Մեր սովետական գյուղտեխնիկան – Մինչդեռ 1992թ. ի վեր ներկրված սակավաթիվ տարատեսակ տեխնիկական միջոցները լիարժեք չեն ապահովել հավաքակազմի նորացումը – Ինչպե՞ս շտկել իրավիճակը… 1. Ինչ տարբերակներ է առաջարկում պատկան մարմինը… 2. Պետական աջակցության ինչ պայմաններ են առաջարկվում… 3. Որոնք են պետական աջակցության ռիսկերը…

Գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչությունը վարչական վիճակագրական ռեգիստր է վարել: Ըստ այդմ, գրանցվել է, որ 2017թ. հունվարի 1-ի դրությամբ մեր երկրում այսքան գյուղտեխնիկա ունենք. տրակտորներ՝ 15239 միավոր, հացահատիկահավաք կոմբայններ՝ 1351 միավոր, տրակտորային կցասայլեր՝ 6195 միավոր, տրակտորային խոտհնձիչներ՝ 2112 միավոր, կերահավաք կոմբայններ՝ 421 միավոր, մամլիչ-ներ՝ 1738 միավոր, հատիկազտիչ  մեքենաներ՝ 422 միավոր, տրակտորային շարքացաններ՝ 1884 միավոր, տրակտորային գութաններ՝ 3900 միավոր, կուլտիվատորներ՝ 2316 միավոր: Գյուղտեխնիկայի վիճակի վերլուծությունը ցույց է տվել, որ տեխնիկական միջոցների միջին սարքինության մակարդակը կազմում է շուրջ 79.0%: Ընդհանրապես, տեխնիկայի հավաքակայանը գործունակ պահելու համար անհրաժեշտ է այն թարմացնել տարեկան 10,0-12,5%-ի չափով, մինչդեռ 1992թ. ի վեր ներկրված սակավաթիվ տարատեսակ տեխնիկական միջոցները լիարժեք չեն ապահովել հավաքակազմի նորացումը, առավել եւս, որ մշակելի հողակտորների ներկայիս կտրտվածությունը, չափերը եւ մշակաբույսերի բազմազանությունը պահանջում են նաեւ հավաքակազմի տեխնիկական միջոցների տեսակների փոփոխություն: Մեքենատրակտորային հավաքակազմը վերազինելու առումով դժվարություններ կան, եւ դրանք հիմնականում պայմանավորված են տեխնիկան շահագործող սուբյեկտների եւ գյուղացիական տնտեսությունների ֆինանսական սուղ հնարավորություններով, ներմուծվող մեքենայացման միջոցների բարձր գներով, գյուղատնտեսական տեխնիկայի մատակարման մատչելի մեխանիզմների բացակայությամբ ու եղածների անկատարությամբ:

Ինչպե՞ս շտկել իրավիճակը:  

  1. Ինչ տարբերակներ է առաջարկում պատկան մարմինը

Գյուղնախարարությունը, իբրեւ խնդրի լուծման տարբերակ, առաջարկել է ֆինանսական վարձակալության ձեւը: Ըստ այդմ գործադիրը հավանություն է տվել գյուղտեխնիկայի ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության ծրագրին: Լիզինգային եղանակով գյուղտեխնիկայի ձեռքբերման փորձեր եղել են, իհարկե, այս տարիներին: Բայց խոսքը խնդրի համալիր լուծման մասին է: Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն ակնկալում է, որ ծրագրի իրագործմամբ նախադրյալներ կստեղծվեն մատչելի մեխանիզմների կիրառմամբ  գյուղատնտեսությունում տնտեսավարողների վճարունակ պահանջարկի բավարարման գյուղատնտեսական տեխնիկայի հավաքակազմի որոշակի նորացման համար: Ծրագրի իրականացումը հնարավորություն կտա նորացնել հանրապետության գյուղատնտեսական տեխնիկայի հավաքակազմի շուրջ 1,0-2,0%-ը, սակայն այն նախադրյալներ կստեղծի առաջիկա տարիներին մատչելի մեխանիզմների կիրառմամբ իրականացնել տեխնիկայի համալրման առավել ընդգրկուն ծրագրեր, որոշակիորեն կբարձրանա գյուղատնտեսությունում մեքենայացման մակարդակը, տնտեսապես կամրապնդվեն շահառու գյուղացիական տնտեսությունները եւ պայմաններ կստեղծվեն վերջիններիս կողմից ապրանքային արտադրության կազմակերպման եւ հետագա զարգացման համար:

Հիմա հասկանանք, թե ինչ ծրագրի, ինչ քայլերի եւ ինչու ոչ, ինչ ռիսկերի մասին է խոսքը:

Մինչ այդ՝ որպեսզի հասկանալի լինի այս կամ այն քայլի անհրաժեշտությունը, հարկ է հակիրճ մի պատկեր նկարագրել: Բանն այն է, որ 1991թ.-ից երբ տնտեսական հարաբերությունները փոխվեցին, հողերի մասնավորեցումն ուղեկցվեց 859 կոլտնտեսություններին, խորհտնտեսություններին եւ միջտնտեսային կազմակերպություններին պատկանող գյուղատնտեսական տեխնիկայի  ամբողջական մասնավորեցմամբ: Մեկ գյուղացիական տնտեսությանը միջին հաշվով հիմա բաժին է ընկնում 1.48 հա գյուղատնտեսական հողատեսքեր, որից շուրջ 1.0 հա վարելահողեր, որոնք իրենց հերթին բաժանվում են 3-4 հողակտորների: Մանր հողակտորներում գյուղտեխնիկան ինքնին դժվար է «տեղավորվում» (մանավանդ, եթե խոսքը սովետական տեխնիկայի մասին է): Մեր գյուղտեխնիկական միջոցների միջին սարքինության մակարդակը կազմում է շուրջ 79.0%: Մասնավորապես, տրակտորների 78.4, բեռնատար ավտոմեքենաների 76.5, հացահատիկահավաք կոմբայնների 76.3, տրակտորային կցասայլերի 86.6, տրակտորային խոտհնձիչների 83.9, կերահավաք կոմբայնների 73.2, շարքացանների 84.9, գութանների 87.1 եւ կուլտիվատորների 84.2%-ն են գտնվում տեխնիկապես սարքին վիճակում:

Նշված տեխնիկայի շուրջ 93%-ը ԽՍՀՄ-ի 1976-1991թթ արտադրության են՝ բարոյապես եւ ֆիզիկապես մաշված, իսկ մնացած մասը հիմնականում 1997-2010թթ. դրամաշնորհների եւ այլ միջոցների հաշվին Ճապոնիայից, Չինաստանից, Հնդկաստանից ներկրված, 885 միավոր տարբեր մակնիշի տրակտորներ եւ 116 միավոր հացահատիկահավաք կոմբայններ են: 2013-15թթ. Բելառուսից ենք գյուղտեխնիկա ներկրել: Ուղղակի վաճառքի ու ֆինանսական վարձակալության պայմանագրի միջոցով շուկայականից անհամեմատ ցածր գներով տնտեսվարողներին ու անհատներին է տրամադրվել 292 միավոր «Բելառուս 82.1» մակնիշի տրակտորներ, 20 միավոր հավաքիչ-մամլիչ, 20 միավոր կուլտիվատոր, 40 միավոր գութան, 34 միավոր կարտոֆիլատնկիչ եւ կարտոֆիլաքանդիչ, 16 միավոր շարքացան: Տրակտորների ուղղակի վաճառքի գինը կազմել է 6.7-8.1 մլն դրամ, իսկ լիզինգի պայմանագրով տրամադրելու դեպքում տարեկան տոկոսադրույքը եղել է 9-12%՝ ներառյալ ռիսկերի ապահովագրումը: Կանխավճարը եղել է գնի 20%-ի չափով, մարման առավելագույն ժամկետը 6 տարի՝ տրակտորների համար, 3 տարի՝ գյուղատնտեսական գործիքների համար:

Վանաձորում ընկերություն ունենք՝ «Չինվան», որ 2003թ. զբաղվում է նաեւ գյուղտեխնիկայի արտադրությամբ (հավաքմամբ): Այս տարիների ընթացքում ընկերությունը իրացրել է Չինաստանից ներկրված 700-ից ավելի տրակտորներ եւ 3000-ից ավելի կցորդիչ գործիքներ: Գյուղատնտեսական տեխնիկայի զգալի մասը հավաքվել է ընկերությունում: Վերջին երկու տարում «Չինվանի» եւ Իրանի «ԻՔՄՔՕ» ընկերության  հետ համատեղ հավաքվել է շուրջ 20 խոտամամլիչ եւ մեկ հացահատիկահավաք կոմբայն:

Ինչեւէ, թեեւ գյուղտեխնիկայի հավաքակազմը որոշակիորեն համալրվել է, բայց դեռ արդիական խնդիր է մնում նրա առավել արագ տեմպերով նորացումը: Որովհետեւ եւ՛ գյուղացիական տնտեսությունների ֆինանսական հնարավորություններն են սուղ եւ՛ պահեստամասերն են թանկ:

Եթե ի մի բերենք ընդհանուր վիճակը, ապա սա կտեսնենք. մեր երկրում շահագործվող գյուղատնտեսական տեխնիկայի շուրջ 90%-ն օգտագործվում է 20 տարուց ավելի եւ անցել է մաշվածության (ամորտիզացիայի) համար սահմանված ժամկետները: Գաղտնիք չէ, որ մաշված տեխնիկան նորոգման համար ավելի շատ ծախս է պահանջում, այդ թվում եւ՝ վառելիքաքսանյութերի: Ըստ այդմ էլ, մեքենայացված աշխատանքների սակագներն են փոխվել՝ ավելանալով 30-45%-ով: Սրա հետեւանքով էլ (նաեւ) գյուղմթերքի ինքնարժեքն է ավելանում ու իբրեւ սրա հետեւանք էլ՝ մրցունակությունը նվազում:

Այս պատկերը փոխելու համար պետք է գյուղատնտեսությունում տնտեսավարողներին մատչելի պայմաններով, մասնավորապես լիզինգային մեխանիզմների կիրառմամբ գյուղտեխնիկա մատակարարել:

  1. Պետական աջակցության ինչ պայմաններ են առաջարկվում

Մինչ գյուղտեխնիկայի լիզնիգի պետական աջակցության պայմաններին անդրադառնալը նշենք, որ գյուղտեխնիկան կմատակարարվի ԵԱՏՄ անդամ եւ այլ երկրներում գյուղատնտեսական տեխնիկա արտադրող հայտնի ընկերություններից, որը հնարավորություն կտա նաեւ առաջիկայում Հայաստանում ձեւավորել գյուղատնտեսական տեխնիկայի սպասարկման կենտրոններ: Մատակարարումը պետք է իրականացվի մասնագիտացված կառույցների կողմից, որոնք էլ երաշխիքային եւ հետերաշխիքային սպասարկում կանեն:

Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը տեղեկացրեց, որ ծրագրով ֆինանսական վարձակալության տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորման համար 2017թ. պահանջվում է 120.0 մլն դրամ, իսկ ծրագրի իրականացման հետագա 2018-2026թթ. ֆինանսավորումը կիրականացվի յուրաքանչյուր տարվա բյուջետային գործընթացի շրջանակներում բյուջետային հայտերի հիման վրա տվյալ տարվա համար անհրաժեշտ չափով գումար հատկացնելու միջոցով:

Քանի որ գյուղտեխնիակայի հավաքակազմը գործունակ պահելու համար անհրաժեշտ է այն թարմացնել տարեկան 10,0-12,5%-ի չափով, հետաքրքրվեցինք, այս պահի դրությամբ դա հնարավո՞ր է՝ հաշվի առնելով մեր գյուղոլորտի տնտեսվարողների վճարունակության մակարդակը: Ինչպես նկատեց գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, այս պահի դրությամբ այդ հավաքակազմի նորացումը տարեկան 10-12.5%-ով իրատեսական չէ, այդ պատճառով ծրագրի շրջանակներում նախատեսվում է տեխնիկայի նորացումը իրականացնել ավելի փոքր ծավալներով, որը նախադրյալներ կստեղծի հետագա տարիներին գյուղատնտեսության տեխնիկական հավաքակազմի առավել արագ տեմպերով վերազինման համար: Ծրագրի շրջանակներում նորացման ծավալների չափը եւ գյուղատնտեսական տեխնիկայի տեսականու սահմանափակումը պայմանավորված է գյուղատնտեսական աշխատանքների մեքենայացման առաջնահերթություններով եւ լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորման համար նախատեսվող գումարի չափով: Ըստ նախարարի, հաշվի է առնվել նաեւ գյուղատնտեսական տեխնիկայի վճարունակ պահանջարկի ուղղությամբ, ըստ մեր երկրի մարզերի, դիտարկումների արդյունքը:

Ի դեպ, ֆինվարձակալության պետական աջակցության ծրագրի շրջանակներում տնտեսավարողներին կտրամադրվի հետեւյալ գյուղտեխնիկան. տարբեր մակնիշների տրակտորներ, հացահատիկահավաք կոմբայններ, հավաքիչ-մամլիչներ, տրակտորային շարքացաններ, տրակտորային գութաններ, տրակտորային խոտհնձիչներ, կարտոֆիլատնկիչներ, կարտոֆիլաքանդիչներ, կուլտիվատորներ (հողի մակերեւութային շերտը փխրեցնող, մոլախոտերը ոչնչացնող եւ հողը պարարտացնող սարք), սրսկիչներ:

Գանք ֆինվարձակալության պետական աջակցության պայմաններին: Դրանք են՝ 1. կոմբայնների համար՝  10 տարի մարման ժամկետ, լիզինգի տարեկան մինչեւ 9% տոկոսադրույք, որի 7%-ային կետը սուբսիդավորում է, 2. տրակտորների համար՝ 6 տարի մարման ժամկետ, լիզինգի տարեկան մինչեւ 9% տոկոսադրույք, որի 7 տոկոսային կետը սուբսիդավորում է, 3. հավաքիչ-մամլիչների, շարքացանների համար՝ 3-6 տարի մարման ժամկետ, լիզինգի տարեկան մինչեւ 9% տոկոսադրույք, որի 7%-ային կետը սուբսիդավորում է, 4. այլ գյուղատնտեսական գործիքների համար՝ 3 տարի մարման ժամկետ, տարեկան մինչեւ 9% տոկոսադրույք, որի 7%-ային կետը սուբսիդավորում է: Ընդ որում՝ տրակտորներ եւ այլ գյուղտեխնիկա միեւնույն շահառուին միաժամանակ լիզինգով տրամադրելու դեպքում մարման ժամկետը կարող է սահմանվել 6 տարի:

Ֆինվարձակալությունը կտրամադրվի ՀՀ ռեզիդենտ առեւտրային իրավաբանական անձանց (այդ թվում՝ ՏԻՄ-երին), անհատ ձեռնարկատերերին, գյուղացիական տնտեսություններին, ինչպես նաեւ մշտական եկամտի աղբյուր ունեցող ֆիզիկական անձանց: Կանխավճարը լիզինգի առարկայի ձեռքբերման գնի 20%-ի չափով է:

Հավելենք նաեւ, որ լիզինգի առարկան բանկի կամ վարկային կազմակերպության հաշվին, լիզինգի պայմանագրի գործողության ամբողջ ժամանակահատվածի ընթացքում, ապահովագրվում է վնասվածքի եւ կորստյան ռիսկերից (կասկո): Սեփականության իրավունքի պետական գրանցման վճարը տրակտորների եւ կոմբայների համար 5000 դրամ է, որը կարող է ներառվել լիզինգի գումարի մեջ: Իսկ այլ գյուղտեխնիկայի համար վճար չկա:

Եթե ծրագրի շրջանակում նույն անձը կամ կազմակերպությունը ձեռք է բերում մի քանի տեխնիկա, ապա դրանց ընդհանուր գումարը չպետք է գերազանցի 200,0 մլն դրամը: 100 մլն դրամը  գերազանցելու դեպքում, լիզինգառուն մինչեւ լիզինգի պայմանագիր կնքելը այդ մասին գրավոր պետք է տեղեկացնի գյուղատնտեսության նախարարությանը: Լիզինգառուն մայր գումարի ժամկետից շուտ կատարված մարումների համար բանկի կողմից տույժի չի ենթարկվի:

Լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորումը կարող է դադարեցվել մի քանի դեպքերում: Եթե, ասենք, լիզինգառուի ժամկետանց պարտավորությունները 60 օրից ավելի են կամ եթե ձեռք բերված գյուղտեխնիկան չի պահպանվել սահմանված պահանջներով:

Տեղեկացնենք նաեւ, որ ծրագրի դիտարկումը կանի կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գյուղական ֆինանսավորման կառույցը՝ բանկերի եւ վարկային կազմակերպությունների հայտերի վերլուծության եւ լիզինգառուների ընտրանքային ստուգումների հիման վրա: Այս կառույցը պարտավոր է առնվազն 30 օրը մեկ անգամ հաշվետվություն ներկայացնել գյուղատնտեսության նախարարություն:

Նկատենք, որ այս կարգի ծրագիրը պետք է որ նաեւ ռիսկեր ունենա:

  1. Որոնք են պետական աջակցության ռիսկերը

Բանն այն է, որ այսպիսի մի իրավիճակ ունենք. ներկայումս գյուղատնտեսությունում մեքենայական աշխատանքները հիմնականում իրականացվում են տեխնիկայի սեփականատեր հանդիսացող ֆիզիկական անձանց միջոցով, որոնց գործունեությունը չի հարկվում (հասկանալի է, որ ֆիզիկական անձանց հարկելը ճիշտ չէ: Մի հարեւանը սովետական կիսաքանդած կոմբայն ունի, որով օգնում է մյուս հարեւանին, դրա ի՞նչը հարկես,- Ա.Մ.), իսկ մեքենայացված աշխատանքներով ծառայություններ իրականացնող իրավաբանական անձինք հարկվում են, ինչը ստեղծում է ոչ հավասար մրցակցային պայմաններ: Գյուղնախարարությունը կարծում է, որ նպատակահարմար է նշված կառույցներին, մասնավորապես գյուղատնտեսական կոոպերատիվներին պետական ծրագրերի շրջանակներում ցուցաբերել աջակցություն՝ «մասշտաբի էֆեկտի եւ աշխատանքի արդյունավետ կազմակերպման հաշվին մրցակցային առավելություններ ստանալու նպատակով»:

Բացի այդ՝ գյուղացիական տնտեսությունների փոքր չափերը եւ հողատեսքերի կտրտվածությունը խիստ բացասաբար է ազդում տեխնիկայի արտադրողականության վրա:

Նաեւ՝ հացահատիկի բերքահավաքի սեղմ ժամկետներով պայմանավորված՝ այլ գյուղատնտեսական տեխնիկայի համեմատ հացահատիկահավաք կոմբայնները քիչ են ծանրաբեռնված: Դրանք տարվա ընթացքում շահագործվում են ընդամենը 30-45 օր, որի պատճառով ավելանում է տեխնիկայի արժեքի ետգնման ժամանակահատվածը:

Այս ամենին հավելյալ էլ նշենք, որ բերքահավաք անող միավորումների տեխնիկական հավաքակազմի համալրումը պահանջում է մեծածավալ ներդրումներ, որի փոխհատուցման ժամկետը բավականին երկար է, ուստի ներդրողների կողմից այս բիզնեսի նկատմամբ շահագրգռվածությունը թույլ է: Գյուղտեխնիկայի նկատմամբ վճարունակ պահանջարկն էլ ցածր է: Ռիսկերից է նաեւ տեխնիկայի լիզինգի սուբսիդավորման ոչ արդյունավետ ուղղությունների ընտրությունը, լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորման համար ակնկալվող միջոցների գերագնահատումը: Գումարած այն վիճակը, երբ բնակլիմայական եւ այլ գործոններով պայմանավորված լիզինգառուների ակնկալվող եկամուտները կարող են չապահովվել: Կամ՝ ասենք լիզինգային ծառայություններ մատուցող կազմակերպությունները կարող են ոչ մատչելի պայմաններ առաջադրել: Եվ, իհարկե, ռիսկ է գյուղտեխնիկայի ՀՀ ներկրման դժվարությունն ու փոխադրման համար չնախատեսված մեծ ծախսը:

Ինչ քայլեր են ձեռնարկվելու այս եւ այլ ռիսկերը մեղմելու ուղղությամբ: Ըստ գյուղ նախարար Իգնատի Առաքելյանի, ռիսկերը մեղմելու մի քանի հնարավորություններ կան. գյուղտեխնիկայի լիզինգի պայմանագրով մատակարարման մատչելի մեխանիզմների առաջադրումը, կամ ԵԱՏՄ եւ այլ երկրներում գյուղտեխնիկա ներկրող եւ լիզինգի պայմանագրով գյուղատնտեսական տեխնիկա տրամադրող փորձ ու հեղինակություն ունեցող կազմակերպությունների հետ համագործակցությունը եւ ծագած խնդիրներին օպերատիվ լուծումներ տալը: Ռիսկերի մեղմման ձեւ է օրենսդրական փոփոխություն կատարելու միջոցով գյուղատնտեսական տեխնիկայով սպասարկումներ իրականացնող իրավաբանական անձանց ավելացված արժեքի հարկից ազատման հարցի քննարկումը: Վերջինս իր հերթին կնպաստի նշված կառույցների գործունեության ծավալների ընդլայնմանը եւ հնարավորություններ կստեղծի այլ հարկատեսակներով (շահութահարկ, եկամտահարկ) բյուջեի մուտքերի ավելացման համար: Իբրեւ ռիսկերը մեղմելու մեկ այլ տարբերակ էլ նախարարը նշեց գյուղատնտեսական տեխնիկայի մեր երկիր ներկրման ծախսերը  եւ ռիսկերը գյուղատնտեսական տեխնիկա արտադրողներին վերապահելը:

Այս ծրագրի ֆինանսավորումը կիրականացվի 2017թ. պետբյուջեից՝ գյուղնախարարությանը հատկացված միջոցների շրջանակներում կատարված տնտեսումների հաշվին:

Հետաքրքիր է, թե քանի միավոր գյուղտեխնիկայի մասով կարող են սուբսիդավորում անել: Պարզվում է՝ լիզինգի 20% կանխավճարի, 9% տոկոսադրույքի եւ վերջինիս 7%-ային կետի սուբսիդավորման պայմաններում (լիզինգի մայր գումարի հավասարաչափ վճարման եղանակով) հնարավոր կլինի իրականացնել շուրջ 2.83 մլրդ արժեքով գյուղատնտեսական տեխնիկայի սուբսիդավորում, որը համարժեք է շուրջ 347 միավոր «Բելառուս 82,1» տրակտորի լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորմանը:

Միաժամանակ, հաշվի անելով գյուղատնտեսական տեխնիկայի տարբեր տեսակների նկատմամբ պահանջարկը, 2017թ. եւ առաջիկա տարիներին հնարավոր կլինի վերոնշյալ պայմաններով սուբսիդավորել տրակտորներ տարբեր մակնիշների (85 եւ 50 ձիաուժ)՝ 225 միավոր: Սուբսիդավորման գումարը  305.0 մլն դրամ կկազմի: Հնարավոր կլինի սուբսիդավորել նաեւ 10 միավոր հացահատիկահավաք կոմբայն, եւ սուբսիդավորման գումարը  92.5 մլն դրամ կկազմի: Կարող են սուբսիդավորում անել 50 միավոր հավաքիչ-մամլիչի մասով. սուբսիդավորման գումարը՝ 47.3 մլն դրամ:

35.1 մլն դրամով կսուբսիդավորեն 40 միավոր տրակտորային շարքացանների գումարը, 2.7 մլն դրամով՝ 40 միավոր տրակտորային գութանների գումարը, 2.1 մլն-ով՝ դարձյալ 40 միավոր տրակտորային խոտհնձիչինը: 40 միավոր կարտոֆիլատնկիչ, կարտոֆիլաքանդիչի սուբսիդավորման գումարը  6,4 մլն դրամ կլինի: 15 միավոր սրսկիչի սուբսիդավորման գումարն էլ կկազմի 2.8 մլն դրամ:

Ի դեպ, այս հաշվարկներն արված են ներկա առաջարկվող գների եւ մայր գումարի հավասարաչափ վճարման եղանակով լիզինգի պայմաններում: Այս ծրագրի առաջին տարվա արդյունքն էլ կորոշի ծավալների վերանայման հարցը:

Արմենուհի Մելքոնյան

«Լուսանցք» թիվ 27 (460), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։