Միջարաբական սրացումներ, որում կներքաշվեն Իրանն ու Թուրքիան – Քաթարը ահաբեկչական խմբավորումներին է աջակցում, իսկ Հայաստանը այդ երկրի քաղաքացիների համար հանում է մուտքի վիզայի արգելքը… Զարմանալի զուգադիպությամբ, միջարաբական հակասությունների համապատկերում, այս օրերս իսլամական ահաբեկիչները կրակ են բացել Իրանի խորհրդարանում…

…Իսկ գուցե ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ Սաուդյան Արաբիա եւ իսրայել այցից հետո՝ Իսրայե՞լն է կրկին սրում վիճակը (հասկանալի է՝ խոսքը աշխարհի գաղտնի կառավարության մասին է) արաբական աշխարհում, որպեսզի անցնի աշխարհի վերաբաժանման հաջորդ փուլին: Իսկ դրա համար պիտի ներքաշվեն նաեւ տարածաշրջանի ազդեցիկ երկրները, որ նաեւ կարող են մասնատվել՝ Իրանը, Թուրքիան, Եգիպտոսը  եւ Սաուդյան Արաբիան: Ի վերջո ԱՄՆ-ի նախագահը հենց տարածաշրջան այցի ընթացքում կրկին սպառնաց, թե Իրանը չի կարող ատոմային զենք ունենալ…

* * *

Իրանի ԱԳՆ-ն եւս մտահոգություն է հայտնել Պարսից ծոցում ստեղծված իրավիճակի առնչությամբ: Մինչ այդ, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Արաբական Միացյալ Էմիրություններն ու Բահրեյնը հայտարարել էին, որ Քաթարի հետ խզում են դիվանագիտական կապերը: Այս փոքրիկ երկիրը մեղադրվում է ահաբեկչական կազմակերպություններին աջակցելու մեջ:

Իրանի արտաքին գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին, անդրադառնալով վերոշյալ իրադարձությանը, մասնավորապես ասել է. «Իրանն իր մտահոգությունն է հայտնում Պարսից ծոցում՝ իր հարավային հարեւանների հարաբերություններում տեղի ունեցող զարգացումների առնչությամբ: Թեհրանը հույս է հայտնում, որ հարեւան երեք երկրների միջեւ առկա տարաձայնությունները քաղաքական երկխոսության ճանապարհով խաղաղ հանգուցալուծում կստանան: Անկայուն տարածաշրջանում իրավիճակի սրումը չի բխում ոչ մի երկրի շահերից»: Հավելենք, որ Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավարի՝ քաղաքական հարցերով տեղակալ Համիդ Աբութալեբին «Թվիթերի» իր էջում անդրադառնալով Քաթարի շուրջ ընթացող զարգացումներին, մասնավորապես գրել է. «Դաշինքներ կազմելու, մեծ եղբայր հանդիսանալու ժամանակներն անցել են: Քաղաքական գերակայություն հաստատելու ձգտումը, օկուպացիան, հարձակումը բացի անկայունությունից՝ ուրիշ արդյունքի չեն կարող հանգեցնել: Պատժամիջոցներ սահմանելու ժամանակները եւս անցել են. դիվանագիտական հարաբերությունների խզումը, սահմանների փակումը հարցի լուծում չէ: Դաշինքի փլուզումը Սաուդյան Արաբիայում սուսերով պարի առաջին արդյունքն է»:  

Հաշվի առնելով այն փաստը, որ Քաթարը ահաբեկչական խմբավորումներին է աջակցում, իսկ Հայաստանը այդ երկրի քաղաքացիների համար հանում է մուտքի վիզայի արգելքը, «Արմենպրես»-ին տված հարցազրույցում արաբագետ Արմեն Պետրոսյանը ի պատասխան այն հարցի, թե արդյո՞ք սպառնալիք կա մեր երկրի համար, հավաստել է, որ սպառնալիք չկա: «Հայաստանը հանում է բուն քաղաքացիների մուտքի արգելքը: Եվ ես այստեղից մեր երկրի համար ահաբեկչական սպառնալիք չեմ տեսնում: Երբ Քաթարին մեղադրում են ահաբեկչական խմբավորումներին աջակցելու մեջ, նկատի չունեն քաղաքացիների ներգրավվածությունը այդ գործընթացներում, այլ պետության աջակցությունը՝ ծայրահեղական կառույցներին: Այնպես որ, այստեղ Հայաստանը որեւէ կերպ թիրախավորված չէ»,- ասել է Արմեն Պետրոսյանը:

Մի շարք արաբագետներ էլ նշել են, որ եթե Քաթարի խնդիրը ձգձգվի, հակամարտությունը խորանա, ապա այն իր բնականոն կյանքը ապահովելու համար ստիպված պետք է ունեցած եզակի ճանապարհով լավացնի հարաբերություններն Իրանի հետ: Այս դեպքում՝ Քաթար-Իրան տնտեսական համագործակցության շրջանակում Հայաստանը նույնպես կարող է դերակատարում ունենալ:

«Ամենայն հավանականությամբ Քաթարի շուրջ ծավալվող լարվածությունը շուտով հանգուցալուծում կստանա, այն երկար չի ձգձգվի»,- նշել է մեկ այլ արաբագետ՝ Սարգիս Գրիգորյանը՝ հավելելով, որ «Քաթարն ունի հակադարձելու լուրջ ռեսուրսներ: Սա այն պետությունը չէ, որ սպասի տեսնի, թե ինչ գործողություններ են տեղի ունենալու: Այնպես, որ լարվածությունը կշարունակվի, սակայն երկար չի տեւի»:

Շատերն են նշում, որ այս հարցում Սաուդյան Արաբիայի ազդեցությունը կա: Այն, ի դեմս Քաթարի, տեսնում է մրցակցի, ով ստվերում է Սաուդյան Արաբիայի քաղաքական հավակնությունները, իսկ Քաթարն այդ հնարավորությունն ունի: Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի հաշվով Քաթարն ամենահարուստ երկիրն է, աշխարհում 3-րդ տեղն է զբաղեցնում բնական գազի պաշարներով, դրանից բացի, այն տեղեկատվական լուրջ հնարավորություններ ունի: «Ալ-Ջազիրա»-ն ամեն օր տանում է քաթարամետ գիծը Սաուդյան Արաբիրայում երկրի իշխանությունների որոշմամբ փակվել է քաթարական «Ալ-Ջազիրա»

հեռուստաալիքի ներկայացուցչությունը: Հստակեցվում է, որ Էր Ռիյադի այդ քայլը հիմնավորվում է Քաթարի՝ ահաբեկչական կազմակերպությունների հետ հնարավոր կապով: Ավելի վաղ հաղորդել էին, որ արաբական խոշոր պետությունները հայտարարել էին Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին, քանզի այդ երկիրը մեղադրվում է ահաբեկչական կազմակերպություններին աջակցելու մեջ:

Եգիպտոսն էլ 48 ժամ էր տվել Քաթարի դեսպանին երկիրը լքելու համար. այս մասին հաղորդել է «Ալ Արաբիա»-ն: Կահիրեն նաեւ հայտարարել է, որ փակելու է իր օդային տարածքն ու նավահանգիստները Քաթարի համար:

Փաստորեն, Քաթարին մեղադրում են «Մուսուլման եղբայրներ» ահաբեկչական կազմակերպությանն աջակցելու համար:

Զարմանալի զուգադիպությամբ, միջարաբական հակասությունների համապատկերում, հատկապես Սաուդյան Արաբիային ոչ ձեռնտու պետության՝ Քաթարի դեմ նախաձեռնված, օրերս անհայտ անձինք կրակ են բացել Իրանի խորհրդարանում:

«ԻՍՆԱ»-ի փոխանցմամբ՝ պատգամավորներից մեկը տեղեկացրել է, որ Մեջլիսի անվտանգության աշխատակիցներից մեկ հոգի զոհվել է, կան վիրավորներ:

Իսկ Իրանի եւ Սաուդյան Արաբիայի փոխադարձ թշնամանքը վաղուց հայտնի է բոլորին, որը կրոնական գործոնի միջոցով Արաբական թերակղզու երկրների, այնտեղ առկա նավթի ու գազի հսկայական պաշարների վրա ռազմա-տնտեսական եւ ապա քաղաքական ազդեցություն ունենալն է:

Երեկոյան Թեհրանում ավարտվեց Իրանի խորհրդարանի շենքում ահաբեկիչների ոչնչացման գործողությունը: Խորհրդարանի եւ Իմամ Խոմեյնիի դամբարանի վրա հարձակումների հետեւանքով 12 մարդ է զոհվել, 42 վիրավոր կա: Խորհրդարան ներխուժած 4 ահաբեկիչներից մեկը շենքի 4-րդ հարկում պայթեցրել է իրեն, մնացյալին սպանվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի աշխատակիցները:

Պաշտոնական տվյալներով՝ Իմամ Խոմեյնիի դամբարանի տարածքում հարձակումն իրականացրել են 2 զինյալներ: Նրանք զինված են եղել հրազենով, նաեւ մահապարտի գոտիներ են կրել: Փոխհրաձգության ընթացքում կին ահաբեկիչը պայթեցրել է մահապարտի գոտին, 2-րդը փորձել է փախուստի դիմել, բայց ոստիկանները կարողացել են չեզոքացնել նրան ու խանգարել են պայթեցնել ռումբը: Կա նաեւ ոչ պաշտոնական աղբյուրների հաղորդագրություն, որ հարձակվողները 3-ն են եղել, որոնցից մեկը թույն է ընդունել՝ ձերբակալվելուց խուսափելու համար:

«Իսլամական պետությունը» ահաբեկչական խմբավորումը՝ ԴԱԻՇ-ը ստանձնել է ահաբեկչությունների պատասխանատվությունն ու Իրանի խորհրդարանի վրա հարձակման տեսանյութ հրապարակել:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի աշխատակիցները հայտարարել են, որ անպայման վրեժ են լուծելու:

Իրանի ՆԳ փոխնախարարի հաղորդմամբ՝ ահաբեկիչները Մեջլիսի շենք են մուտք գործել կնոջ հագուստով՝ քաղաքացիների համար նախատեսված մուտքով:

Նշենք, որ երկրի հետախուզության եւ ազգային անվտանգության նախարարությունը հայտարարել է, որ Թեհրանում նախատեսվում էր 3 ահաբեկչական հարձակում անել, որոնցից մեկը տապալվել է, իսկ դրա հեղինակները ձերբակալվել են մինչ հարձակման իրականացումը:

Իրանում բարձր պատրաստվածության ռեժիմ՝ արտակարգ դրություն է հայտարարված՝ տեղի ունեցած ահաբեկչական գործողություններից հետո։

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է, որ Հայաստանը խստորեն դատապարտում է Իրանում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումները: «Մենք մեր համերաշխությունն ենք հայտնում Իրանի ժողովրդին»,- նշել է նախարարը:

Մեր Ազգային ժողովը հերթական ընդմիջումից հետո նիստը սկսեց մեկ րոպե լռությամբ՝ համերաշխություն հայտնելով Իրանի  բարեկամ ժողովրդին: Նիստի մեկնարկին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ցավով է նշել, որ Իրանի խորհրդարանում եւ Իմամ Խոմեյնիի դամբարանի մոտ ահաբեկչություններ են տեղի ունեցել, որոնց հետեւանքով կան զոհեր, տուժածներ: Նա Հայաստանի խորհրդարանի պատգամավորների անունից համերաշխություն է հայտնել Իրանի բարեկամ ժողովրդին՝ ընդգծելով, որ ԱԺ բոլոր պատգամավորները դատապարտում են բարեկամ երկրում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները: «Մենք Իրանի ժողովրդի հետ ենք»,- ընդգծել է ԱԺ փոխնախագահը:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիին, իսկ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահ Հասան Ռոհանիին: «Խստորեն դատապարտելով ահաբեկչության եւ ծայրահեղականության ցանկացած դրսեւորում՝ համոզված ենք, որ անհրաժեշտ է միասնականորեն պայքարել միջազգային այդ արհավիրքի դեմ,- ասել է ՀՀ նախագահը, ապա հավելել,- կարեւորելով մեր հարեւան ու բարեկամ երկրում անվտանգությունն ու կայունությունը՝ վստահ եմ, որ Իրանի իշխանությունները ձեռնարկում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները նման գործողություններն իսպառ կանխարգելելու ուղղությամբ։ Այս դժվարին պահին խորին ցավակցություն եւ զորակցություն եմ հայտնում Ձերդ Գերազանցությանը, Իրանի բարեկամ ժողովրդին եւ զոհվածների հարազատներին, իսկ վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում»,-ասված է Նախագահի ցավակցական հեռագրում:

Իրանահայ լրագրող Ռուբիկ Մինասյանը հետեւելով Իրանում  տեղի ունեցած ահաբեկչության շուրջ զարգացումներին՝ նշել է, որ «մտահոգիչ է՝ ծայրահեղականները հասնում են Հայաստանի սահմաններին… Թեհրանը շատ ապահով էր թվում մինչեւ այս դեպքերը, բայց փաստը ցույց է տալիս, որ «Իսլամական պետության» ահաբեկիչները հասել են Թեհրան եւ այդ առումով էլ Հայաստանի համար մտահոգվելու տեղիք կա: Կարելի է ասել նաեւ այսպես՝ ծայրահեղական զինյալները մոտ են, Հայաստանի սահմաններին»:

Իրանագետ Վարդան Ոսկանյանն էլ նման տեսակետ հայտնեց. «Անկախ հարեւան Իրանում իրականացված ահաբեկչությունից՝ Հայաստանը սահմանակից է Մերձավոր Արեւելքին եւ սերտ հարաբերություններ ունի այդ տարածաշրջանի մի շարք երկրների հետ, որտեղ ահաբեկչություներ են իրականացվում կամ ահաբեկչությունների վտանգ կա։ Ճիշտ է, հայ հասարակության մեջ լրացուցիչ խուճապային տրամադրություն տարածելը տեղին չէ, բայց մենք պետք է բավական զգոն լինենք եւ ուշադրությամբ հետեւենք տարածաշրջանային զարգացումներին ու միջոցներ ձեռք առնենք մեր երկրի անվտանգությունը պատշաճ մակարդակի վրա պահելու համար»:

Չնայած այս ահաբեկչությանը, ըատ իրանագետի, այս երկիրը մնում է Մերձավոր Արեւելքի ամենանվտանգ երկիրը կամ ամենաանվտանգ երկրներից մեկը։ Առհասարակ, ահաբեկչություններից ապահովագրված չեն նունիսկ աշխարհի գերտերությունները, այդ թվում՝ ԱՄՆ-ն։ Իրանն ունի պետականության բազմադարյա ավանդույթ եւ հստակորեն կարողանում են կառավարել նույնիսկ ավելի բարդ ճգնաժամային իրավիճակներ, քան այս մեկն է։ «Հետեւաբար լրացուցիչ անհանգստությունների կարիք ամենեւին չկա»,- նկատել տվեց իրանագետը։

Նա շեշտեց՝ Հայաստանի արտաքին անվտանգային համակարգում բարեկամ Իրանը որոշակի դերակատարություն ունի եւ միանշանակ է, որ որքան պաշտպանված է  ծայրեհեղական ուժերի հարձակումներից, այնքան պաշտպանված է նաեւ Հայաստանը։ «Ծայրահեղական ուժերի դեմ Իրանի պայքարը որոշակիորեն ապահովում է նաեւ մեր երկրի անվտանգությունը։ Մյուս կողմից, հայկական կողմը, հարավային հատվածում զսպելով ադրբեջանական կողմին, ըստ էության ապահովում է Իրանի հյուսիսային հատվածի անվտանգությունը զանազան նկրտումներց։ Հետեւաբար, Հայաստանի ու Իրանի քաղաքականություննրն ինչ-որ առումով  փոխլրացնում են միմյանց՝ ավելի բարձրացնելու երկու կողմերի անվտանգության մակարդակը»,- ամփոփել է Վարդան Ոսկանյանը:

Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն անակնկալ այցով՝ հունիսի 7-ի երեկոյան մեկնեց Թուրքիա: Նա հանդիպել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուի հետ: Կողմերը քննարկել են տարածաշրջանային հարցեր ու մասնավորապես Քաթարի շուրջ ընթացող զարգացումները, որ հանգեցրին ահաբեկչական գործողությունների Իրանում:

Չի կարելի բացառել նաեւ, որ Թեհրանը կարող է որոշակի մեղադրանքներ ներկայացնել Անկարային՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը աջակցելու հարցում, ինչպեսեւ՝ միջկրոնական սադրանքների համար, Անկարան մասնակցում է սուննի-շիա հակամարտության սրացմանը, հատկապես Ադրբեջանում իրանամետ շիաների հարցում: Ի վերջո, Քաթարի «ահաբեկչական» պատմությունը ջրի երես հանվեց հենց միայն այն պատճառով, որ այս երկիրը լինելով սուննի հավատի հետեւորդ, հրաժարվեց մաս կազմել հակաիրանական (հակաշիայական) ճակատին, որն աշխուժացել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Սաուդյան Արաբիա եւ Իսրայել այցերից հետո:

Վերջերս նաեւ Եվրոպայում էին հնչում պայթյուններ ու կրակոցներ: Լոնդոնում հունիսի 3-ի երեկոյան  կրկին հարձակումներ են եղել 3 տարբեր վայրերում։ Անհայտ անձը Բորոու շուկայի տարածքում դանակով հարձակվել է այցելուների վրա։ Իսկ միկրոավտոբուսը կամրջի վրա քշել է բազմության մեջ, որից հետո մեքենայից դուրս են եկել 3 անձինք եւ դանակներով հարձակվել մարդկանց վրա։ Վրաերթի հետեւանքով տուժել է 5 մարդ։ Ականատեսների վկայությամբ, տասնյակից ավելի անձինք տուժել են դանակավորների հարձակումից։ Նախնական տվյալների ի հայտ գալուց հետո պարզվեց, որ 7 զոհ կա, իսկ 48 մարդ տեղափոխվել է հիվանդանոց:

Իսկ Ռուսաստանում, Սանկտ Պետերբուրգի մետրոյում ապրիլի 3-ին ահաբեկչություն կազմակերպած անձանցից մեկը՝ Աբրոր Ազիմովը ձերբակալվել է Մերձմոսկովյան շրջանում: 27-ամյա Ազիմովը ծագումով Կենտրոնական Ասիայից է՝ թյուրքալեզու երկրից՝ Ղրղզստանից: Սանկտ Պետերբուրգի մետրոյում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով 14 մարդ էր զոհվել, նաեւ ահաբեկիչը, ով գործարկել է պայթուցիկը: Հիվանդանոցներում բուժում էին ստանում ավելի քան 38 տուժած:

Վերջերս մի այլ տեսակի ահաբեկչության ականատես եղանք, Շվեդիայում՝ ազգայնամոլների սպառնալիքների պատճառով փակվել է հրեական կենտրոնը: Հիշեցնենք, որ հակահրեական դրսեւորումներ եղան տարիներ առաջ նաեւ Նորվեգիայում եւ Գերմանիայում:

Գուցե Իսրայե՞լն է կրկին սրում վիճակը (հասկանալի է՝ խոսքը աշխարհի գաղտնի կառավարության մասին է) արաբական աշխարհում, որպեսզի անցնի աշխարհի վերաբաժանման հաջորդ փուլին: Իսկ դրա համար պիտի ներքաշվեն նաեւ տարածաշրջանի ազդեցիկ երկրները, որ նաեւ կարող են մասնատվել՝ Իրանը, Թուրքիան, Եգիպտոսը  եւ Սաուդյան Արաբիան:

Հայկ Թորգոմյան

«Լուսանցք» թիվ 22 (455), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։