժամանակ հանդիսավարը զվարճացնում է հանդիսատեսին, այլ ոչ թե նվաստացնում:

Եկանք «Լուսանցք»-ի՝ Երեւանի ավագանու ընտրության քարոզարշավը մեկնաբանող նյութերում արծարծված մեր մտքերից մեկին, այն է՝ Նիկոլ Փաշինյանն ու Զարուհի Փոստանջյանն ամեն ինչ անում են, որ Տարոն Մարգարյանը մնա անմրցակից: Իսկ Տարոն Մարգարյանի նախնտրական քայլերին մենք անդրադարձել ենք, երբ դեռ խոսում էինք Երեւանի քաղաքապետարանի 2016թ. գործունեությունից՝ զուգահեռ ներկայացնելով ապագայի անելիքները, որոնք հետո ներառվեցին նախընտրական դրույթներում:

Վաղը լռության օրն է: Դրան հաջորդող օրը կանենք մեր ընտրությունը: Իսկ այսօր դեռ կարելի է խոսել: Ու կխոսի Լեւոն Իգիթյանը (ՀՀԿ-ից Երեւանի ավագանու թեկնածու): «Մենք ձեր հետ միասին մեր փողը տվել ենք նրան (Զարուհի Փոստանջյանին,- Ա.Մ.), որ նա մեզ ծառայի, որ բարի գործ անի։ Հիմա հարց եմ տալիս՝ 2 ժամկետում մենք նրան մոտ 70 հազար դոլար ենք տվել։ Իսկ ի՞նչ ենք ստացել դրա դիմաց։ Ոչ մի բան։ Խոսակցություն, խոսակցություն։ Աշխատող մարդը չի խոսում… Նա էլ (Նիկոլ Փաշինյանը,- Ա.Մ.) մի ժամկետով է պատգամավոր եղել ու 36-40 հազար դոլար է ստացել «զա բալտավնյու»։ Նրանք ոչինչ չեն ստեղծել, քարը քարի վրա չեն դրել։ Հիմա ես ձեզ հարց եմ տալիս՝ կարո՞ղ ա մենք «դուռակ» ենք։ Մտնես խանութ, փողը տաս ու ոչինչ չվերցնես, կամ էլ գնաս ինստիտուտ, որպեսզի կրթություն ստանաս, փողը տաս ու չսովորես»…

Անի Մարության

«Լուսանցք» թիվ 18 (451), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։