Աղբային խնդիր. ինչպես ազատվել դրանից (2) – Եվրոաղբավայրերով ու տեղական ռիսկերով… Մասշտաբի էֆեկտի շնորհիվ կապահովվի աղբահանության հնարավոր նվազագույն դրույքաչափը եւ որ ռազմավարության իրականացումը չի պահանջի աղբահանության վճարի առավելագույն դրույքաչափի փոփոխություն…

Սկիզբը՝ թիվ 19-ում

http://www.hayary.org/wph/?p=6300Աղբային խնդիր սրանից ազատվելու համար՝ միայն տուգանք – Սա է հասարակությանը կրթելու լավագույն ձեւը (1)… Մինչեւ բարոյախոսությունը հանրության վրա ազդի, երկրում այլեւս աղբազատ տեղ չի մնա – տուգանքը կստիպի, որ բարոյախոսությունը շատ արագ տեղ հասնի…

Երբ քննարկում էինք կոշտ կենցաղային թափոնների կառավարման խնդիրները՝ նկատեցինք, որ առաջիկա տարիներին արվող քայլերից բնակչությանը կհուզի աղբահանության դրույքաչափի հարցը: Նշեցինք նաեւ, որ, ըստ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության, մասշտաբի էֆեկտի շնորհիվ կապահովվի աղբահանության հնարավոր նվազագույն դրույքաչափը եւ որ ռազմավարության իրականացումը չի պահանջի աղբահանության վճարի առավելագույն դրույքաչափի փոփոխություն:

Փակագծերում հիշեցնեմ, որ աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին օրենքի համաձայն՝ աղբահանության վճարը համայնքի բյուջե կամ արտաբյուջե գանձվող պարտադիր գանձույթ է, եւ աղբահանության դրույքաչափերը սահմանում է համայնքի ավագանին: Աղբահանության վճարը սահմանված է նույն օրենքով եւ կազմում է ամսական առավելագույնը 400 դրամ մեկ բնակչի համար, կամ ըստ բնակելի շինության կամ բնակարանի ընդհանուր մակերեսի՝ 1քմ մակերեսի համար՝ առավելագույնը 25 դրամ:  

Հիմա՝ առաջիկա 20 տարիներին կոշտ կենցաղային թափոնների կառավարման համակարգի զարգացման ռազմավարություն ունենք, ու դրա մեկնարկը հենց այս տարի կտրվի: Որոշ՝ կարծես նախապատրաստական քայլեր, ռազմավարության տրամաբանությանը համահունչ, արվել են՝ դեռ 2004թ.-ից: Օրինակ, հենց այդ տարում ԵՄ աջակցությամբ Արարատի եւ Վայոց ձորի մարզերում վերլուծվել է աղբահանության մակարդակը եւ առաջարկներ են արվել: Կամ՝ ճապոնական «Շիմիցու» կորպորացիայի կողմից 2005թ. իրականացվել է «Հայաստանի Գյումրի եւ Վանաձոր քաղաքների աղբավայրերում կենսագազի օգտահանման տեխնիկա-տնտեսական հիմնավորում» ծրագիրը: ՀԲ ֆինանսավորմամբ գերմանական «Ֆիխտներ» ընկերության կողմից 2008-2010թթ. ուսումնասիրվել է Երեւանում կոշտ կենցաղային թափոնների կառավարման համակարգը եւ ներկայացվել են առաջարկներ: Մի խոսքով, այս կարգի ուսումնասիրություններ եւ առաջարկներ արվել են նաեւ 2010-2013թթ. եւ այդուհետ էլ: Շոշափելին 2016թ. է եղել. մեկնարկել է Նուբարաշենի եւ Աջափնյակի աղբավայրերի ԵՄ չափանիշներին համապատասխան մեկուսացման, նոր աղբավայրի կառուցման եւ շահագործման մրցութային գործընթացը:

Ի՞նչ քայլեր են ձեռնարկվելու ռազմավարության շրջանակներում կամ՝ ի՞նչ է արվելու առաջիկա քսան տարիներին: Ըստ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության, ֆիզիկական ենթակառուցվածք են ստեղծելու (կամ բարելավելու), ստեղծելու են նաեւ ինստիտուցիոնալ ենթակառուցվածք: Նաեւ՝ ֆինանսավորման մեխանիզմն են ապահովելու եւ օրենսդրական դաշտն են վերանայելու:

Փորձենք հասկանալ, թե ինչ ենք ունենալու «ֆիզիկական ենթակառուցվածքի» ներքո: Նախ՝ կոշտ կենցաղային թափոնների կառավարման համակարգում կլինեն միմյանցից անկախ գործող, սահմանափակ թվով (10-ից ոչ ավելի), ԵՄ չափանիշներին բավարարող ենթահամակարգեր: Դրանցում ընդգրկված համայնքներին աղբահանության ամբողջական ծառայություն կտրամադրվի, այն է՝ աղբը կհավաքվի, կպահվի, կփոխադրվի աղբավայրեր: Ծառայության ծախսածածկումը կապահովվի բաժանորդների եւ համայնքների վճարների հաշվին: Համայնքների վճարները կներառեն նաեւ սանիտարական մաքրման ծախսերը:

Քաղաքներում աղբահանությունը կազմակերպելու համար ավագանին կհաստատի աղբահանության սանիտարական սխեման եւ, ըստ այդմ, քաղաքներում 700-1100 լ տարողությամբ աղբամաններ պետք է լինեն: Քաղաքներում hավաքված աղբը պետք է տեղափոխվի կամ միանգամից դեպի ԵՄ չափանիշներին համապատասխան աղբավայր, կամ փոխանցման կայան՝ այնուհետեւ աղբավայր: Աղբի փոխադրումը պետք է այնպես արվի, որ նվազագույնի հասցվի շրջական միջավայրի աղտոտումը: Նպատակահարմար է տեղափոխումն իրականացնել 10 – 20 խմ թափքի ծավալ ունեցող աղբատար մեքենաներով: Վերամշակման ենթակա աղբը, համապատասխան հատուկ մեքենաներով կտեղափոխվի փոխանցման կայաններ: Այն գյուղերում, որոնք աղբատար մեքենաների համար հասանելի են, աղբը կհավաքվի նույն սկզբունքով ինչ քաղաքներում, սակայն ավելի փոքր հաճախականությամբ, օրինակ՝ շաբաթը մեկ անգամ:

Հարց է ծագում՝ եթե հասանելի գյուղերում է աղբը շաբաթական մեկ անգամ հավաքվելու, ապա ինչ է լինելու այսպես ասած անհասանելի գյուղերի պարագայում: Պարզվում է, այդ խնդիրը լուծվելու է հավաքման կետերի միջոցով. դժվարանցանելի գյուղերում կկառուցվեն գյուղական աղբի հավաքման կետեր, որպեսզի վերջ տրվի աղբի անկանոն թափման կամ աղբը բաց այրելու պրակտիկային: Մեկ հավաքման կետը կարող է սպասարկել մի քանի գյուղերի: Աղբը, փոքր տարողունակությամբ բեռնատարներով կամ տրակտորներով կարող է տեղափոխվել հավաքման կետ: Հավաքման կետերը, որպես կանոն, ասֆալտապատված, ցանկապատված տարածքներ են, որտեղ տեղադրվում են 5 խմ տարողությամբ մի քանի աղբամաններ: Հավաքման կետերը պետք է տեղակայվեն բնակավայրերի հիմնական ճանապարհների երկայնքով, որոնք անցանելի պետք է լինեն մեծ տարողունակությամբ աղբահավաք մեքենաների համար: Կետերը պետք է բեռնատարների համար հարմար մուտք ունենան, որպեսզի հնարավոր լինի աղբամանները միանգամից դատարկել բեռնատարների մեջ: Ի դեպ, համայնքներն իրենք պետք է կենցաղային աղբը հավաքման կետեր հասցնեն: Եթե մի կետը սպասարկելու է մի քանի գյուղերի, անհրաժեշտ կլինի հաստատել միջհամայնքային սանիտարական սխեմաներ:

Աղբը նախնական տեսակավորվելու է: Աղբի հավաքման կետերում, կոնտեյներների հարեւանությամբ, կտեղադրվեն վերամշակվող թափոնների զետեղման կոնտեյներներ՝ նախատեսված ապակու, թղթի/ստվարաթղթի, պլաստիկի/պոլիէթիլենի, մետաղների համար: Այստեղ պետք է հիմնական դերակատարում ունենա մասնավոր սեկտորը, որի նախաձեռնությամբ կապահովվի տեսակավորված աղբի հավաքումն ու դրանց վերամշակումը կամ կրկնակի օգտագործումը:

Ի տարբերություն քաղաքների՝ գյուղերում աղբի նախնական տեսակավորման կոնտեյներներ չեն տեղադրվի՝ հաշվի առնելով կենցաղային աղբի բաղադրությունը:

Նախատեսվում է, որ ԵՄ չափանիշներին համապատասխան աղբավայրեր պետք է կառուցվեն ու շահագործվեն: Սա ենթադրում է, որ յուրաքանչյուր աղբավայրը, միջինում, կարող է զբաղեցնել 20 հա տարածք եւ ունենալ միջինը 20 տարվա շահագործման ժամկետ: Աղբավայրերը կազմված կլինեն մինչեւ 3 հա տարածք ունեցող բջիջներից: Այս բջիջ ասվածն էլ իրենցի ներկայացնելու է ֆիլտրատների հավաքման ջրհորդաններ, որոնցից ֆիլտրատները հատուկ խողովակներով փոխադրվում են դրանց հավաքման կամերաներ: Բջիջների կառուցումը կուղեկցվի միատարր կավաշերտի խտացմամբ, բարձր խտության պոլիէթիլենի, գեոտեքստիլ եւ մանրախճի դրենաժային շերտերի տեղակայմամբ: Շահագործման ժամկետի ընթացքում աղբավայրի բջիջներում աղբը պետք է լցվի սահմանված չափանիշներին համաձայն, պարբերաբար խտացնելով մինչեւ 1տ/ խմ խտության եւ պարբերաբար կավահողով կամ չափանիշներին համապատասխան այլ նյութերով ծածկելով: Լցված բջիջները պետք է ծածկվեն ավելի մեծ հողաշերտով ու խոտածածկով եւ նոր բջիջներ ստեղծվեն:

Նախնական ուսումնասիրությունների արդյունքում, ըստ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության, նպատակահարմար է համարվել բջիջներից յուրաքանչյուրի կյանքի տեւողությունը սահմանել միջինը 3 տարի: Կտեղադրվի կենսագազի հավաքման համակարգ, որը կարող է ծառայել ջերմություն կամ էլեկտրաէներգիա ստանալու համակարգեր ստեղծելու համար: Բայց սա հետագայի խնդիր է:

Ի դեպ, յուրաքանչյուր աղբավայրում պետք է հստակեցվեն տեղադրվող աղբի տեսակները:

Ընդհանրապես աղբավայրի շահագործման դադարեցումից հետո, տարբեր հաշվարկներով 20-30 տարի՝ պայմանավորված աղբի տեսակով, շրջական միջավայրի աղտոտման վտանգ կա՝ աղբաջրերի ու աղբավայրի գազի պատճառով: Հաշվի առնվա՞ծ են այդ վնասակար ազդեցությունների չեզոքացման եւ աղբավայրերի փակման ծախսերը: Դատելով հիշյալ ռազմավարությունից՝ աղբավայրի կառուցման եւ շահագործման ծախսերը հաշվարկելիս անպայման հաշվի կառնվեն չեզոքացման ու փակման ծախսերը:

Տեղեկացնենք նաեւ, որ երբ նոր աղբավայրեր կառուցվեն ու շահագործվեն արդեն, զուգահեռ կփակվեն սանիտարական նորմերին չհամապատասխանող աղբավայրերը:

Այս ամբողջ գործընթացը, պատկան մարմնի գնահատմամբ, նաեւ ռիսկեր ունի: Դրանք 3-ն են: Առաջինը ֆինանսավորման բացակայությունը կամ ոչ բավարար մակարդակն է, եթե հաշվի առնենք, որ առնվազն 90 մլն եվրո է պահանջվում ռազմավարության իրագործման համար: Երկրորդը աղբահանության վճարի դրույթաչափի վրա ճնշումն է եւ երրորդը՝ մասնավոր հատվածի կողմից հետաքրքրության բացակայությունը ոլորտում: Բանն այն է, որ «նախնական հաշվարկների համաձայն՝ ռազմավարության իրականացումը կարող է չպահանջել աղբահանության վճարի դրույքաչափի՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված առավելագույն արժեքի վերանայում, բայց աղբահանության եւ աղբավայրերի կառավարման համակարգի արդիականացումն, անխուսափելիորեն, կհանգեցնի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ինքնարժեքի բարձրացմանը: Արդյունքում, որոշ համայնքներ ստիպված կլինեն վերանայել ներկայումս գործող դրույքաչափերը»:

Ամեն դեպքում, այս ամենը նախատեսված է մինչեւ 2036թ., եւ մեկնարկը կտրվի այս տարվանից:

Եվ վերջում, կրկնեմ, որ աղբի խնդիրը միայն մեր երկրի առջեւ չէ որ ծառացած է: Առաջին լուսանկարում, օրինակ, Կիեւի աղբավայրերից է, իսկ երկրորդում՝ Մոսկվայի անօրինական աղբավայրը, որն այնքան է մեծացել, որ արդեն գլխավոր են կոչում: Սա բնավ չի նշանակում, որ այդ տեսարանները մեզ համար իբրեւ մխիթարանք պիտի ծառայեն: Պարզապես ի ցույց եմ դնում բոլոր նրանց, ովքեր իրենց բակից այն կողմ չեն գնացել, բայց ամեն առիթով հիշում են, որ «երգիրը երգիր չի» ու «երգըրների» օրինակներ են բերում: Երկրորդ լուսանկարը հատկապես վերաբերում է «մոսկվաներում գորձեր դրած-տակ տված ու մեզ մոտ հենց էրկու օր առաջ տաքսու տակ մտած»՝ մայրաքաղաքի փողոցները չիմացող ու տաքսուց աղբ թափող շոֆերներին: Խնդրում եմ վարորդներին՝ չվիրավորվել. շոֆերը հատուկ դասակարգ է:

Աստղինե Քարամյան

«Լուսանցք» թիվ 20 (453), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։