Ներքին կյանք.- Ու՞ր են ներկայից անհետանում նախկինները – Եվ ո՞րն է անհավերժի հավերժության գաղտնիքը… Մեր երկրում նորություն չէ, երբ երեկվա իշխանավորը վերածվում է հաջորդօրյա անհաշտ ընդդիմադիրի կամ տապալված նախկին իշխանությունը լուսապսակը գլխին առաջնորդում է նորօրյա ընդդիմադիր զանգվածներին – Կտրականապես մերժելի քաղաքական շրջապտույտ է…

Մեր երկրում նորություն չէ, երբ երեկվա իշխանավորը վերածվում է հաջորդօրյա անհաշտ ընդդիմադիրի կամ տապալված նախկին իշխանությունը լուսապսակը գլխին առաջնորդում է նորօրյա ընդդիմադիր զանգվածներին:

Ցավոք, մեր հասարակության համար սա այլեւս նորմալ երեւույթ է, ավելի նեղ հանրության համար՝ հավաքների ու ըմբոստության առիթ՝ ինչ-որ հույսի ակնկալիքով, ժողովրդի համար՝ անհաճո վիճակ, բայց ելքի փնտրտուքի տարբերակ, իսկ ազգային հատվածի համար՝ կտրականապես մերժելի քաղաքական շրջապտույտ, որից էլ՝ ինքնամփոփ մեկուսի աշխատանք…

Սովետական տարիներին, երբ մեծաթիվ հայրենադարձություն եղավ Մերձավոր Արեւելքից, հատկապես Սիրիայից, Լիբանանից, Իրաքից եւ Իրանից, կարծիքներ եղան, թե հայությունը կարող է համախմբվել նաեւ ոչ անկախ երկրում, ինչը թույլ կտա հայության տարբեր քաղաքակրթական արժեքները համադրել եւ հանգել ազգային միասնության… Բայց այդպես չեղավ, քանի որ Խորհրդային Միությունը հայրենադարձությամբ այլ խնդիր էր լուծում: Դա ազգային խնդիրների հետ ոչ մի կապ չուներ:

Եվ հայրենադարձված հայերը չկարողանալով զատվել իրենց երկրներում որդեգրած քաղաքակրթական արժեքներից, ինչպեսեւ չհարմարվելով տեղի արժեհամակարգին՝ սկսեցին տասնյակ հազարներով գաղթել այլ պետություններ, հիմնականում Միացյալ Նահանգներ ու արեւմտյան եվրոպական երկրներ:

Եվ մի կարգախոսի պես բան ծնվեց. «ախպարները չեն ծնվում՝ գալիս են, չեն մեռնում՝ գնում են»: Սա ախպարների ասած՝ տեղացիների կարգախոսն էր: Եվ ազգային միասնության նպատակը մտքներից թռցրած Խորհրդային Հայաստանի հայերն այլեւս դարձան տեղացիներ եւ ախպարներ:  

Սա շատ հետաքրքիր եւ վերլուծության ենթակա թեմա է, սակայն այս ամենը այստեղ մեջբերեցի միմիայն մեկ բանի համար, ինչու՞ են մեր նախկին իշխանավորները ընդդիմադիր ոլորտ մտնելուց հետո՝ անհետանում… Սա շատ նման է մեջբերված երեւույթին, «նախկին իշխանավորները չեն ծնվում՝ գալիս են ընդդիմադիր դաշտ, չեն մեռնում՝ գնում են այլ երկրներ»… Փաստորեն, մեր ժամանակներում տեղացիներից ախպարների վերածվելը մի քանի օրվա պատմություն է… Փաստորեն, երբ տեղացիներն ախպարների են վերածվում՝ նրանց քաղաքակրթական արժեհամակարգը այլեւս չի համընկնում տեղացիների արժեքային համակարգի հետ եւ…

Եվ էլի մեկ բացահայտում արվեց՝ նախկին իշխանավորներից սփյուռքահայ դառնալու համար ընդամենը պետք է մասնակցել որեւէ ընտրության, պարտադիր ընդդիմադիր լինել, այնուհետեւ հանդես գալ որպես քաղբանտարկյալ կամ քաղհալածյալ, ինչը թույլ կտա ներծծվել սփյուռքի մեջ: Եթե անգամ սփյուռքահայերը դա չանեն, կանեն՝ տվյալ երկրի համապատասխան մարմինները: Անգամ չի բացառվում քաղաքական ապաստանի խնդիր ծագի:

Ամենավառ օրինակը՝ նախկին իշխանության պարագայում, որ ամենաարմատական ընդդիմության համբավ ունի (իրենց ասելով), անփոփոխ մնում է նախկին ՀՀՇ-ական պարագլուխների եւ ներկայիս ՀԱԿ-ական ղեկավարների իրավասության տակ: Հասարակական ու հանրային վերոնշյալ հատվածները եւ մի քիչ էլ ժողովրդական մասից, նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների ժամանակ հավեսով վանկարկում են «Լեւ-ոն, նա-խա-գահ»: Սա հիմնականում այն զանգվածն է, որն ավելի քան 20 տարի առաջ սկսել էր բղավել՝ «Լեւ-ոն, հե-ռա-ցիր, Լեւ-ոն դա-վա-ճան»:

Իսկ ամենավառ օրինակը՝ նախկին իշխանավորների հարցում, որ հայտնվեց առաջատարի դիրքերում, խորհրդարանական ընտրություննեին մասնակցած «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինք»-ն է՝ ՕՐՕ-ն: Նույն այդ՝ հասարակական ու հանրային եւ մի քիչ էլ ժողովրդական մասից վերոնշյալ հատվածները հայրենիքի փրկությունը կապեցին այս դաշինքի հետ, որի պարգլուխները տակավին վերջերս օգտվում էին իշխանության պտուղներից ոչ պակաս, քան՝ ներկաները: Սեյրան Օհանյանը պաշտպանության նախարարն էր Սերժ Սարգսյանի օրոք, Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Վարդան Օսկանյանը ԱԳ նախարարներն էին հաջորդաբար Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի օրոք: Նշենք նաեւ, որ դատարանն Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի կալանքը երկարաձգելու որոշում է կայացրել, ով ձերբակալվել է Հայաստան զենք ներկրելու մեղադրանքով եւ եղել է ՕՐՕ-ի ստվերային կարգավորողը:

Բայց մի զանգված կա վերեւներում, որ կրակի մեջ չի այրվում, ջրում չի խեղդվում, օդից չի ընկնում եւ հողին չի զարնվում, այլ մնում է հենց մեջտեղում: Նրանք շա՜տ վաղուց հայտնի նախկիններն են, որ միշտ ներկա են գրվում: «Նրանք գալիս են ու մնում» կարգախոսի հետեւորդներն են. գալիս են ԽՍՀՄ ԽՄԿԿ պայծառ տարիներից՝ որպես համայնավար-կոմունիստներ: Անցել են ղարաբաղյան եւ անկախական շարժումներով՝ որպես պատրաստի գործիչներ, որ հետո համալրեցին ՀՀՇ-ի շարքերը: Ոմանք դարձան քաղաքական առաջամարտիկներ, համալրեցին անկախ Հայաստանի այս կամ այն կուսակցության շարքերը՝ դարձան կուսնախագահներ ու առաջնորդներ, բայց միշտ ՀՀՇ-ի կողքին: Հետո տարբեր նկարներ ձեռք բերեցին արցախյան պատերազմի այս ու այն դիրքերում կանգնած, եւ դարձան նվիրյալ երկրապահներ: Հետո եւ այսօր՝ ՀՀԿ-ականներ, վաղը՝ պարզ չէ:

Բայց «նրանք գալիս են ու մնում» կարգախոսը միայն քաղաքական չէ, այն ունի նաեւ հոգեւոր իմաստ, ինչպես վայել է քաղաքակիրթ մարդկանց, որ գտել են հավերժության գաղտնիքը: Նրանք անհավատ-աթեիստ կոմունիստներ էին, ապա դարձան հնազանդ քրիստոնյաներ, հետո նորաձեւությանը տուրք տալով դարձան նաեւ այս կամ այն աղանդի հետեւորդ կամ գաղտնի մասոնական կազմակերպության անդամ եւ սովետական անճաշակ հայացքը փոխարինեցին եվրո-ամերիկյան ժողովրդավարի ժպտադեմ կերպարով: Բայց դա նրանց մակարդակի գագաթնակետը չէր, նրանք դարձան ազգային գործիչներ ու համազգային առաջնորդներ: Այսօր աշխարհն արդեն ազգայնական որակներ է ցույց տալիս, եւ «նրանք, որ գալիս են ու մնում», պիտի մեծագույն ճիգերով իրենց ավելի քան 30 տարվա ինտերնացիոնալիզմը փոխարինեն նացիոնալիզմով…

Դառնալով ՕՐՕ-ին, որ հույս էր «սփռում» ընտրությունների ժամանակ, պիտի նշենք, որ անհետացավ քաղաքական դաշտից, չկարողացավ համախմբել «նրանք գալիս են ու մնում» կարգախոսի հետեւորդների շարքերը: Լուծարվել են, թե լուծվել մեկ այլ կառույցում, հայտնի չէ:

«Բան չունեմ ասելու»,- սա է եղել Վարդան Օսկանյանի վերջին խոսքը, ով անէացել է Միացյալ Նահանգների տարածքում: «Բան չունեմ ասելու»,- ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը եւ հետեւել Վարդան Օսկանյանին: «Բան չունեմ ասելու»,- ասել է Սեյրան Օհանյանը, բայց մի պահ սպասել է գաղափարակիցների ձայնին, որի բացակայությունը ստիպել է, որ նա էլ անէանա Ռուսաստանի Դաշնության տարածքում…

Հիմա՝ կամ ՕՐՕ-ն կհայտնվի ու կշարունակի իր քաղաքական գործունեությունը, որը կհամեմատենք հայրենադարձության հետ, ինչպես վերեւում, կամ էլ չի վերադառնա եւ կգնա լրացնելու սփյուռքահայության շարքերը, մինչեւ հաջորդ ընտրությունները, եթե իհարկե որեւէ երկիր այլեւս ապավինի նրանց փրկչության եւ հայրենադարձության ծրագրերին…

ՕՐՕ դաշինքի առաջնորդների  հոգեւոր բավարարմունքներն էլ կարծես տրվել են «Հոգեւոր Հայաստան» նախաձեռնությունից, որի գործունեությունը ողջունել են  ընտրությունների շեմին: Ի՞նչ առաքելություն ուներ «Հոգեւոր Հայաստան»-ը: Փաստորեն, ըստ «Ժառանգության» նախկին պատգամավոր Վարդան Խաչատրյանի, առանձին քաղաքական գործիչները չէին կարող իրենց նախաձեռնության քննադատության առարկան լինել, եւ «երեւույթներն էին լինելու գնահատման թիրախը»… Այս հոգեւոր ասված կառույցում էր նաեւ երգիչ-երաժիշտ Եղիշե Պետրոսյանը, ով հայությանը կոչ էր անում հրաժարվել բացասական արժեքներից ու առաջ շարժվել բարձր գաղափարներով։

…«Հոգեւոր Հայաստանը» չէր եկել միայն ասելու, որ մեր փրկությունը մեր հավաքականության մեջ է՝ այլ առաքելություն կար… «մեր միասնականությունը կարող է կայանալ միայն մեր ազգային ինքնության, հայկականության վրա եւ դրանից էլ կբխի մեր ազգային գաղափարախոսությունը»… Փաստորեն, այդ ամենը կրում էին ՕՐՕ-ի ղեկավարները, որ այդպես էլ չդրսեւորեցին ո՛չ իշխանության ներսում, ո՛չ էլ ընդդիմության……

Ինչեւէ, մենք կշարունակենք ապրել մեր երկրում, հայի միակ հայրենիքում, որ դեռ իր տարածքի մի չնչին մասին է տիրում՝ մերժելով հայաստանահայ, արցախահայ, ամերիկահայ, ռուսաստանահայ, եվրոպահայ եւ այլ նմանատիպ ձեւակերպումները, եւ հավատարիմ կմնանք ՀԱՅ էությանը, ինքնությանը եւ մարդաբանական տեսակին, կմնանք հավատարիմ նաեւ մեր Հայկական լեռնաշխարհ բնօրրանին՝ Հայք-Հայաստանին, առանց թուրքահայաստան, ադրբեջանահայաստան, վրացահայաստան կամ պարսկահայաստան ձեւակերպումների…

Կմնանք հավատարիմ մեր գերնպատակին՝ հողահավաքին ու ազգահավաքին, որի ազդակներն արդեն տարածվում են, որի իրագործման համար աշխարհի բոլոր անկյուններում գտնվող հայերը՝ անկախ քաղաքական ու կրոնական հայացքներից, սոցիալական ու իրավական կարգավիճակներից՝ պիտի ցանկանա՛ն, ձգտե՛ն ու հասնե՛ն հայոց տեսլականի համազգայնացմանը եւ հաղթանակին:

Նարե Մշեցյան

Ոչ ազգային, ոչ էլ բարոյական չէ

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հայտարարել էր, որ շատ վատ է վերաբերում իր վաղեմի ընկեր, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի քաղաքական գործունեությանը։

Փաստորեն, ՀՀ 3-րդ եւ գործող նախագահ Սերժ Սարգսյանի օրոք պաշտպանության նախարար աշխատած Սեյրան Օհանյանն ավելի անհաջող մտավ քաղաքական դաշտ, այն էլ ընդդիմադիր ոլորտ, քան իր արդեն իսկ քաղաքական գործընկերներ, ՀՀ 1-ին եւ 2-րդ նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի օրոք արտգործնախարարներ աշխատած Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Վարդան Օսկանյանը:

Դառնալով ոստիկանապետի կարծիքին՝ նշենք, որ այն հարցին, թե մասնավորապես իր վաղեմի ընկերոջ ինչի՞ն է վատ վերաբերում՝ իշխանության դեմ դուրս գալո՞ւն, հնչել է այս պատասխանը. «Ես չեմ կարծում, որ իշխանության դեմ դուրս եկավ, դուրս եկավ քարոզարշավի, որի ժամանակ թույլ են տրվում սխալներ»։ Ըստ ներկա ոստիկանապետի՝ նախկին նախարարի թույլ տված կարեւոր սխալը «Սանսա ծռեր» հեղաշրջման ելած խմբին հերոսացնելն է։

«Սխալը «Սասնա ծռեր»-ին հերոսներ անվանելն էր, սպան իրավունք չունի սպային սպանողի մասին այդպիսի արտահայտություն անել»,- ասել է ոստիկանապետը՝ հրաժարվելով պատասխանել նախկին նախարարի քաղաքական գործունեության մասին այլ հարցերի։ Նշենք, որ Սեյրան Օհանյանն իր պաշտոնին էր, երբ «Սասնա ծռեր»-ը զինված գրավեցին ոստիկանության ՊՊԾ գունդը։ Պաշտպանության նախարարն այդ ժամանակ որեւէ գնահատական չհնչեցրեց նրանց մասին եւ միայն պաշտոնից ազատվելուց հետո, երբ գլխավորեց Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան խորհրդարանական նախընտրական դաշինքը, լծվեց անազատության մեջ գտնվող «Սասնա ծռեր»-ի պաշտպանությանը։

Առանց մեկնաբանության նշենք, որ քարոզարշավի ընթացքում քայլերթի ժամանակ Սեյրան Օհանյանը երթի մասնակիցների եւ կողքին ընթացող իր կնոջ հետ ծափարահում եւ «Սասնա ծռեր» էր գոչում, պահանջելով ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին…

Իսկ հիմա չե՞ն պահանջում…

* * *

Հիշեցնենք, որ նախկին վարչապետ եւ կարկառուն ՀՀԿ-ական Հովիկ Աբրահամյանը թե պաշտոնից, եւ ՀՀԿ-ից դուրս գալուց հետո, հայտարարել էր, թե չի հանձնվելու: Այսինքն՝ նա իրականում ոչ թե հեռացել էր, այլ՝ ազատվել էր աշխատանքից եւ ՀՀԿ-ում ունեցած դիրքրց, ինչն էլ «չհանձնվելու» առիթ էր տվել:

Հովիկ Աբրահամյանը համարվել է Հայաստանում հաստատված ընտրական կամ վերարտադրության համակարգի հենասյուներից մեկը, որի վրա է գործնականում երկար տարիներ եղել է համակարգի ընտրական վերարտադրության բեռն ու պատասխանատվությունը: Եվ այստեղից է՝ գալիս «չհանձնվելու», «չգնահատվելու» եզրակացությունը:

Նախկին վարչապետը փորձեց «Ծառուկյան» դաշինքի հետ այլ տիպի խնամիական կապեր հաստատել, ինչը կտրուկ մերժվեց Գագիկ Ծառուկյանի կողմից: Նա հազիվ իր փեսային եւ խնամու որդուն՝ Արգամ Աբրահամյանին էր փրկել եւ դարձնում էր պատգամավոր… ՕՐՕ դաշինքը չցանկացավ եւս մեկ նախկինի համար տեղ ապահովել ու այստեղ էլ կապը կտրվեց: Իսկ նախկին վարչապետն ասում էր՝ դե սպասե՛ք եւ կտեսնե՛ք թե ինչ կլինի ապրիլի 3-ից հետո… Չաշխատեց նաեւ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ խաղի մեջ մտնելու տարբերակը: Եվ հիմա ասում են Հովիկ Աբրահամյանը քաղաքականության մեջ մնալու մի քանի տարբերակ է մտածել… Բայց ի՞նչ:

«Լուսանցք» թիվ 20 (453), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։