Էռնեկյանի կադրերը փչացնում են նրա գործերը

Գեղցիներից չպրծանք, էլի՛…

Տարօրինակ զուգադիպությամբ մեր գործարարները միշտ այնպես են անում, որ իրենց արած ամենալավ գործն անգամ ջուրն են գցում: Խոսքս սփյուռքահայ գործարարներից մեկի ու ոչ միայն Հայաստանում հայտնի Էդուարդո Էռնեկյանի մասին է: Ավելի ստույգ՝ ոչ թե նրա, այլ՝ նրա կադրերի: «Մեր գործարար» եմ ասում, որովհետեւ ազգությամբ հայ է ու այստեղ որոշ ներդրումներ է արել: Բայց արի ու տես, որ լրագրողներս միշտ զայրացած ենք հեռանում գրեթե յուրաքանչյուր այն այցից, որ ձեռնարկվում է Էռնեկյանի այս կամ այն գործին ծանոթանալու նպատակով:

Հերթական այցը Արմավիրի մարզում 200 հա խաղողի այգիներն էին, որոնք հոկտեմբերի 1-ին տեսնելու էր գնացել վարչապետ Տիգրան Սարգսյանը: Անկեղծ ասած՝ լավ գործ էր արված. երբեմնի անջրդի հողերն այսօր այգիներ էին, որոնք ապահովված էին սեփական ջրամբարով, ոռոգման կաթիլային եղանակով եւ այլն: Բայց դրա մասին չեմ խոսի, հենց այն պարզ պատճառով, որ Էռնեկյանը Հայաստանում աշխատելու է ուղարկել գավառամիտ արգենտինահայերի, ովքեր Արգենտինայում արգենտինացու հետ շշուկով են խոսում, իսկ Հայաստանում հայի հետ խոսում են, ինչպես կխոսեն բոմժի հետ, որին աշխատանքի են ընդունում՝ բարեգործ երեւալու նպատակով:

Այս անգամ բոմժերը լրագրողներս էինք, իսկ գեղցի արգենտինահայը՝ Անա Քրիստինա Շիրինյանը, ով հանդես է գալիս իբրեւ «Տիեռաս դե Արմենիա» ՓԲԸ տնօրեն: Ի դեպ, այս նույն անկիրթ անձնավորությունն է որոշում Հայաստանում Էռնեկյանի հիմնարկների կադրերի հարցը: Մեղմ ասած, շատ անհաջող է որոշում: Ապացույցը նաեւ «Զվարթնոց» օդանավակայանում նրանց գծով հիասթափեցնող սպասարկումն է, որն այլ թեմա է ու կանդրադառնանք ըստ անհրաժեշտության…

Ինչեւէ, հոկտեմբերի 1-ին այդ գեղցին փչացրեց այգիների ամբողջ տպավորությունը, որովհետեւ լրագրողներին բոմժի տեղ դնելով, թույլ չտվեց ցրտից պատսպարվել ու մտնել այգուն հարակից այն շինություն, որի սրահներից մեկում վարչապետն էր, բայց ազատ սրահներ կային: Ի դեպ, վարչապետի թիկնազորը դեմ չէր, այսինքն՝ անվտանգության խնդիր չկար:

Արդյունքում՝ Անա Քրիստինա Շիրինյանի եփած ճաշը կերավ Էռնեկյանը. լրագրողները նյութերը պատրաստեցին՝ գրեթե բացառապես վարչապետի խոսքի հիմամբ, իսկ այգիները՝ արված գործը… մնացին փշալարերին: Էստեղ են ասել, գողը որ տնից լինի, եզը երդիկից կհանեն:

Եթե Էռնեկյանը շարունակի այդ կարգի գողերի պահել, ապա նրա գոմերում եզ չի մնա:

Ի դեպ, երբ լրագրողների համբերությունը հատեց, նրանք այդ մասին ասացին վարչապետին: Տիգրան Սարգսյանը փորձեց մեղմել՝ «դե ինչ արած, արգենտինյան մշակույթ է»:

Չէ, արգենտինյան մշակույթը այստեղ կապ չունի: Արգենտինայում նրանք լրագրողների հետ այդպես վարվեն, նվազագույնը չլուսաբանված կմնան… Հետո էլ ինձ այդ շիրինյանների «մշակույթները» չեն հետաքրքրում: Հայաստանում ապրողը ես եմ ու ՀՀ քաղաքացին ես եմ, Հայաստանի դժվարությունները սեփական մաշկին զգացողը՝ նույնպես ես եմ, ուրեմն էստեղ իմ մշակույթն է, որ չեմ թելադրի, թեկուզ՝ գեղցիների, պարզապես կասեմ շիրինյաններին՝ թե դուք Հայաստանում ոչ թե հարազատի, այլ հյուրի (զբոսաշրջիկի կամ փող շինողի) հոգեբանությամբ եք, ուրեմն, ռա՛դ եղեք ձեր «մշակույթի» երկիրը:

Խնդրում եմ հնարավորինս արագ:

Ա. Մելքոնյան


Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։