Եվրոպան չի կասեցնում ինքնափոխման ընթացքը – Չնայած Ֆրանսիայի նախագահի ընտրություններում հաղթեց ոչ ազգայնական թեկնածուն, բայց դա չի կասեցրել Եվրոպայի ազգայնացման գործընթացը… Չի բացառվում, որ Եվրոպան մի միավորումով չբավարարվի՝ Մեծ Բրիտանիան մնում է անգլո-ամերիկյան տարածք…

Չնայած Ֆրանսիայի նախագահի ընտրություններում հաղթեց Էմանուել Մակրոնը, բայց դա չի կասեցրել Եվրոպայի ազգայնացման գործընթացը: Այն չի կարող կանգ առնել, քանի որ եվրոպական պետությունների ինքնիշխանության ճգնաժամը խորանում է դեռ այսօրվա Եվրամիության վերպետական օրենքներից, ինչը շարունակում է թուլացնել Ֆրանսիայի եւ Գերմանիայի նման պետությունների դիրքերն աշխարհում: Այս երկրներն էլ հենց Եվրամիության փոփոխման կողմնակիցն են եւ «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին Լը Պենը շարունակելու է իր նախաձեռնություններն այդ ուղղությամբ:

Պետությունների անկախության սահմանափակումներին ավելացել է նաեւ Եվրոպայի իսլամացման վտանգը, ինչի մասին «Լուսանցք»-ը գրել էր նախորդ թողարկման մեջ, ինչն ավելի լուրջ վտանգ է դառնում հետզհետե, քան պետությունների անկախ կարգավիճակի պահպանման հարցն է:

Իզուր չէ, որ Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնն իր առաջին պաշտոնական այցով Գերմանիա մեկնեց եւ այդ երկրի կանցլեր Անգելա Մերկելի հետ հավաստիացրեցին, որ շարունակելու են Եվրոպայի թարմացման գործընթացները եւ վճռական են տրամադրված:

Ֆրանսիան եւ Գերմանիան նաեւ համակարծիք են իսլամացման դեմ պայքարը Եվրոպայում հզորացնելու, ինչպես նաեւ Թուրքիայի՝ հակաեվրոպական տրամադրվածությունները եւ ծավալապաշտական նկրտումները զսպելու առումով:  

Մարին Լը Պենը վերջերս հրաժարվել Էր գլուխը ծածկել Լիբանանի գերագույն մուֆթիի հետ հանդիպելու համար. «Դուք կարող եք իմ հարգանքը փոխանցել գերագույն մուֆթիին, բայց ես երբեք չեմ ծածկի գլուխս»,- խնդրել էր փոխանցել իր խոսքը…

Նախագահական ընտրությունների ժամանակ Մարին Լը Պենը եղավ նաեւ Ռուսաստանում, հանդիպեց այդ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինին եւ հայտարարեց, որ պայքարելու է Ռուսաստանի դեմ Արեւմուտքի պատժամիջոցները չեղարկելու համար: Այս մասին նա առավել մանրամասն խոսեց Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդի հետ ունեցած հանդիպման ժամանակ։

Եվրոպական երկրները փորձում են համագործակցության եզրեր գտնել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Իրանի հետ: Հեռանկարում բանակցություններ են ակնկալվում նաեւ Չինաստանի հետ:

Հետաքրքիր է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նախընտրական ժամանակահատվածում եւս նման մոտեցումներ ուներ, սակայն, ընտրվելուց հետո կտրուկ փոփոխությունների է ենթարկել իր տեսակետը: Հատկապես Ռուսաստանի ուղղությամբ: Նա ՆԱՏՕ-ական զորամիավորումներ է նախատեսում տեղակայել Արեւելյան Եվրոպայի ու Ռուսաստանի միջեւ եղած սահմանային հատվածներում…

«Ազգային ճակատ» կուսակցության նախագահ Մարին Լը Պենը վերջերս ընդգծեց, որ Ֆրանսիան պետք է դուրս գա ոչ միայն Եվրոպական Միությունից, այլեւ՝ ՆԱՏՕ-ի դաշինքից: «ՆԱՏՕ-ն ստեղծվել է այն ժամանակ, երբ գոյություն ուներ Վարշավյան համաձայնագրի սպառնալիք եւ Սովետական Միության կոմունիստական ծավալապաշտություն: ԽՍՀՄ այլեւս գոյություն չունի, ինչպես նաեւ գոյություն չունի Վարշավյան համաձայնագիրը: Վաշինգտոնը պաշտպանում է ՆԱՏՕ-ի գոյությունը՝ Եվրոպայում իր նպատակները իրագործելու համար»,- հայտարարել է ազգայնական այս քաղաքական գործիչը:

Ինչ վերաբերում է Եվրոպական Միությունից դուրս գալուն, ապա Լը Պենը նաեւ նշել է, որ երբ Ֆրանսիան դուրս գա ԵՄ անդամությունից ու եվրոզոնայից, ապա այդ նույնը պետք է անեն նաեւ Պորտուգալիան, Իտալիան, Իսպանիան, Իռլանդիան, Հունաստանը եւ Կիպրոսը: «Իդեալական կլիներ, որ այս բոլոր երկրները դուրս գային ԵՄ-ից Ֆրանսիայի հետ միասին, նույն օրը: Ես փորձելու եմ համոզել նրանց,- հայտարարել է նա՝ հավելելով,- մարդիկ պետք է ունենան հնարավորություն քվեարկել Բրյուսելում տեխնոկրատների շանտաժից ու ստրկությունից ազատվելու համար ու վերադարձնել երկրի ինքնուրույնությունը: Անգլիացիները հասկացան դա ու քվեարկեցին ԵՄ-ից դուրս գալու օգտին»:

Ոչ նույն ոճով, սակայն նույն տրամաբանությամբ է գործում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ով իր դիրքերն ամրապնդեց Գերմանիայում անցկացված ՏԻՄ ընտրություններից հետո: Նրան հաջողվեց Գերմանիային հանել ստվերից ու դարձնել կրկին առաջատար եվրոպական երկիր, որին կհետեւեն նաեւ մյուս երկրները: Նա կարողացավ հանել այն վախը, որը մնացել էր իր երկրի նկատմամբ նացիստական Գերմանիայի ժամանակներից:

Իր կերպարով եւս նա տարբերվում է, գերմանական ու առհասարակ միջազգային լրատվամիջոցները պարբերաբար անդրադառնում են կանցլեր Անգելա Մերկելի համեստ կենցաղավարությանը եւ համաեվրոպական մտածողությանը: Անգելա Մերկելը ապրում է սովորական մի բնակարանում եւ շրջում է համեստ, ոչ այնքան շքեղ ծառայողական մեքենայով: – Նրա աշխատավարձը բավարարում է նման պայմաններում ապրելուն՝ այն տարեկան շուրջ 290 000 եվրո է կազմում:

Ինչեւէ, այս ամենը որպես սոցիալական արդարության թեմա, սկսել է արծարծվել նաեւ այլ եվրոպական երկրներում, ինչը նաեւ ազգայնականության անցնելու թեմաների շարքում է դիտարկվում:

Տարբեր են նաեւ եվրոպական երկրների եւ ԱՄՆ-ի դիրքորոշումները՝ Ղրիմը ռուսական տարածք ճանաչելու հարցում, առաջինները հարմարվողական են այդ ուղղությամբ, իսկ Վաշինգտոնը ճանաչում է ուկրաինական տեսակետը:

Ամերիկյան դիրքորոշումների փոփոխություն է նկատվում նաեւ ԻՊ-ի դեմ միասնական ճակատով հանդես գալու եւ Իրանի հետ համագործակցությունը վերականգնելու առումներով: Թուրքիայի հարցով էլ Վաշինգտոնը որոշակի մեղմացրել է ճնշումները՝ ի տարբերություն եվրոպական կողմի:

Հետաքրքիր է նաեւ, որ Ռուսաստանը, ինչպես եվրոպական համագործակցությունը, բարելավում է հարաբերություններն Իրանի հետ, բայց միաժամանակ նույն խնդիրն է դնում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում՝ նույնպես տարբերվելով եվրոպական մոտեցումներից:

Ռուսաստանի եւ Իրանի միջեւ ապրանքաշրջանառության ծավալներն ընթացիկ տարվա հունվարին արդեն ավելացել էին 2 անգամ՝ կազմելով 155 մլն դոլար: «2017-ի սկզբներին ռուս-իրանական առեւտրաշրջանառության ծավալը նախորդ տարվա հունվարի համեմատ ավելացել է 98%-ով եւ կազմել՝ 155,1 մլն դոլար: Ռուսաստանից արտահանումն ավելացել է 2,7 անգամ՝ կազմելով 117,7 դոլար, իսկ Իրանից ներմուծումը՝ 6,3%-ով՝ հասնելով 37,3 մլն դոլարի»,- հայտնել էր ՌԴ Էկոնոմիկայի ու զարգացման նախարարությունը:

Ազգայնական եվրոպայի կողմնակիցները համոզված են, որ Ռուսաստանի հետ պետք է միավորեն ջանքերը ահաբեկչության դեմ պայքարում, ինչը մերժում է Միացյալ Նահանգները: Բայց Մարին Լը Պենը վստահ է, որ եվրոպական կողմը Միացյալ Նահանգներում Դոնալդ Թրամփի եւ Ռուսաստանում Վլադիմիր Պուտինի նախագահության օրոք դրականորեն կփոխի միջազգային օրակարգը: Չնայած այստեղ վերապահումներ պիտի անենք՝ ասելով, որ Մեծ Բրիտանիայի՝ Եվրամիությունից դուրս գալու նպատակները բոլորովին այլ են եւ այս երկիրը իր քայլերը չի համադրում ֆրանսիական կամ գերմանական ուղղությունների հետ, ինչը ենթադրել է տալիս, որ անգլո-ամերիկյան քաղաքականության առանցքը կարծես թե փորձում է մնալ նույնը: Սա, իհարկե կհակադրվի ազգայնական Եվրոպայի ձգտող երկրների նպատակներին, ինչը կանդրադառնա նաեւ Մերձավոր Արեւելքում ընթացող աշխարհի վերաձեւման գործընթացների վրա:

Դառնալով Եվրամիության ապագային, նշենք, որ չի բացառվում, որ միասնական Եվրոպական մի միավորում ի հայտ գա, առնվազն կարող են լինել երկուսը, որի մի նախաձեռնողը կարող է հենց Մեծ Բրիտանիան լինել, որին էլ կմիանա Թուրքիան, ինչպեսեւ՝ ամերիկամետ եվրոպական ուժերը:

Ֆրանսիական եւ եվրոպական ազգայնականների առաջատար քաղաքական ուժի ղեկավար Մարին Լը Պենը հայտարարել է, որ ԵՄ-ն կանհետանա աշխարհի քաղաքական քարտեզից. «Եվրամիությունը կմահանա, քանի որ այն մարդկանց այլեւս պետք չէ։ Ամբարտավան գերիշխանությունները դատապարտված են անհետանալու երկրի երեսից… Եկել է գլոբալիստներին ջախջախելու ժամանակը»։

Արտակ Հայոցյան

«Լուսանցք» թիվ 20 (453), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։